Աննա ՄՈՒՐԱԴՅԱՆ
Քյամալ ԱԼԻ
Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ
“Ջուրն ամեն ինչ կենդանացնում է”
(հին արաբական ասացվածք)
Ջուրը միշտ էլ ձգել է մարդուն: Ծովերը, լճերն ու գետերը մարդկանց խմելու եւ ոռոգման ջուր էին տալիս, հաղորդակցության հարմար ուղիներ էին բացում, որպես սահմաններ են ծառայել եւ պաշտպանել են երկրները: Բայց ղարաբաղյան հակամարտությունը սրել է ՙջրային անվտանգության՚ հետ կապված խնդիրները տարածաշրջանում:
Առաջներում Հայաստանին ու Ադրբեջանին ՙմիացնող՚ գետերն այս երկու պետությունների միջեւ երկարատեւ դիմակայության տարիներին վերածվել են փոխադարձ մեղադրանքների առարկաների: Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց մեղադրում են գետերը միտումնավոր աղտոտելու, երբեմն էլ` բնապահապանական շանտաժի մեջ: Եվ եթե Վրաստանի ու Ադրբեջանի, Վրաստանի ու Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի, Ադրբեջանի ու Իրանի, Հայաստանի ու Իրանի միջեւ փորձեր են ձեռնարկվում բնապահպանական խնդիրների համատեղ լուծման ուղղությամբ, ապա ղարաբաղյան հակամարտությունը եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը հնարավորություն չեն տալիս կարգավորելու այս ոլորտում ծագող հարցերը:
Հիմնական խնդիրը միասնական չափորոշիչների բացակայությունն է
Ինչպես պարզվել է մեր հետաքննության ժամանակ` Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ չկան ջրային պաշարների բնապահպանական անվտանգության միասնական չափորոշիչներ: Յուրաքանչյուր պետություն ջրի որակի իր չափորոշիչներն ունի, որոնք, ըստ էության, միմյանցից տարբեր են:
Հայ փորձագետ Վահագն Տոնոյանի խոսքերով` սա առկա խնդիրների ոչ ճիշտ ընկալման պատճառներից մեկն է: Տարբեր նորմատիվների պարագայում մի կողմը կարող է, հղում անելով փորձանմուշների ուսումնասիրության արդյունքներին, մյուս կողմին մեղադրել անդրսահմանային գետերի միտումնավոր աղտոտման մեջ, իսկ մյուս կողմը, նույնպիսի արդյունքների հիման վրա, կարող է պնդել, որ ջրի որակը միանգամայն համապատասխանում է իր օրենսդրությամբ սահմանված չափորոշիչներին:
Սակայն ջրային ռեսուրսների փորձագետ, Հելսինկյան կոնվենցիայի բյուրոյի անդամ Ռաֆիկ Վերդիեւը, մեկնաբանելով հարավկովկասյան բնապահպանների վեճը գետերի ջրերի մաքրության որոշման տարբեր չափանիշների մասին, ասում է, որ իրականում խնդրի արմատներն այլ տեղ են. ՙՈրքան էլ տարբեր լինեն այդ չափորոշիչները` գոյություն ունեն նաեւ միջազգային չափանիշներ, որոնցով էլ կարելի է բացահայտել Քուռի եւ Արաքսի աղտոտվածությունը: Ուստի վիճել պետք է ոչ թե աղտոտման աստիճանի որոշման մեթոդների շուրջ, այլ ջրի մաքրման միջոցների մասին: Իրենց սեփական երկրի ներսում բնապահպանները կարող են պնդել հարեւանների կողմից կիրառվող չափանիշների հնացածության մասին եւ ասել, որ իրենց չափորոշիչների եւ դիտարկման մեթոդների համաձայն գետն ամենեւին էլ աղտոտված չէ: Բայց կան միջազգային ջրային կոնվենցիայի պահանջներ, հենց դրանց հիման վրա էլ Ադրբեջանն արդարացիորեն գտնում է, որ հարեւան երկրների տարածքում Քուռը եւ Արաքսն աղտոտվում են եւ այդ տեսքով էլ հոսում Ադրբեջան՚:
Ջրի որակին առնչվող խնդիրների լուծման նպատակով Հայաստանն առաջնորդվում է Ջրային օրենսգրքով եւ Ջրային ազգային ծրագրի մասին օրենքով, որոնցում առկա են համապատասխան նորմերը: Դրանցով էլ որոշվում են յուրաքանչյուր ջրային ռեսուրսի որակի նորմերը:
Մինչեւ անցյալ տարի Հայաստանում գործում էին ջրի որակի գնահատման խորհրդային չափորոշիչները: ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի որոշմամբ այդ նորմատիվները փոփոխվել են եւ սահմանվել են Հայաստանի 14 խոշոր գետային ավազանների եւ գետերի առանձին մասերի մակերեւույթային ջրերի որակի նոր ցուցանիշներ: Գնահատման նոր համակարգը տարբեր կատեգորիաներ է սահմանում նույն գետի համար: Նախկինում գործած խորհրդային համակարգի համաձայն գոյություն ուներ միայն մեկ գնահատական` առավել բարձր ցուցանիշ ունեցած տարրը համարվում էր վատ, իսկ ցածր ցուցանիշ ունեցողը` լավ: Իսկ այժմ Հայաստանը կիրառում է հինգբալանոց համակարգ, ըստ որի` ջուրը կարող է լինել ՙլավ՚, ՙվատ՚, ՙբավարար՚ եւ այլն:
ՙԱՊՀ երկրներում մենք միակ երկիրն ենք, որն ունի ջրի որակի նման աստիճանակարգ, եւ մենք պիտի մաքրենք մեր ջրերը, որպեսզի 5-րդ աստիճանի աղտոտված ջուրը դասվի 4-րդ աստիճանի, 4-րդը` 3-րդ, եւ այսպես մինչեւ առաջին աստիճանը՚,- ասում է Բնապահպանության նախարարության ջրային պաշարների վարչության ղեկավար Վոլոդյա Նարիմանյանը:
Ադրբեջանցի բնապահպան Ազադ Ալիեւի կարծիքով` մաքուր կարելի է համարել միայն լեռնային գետակները: Դրանց մեջ, որպես կանոն, արտադրական թափոններ չեն լցնում, թեեւ գյուղական բնակչությունը երբեմն դրանց մեջ է թափում տնտեսական աղբը, որը գետակների վարարման ժամանակ հոսում է դեպի մեծ գետերը: Քանի որ Ադրբեջանի լեռնային վայրերում չկան արդյունաբերական ձեռնարկություններ եւ գյուղատնտեսական խոշոր հողահանդակներ` գետերի մեջ մեծ ծավալի թափոններ չեն լցնում: Իսկ ադրբեջանական տարածքներով հոսող խոշոր գետերն աղտոտվում են տեխնածին եւ բնական (հողաշերտային) աղտոտիչներով դրանց ամբողջ երկարությամբ` Թուրքիայում, Հայաստանում, Ռուսաստանում եւ բուն Ադրբեջանում:
ԱՀ Բնապահպանության եւ բնական պաշարների նախարարության ազգային դիտարկման դեպարտամենտի աշխատակիցների ասելով` իրենք պարբերաբար դիտարկում են անցկացնում Քուռ եւ Արաքս գետերում: Ամիսը երկու անգամ նրանք փորձանմուշներ են վերցնում: Արաքս գետի ջրի վիճակը վերահսկվում է Նախիջեւանում եւ Հորադիզում տեղակայված կայաններում, իսկ Քուռ գետը ստուգվում է Ղազախի շրջանում տեղակայված դիտարկային կետերում:
Դիտարկման արդյունքները զետեղվում են պաշտոնական կայքում: Գետերում ֆենոլների եւ պղնձի օքսիդների առկայությունը սահմանային վերահսկողության կետերում միշտ էլ 2-4 անգամ շատ է լինում նորմից:
ՙՔուռ գետի դիտարկման ՙՇիխլի-2՚ եւ ՙԱղստաֆաչայ՚ կետերում արձանագրվել է ջրի կազմի հատուկ աղտոտիչներ հանդիսացող ֆենոլների եւ պղնձի օքսիդների խառնուրդների թույլատրված նորմի զգալի բարձրացում՚,- ասվում է Բնապահպանության եւ բնական պաշարների նախարարության ազգային դիտարկման դեպարտամենտի վերջին հաղորդագրության մեջ: ՙԴրա պատճառը կենցաղային, անասնապահական եւ արդյունաբերական ձեռնարկությունների թափոններն են, որոնք Վրաստանի տարածքում գետն են թափվում առանց ֆիլտրվելու: Արաքս գետում նույնպես արձանագրվել է ֆենոլների եւ պղնձի օքսիդի քանակի բարձրացում նորմերից ավել: Ջրի հիմնական աղտոտիչներ հանդիսացող ֆենոլները թույլատրված նորմերից երեք անգամ շատ են արձանագրվել ՙՀորադիզ՚ եւ ՙՇահսեվեն՚ դիտարկային կետերում, իսկ ՙԲահրամթափայում՚` երկու անգամ: ՙՀորադիզ՚ կետում պղնձի աղտոտումները նորմերը գերազանցել են չորս անգամ, ՙՇահսեվենում՚ եւ ՙԲահրամթափայում՚` երեք անգամ: Դիտարկային բոլոր կետերում արձանագրվել է բիոգեն նյութերի նորմի թեթեւակի բարձրացում, որի պատճառը Հայաստանի տարածքից լցվող թափոններն են՚,- նշվում է վերոհիշյալ հաշվետվությունում:
Միջազգային կոնվենցիաներ
Նկատի ունենալով տարածաշրջանում առկա հակամարտությունները` երկխոսության ասպարեզ կարող է դառնալ եվրոպական համագործակցությունը:
Անդրսահմանային ջրերին առնչվող խնդիրները կարգավորող միջազգային փաստաթուղթ է Եվրամիության Ջրային շրջանակային դիրեկտիվը (ՋՇԴ), որը չի ստորագրել հարավկովկասյան ոչ մի երկիր:
ՀՀ բնապահպանության նախարարության ջրային պաշարների վարչության ղեկավար Վոլոդյա Նարիմանյանի ասելով` Հայաստանում փոփոխված նորմատիվները հնարավորություն են տալիս կիրառելու ՋՇԴ պահանջները:
Հարավկովկասյան մակարդակով եւ միջազգային իրավունքի շրջանակներում անդրսահմանային գետերի աղտոտման խնդրի կարգավորման նպատակով Ադրբեջանը 2000 թվականին ստորագրել է ՙՍահման հատող ջրային հոսքերի եւ միջազգային լճերի պահպանման եւ օգտագործման մասին՚ հելսինկյան կոնվենցիան: Ադրբեջանից բացի նախկին ԽՍՀՄ երկներից այդ կոնվենցիային միացել են միայն Ուկրաինան եւ Ղազախստանը:
Ադրբեջանցի փորձագետ Ազադ Ալիեւի ասելով` Ադրբեջանը չունի Հայաստանի ու Վրաստանի վրա ազդելու անմիջական լծակներ, քանի որ այդ երկրները չեն ստորագրել հելսինկյան կոնվենցիան: ՙԿոնվենցիայի մասնակիցները միջազգային պարտավորություններ են ստանձնում անդրսահմանային ջրերի մաքրման եւ հարեւան երկրների հետ համատեղ օգտագործման ջրային պաշարների չաղտոտման մասին: Տեղանքի աշխարհագրական առանձնահատկությունների պատճառով Ադրբեջանը չի կարող աղտոտել Վրաստանի եւ Հայաստանի ջրերը: Միեւնույն ժամանակ Հայաստանում եւ Վրաստանում Քուռ եւ Արաքս գետեր աղտոտիչների թափումը պարտադիր հանգեցնում է Ադրբեջանի տարածքով հոսող գետերի աղտոտմանը: Ընդհանուր ջրային պաշարների աղտոտման գործում իրենց ավանդն ունեն նաեւ Ադրբեջանի ու Հայաստանի թշնամական հարաբերությունները՚:
Սակայն, ինչպես նշում է փորձագետը, տարածաշրջանում միջազգային բնապահպանական ծրագրեր են իրականացվում, որոնց շրջանակներում Ադրբեջանն արդեն երկրորդ տարին ՄԱԿ-ի համար կազմում է տարածաշրջանի գետերի մաքրության մասին գնահատման հաշվետվություններ:
Ջուրը եւ հակամարտությունը
Չնայած այն բանին, որ հայ եւ ադրբեջանցի բնապահպանները հանդիպում եւ հաղորդակցվում են երրորդ երկրներում անցկացվող միջազգային համաժողովներում` հայ-ադրբեջանական հարաբերությունների չկարգավորվածության պատճառով չկան ջրերի մաքրման եւ օգտագործման համատեղ ծրագրեր:
Դեռեւս 1980 թվականին հայ-ադրբեջանական սահմանին կառուցվել է Ջոխազի ամբարտակը երկու շրջանների գյուղատնտեսական կարիքների համար` հայկական կողմից Նոյեմբերյանի շրջանի, ադրբեջանական կողմից Ղազախի շրջանի համար: Ջրամղիչ կայանը գտնվում է հայկական տարածքոմ: Սակայն հայկական աղբյուրները հաղորդում են, որ ադրբեջանական կողմից ամբարտակի գնդակոծման պատճառով հայերը 1991 թվականից ի վեր չեն կարողանում օգտագործել այդ ջրամբարի ջուրը: Իսկ Բաքվում մեզ հետ զրուցած փորձագետները բացարաձակապես տեղյակ չէին այդ ամբարտակի ու Ջոխազի ջրամբարի մասին, ադրբեջանական մամուլում էլ այս հիդրոտեխնիկական կառույցը ոչ մի անգամ չի հիշատակվել:
Շրջական միջավայրի վրա ազդեցության դիտարկման կենտրոնի վարիչ Սեյրան Մինասյանն ասում է, որ Արաքս գետի Մեղրիի հատվածում գարնանային ջրառատ ամիսներին ադրբեջանական կողմը ջուրը տարբեր եղանակներով պռատում են եւ չեն թողնում, որ այն հոսի դեպի հայկական տարածք: ՙՄեզ համար դա մեծ խնդիր չէ, քանի որ ադ հատվածում մենք զարգացած գյուղատնտեսություն չունենք, բայց բոլոր դեպքերում էլ այդ երեւույթը կա` երբ գալիս է աշունը, եւ ջրի կարիք առանձնապես չի լինում, հանում են խոչընդոտները՚: Իսկ ադրբեջանցի բնապահպան Ազադ Ալիեւը բերում է Մարտակերտի շրջանի կենտրոնում` Թարթառ գետի վրա գտնվող Սարսանգի ջրամբարի օրինակը, որն ամենամեծն է Լեռնային Ղարաբաղում` ՙՆերկայումս Ղարաբաղի հայերը Թարթառ գետի ջրերը նպատակաուղղված օգտագործում են ի վնաս ադրբեջանական Տերտերի շրջանի բնակչության: Ձմռանը հայերը բացում են ջրամբարի ելքերը, որը հանգեցնում է ադրբեջանական գյուղերի ողողմանը, իսկ ամռանը, երբ բնակչությունն իրոք ջրի կարիք ունի` նրանք փակում են այդ ելքերը` մարդկանց զրկելով ջրից՚: ՙԴեռեւս խորհրդային շրջանից մնացած ջրամբարները, որ առաջներում համատեղ օգտագործվում էին հայերի ու ադրբեջանցիների կողմից, այժմ ջրային զենք են դարձել՚,- ընդգծում է փորձագետը:
Համագործակցության հեռանկարները
ՙԱդրբեջանի բնապահպանության եւ ջրային պաշարների նախարարությունը հայ գործնկերների հետ ուղիղ կապեր չունի, եւ Հայաստանում ջրի մաքրության մասին տվյալներ ադրբեջանական կողմը ստանում է երրորդ աղբյուրներից` Վրաստանից եւ Իրանից: ԵՄ-ում տեղյակ են Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի գետերի վիճակի մասին, մենք կարող են տեղեկություններ հայթայթել ԵՄ բաց համացանցային ռեսուրսներից՚,- ասում է Ադրբեջանի բնապահպանության եւ բնական պաշարների նախարարության շրջակա միջավայրի դիտարկման դեպարտամենտի տնօրենի տեղակալ Մյաթանաթ Ավազովան:
Հայաստանի բնապահպանության նախարարության ջրային պաշարների վարչության պետ Վոլոդյա Նարիմանյանն ասում է, որ Հայաստանը պատրաստ է համատեղ դիտարկում անցկացնել Ադրբեջանի հետ: Սակայն հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս պայմաններում նման համագործակցության գաղափարն ուտոպիական է թվում:
ՙԱդրբեջանի ու Հայաստանի միջեւ համագործակցություն հնարավոր չէ, քանի դեռ ադրբեջանական հողերը շարունակում են մնալ Հայաստանի կողմից բռնազավթված: Մենք ոչ մի հարաբերություն չունենք Հայաստանի հետ, քանի դեռ շարունակվում է մեր հողերի բռնազավթումը հայկական զինված ուժերի կողմից՚,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Դավոսում (Շվեյցարիա) անցկացված միջազգային տնտեսական համաժողովում ունեցած ելույթի ժամանակ: Ադրբեջանական պետական գերատեսչությունները համագործակցության հարցում ելնում են Ալիեւի կողմից հռչակած քաղաքական այդ սկզբունքից:
Լեռնային Ղարաբաղի արտաքին-քաղաքական գերատեսչության բազմակողմանի հարաբերությունների վարչության երկրորդ քարտուղար Երվանդ Հաջյանի կարծիքով`բնապահպանական հարցերի շուրջ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցությունը կարող է դառնալ խաղաղության հաստատման սկիզբ:
ՙ1994 թվականին հաստատված զինադադարից հետո ղարաբաղյան ղեկավարությունը ԵԱՀԿ-ի միջնորդությամբ քանիցս դիմել է Ադրբեջանի ղեկավարությանը` բնապահպանական խնդիրների համատեղ լուծման առաջարկներով՚,- ասում է Հաջյանը: Մասնավորապես, համագործակցություն է առաջարկվել սահմանամերձ գոտիներում արոտավայրերի եւ գյուղատնտեսական հողահանդակների հրդեհում թույլ չտալու համար: Ցավոք, Ստեփանակերտի նախաձեռնությունն աջակցություն չի ստացել Բաքվում:
Ներկայումս տարածաշրջանում երեք ծրագիր է իրականցվում` ԵՄ ՙՔուռ-3՚ ծրագիրը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ՙՔուռ-Արաքս ավազանի դեգրադացման կրճատում՚ նախագիծը, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության կողմից ֆինանսավորվող ՙՄիջազգային ավազանների շրջակա բնության պաշտպանություն՚ ծրագիրը, որի շրջանակներում մեր երկրներում ուսումնասիրվելու են ոչ միայն մակերեւույթային, այլ նաեւ ստորգետնյա ջրերը, մի բան, որ մինչեւ այսօր չէր արվում:
Անկախ Հայաստանը չի ստորագրել ջրային պաշարների մասին միջազգային պայմանագիրը, բայց որպես Խորհրդային Հայաստանի իրավահաջորդ շարունակում է կատարել Իրանի հետ 1957 թվականին կնքված եւ Թուրքիայի հետ 1924 թվականին կնքված կոնվենցիաներով սահմանված իր պարտավորությունները: Համաձայն Թուրքիայի հետ կնքած պայմանագրի` անդրսահմանային ջրերը կողմերի միջեւ բաշխվում են 50/50 հարաբերակցությամբ, իսկ ըստ Իրանի հետ կնքած պայմանագրի` երկու կողմերն էլ պարտավոր են միջսահմանային ջրերը մաքուր պահել եւ պարբերաբար տեղեկատվության փոխանակում իրականացնել:
ԱՀ բնապահպանության եւ բնական պաշապների նախարարությունում պատրաստ է Քուռի բնապահպանական պաշտպանության մասին համաձայնագիր Վրաստանի հետ: Ներկայումս այն դիվանագիտական ուղիներով համաձայնեցվում է:
Համանման երկկողմանի համաձայնագիր կա նաեւ Ադրբեջանի ու Ռուսաստանի միջեւ` Սամուր գետը մաքուր պահելու մասին` ստորագրված երկու տարի առաջ: Ոչ առանց բարդությունների, բայց, այնուամենայնիվ, զարգանում են ջրային պաշարների ոլորտում ադրբեջանա-իրանական հարաբերությունները, երկկողմանի աշխատանքային խումբ է գործում, որը զբաղվում է Արաքս գետի մաքրության վերահսկմամբ:
Ինչպես տեսնում ենք, կողմերից յուրաքանչյուրն, այնուամենայնիվ, փորձում է ինչ-որ բան ձեռնարկել, սակայն անդրսահմանային գետերի մաքրության պահպանման համատեղ գործողությունները հնարավոր չեն ղարաբաղյան հակամարտության եւ համատեղ ծրագրերի բացակայության պատճառով: Ճիշտ է, լրագրողների կողմից հարցման ենթարկված եւ ադրբեջանցի, եւ հայ փորձագետները պատրաստակամություն են հայտնել համագործակցելու եւ համատեղ դիտարկումներ անցկացնելու, սակայն նրանցից շատ քիչ բան է կախված:
Վերջաբանի փոխարեն, կամ` տեղեկատվություն խորհրդածության համար
Երբ հոդվածը գրեթե պատրաստ էր տպագրության, մենք համացանցում փորփրեցինք հետաքրքիր տեղեկություններ: ՙԻնչպես բացահայտել է ճապոնացի գիտնական Մասարու Էմոտոն` ջուրը հիշողության կրիչ է: Գիտնականը 25 տարի շարունակ ուսումնասիրել է ջուրը եւ գտնում է, որ մարդու ցանկացած զգացական վիճակ գրանցվում է ջրի վրա: Ջրի կառուցվածքի համար հատկապես վտանգավոր են բացասական հույզերը` չարությունը, ցասումը, նախահարձակությունը, ոչ բանական գործունեությունը՚:
Իսկ եթե գիտնականն իրոք չի՞ սխալվում, եւ ջուրն իսկապես ամեն ինչ հիշու՞մ է: Չէ՞ որ բացասական հույզերը ՙդուրս հորդալու՚ գեշ սովորությւոն ունեն: Ի՞նչ է սպասում մեր տարածաշրջանին, եթե բնապահպանները վերջապես խոսքից չանցնեն գործի: