Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Շուշիի պատմական գործոնը. քաղաքական հայեցակետեր

marut
April 2012

Մանվել ՍԱՐԳՍՅԱՆ
ՌԱՀՀԿ տնօրեն
Երեւան

Հայկական զորքերի կողմից Շուշի քաղաքի ազատագրման քսանամյակի նախաշեմին առկա է ոչ միայն այս իրադարձության նշանակության գիտակցման, այլեւ պատմական կտրվածքով հայ ժողովրդի համար բերդաքաղաքի ճակատագրական քաղաքական կարեւորության բացահայտման անհրաժեշտությունը:

 

Այս խնդրի կարեւորությունը թելադրված է նրանով, որ կատարված հետազոտությունները մեզ հանգեցրել են հայ ժողովրդի պատմության ներկա փուլի ըմբռնման համար մեծ կարեւորություն ունեցող մի շարք եզրահանգումների: Այդ եզրահանգումները մեզ թույլ են տալիս պատշաճորեն գնահատել 1992 թ. մայիսի 9-ին Շուշիի` հայկական հսկողության ներքո անցնելու փաստի քաղաքական նշանակությունը:

Ներկայիս Շուշի քաղաքն, իհարկե, առավել հաճախ առնչվում է «կործանված դրախտի» վերականգնման՝ քաղաքի նախկին մշակույթի եւ մեծության վերընձյուղման երազանքների հետ: Սակայն, բոլոր ժամանակաշրջանների հետազոտողները հակված էին ընգծելու Շուշի բերդաքաղաքի ռազմավարական նշանակությունը ոչ միայն հայ, այլեւ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների ճակատագրերի համար: Այս գաղափարն այնքան խոր է ներթափանցել մեր գիտակցության եւ մեր բառապաշարի մեջ, որ հազվագյուտ անձանց մոտ է առաջանում Շուշիի բուն ռազմավարական նշանակության մասին հարցը: Հարցին պատասխանել փորձած մարդիկ սովորաբար վկայակոչում էին երկու բոլորովին անհամոզիչ փաստարկներ, որոնք Շուշի բերդաքաղաքի ռազմավարական նշանակությունը բխեցնում էին հետեւյալ հանգամանքներից.

ա. Բերդը գտնվում էր Նախիջեւանի եւ Արարատյան դաշտավայրի պատմական քաղաքներ` Դաշտային Ղարաբաղում գտնվող Պարտավ (Բարդա) քաղաքի հետ միացնող հաղորդակցային ուղու վրա,

բ.  Բերդը ժամանակին ամենաանմատչելին ու պաշտպանվածն էր:

Այս բնութագրումներն, այնուամենայնիվ, բավականին միամիտ են` հայ ժողովրդի համար Շուշիի բուն ռազմավարական էությունը բացահայտելու համար: Նախ` Շուշիի բերդով անցնող եւ հիշյալ պատմական նահանգներն ու քաղաքները միացնող ոչ մի նշանակալից հաղորդակցային ուղի գոյություն չի ունեցել: Զանգեզուրից Ղարաբաղ քիչ թե շատ անցանելի առաջին ճանապարհը կառուցվել է 19-րդ դարի ավարտին` ռուսաստանյան տիրապետության օրոք:

Երկրորդը` բերդի առանձնահատուկ պաշտպանվածությունը եւ պաշտպանական կառույցների ամրակուռ լինելը կարող են սակավ առնչություն ունենալ նրա ռազմավարական լինելու փաստի հետ, քանի որ գոյություն ունեցած բոլոր բերդերն իրենց բնույթով իսկ պետք է օժտված լինեին պաշտպանվածության նման հատկանիշներով:

Ուստի՝ անմատչելի ժայռերի վրա գտնվող բերդի բազմադարյա հզորության, ապա նաեւ Կովկասում ամենազարգացած քաղաքներից մեկի ռազմավարական կարեւորության պատճառները հարկ է որոնել այլուր: Շուշին ողջ պատմության ընթացքում չի եղել Արեւելյան Հայաստանի տարածքում ուշ միջնադարում եւ պատմության նոր շրջանում գործած բազմաթիվ բերդերից սոսկ մեկը: Ընդհակառակը՝ ուսումասիրությունները թույլ են տալիս հաստատել, որ Շուշին եղել է (եւ շարունակում է մնալ) ոչ սովորական քաղաքական սուբյեկտ, որի դերը դեռեւս հիմնավորապես չի գիտակցվել եւ որի նշանակությունը տարածաշրջանի ճակատագրի համար դեռեւս կարոտ է առանձնահատուկ գնահատման:

Կան բավական հիմքեր հաստատելու համար, որ 1752 թ. իր հիմնադրումից ի վեր ընդհուպ մինչեւ 1992 թ. Շուշին Ղարաբաղում եւ նրա սահմաններից շատ հեռու եղել է օտարամուտ իշխանության հենակետ: Ողջ պատմության ընթացքում այդ իշխանության գործադրման մեխանիզմը Շուշիի բերդը (ապա նաեւ` քաղաքը) վերածել է երկրամասի հայ բնակչությանը ստրկացնելու գործիքի: Ընդհուպ մինչեւ հայկական հսկողության ներքո անցնելու պահը Շուշին չէր կորցնում հայ բնակչության վրա իշխանություն հաստատելու գործառույթը: Հետեւաբար՝ 1992 թ. սույն գործիքի վերացումը պետք է վկայի տարածաշրջանում քաղաքական շահերի բաշխման մեջ տեղի ունեցած նշանակալից փոփոխությունների մասին:

Շուշիի քաղաքական գորոծոնի էության ճիշտ ընկալումը կարող է ընձեռել մեզ Հարավային Կովկասում (պայմանականորեն օգտագործում ենք ժամանակակից  եզրույթը) արդի սոցիալ-քաղաքական գործընթացների տրամաբանության բացահայտման բանալի: Այս նպատակով ստորեւ մենք համառոտակիորեն բնութագրելու ենք օտարամուտ իշխանության գործադրման վերոնշյալ մեխանիզմի պատմական էությունը եւ Շուշիի դերը՝ սույն մեխանիզմի գործողությունների իրականացման մեջ:

Առավելագույն հետաքրքրություն մեզ համար ներկայացնում են հետեւյալ դասագրքային պատմական փաստերը.

– Շուշիի բերդի հիմնադրումը վերաբերում է Կովկասում Պարսկաստանի ազդեցության նվազման շրջանին, երբ կենտրոնական իշխանությունը կարճ ժամանակահատվածով (18-րդ դարի կեսերին) կաթվածահար է եղել գահակալական ներքին պայքարի հետեւանքով,

– Շուշիի բերդն ի հայտ է եկել Արցախի ազդեցիկ մելիքներից մեկի՝ Մելիք-Շահնազարի եւ թուրքական քոչվոր ցեղերից մեկի ցեղապետ՝ Փանահի դաշինքի արդյունքում: Դաշինքը կայացել է 1752 թ.՝ երկրամասի հինգ մելիքների միջեւ ծագած ներքին առճակատման շրջանում: Դաշինքը հետապնդում էր միասնական ուժերով այլ մելիքներին սեփական իշխանությանը հնազանդեցնելու նպատակ:

– Փանահը Պարսկաստանում կենտրոնական իշխանության թուլացմանը նախորդած շրջանում եղել է պարսից արքունիքի սպասավոր, ապա՝ հիշյալ քոչվոր ցեղի նախկին ցեղապետին խարդավանքներով տապալած պարագլուխ:

– Դաշնակիցների համատեղ գործողությունների արդյունքում ողջ Արցախը հայտնվել է Շուշիի բերդի իշխանության տակ: Պարսից իշխանությունները ճանաչել են Փանահի որդի Իբրահիմի խանական տիտղոսը՝ դրանով իսկ օրինականացնելով եւ հաստատելով Արցախի վրա իր ունեցած իշխանությունը:

Այսպիսով, 18-րդ դարի երկրորդ կեսին Հարավային Կովկասի կենտրոնական գոտում Պարսկաստանը խրախուսել է իր իշխանության իրականացման նոր մեխանիզմը, որտեղ գլխավոր գործիքի դերը պատկանում էր Շուշիի բերդին: Հայ բնակչությունը դրվել է մահմեդականների արտաքուստ աջակցվող իշխանության ներքո: Շուշիի բերդի ռազմավարական իմաստը բացատրվում է հենց այս հանգամանքով: Տվյալ մեխանիզմը գործում էր մինչեւ 1828 թ., երբ պարսիկները Հարավային Կովկասը զիջել են Ռուսաստանին: Սակայն Շուշիի բերդի գլխավոր գործառույթը փոփոխություն չի կրել: Ինչպես ցույց է տվել ժամանակը, արտաքին վերահսկողության նման մեխանիզմին աջակցելը ձեռնտու էր տարածաշրջանում շահեր ունեցող յուրաքանչյուր տերության համար:

Ռուսաստանի տիրապետության օրոք օտարամուտ իշխանության կառուցվածքը փոփոխություն չի կրել: Ռուսական վարչակազմը «ժառանգել» է կայացած իշխանության կառուցվածքը եւ նախկինի պես հայ բնակչության վրա իշխանությունն իրականացվում էր մահմեդականների արտոնյալ շերտի միջոցով: Փոխվել է միայն իշխանության ձեւը. ռազմաքաղաքական մեխանիզմը փոխարինվել է տնտեսականով: Համառոտակիորեն նկարագրենք, թե ինչպես է իրականացվել տվյալ փոփոխությունը:

Հողային քաղաքականությունն իրականացնելու ժամանակ Ղարաբաղի գավառի հողերի մեծագույն մասը հատկացվել է խանական գերդաստանի անդամներին եւ բազմաթիվ սովորական մահմեդականներին: Մահմեդականների այս ենթաշերտը ստացել է բեկի կարգավիճակ: Համարյա բոլոր հայկական գյուղերը որպես սեփականություն տրվել են Շուշիի բերդում բնակվող մահմեդական բեկերին: Պահպանվել է ողջ Լեռնային Ղարաբաղի կախվածությունը Շուշիից, որը շարունակում էր պահպանել իշխանություն իրականացնելու գործիքի գործառույթը: Ողջ Դաշտային Ղարաբաղի ֆինանսական հնարավորությունները հոսում էին դեպի Շուշի՝ հիմք ընձեռելով ծաղկուն քաղաքի առաջացմանը: Սակայն անգամ 19-րդ դարում՝ Շուշի քաղաքի ծաղկման ժամանակաշրջանում, երբ բերդի դերը վերջնականապես սպառվել է եւ զարգացել քաղաքը, սեփական մշակույթը զարգացնելու լայն հնարավորություններ ստացած հայերն, այնուամենայնիվ, շարունակում էին մնալ տնտեսապես ստորադասված, քանի որ երկրամասի բոլոր ֆինանսատնտեսական հնարավորությունները կենտրոնացած էին մահմեդական բեկերի դասի ձեռքերում: Իրավիճակն այդպիսին է մնացել անգամ այն ժամանակ, երբ հայկական կապիտալը գերիշխող է դարձել Հարավային Կովկասի բոլոր գլխավոր քաղաքային կենտրոններում:

Ոչինչ չի փոխվել նաեւ հաջորդ ժամանակաշրջանում: Հարավային Կովկասում խորհրդային իշխանության հաստատումից հետո Շուշիի ավանդական դերը նույնպես պահպանվել է: Իշխանության գործադրման մեխանիզմը ձեռք է բերել անգամ ավելի համապարփակ ձեւ, ձեւավորելով կառավարման նոր արդյունավետ լծակ՝ Հարավային Կովկասում նոր խորհրդային իշխանության համար: Լեռնային Ղարաբաղի կառավարումն իրականացվում էր վերջինիս վրա Ադրբեջանի վերահսկողությունը հաստատելու միջոցով, որը Մոսկվային ընձեռում էր հայերի եւ ադրբեջանցիների վրա անթերի ճնշման լծակ ունենալու հնարավորություն: Այսպիսի մեխանիզմի պարագայում 1923 թ. ԼՂԻՄ կազմի մեջ մտցված Շուշին կրկին դարձել է Լեռնային Ղարաբաղի հայերի վրա վերահսկողություն հաստատելու նոր գործիք, այս անգամ արդեն՝ Ադրբեջանի կողմից: Քաղաքը դարձել է ԼՂԻՄ գերազանցապես ադրբեջանաբնակ առանձին վարչական շրջանի կենտրոն: Այս հանգամանքը խորհրդային իշխանության 70 տարիների ընթացքում Ադրբեջանին թույլ է տվել  իրականացնել հակահայկական միջոցառումների մի ողջ համալիր:

Վերոբերյալ կարճ բնութագրումը բավականին համոզիչ կերպով ցույց է տալիս, որ Շուշի բերդաքաղաքի գլխավոր գործառույթը վերջինիս պատմության ողջ ընթացքում եղել է տարածաշրջանում իշխանություն իրականացնելու գործառույթ: Այս կապակցությամբ բերդը հայ ժողովրդի սոցիալական կազմակերպման համակարգում մշտապես դիտվել է որպես օտարամուտ տարր: Հավանաբար, հենց այս հանգամանքը դարերի ընթացքում Լեռնային Ղարաբաղի հայերի շրջանում առաջացրել է Շուշիի կերպարի ընկալման կայուն բացասական կարծրատիպեր: Անգամ 90-ականների սերնդի գիտակցության մեջ Շուշին ընկալվում էր որպես «թշնամու միջնաբերդ»:

Վերոշարադրյալ փաստերի առնչությամբ հարց է ծագում. ի՞նչ եզրահանգումներ կարող են լինել 1992 թ. մայիսին Շուշիի հայկական լիակատար վերահսկողության ներքո անցնելու փաստի առնչությամբ:

Նախ՝ կարելի է արձանագրել այն փաստը, որ ներկայումս ամբողջապես վերացված է հայերի վրա իշխանություն հաստատելու նկարագրված ավանդական մեխանիզմը: Միաժամանակ, տեղի է ունեցել Հարավային Կովկասում իշխանության իրականացման մեխանիզմի որակական վերափոխություն. ի դեմս ղարաբաղյան հակամարտության ի հայտ է եկել իշխանություն իրականացնելու նոր մեխանիզմ: Հասկանալի է, որ արտաքին հետաքրքրությունը բազմադարյան գործիք Շուշիի հանդեպ վերջնականապես կորսվել է, ինչն, առաջին հերթին, վկայում է Ռուսաստանի դիրքորոշումների արմատական փոփոխության օգտին: Ռազմական հակամարտության ի հայտ գալը՝ որպես տարածաշրջանի վրա վերահսկողություն հաստատելու նոր ձեւ, Շուշիին է վերապահվել հակամարտության կողմերի վրա դիվանագիտական ճնշումներ իրականացնելու ավելի սահմանափակ դեր: Այժմ արդեն ոչ թե Շուշին ինքը, այլ իր առասպելն է օժտված իրական ուժով՝ տարածաշրջանի ժողովուրդների եւ այնտեղ շահեր ունեցողների միջեւ փոխհարաբերություններում:

Չպետք է կարծել, որ Շուշիի նոր դերն ավանդականից նվազ արդյունավետ է:  Առնվազն այն կենտրոնական տեղը, որը Շուշիի խնդիրը զբաղեցնում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում, տարակուսելու առիթ չի թողնում:  Ակնառու է նաեւ շահագրգիռ տերությունների՝ տարածաշրջանի ժողովուրդների փոխհարաբերությունների ոլորտում անլուծելի խնդիրների հեռանկարային մոդելներ ներդնելու ցանկությունը: Նշված դիվանագիտական միտումների շարունակության դեպքում Շուշիի խնդիրը կարող է դառնալ հայ ժողովրդի նոր «գլխացավը»:

Համենայն դեպս, այսօր մենք հնացած աշխարհաքաղաքական մեխանիզմների սպառման եւ նորերի առաջացման ականատեսն ենք: Արեւելյան Հայաստանի տարածքում օտարամուտ իշխանության կարեւորագույն հենակետերից մեկի վերացումը մեր ժամանակների ակնառու առաջին դրսեւորումն էր: Այս դրսեւորումը վկայում է տարածաշրջանի գործերում ուժերի նոր դասավորության եւ հայկական գործոնի համար ավելի նպաստավոր նոր քաղաքական կարգավիճակի ձեւավորման մասին: Այսուհանդերձ, մշտապես պահպանվում է հին խնդիրները նոր առասպելների վերափոխելու միտում՝ հարավկովկասյան տարածաշրջանում անզուսպ օտար շահերը սպասարկելու համար:

Նմանատիպ  նյութեր

Հայերին «ինտեգրելու» հարցում Ադրբեջանում Ալիևի հետ համակարծիք են նույնիսկ նրա ամենակոշտ քննադատները

Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի պակասի պայմաններում

September 2023

Արցախի նախկին պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը, որն ավարտվեց նախագահի ընտրությամբ, տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի...

Կարդալ ավելին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում և Հայաստանի շահերը

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում և Հայաստանի շահերը

July 2023

Ռուբեն Մեհրաբյան Հունիսի 11-12-ին Վիլնյուսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հարուստ էր պատմական որոշումներով, որոնք կանխորոշում են ապագա աշխարհակարգում Դաշինքի ամենահզոր...

Կարդալ ավելին
Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը

Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը

March 2023

Մանվել Սարգսյան Ադրբեջանը շարունակում է շրջափակման մեջ պահել Լեռնային Ղարաբաղը (Արցախի Հանրապետությունը)՝ դրա հետ ինչ-որ հույսեր կապելով։ Ադրբեջանի հասարակության մեջ...

Կարդալ ավելին
ՌԴ դեսպանը սպառնացել է Հայաստանում ռազմական ներկայությամբ

ՌԴ դեսպանը սպառնացել է Հայաստանում ռազմական ներկայությամբ

November 2022

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ «Ռուսաստանը արդարացնում է իրեն որպես դաշնակից», -ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` Պրիմակովյան ընթերցումների շրջանակում պատասխանելով Երևանի...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Վրաստանի եվրաինտեգրումն ու նախագահի շուրջ ներքաղաքական դիմակայությունը
  • Նախագահ Զուրաբիշվիլիի իմպիչմենտը՝ Եվրամիության դռների մոտ
  • Եվրաինտեգրման հերթական սաբոտաժը՝ Վրաստանի իշխանության կողմից

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.