Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր
Ստեփանակերտ
Անցնող տարում շատ են եղել նաեւ խաղաղարարության, ավելի ճիշտ՝ քաղաքացիական խաղաղարարության արդյունքներն ամփոփելու եւ գնահատելու փորձերը: Նորերս էլ Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի ու Հայաստանի մի խումբ փորձագետների հետ նման հետազոտություն է անցկացրել International Alert կազմակերպությունը: Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով Եվրոպական գործընկերության շրջանակներում (EPNK) իրականացված սույն ուսումնասիրությունը կոչվում է «Խաղաղության հեռանկարի մերձեցում. քաղաքացիական խաղաղարարության 20 տարին` ղարաբաղյան հիմնախնդրի համապատկերում»:
Ընդհանրապես, հանրությունում եզրահանգումները, մեղմ ասած, լավատեսական չեն: Սակայն ամեն ինչ կախված է գնահատման չափանիշներից: Մարդիկ սովորաբար դատում են ըստ կոնկրետ ու շոշափելի արդյունքի, այլ ոչ թե ըստ ներուժի ու հեռանկարի: Մինչդեռ խաղաղարարությունը կամ, ինչպես ընդունված է ասել, ժողովրդական դիվանագիտությունը կամ Track-2-ը, այն ոլորտը չէ, որտեղ զգայարաններից ամենակարեւորը շոշափելիքն է: Ավելին, հաճախ հարկ է լինում այն զգալ հավելյալ՝ վեցերորդ զգայարանով: Այսպես, հյուսիսիռլանդական հակամարտությունում այդպիսի հավելյալ զգայարանով է նոր ժամանակներն զգացել քաղաքական գործիչ Ջոն Հյումը, ով, ինչպես Բելֆաստում են ասում, իր հոգու ու մտքի «ալեհավաքով» որսացել է խաղաղության ուղերձը:
Քաղաքացիական հասարակության խաղաղարար գործունեության մասին մարդիկ դատում են ըստ առկա իրավիճակի: Իրոք, այս չափանիշով դժվար է տեսանելի դարձնել խաղաղարարության արդյունքները, քանի որ հակամարտությթան մեջ ներգրավված կողմերի ռազմական բյուջեն տարեցտարի մեծանում է (հայկական կողմերը ստիպված են ներգրավվել Ադրբեջանի նախաձեռնած սպառազինությունների մրցավազքում), ուժգնանում է ռազմատենչ հռետորաբանությունը, շարունակվում է տեղեկատվական պատերազմը եւ այդ պատերազմի ծնծղաների տակ պարբերաբար զինվորականներ են զոհվում սահմանի երկու կողմերում էլ: Այս ամենի համապատկերում էլ՝ բանակցային գործընթացում ոչ մի առաջընթաց չկա, ինչպես չկա ոչ մի որակական փոփոխություն կամ դրա միտում նույն այդ գործընթացում:
Սակայն, ինչպես ասում են, նայած ով ինչպես է նայում կիսատ բաժակին: Խաղաղարարների համար այն կիսով չափ լիքն է, այն է` ակտիվ ռազմական գործողություններ չկան, մերթընդմերթ խոսվում է բանակցային գործընթացում ճեղքման կամ ոսկե հնարավորության մասին, տեղեկատվական պատերազմի պայմաններում համագործակցում են Ադրբեջանի, Հայաստանի ու ԼՂՀ-ի լրագրողական որոշ շրջանակներ` փորձելով հրաժարվել թշնամու կերպարի ու ատելության սերմանումից, հակամարտող այս կամ այն երկրում երբեմն-երբեմն հայտնվում են «սպիտակ ագռավներ», ովքեր հարգանքով ու համակրանքով են խոսում մյուս կողմի մասին եւ իրենց վրա վերցնում հանրության զայրույթը, իմա՝ «դիվերսիֆիկացնելով» ատելությունը: Այս ամենը չափելը դժվար է, դա չես անի ոչ կիլոգրամով, ոչ մետրով, մեկ բնակչին հասնող ինչ-որ բանի հաշվարկով, մեկ հեկտարին բաժին ընկնող բերքի քանակով, լրագրային մակերեսով կամ մեկ այլ բանով: Այն, ինչ, զորօրինակ, անցնող տարում արել է ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին, կարելի է չափել միայն սրտամետրով:
Սակայն, ամեն ինչից զատ, ինձ թվում է, որ խաղաղարարության արդյունքների թերագնահատման կամ սխալ գնահատման հիմնական պատճառը երեւույթի սխալ դեֆինիցիան է՝ ձեւակերպումը: Իրականում՝ հակամարտող կողմերի միջեւ երկխոսության եւ վստահության կամուրջների ստեղծմամբ զբաղվող ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը չի կարելի խաղաղարարություն որակել: Դա շատ հավակնոտ, պատասխանատու եւ այլ քաշային կարգ ունեցող ձեւակերպում է: Իրականում խաղաղություն արարում են պաշտոնական՝ Track-1-ի մակարդակով, հակամարտության մեջ ներգրավված երկրների կառավարող էլիտաների կողմից: Քաղաքացիական հասարակությունն ավելի շատ կոչված է զբաղվելու խաղաղության արարումից հետո դրա ամրապնդմամբ ու հանրայնացմամբ կամ էլ քաղաքական էլիտաների կողմից խաղաղության ու հաշտեցման որոշման ընդունման համար բարենպաստ հողի ու հասարակական կարծիքի նախապատրաստմամբ:
Այո, քաղաքական էլիտաները որոշում ընդունում են հանրության, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության ազդեցության տակ: Ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված երեք կողմերում քաղաքական էլիտաների ու հասարակության այս կապը չկա, ինչը նշանակում է, որ քաղաքացիական հասարակությունը ոչ միայն բնականորեն զրկված է խաղաղություն արարելու հնարավորություններից, այլեւ անբնականորեն հեռացված է նաեւ քաղաքական էլիտաների վրա ազդելու լծակներից:
Ահա թե ինչու դժվար է շոշափուկներով դատել ժողովրդական դիվանագիտության ձեռքբերումների մասին: Բայց դրանք կան, միանշանակ կան:
Հակամարտության մեջ ներգրավված երեք հանրությունների որոշակի շերտերի միջեւ գնալով ընդլայնվող շփումները, դրանց մասին հանրային տեղեկատվությունն օգնում են եթե ոչ թշնամու կերպարից ընդհանրապես ձերբազատվելու, ապա այդ կերպարն անդեմ-ընդհանրական կաղապարից դուրս բերելուն, ինչն էլ թշնամու կերպարից ձերբազատվելու առաջին քայլն է: Վերջերս կայացած հայ-ադրբեջանական հանդիպումներից մեկի ժամանակ ես այսկերպ դիմեցի ադրբեջանցի մասնակիցներին՝ «Եթե ձեզ համար առայժմ դժվար է լիովին ձերբազատվել ատելությունից, ապա ես ուզում եմ, որ դուք իմ ժողովրդին ատեք ի դեմս ինձ ու ի դեմս այն մարդկանց, ում դուք անձամբ ճանաչում եք: Ու որոշ ժամանակ հետո հարցրեք ինքներդ ձեզ, թե ինչու եք ինձ ատում: Ահա այստեղից է սկսվելու իսկական երկխոսությունը՝ սկզբում ինքներդ ձեզ հետ ու հետո՝ ինձ հետ: Հնարավոր չէ սիրել կամ ատել ընդհանրապես»:
Ի դեպ, հակված եմ կարծելու, որ մեր այս ընդհանրական ատելության մեջ որոշակի տարբերություն կա: Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում նույնպես կա ընդհանրական կամ կույր ատելության համախտանիշ, բայց, ի տարբերություն ադրբեջանական հասարակության, մեզ մոտ ատելությունն ավելի հասցեական է՝ ատում են Ռամիլ Սաֆարովին, Իլհամ Ալիեւին, համացանցում տարածված լուսանկարում հայի գլուխը ձեռքին ու նեանդերթալյան ժպիտը դեմքին ստահակին եւ նմաններին:
Կարծում եմ, որ հաշտեցումը կսկսվի այն ժամանակ, երբ այդ ընդհանրական ատելությունն ուղղակի զզվանք կառաջացնի մարդկանց մոտ, երբ մարդիկ կհասկանան, որ դա նախամարդուն հատուկ հոգեվիճակ է: Ամեն ինչի համար մեղքն ուրիշի վրա բարդելը եւ սեփական անձը պատասխանատվությունից տոտալ ազատումն աղճատում է համարժեք աշխարհընկալումը եւ մարդուն թերարժեք դարձնում:
Կուզեի իմ սուբյեկտիվ ընկալմամբ անդրադառնալ քաղաքացիական հասարակության խաղաղարար գործունեությանը խոչընդոտած երեք հանգամանքներին:
Առաջին: Ընդունված է կարծել, որ քաղաքացիական ակտիվիստներիս ջանքերն անարդյունավետ են եղել այն պատճառով, որ մենք՝ ակտիվիստներս, փոքրաթիվ ենք: Կտրականապես համաձայն չեմ՝ առաջին հերթին եւ ավելի շատ պիտի բազմանան գաղափարները, այլ ոչ թե մենք: Գաղափարների մրցունակությունն է գաղափարակիրների ու համախոհների թվի աճի գլխավոր ռեսուրսը:
Երկրորդ: Խաղաղարարության նվազ արդյունավետության պատճառներից մեկն էլ այն է, որ այն իրականացվել է հակամարտության մեջ ներգրավված երկրների ժողովրդավարական բարեփոխումներից անջատ: Մինչդեռ միայն ժողովրդավարական բարեփոխումները կարող են քաղաքացիական հասարակությանը օժտել կառավարող էլիտայի վրա ներազդելու լծակներով: Ուրեմն՝ խաղաղարար գործունեության մեջ միջազգային ակտորներն ու դոնորները շեշտը պետք է դնեն երեք երկրների ժողովրդավարացման վրա:
Եվ, վերջապես, երրորդ հանգամանքը հակամարտության կողմերի անպատրաստությունն է առանց միջնորդների ելք որոնելու ստեղծված իրավիճակից: Թե՛ պաշտոնական բանակցային գործընթացը, եւ թե՛ քաղաքացիական խաղաղարարությունը տեղի են ունենում միջնորդավորված՝ միջազգային միջկառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունների միջնորդությամբ: Հակամարտող կողմերը բավականին քննադատական մոտեցումներ ունեն միջնորդների գործունեության վերաբերյալ, եւ ինչ-որ տեղ դա արդարացի է: Սեփական խնդիրներով խճճված մեր հարաբերությունների գորդյան հանգույցին միջնորդները կամա թե ակամա ավելացրին նաեւ իրենց իսկ խնդիրները: Ու մենք համատեղ փորձում ենք լուծել մեր ու իրենց խնդիրները:
Սակայն միջնորդներից բողոքելն ամենաազնիվ ճանապարհը չէ: Հարկ է ընդունել, որ մենք դեռեւս համապատասխան կամք, մակարդակ, անկեղծություն ու շահագրգռվածություն չունենք դեմ առ դեմ քաղաքակիրթ քննարկելու մեր խնդիրները: Միջազգային միջկառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունները շատ բան են արել եւ շարունակում են անել հակամարտող կողմերի միջեւ երկխոսության ու վստահության կամուրջների ապահովման համար: Դժվար է միջնորդներից պահանջել ավելի սրտացավ ու հոգատար լինել մեր նկատմամբ, քան ինքներս ենք մեր իսկ նկատմամբ:
Այլ ճանապարհ չկա` մենք երկխոսելու ենք վաղ թե ուշ: Ու երկխոսությունն այդ եռաստիճան է լինելու: Սկզբում մարդ խոսելու է ինքն իր (իր խղճի կամ երկրորդ «ես»-ի) հետ, ապա իր նմանների հետ ու, վերջապես, մյուս կողմի հետ:
Այս եռաստիճան կամ եռամիասնական երկխոսությունն է խաղաղարարության երաշխիքը: Առանց երկխոսվող հոգեվիճակի հնարավոր չէ բանավիճել սեփական հանրությունում: Առավել եւս՝ հակամարտության մյուս կողմի հետ: Վիճեք ինքներդ ձեզ հետ, տիկնայք եւ պարոնայք: Ու վեճը թող անողոք լինի: