Եվրոպայի Հայ Դատի գործունեության հիմնական ուղղությունների մասին «Անալիտիկոնը» զրուցել է Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանի հետ:
-Եվրոպայի Սփյուռքի գաղթօջախներն անընդհատ համալրվում են ի հաշիվ Հայաստանի Հանրապետությունից արտագաղթողների և Մերձավոր Արևելքից փախստականների հոսքով՝ բազմազանեցնելով սփյուռքի հայկական կազմակերպությունների առջև ծառացած խնդիրները: Որպես Սփյուռքի հայկական կազմակերպության ղեկավար՝ ինչպե՞ս է հաջողվում համադրել երբեմն իրար հակասող այդ խնդիրների լուծումները:
-Մենք, իբրև Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբ, ինչպես նաև Հայ Դատի մնացյալ հանձնախմբերը, համայնքային հարցերով չենք զբաղվում: Կան հատուկ պատկան մարմիններ՝ ազգային վարչություններ և խորհուրդներ, որոնք էլ զբաղվում են ներքին համայնքային խնդիրներով: Ընդհանուր առմամբ, մեր գործունեությունը կապված է հայկական համայնքների իրավունքների և շահերի հետ:
Ստեղծված իրավիճակում, երբ գաղթականների մեծ հոսք եղավ Սիրիայից, դրանից էլ առաջ Իրաքից և Հայաստանից, համայնքային պատկերը փոխվեց՝ մեր արտաքին հարաբերությունների մեջ ստեղծելով նոր իրականություն: Մեր առջև ծառացած հիմնական հարցն է՝ հասնել նրան, որ Հայաստանից մեծ թվով արտագաղթածների հիմնական իրավունքները հարգվեն այն երկրներում, որտեղ նրանք հաստատվել էին:
Սիրիայի և Իրաքի պարագայում ավելի բարդ խնդիրների հետ բախվեցինք, քանի որ կարիք կար ընդունող պետություններին ճիշտ ներկայացնել նրանց դրությունը: Նրանք այնպիսի երկրներից էին, որտեղ գործունեություն է ծավալում Իսլամական Պետությունը (ԻՊ): Որոշ հյուրընկալ երկրներ իրենց դռները բացելով գաղթականների առջև՝ հետագայում մտավախություն ունեցան, որ նշված պետությունների քաղաքացիները կարող են ԻՊ-ի գործակալներ լինել, ուստի և սկսեցին հետ ուղարկել կամ դժվարություններ առաջացնել:
Չնայած այն հանգամանքին, որ եվրոպական երկրներում հայկական համայնքները լավ համբավ ունեին, այնուամենայնիվ՝ մի շարք երկրներ որոշեցին խստագույնս պահպանել Սիրիայի քաղաքացիներ չընդունելու օրենքը: Որտեղ մեր հնարավորությունները թույլ էին տալիս՝ փորձում էինք հստակեցնել, որ հայ բնակչությունը ԻՊ-ի հետ կապ չունի:
Մի նուրբ հարց ևս առաջացավ, քանի որ Սիրիայից հայերի մեծ մասը սկզբում ստացել էր Հայաստանի քաղաքացիություն և ապա եկել եվրոպական երկրներ, այսինքն՝ նրանք չունեին փախստականի կարգավիճակ: Սակայն այս մարդիկ իսկապես փախստականներ էին, Հայաստանը միայն ազգասիրության զգացողություններից ելնելով քաղաքացիություն տվեց, որ իր զավակաները դրսում չմնային: Կարողացանք հասնել նրան, որ որոշ տեղեր այդ խնդիրներին լուծում տրվեց, իսկ որոշ տեղեր՝ ոչ: Իսկ ահա համայնքների ներքին շերտավորվածությամբ մենք չենք զբաղվում, և կարիք էլ չունենք զբաղվելու, քանի որ դա համայնքային մարմինների գործն է:
-Տարածված կարծիք կա, համաձայն որի՝ Հայ Դատը միայն Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է: Իրականում որո՞նք են Եվրոպայի Հայ դատի գրասենյակի գործունեության հիմնական ուղղությունները:
-Բառն ինքնին ասում է, որ Հայ Դատը մեր ժողովրդի իրավունքներն են, իրավունքների պաշտպանությունը: Տարիներ շարունակ՝ մինչև 1965 թվականը, ելնելով հայտնի պատճառներից, մեր հիմնական գործունեությունն ուղղված էր Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Հարկավոր էր, որ մեր գաղութները կայանային, քաղաքական ինքնաբավություն և գիտակից երիտասարդություն ունենային, որպեսզի կարողանայինք դուրս գալ ապրիլի 24-ը միայն հոգեհանգստով հիշատակելու դրությունից:
Այնուհետև հիմնվեցին Հայ Դատի հանձնախմբերը: Հասկանալի է, որ այդ օրերին պետք է ուտոպիստական լիներ մտածելն անգամ Արցախի, Նախիջևանի կամ Ջավախքի հարցերի մասին: Այդ ժամանակ գոյություն ունեցող միակ հարցը Հայոց ցեղասպանության ճանաչումն էր: Հենց այդ ուղղությամբ էին Հայ Դատի հանձնախմբերը տարիներ շարունակ աշխատում և որոշակի արդյունքներ գրանցում. այսօր Եվրոպական Միության երկրների կեսից ավելին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Բայց հիմնական թիրախը Թուրքիայի կողմից ճանաչումն է, իր պատասխանատվության ընդունումը և հատուցումը: Մեզ համար բավարար չէ, որ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը, ներողություն խնդրի և հարցը փակվի: Շատ ավելի կարևոր է, որ Թուրքիան ընդունի իր գործած ոճիրը և կրի պատասխանատվություն: Այդ նպատակով էլ ՀՅԴ-ն հիմնեց հատուկ գրասենյակ՝ Armenian Legal Center-ը (Հայկական իրավական կենտրոն), որպեսզի Հայ Դատի հանձնախմբերին, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում պետությանը իրավական հիմքեր տա Հայոց պահանջատիրության համար:
1988-ից հետո Հայ Դատի հանձնախմբերը սկսեցին զբաղվել նաև Արցախյան հիմնահարցով: Հենց այդ թվականին էր, որ Դաշնակցությունը որոշեց վերադառնալ «Դեպի Երկիր» ծրագրին, ինչը ենթադրում էր, որ Դաշնակցությունը պետք է վերադառնար և աշխատեր նաև հայրենիքում, Հայաստանի և Արցախի ժողովուրդների շահերի համար: Հայտնի է ՀՅԴ-ի ավանդն արցախյան շարժման, հայրենիքի կայացման գործընթացում, ինչպես նաև դժվարությունները Հանրապետության առաջին նախագահի կողմից, ով անհեռատես և վնասակար քաղաքականություն վարեց՝ փորձելով պառակտել հայրենիքը և սփյուռքը:
Այսօր մեր հիմնական հարցը Արցախի հարցն է, ուր, Ադրբեջանի վարած քաղաքականության արդյունքում, մենք ունենք նաև մարդկային զոհեր: Մեր ծանրության հիմնական ուժն ուղղված է ապահովելու Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը, որը պատերազմի դաշտում հաջողվեց նվաճել, սակայն 1990-ականների սխալ որոշումների և քայլերի պատճառով մինչ այսօր Արցախը դե յուրե ինքնիշխան երկիր չէ:
Մեր գործունեությունը միտված է Արցախի բարգավաճմանը, տեղի մեր հայրենակիցներին մեկուսացումից դուրս բերելուն: Այդ ուղղությամբ կազմակերպում ենք քաղաքական անձանց, լրագրողների, դասախոսների, մշակութային գործիչների պատվիրակությունների ճանաչողական այցեր Արցախ, որպեսզի մեր ժողովուրդն այնտեղ զգա, որ մեկուսացած չէ աշխարհից: Աշխարհն էլ գիտի, որ, հակառակ Ադրբեջանի բոլոր անիմաստ սպառնալիքների, կան մարդիկ, որոնք այցելում են և այցելելու են Արցախ:
Մենք նաև կազմակերպում ենք Արցախի քաղաքական գործիչների, ուսանողության այցերը Եվրոպա: Արդեն երեք անգամ Արցախի նախագահը եղել է Բրյուսելում, ելույթներ ունեցել Եվրոպական խորհրդարանի ամբիոններից, բարեկամական խմբեր հիմնել: Մեր ջանքերով եվրոպատգամավորները բարձրացրեցին նաև Արցախի երիտասարդներին Եվրոպայում ուսանելու հարցը: Մեր գրասենյակի ջանքերով արդեն երկրորդ տարին է, որ Արցախի երիտասարդները հնարավորություն ունեն պրակտիկա անցկացնել Եվրոպական խորհրդարանում:
Երրորդ հիմնական ուղղությունը սիրիահայերի հարցն է, որ շատ մտահոգիչ է: Սկզբնական շրջանում, երբ ԻՊ-ն ընդգրկված չէր պատերազմում և հիմնական ուժը Սիրիայի ընդդիմությունն էր, մենք փորձում էինք համոզել, որ հայ համայնքը ցանկանում է եղբայրասպան պատերազմի դադարեցումը, Սիրիայի մեջ ժողովրդական կարգերի հաստատումը, Սիրիայի վերականգնումը: Դրանից հետո զբաղվում էինք նաև մարդասիրական օգնություն ուղարկելով, Բելգիայում հիմնելով «Միջին Արևելքի քրիստոնյաների միություն», երեք անգամ օժանդակություն և պատվիրակություններ ենք ուղարկել Սիրիա:
Կարևոր է նաև Ջավախքի հարցը, որի պարագայում պետք է շատ զգույշ լինենք և զերծ մնանք ծայրահեղական հայտարարություններից: Մենք Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ ենք ցանկանում, բայց միաժամանակ Վրաստանն էլ պետք է հասկանա, որ ջավախահայերը պետք է ունենան նույն իրավունքները, ինչ Վրաստանի մյուս քաղաքացիները: Մենք պաշտպանում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությունը, բայց նաև մեր հայրենակիցներն այդ ամբողջական Վրաստանի մեջ պետք է ունենան բոլոր իրավունքները:
Բացի այդ, ունենք նաև մեր համայնքների միջև համագործակցության ապահովման հարց, որի նպատակով էլ յուրաքանչյուր չորս տարին մեկ կազմակերպում ենք եվրոպահայերի համագումար: Այդ ընթացքում էլ վճռվում են հիմնական անելիքները, հաղորդակցության հիմնական ռազմավարությունը:
– Վերջին տարիներին նկատում ենք, որ Արցախի ճանաչման ուղղությամբ մեծապես աշխուժացել է ձեր գործունեությունը: Ի՞նչ հանգամանքներ նպաստեցին այդ շրջադարձին:
-Արցախի հարցը երբեք էլ մոռացված չէր, բայց մարտավարական տեսանկյունից նպատակահարմար չէր այն բարձրացնել: Մեր հիմնական սխալն այն էր, որ կարծեցինք, որ եթե պատերազմում հաղթել ենք, ապա հարցը փակված է: Անկախության առաջին տարիներին, երբ Հայաստանն ավելի շատ զբաղված էր իր ներքին խնդիրներով, Ադրբեջանը քնած չէր: Հատկապես էներգետիկ հարստությունների առկայության պարագայում այդ երկիրն ավելի գրավիչ դարձավ, և մեզ համար դժվարություններ առաջացան: Տևական ժամանակ է, որ մշակել ենք նոր մարտավարություն, որով Արցախի հարցով ավելի ակտիվ քաղաքականություն ենք վարում, ինչի շնորհիվ էլ բավականին լավ արդյունքներ ունենք: Դրա ապացույցը նաև Ադրբեջանի սև ցուցակն է, որն անընդհատ ընդլայնվում է: Եվրոպացիներն ազատ մարդիկ են, ուստիև իրենք, այլ ոչ թե Ալիևն է որոշում՝ ու՞ր և ե՞րբ գնալ: Ադրբեջանի քաղաքականությունն այս ուղղությամբ հաջողության չի հասել և ժողովրդավարական երկրներում չի հասնելու: Մեր հիմնական աշխատանքը ներկայումս հնարավորինս շատ մարդկանց Արցախի իրականությանը ծանոթացնելը, Արցախում կայացած երկիր ունենալու բոլոր ինստիտուտները ցույց տալը և այդ շրջափակումից երկիրը դուրս բերելն է:
Եվրոպայում բազմաթիվ քաղաքներ համագործակցության համաձայնագրեր են ստորագրել Արցախի քաղաքների հետ, ունենք նաև պատգամավորների բարեկամության խմբեր Ֆրանսիայում, երկուսը Բելգիայում (մեկը՝ ֆլամանդախոս, մյուսը՝ ֆրանսախոս խորհրդարաններում), Լիտվայում ինչպես նաև Եվրոպական խորհրդարանում: Դա չի նշանակում, որ Եվրոխորհրդարանը ճանաչում է Արցախը: Պարզապես արցախցիները կարող են միջոցառումներ կազմակերպել, խորհրդաժողովներ գումարել, ներկայացուցիչներ ունենալ և այլն:
Պատրաստեց Աննա Բարսեղյանը