կամ՝ Համացանցը եւ գրականությունը, նայած որ կողմից դիտարկենք
Մեսրոպ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Արձակագիր, լրագրող
Երևան
Օրեր առաջ երեւանյան ակումբներից մեկում արձակագիր, թարգմանիչ Դիանա Համբարձումյանի հանդիպումն էր ընթերցողների հետ: Առիթը՝ գրողի նոր վեպի հատվածների ընթերցումն էր, ինչպես հեղինակն ասաց՝ տպագրությունից առաջ ընթերցողին ու նրա արձագանքը զգալու համար: Հանդիպման ժամանակ գրողի նշած մի փաստն էլ մեզ հուշեց այս հոդվածի թեման:
Դիանան ասաց. «Այս դեռ անտիպ վեպից մի հատված հրապարակվել է «Գրանիշ» գրական կայքում, եւ, պատկերացրեք, մի քանի օրում 200-ից ավելի հավանություն (like) է ունեցել»: Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ առնվազն այսքան մարդ մեկ-երկու օրում կարդացել է վեպի այդ հատվածները, ընդ որում՝ ոմանք նաեւ կարծիք են հայտնել: Համացանցն ուսումնասիրողների կարծիքով գրական ստեղծագործության համար դա շատ լավ ցուցանիշ է:
Արդ, անցավ մտքովս, որքանո՞վ է համացանցն օգնում գրողների եւ գրականության առաջընթացին, եւ երկրորդ՝ որքանո՞վ են իրենք՝ գրողներն օգտագործում այն իրենց ստեղծագործությունները ընթերցողին հասցնելու համար, արդյո՞ք ընթերցողը տեղափոխվել է համակարգչի էկրանի առջեւ: Այս հարցերի պատասխանները գտնելու համար, իհարկե, մի մեծ ուսումնասիրություն է անհրաժեշտ: Ես կբավարարվեմ միայն արտաքին դիտարկման մի քանի փաստերի վրա հիմնված մեկնաբանություններով:
Ավանդապաշտ գրողները, չգիտեմ՝ երկյուղածությա՞մբ ասեմ, թե՞ արհամարհանքով են վերաբերվում համացանցին՝ այն համարելով խանգարիչ հանգամանք: Իրո՞ք այդպես է: Իրո՞ք համացանցը խանգարում է գրականության զարգացմանը, թե՞ նոր հնարավորություններ է բացում դրա զարգացման, այդ թվում՝ գրքի՝ իբրեւ ստեղծագործության արգասիք ապրանքի, շուկայում առաջընթացի համար:
Թարմագույն օրինակը Ճապոնացի ժամանակակից լավագույն գրողներից մեկի՝ Հարուկի Մուրակամիի նոր վեպի վաճառքի մասին տեղեկատվությունն էր, ըստ որի միայն Amazon.com համացանցային խանութում ավելի քան 20 հազար նախնական պատվեր է գրանցված եղել: Իսկ գրքի կես միլիոն օրինակ տպաքանակը վաճառվել է մեկ օրում, ինչին մեծապես նպաստել է նաեւ համացանցային գովազդը:
Դե, հայ գրականությունն առայժմ չի կարող հպարտանալ նման տպաքանակներով, սակայն մեզանում էլ մեր չափանիշներով է գրականության զարգացումն ապահովվում նաեւ համացանցի օգտագործմամբ:
Հանուն գրականության համացանցը կարելի է օգտագործել մի քանի ձեւերով: Նախ՝ գրական հրատարակությունների եւ հրատարակչությունների կայքով ներկայացմամբ: Հայկական տիրույթում, բարեբախտաբար, արդեն նման կայքեր կան: Վերջերս այս շարքը համալրեց մեր գրական մամուլի ամենահին ներկայացուցիչը՝ «Գրական թերթ» շաբաթաթերթը: Սա ամենաուրախալի փաստն է, որ արձանագրել ենք: Ուրեմն այստեղ էլ է գիտակցվել համացանցի դերը: Մանավանդ, եթե նկատի ունենանք, որ Հայաստանի գրողների միության կայքը («Գրական թերթը» հենց ԳՄ պաշտոնաթերթն է) վաղուց չի թարմացվել եւ դեռեւս մեզ տեղակացնում է, թե ինչ միջոցառումներ կլինեն ԳՄ դահլիճներում … 2005 թվականի հունիսի 10-ին: Ի դեպ, Արցախի գրողների միության կայքն ավելի թարմ է. այն «Նորություններ» բաժնում տեղեկացնում է, որ … 2012 թվականի հոկտեմբերի 15-19-ը Ստեփանակերտում տեղի կունենա պոեզիայի միջազգային փառատոն: Իսկ տեղի ունեցավ, թե չէ՝ կայքից չես կարող իմանալ: Բայց թողնենք գրողների միությունների անգործությունն այս առումով: Մեր հոդվածի նպատակն այլ է:
Ինչպե՞ս է համացանցը նպաստում գրականությանն ու գրականության զարգացմանը: Ավելացնո՞ւմ է, արդյոք, ընթերցողնրի թիվը, թե՞, ընդհակառակը, պակասեցնում: Իմանո՞ւմ ես ընթերցողների իրական թիվը, թե՞ ոչ:
Թող անհամեստություն չլինի, սակայն տողերիս հեղինակի օրինակով կարող եմ ասել, որ, հաստատ, ավելանում է ընթերցողների թիվը: Ես չեմ բերի իմ մի փոքրիկ՝ «Աշխարհի առաջին SMS-ը» վերնագրված պատմվածքի օրինակը, որովհետեւ դրա ընթերցվածությունը, թեպետ տողերիս հեղինակի համար ուրախալի, սակայն արտառոց փաստ է, շեղում ընդհանուր միտումներից. բլոգում հրապարակվելու առաջին իսկ օրը այն բացել էր մոտ 780 հոգի, իսկ այս պահի դրությամբ այդ պատմվածքի դիտումների թիվն անցել է 1200-ից: Բայց, կրկնում եմ, սա արտառոց դեպք է: Իսկ սովորաբար պատմվածքներս հրապարակման առաջին իսկ օրը հավաքում են 300-400 ընթերցող, իսկ հետագայում, հնարավոր է մեկ տարվա ընթացքում՝ եւս այդքան: Սա նման է նրան, որ նախկինում գրքերը հայտնվում էին գրախանութներում եւ առաջին իսկ օրերին վաճառքի մեծ քանակություններ էին ապահովում, իսկ տպաքանակի մնացած մասը վաճառվում էր արդեն քիչ-քիչ՝ մինչեւ սպառվելը: Համացանցի դեպքում, հասկանալի է, այդ սպառում կոչվածը չկա:
Իհարկե, շատերը կարող են առարկել ինձ՝ ասելով, որ եթե բացել են, անգամ եթե հավանություն (like) են տվել, դա դեռ չի նշանակում, թե կարդացել են (եթե ուշադրություն դարձրիք՝ ինքս վերը գրեցի «բացել է» եւ ոչ թե կարդացել է, թեպետ այդ պատմվածքն այնքան փոքր էր, ընդամենը մեկ էջ, որ բացողը հաստատ կարդացած կլինի): Համաձայն եմ, բայց նույնը կարել է ասել նաեւ տպագիր գրքի համար. եթե գնել են, դա դեռ չի նշանակում, թե կարդացել են, եւ դեռ հարց է, թե գնողների քանի տոկոսն է կարդում այդ գիրքը:
Այսպիսով՝ գրականությունն ինտերնետում ներկայացնելու առաջին առավելությունը ընթերցողների թվի ավելացումն է՝ ի հաշիվ նրանց, ովքեր արդեն սովորել են այսպես ընթերցել: Ճիշտ է, դա առայժմ հոնորարներ կամ ավելի ճիշտ՝ բարձր հոնորարներ չի ապահովում, սակայն արդեն ստեղծվում են էլեկտրոնային գրադարաններ, որտեղից այս կան այն ցանկալի գիրքը ներբեռնելու համար հարկ է նաեւ վճարել: Այս համակարգի զարգացումը կբերի գրականության վաճառքի մի նոր ձեւի:
Համացանցն ի շահ գրականության եւ նրա տարածվածության օգտագործումը կարող է խթանել եւ խթանում է հղումների հնարավորությունը: Ընդ որում, քո բլոգում (էջում)՝ հղումը մի այլ գրողի բլոգին (էջին) եւ ամենակարեւորը՝ հղումների տարածումը սոցիալական ցանցերում, առաջին հերթին՝ Ֆեյսբուքում եւ Թվիթերում… Փորձված է՝ այն ստեղծագործությունը, որը հղումներ է ունենում, ասենք, Ֆեյսբուքում, ավելի շատ դիտումներ եւ հավանություններ է հավաքում, քան այն, որը պարզապես հրապարակվել եւ էջի հղումները չեն տարածվել սոցիալական ցանցերում: Սակայն միայն այս չէ: Գրական նորմալ մթնոլորտի եւ գրողական սեւ խանդի բացակայություն պայմաններում գրողներն իրենք են իրար հղումներ անում հենց իրենց էջերում, որպեսզի մեկի ընթերցողներն այցելեն նաեւ մյուսի էջ: Սա ավելի է խորացնում մրցակցային եւ համագործակցության մթնոլորտը:
Վերջապես՝ արդեն տպագրված գրքի գովազդելը համացանցում եւ հատկապես սոցիալական ցանցերում մեծապես նպաստում է գրքի սպառմանն ու ընթերցողների ավելացմանը: Հայաստանյան իրականության մեջ վերջին շրջանի լավագույն օրինակը երիտասարդ արձակագիր Արմեն Օհանյանի «Կիկոսի վերադարձը» պատմվածքների ժողովածուի՝ լավ կազմակերպված համացանցային գովազդային արշավն էր: Նախ՝ Արմենի պատմվածները հայտնի էին հենց համացանցից՝ տարբեր գրական կայքերում եւ բլոգներում էին հրապարակվել: Եվ ընթերցողն արդեն սպասում էր գրքի տպագիր տարբերակին: Երկրորդ՝ գրքի լույս տեսնելուց անմիջապես հետո հեղինակն իր բարեկամների աջակցությամբ համարյա մեկ ամիս լուսանկարներով եւ դրանց հետաքրքիր մակագրություններով լայն գովազդային արշավ կազմակերպեց Ֆեյսբուք սոցիալական ցանցում, ինչը շնորհանդեսի օրը ապահովեց ընթերցողների հսկայական բանակի ներկայություն եւ գրքի տպագիր օրինակի մեծ վաճառք:
Վերջապես, համացանցի առավելություններից ամենակարեւորը, որ գործում է նաեւ գրականության դեպքում՝ ինտերակտիվությունն է: Ընթերցողն անմիջապես արձագանքում է ստեղծագործությանը, եւ հեղինակը կարող է իմանալ իր գործի ուժեղ եւ թույլ կողմերը, ընթերցողի կարծիքը եւ այլն:
Ի դեպ, հետաքրքիր է, որ այդ ինտերակտիվությունը հիմա գրողը փորձում է տեղափոխել նաեւ տպագիր գիրք. իմ իմացած առաջին փորձը հենց Դիանա Համբարձումյանինն է: Վերոհիշյալ հանդիպման ժամանակ նա ասաց, որ իր վեպում տեղ է թողնելու ընթերցողների մեկնաբանությունների, միջամտությունների եւ անգամ գործողություններն այլ կերպ շարունակելու առաջարկությունների համար, իսկ հետաքրքիր առաջարկություններն ու դիտողությունները հաշվի է առնելու հետագա հրատարակության ժամանակ:
Սա իմ կարծիքով գրականության վրա համացանցի դրական ազդեցության եւս մի օրինակ է:
– Իսկ բացասական ազդեցությո՞ւնը,-կհարցնեք: – Մանավանդ՝ հեղինակային իրավունքի ոտնահարման, գիրքդ առանց քեզ հարցնելու արտատպելու, վերահրատարակելու կամ պարզապես գողանալու վտանգնե՞րը…
Կան եւ մեծ են այդ վտանգները: Բայց այդ մասին՝ հետագայում: