Բարձրագույն կրթություն. միջո՞ց, թե՞ նպատակ
Մեսրոպ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի դասախոս
Երևան
Մեր նախորդ հոդվածում (տե՛ս «Անալիտիկոն» N 07, էջ՝ 4) խոստացել էինք հաջորդիվ խոսել ժամանակակից կրթական ծրագրերի, դասավանդման ժամանակակից մեթոդների և բարձրագույն կրթությանն առնչվող այլ խնդիրների մասին:
Արդ, շարունակում ենք մեր զրույցների շարքը:
Կրթությունն, ընդհանրապես, առնվազն երկու կողմ է ենթադրում. կրթվողը (սովորել, գիտելիք, հմտություն ձեռք բերել ցանկացողը) և կրթողը (ուսուցանողը, վարպետը, գիտելիք կամ հմտություն փոխանցողը): Իհարկե, կարող են ասել, որ երբեմն երկրորդ կողմի անհրաժեշտությունը չկա. կարելի է հմտանալ և գիտելիք ձեռք բերել նաև ինքնակրթությամբ: Համաձայն եմ: Սակայն այդ դեպքում էլ երկրորդ կողմը՝ կրթողը, ոչ թե անձ է, այլ գիրք, համացանցային էջ, ընդհանրապես՝ գիտելիք պարունակող ցանկացած բան և, ի վերջո, ասենք՝ դազգահ, որի վրա աշխատում-չարչարվում ես՝ հմտանալու համար:
Ի դեպ, ինքս շատ հաճախ եմ ուսանողներին ասում, որ համալսարանը, քոլեջը, դպրոցն ինքնին գիտելիք չեն տալիս: Դրանք տալիս են միայն գիտելիք (նաև հմտություն) ձեռք բերելու հնարավորություն: Այդ հնարավորությունից օգտվելն էլ հենց ինքնակրթության դրսևորում է: Եվ իսկապես, եթե դու պարզապես հաճախում ես համալսարան, լսում դասախոսություններ, մեխանիկորեն կատարում ինչ-որ առաջադրանքներ, որ գնահատական ստանաս, ապա, ի վերջո, ստանում ես այդ գնահատականն ու դրա արդյունքը՝ դիպլոմը, բայց գիտելիք ձեռք չես բերում:
Ինչո՞ւ երբ մարդիկ հաճախում են վերապատրաստման կամ այլ տիպի դասընթացների և ուսուցման ծրագրերի՝ հիմնականում չեն մտածում հավաստագրի (սերտիֆիկատի) մասին, թեպետ դա էլ կարևորում են: Նրանց ճնշող մեծամասնությանը հետաքրքրքում է այդտեղ մատուցվող գիտելիքը կամ հմտությունը:
Իսկ ինչո՞ւ է, այդ դեպքում, նույն մարդկանց համար բուհերի ուսուցումը վանող կամ ձանձրացնող:
Խնդիրը կրթության նկատմամբ բուհական համակարգի քարացած վերաբերմունքն է: Արդ, առաջ է գալիս ժամանակակից կրթական ծրագրերի խնդիրը:
Քսաներկու տարի առաջ երջանկահիշատակ Գառնիկ Անանյանի հրավերով ես սկսեցի Երևանի պետհամալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում դասավանդել «ԶԼՄ-ների մենեջմենթ» առարկան: Մի քանի տարի առաջ էի Բեռլինում մասնակցել նմանատիպ վերապատրաստման դասընթացի և ոգևորված սկսեցի իմ դասախոսական աշխատանքը, որը շարունակեցի արդեն նոր տեղում՝ Բրյուսովի անվան համալսարանի լրագրության բաժնում: Դասընթացը հիմա էլ արդիական է: Սակայն մոտ 7 տարի առաջ, հասկանալով, որ ԶԼՄ-ների կառավարման գործում լիքը բան է փոխվել, ծրագիրը, որով դասավանդում եմ, հնացած է, իսկ ինքս էլ չեմ հասցնում հետևել այդ փոփոխություններին և չեմ կարող նորացնել ծրագիրը, հրաժարվեցի առարկայից: Թող նոր մարդիկ նոր ծրագրերով դասավանդեն: Թարմ ծրագրով: Նորությունները հաշվի առնելով: Չեմ ասում, թե ես բացառություն եմ, սակայն, ցավոք, բուհերի մեծ մասում տարիներով դասավանդած դասախոսները դժվարությամբ են հրաժարվում իրենց առարկաներից կամ վերանայում ծրագրերը: Հարկավոր են նոր, երիտասարդ դասախոսներ՝ նոր կրթական ծրագրերով:
Բայց միայն առանձին դասընթացների մասին չէ խոսքս, այլ ամբողջական բակալավրական կամ մագիստրական ծրագրերի:
Միշտ էլ ժամանակն իրենն է թելադրում: Այն, ինչ նոր ու առաջադիմական է այսօր, հին ու հնացած կարող է դառնալ վաղը: Այդպես էլ մասնագիտություններն են:
Սակայն կան մասնագիտություններ, որ հավերժ են. հացթուխն, օրինակ, վարսավիրը, տնտեսագետը, իրավաբանը… Էլի շատ կան…
Սակայն եթե վարսավիրը չհետևի ժամանակակից պահանջերին և մնա միայն 20 տարի առաջվա «մազ կտրողը», ապա չի դիմանա մրցակցությանը: Իսկ նրան վերապատրաստելու համար, այո՛, կրթական ծրագրեր են պետք:
Նույնը բարձրագույն կրթության մեջ է. եթե ժամանակակից պահանջարկներին չհետևես և շարունակես իրավաբաններին կամ տնտեսագետներին պատրաստել հին ծրագրերով ու մեթոդներով, ապա մրցունակ աշխատող չես ստանա: Ի դեպ, սեփական փորձով կարող եմ ասել, որ համարյա այդպես էր խորհրդային (սովետական) կրթական ծրագրերի մեծ մասը: Երբ տնտեսագիտականն ավարտելուց հետո աշխատանքի ընդունվեցի, ինձ ասացին՝ դասախոսներիդ ասածը մոռացիր, ահա քեզ ֆինանսների նախարարության հրահանգները, սրանք են քո ուղեցույցները… Իսկ դրանք կարդալ-հասկանալու համար պարտադիր չէր քաղաքատնտեսություն, մարքս-լենինյան փիլոսոփայություն, գիտական կոմունիզմ ու հավանականությունների տեսություն սերտած լինել…
Հիմա էլ, ցավոք, բուհական շատ մասնագիտությունների ուսումնական պլանները ծանրաբեռնված են հաճախ անիմաստ առարկաներով: Ընդ որում, այդ առարկաների դասախոսները ամենից «խիստն» ու «պահանջկոտն» են լինում:
Իմ պատկերացմամբ՝ ժամանակակից կրթական համակարգը պետք է ներառի ավելի շատ կամընտրական և հնարավորինս քիչ պարտադիր առարկաներ: Ուսանողն ինքը պիտի ընտրի այն առարկաները, որոնք իրեն անհրաժեշտ կլինեն հետագա աշխատանքում:
Սա ներդնելը մեր բուհական համակարգում դժվար է մի քանի պատճառներով: Առաջինն ու ամենակարևորը դասացուցակի և վարձատրության համակարգն է. ԲՈՒՀ-երը դասացուցակը կազմում են ըստ խմբերի, և ոչ թե ըստ դասախոսների… Եթե հանկարծ, ասենք, 30 հոգանոց խմբից 5-ական հոգի վեց տարբեր կամընտրական առարկա ընտրած լինեն. դեկանատի համապատասխան աշխատողը, մեղմ ասած, կաթվածահար կլինի… Նա չգիտի ինչպես այդ դեպքում դասացուցակ կազմել: Այսինքն՝ ամեն ինչ հանգում է բուհի կառավարման նաև այս մի հայեցակետին (ասպեկտին):
Մինչդեռ իրենց սովորած դասացուցակը կազմել պետք չէ: Պետք է կազմել կամընտրական առարկաները դասավանդողների դասացուցակը: Ուսանողը, որն ընտրել է այդ առարկան և դասախոսին (ի դեպ, դասախոսի անձն էլ կարևոր է) ինքը պետք է իր գրաֆիկը կազմի այնպես, որ ներկա լինի:
Մեկ այլ խոչընդոտ է այդ դեպքում վարձատրությունը: ԲՈՒՀ-երը մինչ այժմ դասախոսների ծանրաբեռնվածությունը, դրանից բխող վարձատրությունը հաշվարկում են ուսանող/ժամ սկզբունքով: Այսինքն՝ լսարանում (խմբում) ուսանողների քանակից է կախված դասախոսի դրույքաչափի հաշվարկը: Այս համակարգից հրաժարվել չեն կարող: Հետևաբար՝ չեն կարող մտցնել դասացուցակի իմ ասած տարբերակը:
Երկրորդ՝ հիմնական մասնագիտական առարկաները չպետք է դասավանդվեն ավանդական դասախոսություն-սեմինար-քննություն (միջանկյալ և ամփոփիչ) ձևաչափով: Ուսանողը, որը հաճախում է դասերին, դասախոսին լսելուց, նրա հետ խնդիրները քննարկելուց հետո պիտի ստանա ոչ թե միայն դասախոսությունների «քսերոքսները» պայմանական «Ժաննայի մոտից» վերցնելու և կարդալու հանձնարարություն, այլ՝ ավելի շատ լրացուցիչ գրականություն ուսումնասիրելու, հետազոտական աշխատանքներ կատարելու առաջադրանքներ: Այսինքն՝ գործի է դրվում այն, ինչն ամենասկզբում ասացինք՝ ինքնակրթությունը. պրպտել-գտնել-ուսումնասիրել, ընթացքում գիտելիքը հարստացնել, հետո կատարել-հմտանալ, գուցե և երկար, բայց միանգամայն օգտակար սխեմայով:
Բազմաթիվ երեխաներ, որ հիմա ԲՈՒՀ են ընդունվում, իմանալով, որ մեկ է՝ ավարտելու են ու դիպլոմ են ստանալու, նման ուսումնական համակարգով սովորելու չեն դիմի: Կամ հենց առաջին կուրսից կթողնեն՝ տեսնելով, որ դա իրենց իմացած ուսուցման ձևը չի: Կմնան նրանք, ովքեր իսկապես ուզում են գիտելիք ստանալ: Իսկ մյուսները կարող են գնալ այլ, բուհական կրթություն չպահանջող մասնագիտություններ սովորելու. վարսավիր, հացթուխ, վարորդ…
Այո՛, համալսարաններում ուսանողների թիվը կպակասի, ԲՈՒՀ-երը կզրկվեն ուսման վարձերից գոյացող որոշ եկամուտներից: Բայց կբարձրանա կրթության արդյունավետությունը: Այսինքն, կիմանանք, որ ավարտողների 80-90 տոկոսն իսկապես մասնագետ է և ոչ թե դիպլոմատեր:
Այսուհանդերձ, վստահաբար կարող ենք ասել, որ սա էլ՝ արդի կրթական ծրագրեր ունենալն էլ, քիչ է: Խիստ կարևոր է նաև ունենալ դասախոսներ, որոնք պատրաստված են աշխատելու հենց այդ ծրագրերով և դասավանդման նոր մեթոդներով: Ցավոք, մեր համալսարաններում սերնդափոխությունը վերածվում է դասախոսների հերթագայության: Այն քիչ թվով երիտասարդները, որոնք արտասահմանյան հետբուհական ծրագրերում սովորելուց հետո վերադառնում են, կամ չեն ցանկանում դասավանդել (վարձատրությունը չնչին է, իրենց գիտելիքով իրենք ավելի բարձր վարձատրվող աշխատանք կգտնեն), կամ եթե դասավանդում են՝ բախվում են քարացած պատկերացումների պատին: Սրա հետևանքով կա՛մ հեռանում են համալսարանից, կա՛մ ստիպված հարմարվում: Հատուկենտներին միայն հաջողվում է ճեղքել այդ պատը և նոր ուսումնական ծրագրեր մտցնել ԲՈՒՀ: Կամ՝ ձևականորեն ներկայացնել համալսարանների ուսումնական մասերի և ղեկավարության ցանկացած «առարկայական նկարագիրը», սակայն լսարանում պարապմունքներն անցկացնել նորագույն, ստեղծագործական մեթոդներով:
Այդ մեթոդների, դասախոսների և գնահատման մեր պատկերացրած համակարգի մասին՝ հաջորդիվ: