Մանվել ՍԱՐԳՍՅԱՆ
Ռազմավարական և ազգային հետազոտությունների
հայկական կենտրոնի տնօրեն
Երևան
2017թ. ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցան հերթական խորհրդարանական ընտրությունները։ Այդ ընտրություններն ուշագրավ էին, քանի որ առաջինն էին խորհրդարանական կառավարման ձևին անցում ենթադրող և ոչ միանշանակ գնահատական ստացած: [1] 2015թ. սահմանադրական բարեփոխումներից հետո։ Բոլորին առաջնահերթորեն հետաքրքրում էր, թե ո՞ր ուժերը կվճռեն վեցերորդ գումարման Ազգային ժողովի քաղաքական պատկերը։ Չէ՞ որ խոսքը երկրի քաղաքական համակարգի նոր կառուցվածքի մասին է։Ավելին՝ նորույթ էր պատգամավորների ընտրության վարկանշային համակարգ սահմանող նոր ընտրական օրենսգիրքը։[2] Ծուղակն այն էր, որ նոր ընտրական օրենսգրքում ներդրվել են լայն ձեռնածությունների հնարավորություններ։ Տեղերում ընտրողների հետ աշխատում էին վարկանշային թեկնածուները, որոնց ձայները հավաքվում էին կուսակցությունների օգտին։ Դա հնարավորությունների լայն դաշտ էր ստեղծում գործարարների և հեղինակությունների համար։
Հետևաբար, ինչպես և սպասվում էր, ուժերի բաշխվածության մեջ ոչ մի որակական փոփոխություն չի գրանցվել։ ԿԸՀ հրապարակած տվյալների[3] համաձայն իշխող Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը (ՀՀԿ) ստացել է ձայների 49,15%-ը, «Ծառուկյան» դաշինքը՝ 27,35%-ը, ՀՀԿ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն՝ 6,58%-ը։ Քաղաքական «ստատուս-քվոն» ոչ միայն չի խախտվել, այլև ամրապնդվել է։ Ընտրություններին մասնակցած մնացյալ կուսակցություններն ու դաշիքները դուրս են մղվել լուսանցք, միայն «Ելք» դաշինքն է նոր խորհրդարանում մանդատներ ստանալու՝ հավաքելով ձայների 7,78%-ը։
Հայաստանի ԿԸՀ-ը հեշտուհանգիստ տարածել է քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակը[4], նախապես հայտարարելով, որ քվեարկածների թիվը կազմում է շուրջ մեկ ու կես միլիոն մարդ։ Այստեղ, ինչպես ասվում է, «Բոլորի երևակայությունը սպառվեց»։
Երկրում բանավեճ է ծավալվել՝ արդյո՞ք ապրիլի 2-ի միջոցառումը կարելի է ընտրություն համարել։ Այսինքն, կասկածի տակ են դրվել ոչ թե ընտրությունների արդյունքները, այլ հիշյալ միջոցառման բուն օրինավորության/լեգիտիմության փաստը։ Անգամ խորհրդարան մտած ընդդիմադիր «Ելք» դաշինքն է լուրջ քննադատության ենթարկվել՝ պատգամավորական մանդատները վերցնելու համար։ Ընտրությունների նկատմամբ այդպիսի վերաբերմունքը հասունանում է վերջին մի քանի տարիների ընթացքում։ Շատերը կարծում էին, թե ժողովուրդը չէր կարող սեփական կամքով քվեարկել իշխող կուսակցության օգտին, քանի որ հասարակական գիտակցության մեջ վերջինիս նկատմամբ առկա նիհիլիզմը «բոլոր երևակայելի սահմաններից վեր է»։ Այսինքն՝ ժողովրդին ստիպել են քվեարկել։ Զուգահեռաբար միտք էր հնչում, թե ժողովուրդը Հանրապետական կուսակցության օգտին է քվեարկել իր իսկ անբարո և կաշառակեր էության դրդմամբ։
Ընտրություններին մասնակցած քաղաքական ոչ մի ուժ վաղեմի սովորության համաձայն զանգվածային բողոքներ չի կազմակերպել և չի պնդել, թե քվեարկության արդյունքները կեղծվել են։ Ընտրությունների արդյունքները բողոքարկելու որոշում է ընդունել միայն ձայների 1,65% ստացած «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը։[5] Բազմաթիվ կասկածներ են արտահայտվել, թե երկրում ֆիզիկապես չկար ու չէր կարող քվեարկել մեկ ու կես միլիոն ընտրող։ Միաժամանակ, ընտրողների հրապարակված ցուցակների անհամապատասխանությունը ընտրություններին մասնակցած անձանց իրական թվին ոչ մի փաստով չի ապացուցվել։ Այսինքն, ինչպես հաճախ սիրում են ասել հայաստանյան իշխանությունների ներկայացուցիչները՝ «փաստաթղթորեն ամեն ինչ մաքուր էր»։
Եվրոպացի դիտորդները նույնքան վաղեմի սովորության համաձայն պնդել են, թե «վերջին ընտրությունները մի քայլ առաջ էին նախորդների համեմատ»։ Ազդեցիկ դիտորդական կազմակերպությունը՝ ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ ԺԻՄԻԳ), ուշագրավ հայտարարություն է արել, ըստ որի «ընտրությունների ընդհանուր միջավայրը գոհացուցիչ չէր», քանի որ «Ընտրողների վրա ճնշում է գործադրվել, նրանց փորձել են համոզել, որ իրենց կատարած ընտրությունը հայտնի կդառնա և անհետևանք չի մնա։ Մենք ափսոսում ենք, որ վախի մթնոլորտը մեծ էր»։[6] ԱՄՆ դեսպանատունը կայացած ընտրությունների առիթով շնորհավորել է հայ ժողվրդին՝ նշելով, որ ընտրողները կարող էին ազատորեն իրացնել իրենց ձայնի իրավունքը։ Դեսպանատունը հանդես է եկել այս գնահատականով՝ ի հեճուկս ԵԱՀԿ ԺԻՄԻԳ-ի հրապարակած եզրակացությունների։ Համանման գնահատականներ են հնչել նաև մի շարք այլ երկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից։
Քաղաքական դասի և ակտիվ հասարակության շրջանում ահագնացել է անզորության և ընկճվածության մթնոլորտը։ Բոլորին թվացել է, թե ժողովուրդն իրեն անվայել է պահել։ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ղեկավար՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ժողովրդի պահվածքին իր բացատրությունն[7] է տվել. «Երկիրն ամբողջությամբ գտնվում է կոռումպացված պետական պաշտոնյաների, պատժիչ իրավապահ մարմինների, մոնոպոլիստ ձեռնարկատերերի եւ քրեական հեղինակությունների ձեռքում, որոնք էլ լիովին տնօրինում են ճորտության կարգավիճակի մատնված ժողովրդի բախտը եւ հակաօրինական բոլոր միջոցներով պարբերաբար ապահովում իրենց վերարտադրությունը։ Հացի կարոտ, ոտաբոբիկ երեխաների տեր ու պարտքերի տակ թաղված ճորտը, որքան էլ բարոյական ու սկզբունքային, չի կարող դիմադրել ընտրակաշառքի գայթակղությանը։ Դիմադրելու պարագայում ընտրակաշառքը ստիպելով կխոթեն նրա գրպանը՝ մեկին վախեցնելով բանակում ծառայող որդու վիճակի վատթարացմամբ, մյուսին՝ դպրոցում կամ բուհում սովորող զավակին նեղություն տալով, երրորդին՝ աշխատանքից ազատելու սպառնալիքով եւ այլն։ Վստահաբար, ընտրակաշառք վերցնողների մեծ մասն այդ քայլին դիմել է ոչ այնքան փողի գայթակղությունից դրդված, որքան այդպիսի ճնշումներին չդիմանալու պատճառով»։
Միաժամանակ, բոլորովին նոր երևույթ էր պատգամավորական մանդատներ չստացած և ժողովրդին երախտամոռ անվանած օլիգարխների դժգոհությունը։[8] Այս հանգամանքը բացահայտել է երկրում հաստատված «ճորտատիրական իրավունքի» ողջ խորությունը, որի պայմաններում անգամ հարստությունն արդեն հաջողության երաշխիք չէ։ Քրեաօլիգարխիկ կարգերն աննկատ փոխարինվել են նոմենկլատուրային-օլիգարխիկ կարգերով։ Կուսակցությունները՝ որպես ինստիտուտ, և առանձին վերցրած՝ օլիգարխներն, արժեզրկվել են և կորցրել իրենց նախկին ազդեցությունը։ Իսկ իշխող վարչակազմին ընտրությունների ժամանակ, փաստորեն, հաջողվել է ի կատար ածել իր առջև դրված բոլոր առանցքային խնդիրները՝ ժողովրդին ուղղորդել ընտրությանը, ապահովել փաստաթղթերի «մաքրությունը» (առաջին հերթին՝ քվեարկած ընտրողների ցուցակը), բացառել հետընտրական բողոքները։
Այսուհանդերձ, համոզվածության մեծ մասնաբաժնով կարելի է պնդել, որ երկրում առաջին անգամ ընդհանրական մակարդակով գիտակցվել է, որ քաղաքական գործունեությունն անիմաստ է առանց պետական կյանքի մի շարք հարաչափերի արմատական վերափոխման։ Վերջին մի քանի տարիների ընթացքում դրա մասին շատ է խոսվել, սակայն որպես ընդդիմադիր ինքնադիրքավորվող քաղաքական կուսակցությունները խիստ քննադատության էին ենթարկում գործող վարչակազմի սխեմայով ընտրություններին չմասնակցելու կողմնակիցներին։ Այդպես վարվելու պատճառները շատ էին։ Բայց փաստն այն է, որ ընտրությունները վերաճել են հասարակությանը լիակատար ճնշելու և իր իսկ ճակատագրի վրա ներազդելու բոլոր հնարավորություններից նրան զրկելուն։ Դրա մասին արժե առանձին խոսել, օդում կախված թողնելով ընդամենը մեկ հարց. ինչո՞ւ 25 տարիների ընթացքում Հայաստանում չի կայացել ազատ ընտրությունների մեխանիզմը։
Այս իմաստով կարելի է հիշեցնել հռչակագրորեն իրավական պետությունում պետական կյանքի որոշ առօրյա հայեցակետեր։ Իրավական պետությունում ընտրությունների ինստիտուտը պետական կառավարման համակարգի ձևավորման միակ օրինական մեխանիզմն է։ Այն ենթադրում է երեք առանցքային բաղադրիչների՝ ընտրությունների իրականացման պայմանների, ընտրող և ընտրվող սուբյեկտների (թեկնածուների) կորպուսի առկայություն։ Ընտրությունների անցկացման պարտադիր ու անօտարելի նախապայման է կամարտահայտման ազատության և ընտրվողների համար հավասար պայմանների ապահովումը։ Հիշյալ պայմանների որևէ օրենսդրական կամ անօրինական սահմանափակում համարվում է կամարտահայտման ազատության դեմ ոտնձգություն։
Ինչ վերաբերվում է ընտրողներին, ապա ընտրողի՝ ընտրություններին մասնակցելու իրավունքը ենթադրում է նրա կողմից ընտրությունների անցկացման պայմանների ճանաչում։ Ընտրվող սուբյեկտների հետ ապօրինի գործարքներն ընտրողի գործողությունները քրեորեն պատժելի են դարձնում։ Առանձնահատուկ նշանակություն ունի ընտրվող սուբյեկտների (թեկնածուների) համապատասխանությունն օրենքի պահանջներին։ Ընտրություններին մասնակցելու նրանց ստացած իրավունքը միաժամանակ մեծ պատասխանատվություն է ենթադրում։ Ընտրական օրենսգրքով և կուսակցությունների մասին օրենքով նախատեսված պահանջների խախտումը առնվազն պետք է հանգեցնի ընտրական գործընթացի բոլոր փուլերում ընտրություններին մասնակցելու իրավունքից նրանց զրկելուն։
Վերոհիշյալ որևէ բաղադրիչի բացակայությունը ոչ միայն արժեզրկում է ընտրությունների ինստիտուտը, այլև այլափոխում է ընտրությունները՝ վերածելով դրանք երկրում իշխանության ապօրինի բռնազավթման մեխանիզմի։ Այս հանգամանքի ըմբռնումը ժողովրդավարական պետությունների քաղաքացիներին ստիպում էր հանգամանորեն կշռել ընտրական գործընթացի յուրաքանչյուր հայեցակետը։ Դարերի ընթացքում ընտրական մշակույթը զարգանում և հղկվում էր՝ հարաճունորեն դրսևորվելով ընտրությունները կարգավորող տարբեր իրավական համակարգերում։ Խստության տարբեր աստիճաններով սահմանափակվում էր քաղաքացիների տարբեր դասերի՝ ընտրություններին մասնակցելու իրավունքը։ Հաստատվում էին թե՛ գույքային ցենզը, թե՛ սեռական ու թե՛ սոցիալական հատկանիշով սահմանափակումները։ Ընտրություններին թույլատրվում էր մասնակցել միայն նրանց, ովքեր ըմբռնում էին ընտրության կանոնների էությունը և համապատասխանում էին պահանջվող պայմաններին։ Նպատակը մեկն էր՝ կանխել ընտրությունների այլափոխումը քաղաքական ապօրինության մեխանիզմի։
Հետխորհրդային տարածքում նոր պետությունների առաջանալու պահից անցած քառորդ դարը ցուցադրել է, որ այդ պետությունների հասարակությունները և քաղաքական դասը անկարող եղան ըմբռնելու ազատ ընտրությունների ինստիտուտի իմաստն ու նշանակություը։ Կամարտահայտման ազատությունը դիտվում էր որպես անթույլատրելի հաճույք և ոտնձգություն իշխանություն ունեցողների ինքնասիրության դեմ։ Արդյունքում՝ ընտրություններն այլափոխվել են այդ պետություններն ու հասարակությունները խեղդելու և կործանարար ապակառուցողականությունների մեխանիզմի։ Հասարակությունների ինքնախժռումը դարձել է դրանց կենսագործունեության ամենաբնութագրական գիծը։ Այս գործընթացը, որը սկզբնապես հարվածել է աղքատ շերտերի շահերին, ներկայումս սկսել է տարածվել նաև ունևոր զանգվածի վրա՝ զրկելով նրանց իրենց հարստությունները և հասարակության մեջ իրենց իսկ դիրքը պաշտպանելու հնարավորությունից։
Եթե փորձենք համառոտ բնութագրել պետական կյանքում ազատ ընտրությունների ինստիտուտի արմատավորման անհնարինության պատճառները, ապա հարկ կլինի ձևակերպել հետևյալ ալգորիթմը.
Խոշոր սեփականությունը ձեռք է բերվում ապօրինի ճանապարհով, դրա օրինականությունը հասարակության կողմից չի ճանաչվում։ Այսպիսի պայմաններում սեփականությունը գտնվում է կորստի հարատև վտանգի ներքո։ Սեփականության իրավական անպաշտպանությունը ստիպում է սեփականատերերին յուրացնել պետական կառավարման մեխանիզմները՝ որպես սեփականության պաշտպանության միակ արդյունավետ երաշխիք։ Սեփականատերերի այս ձգտումը հարկադրում է նրանց ընտրությունների գործընթացի մեջ ներմուծել ապօրինի մեխանիզմներ՝ բոլոր հնարավոր միջոցներով իրենց նպատակներն իրականություն դարձնելու համար։ Արդյունքում՝ երկրում տեղի է ունենում իշխանության յուրացում, մենաշնորհների առաջացում և իշխանության ու սեփականության սերտաճում։ Անկախ արդարադատության համակարգի և ազատ ընտրությունների համար պետական կյանքում ոչ մի տեղ չի մնում։
Ավելի հաճախ այսպիսի գործունեությունն արտահայտվում է խոշոր սեփականատերերի տարբեր ակումբների ձևավորմամբ, որոնք վերջիններիս քաղաքական հենարան են դառնում։ Որպես կանոն, այս ակումբները երկրից դուրս աջակցություն են գտնում, յուրացնում են ազգային հարստությունները, այդ հարստությանը հաղորդում քաղաքական գործառույթ և վարչական ահաբեկման, ընտրական հանձնաժողովների ու դատական համակարգի կաշառման միջոցով ընտրողներին զրկում են ընտրության արդյունքների վրա ազդեցություն ունենալու հնարավորություններից։ Արդյունքում՝ ընտրությունների մեխանիզմն այլափոխվում է իշխանությունը բռնազավթելու և հասարակությանը ճնշելու գործիքի։
Հայաստանում պետական կառավարման համակարգի ձևավորման իրավունքի համախմբումն անցել է խոշոր սեփականատերերի ձեռքը 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ։ Սեփական հաղթանակի մասին առաջին փուլից հետո հայտարարել չհանդգնած գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընտրարշավի երկրորդ փուլում դիմել է երկրի խոշոր սեփականատերերի ողջ կորպուսին՝ պաշտոնը նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով պահպանելու նպատակով։ Նույն այդ խոշոր սեփականատերերը երեք կուսակցությունների ցուցակների միջոցով կարողացել են գրավել խորհրդարանական տեղերի մեծ մասը 2003թ. խորհրդարանական ընտրություններում։ Այդ ժամանակ առաջին անգամ ձևավորված կոալիցիոն կառավարությունը թույլ է տվել խոշոր սեփականատերերին յուրացնել ողջ քաղաքական ու տնտեսական իշխանությունը։ «Պետական կարգը» կայացել է քաղաքական և տնտեսական ազդեցության ոլորտների բաշխման պայմանագրի հիման վրա։
Արդեն 2007թ. խոշոր սեփականատերերի համախմբված քաղաքական հենարանն է դարձել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ըստ էության՝ փակ ակումբ)։ 2014թ. խոշոր սեփականատերերը Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալուն զուգահեռ գրավել են նաև Հայաստանի կառավարությունը։ Այդ պահից ի վեր քաղաքական կուսակցությունների դերը Հայաստանի քաղաքական կյանքում սկսել է նվազել, իսկ օլիգարխ Գագիկ Ծառուկյանի ստեղծած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն արտամղել է ընդդիմադիր կուսակցությունները քաղաքական գործուն ազդեցության դաշտից՝ դեպի իրեն քաշելով ընդդիմադիր քաղաքացիների ձայները։
2015 թվականից Հայաստանի քաղաքական վերնախավի ձևավորման այդպիսի սխեման սկսել է անարդյունավետ դառնալ։ 2016թ. խոշոր սեփականատերերը «վռնդվել» են կառավարությունից, իսկ 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո նրանք մեծ մասամբ առանց խորհրդարանական մանդատների են մնացել։ Հայաստանում օլիգարխիայի 15-ամյա վերելքն ավարտվել է արդեն իր «ակումբի» բռնազավթմամբ՝ զիջելով երկրում իշխանության ձևավորման իրավունքը նոր «նոմենկլատուրային օլիգարխիային»՝ ի դեմս վարչապետ Կարեն Կարապետյանի։
Փոխվել է նաև ընտրություններում հաղթանակն ապահովելու համակարգը. նոր ընտրական օրենսգրքի միջոցով երկրում օրինականացվել է վարչաքրեական ահաբեկչությունը։ Ընտրական համակարգում հաստատվել է «ճորտատիրական իրավունք»։ Այսուհետ պետք չէ զարմանալ բնակչության՝ ընտրություններին ցուցաբերած բարձր մասնակցության թվերով. տուժելու վախն ու փողն իրենց գործն են անում։ Կուսակցությունները՝ որպես քաղաքական երևույթ, հասարակության մեջ կորցրել են իրենց ազդեցությունն ու կշիռը։ Երկու նոմենկլատուրային ակումբներ ապահովում են «ճորտատիրական իրավունքի» համակարգի արդյունավետ կառավարումը։
Եզրակացություն. սահմանադրական իրավակարգի ձևավորման առանցքային մեխանիզմը՝ ազատ ընտրությունները, չեն կարող արմատավորվել պետական կյանքում, քանի դեռ երկրում օրինականացված չէ սեփականությունն ու ազատ ձեռնարկատիրությունը։ Պետականակերտման ճանապարհը բռնած հասարակության առաջնահերթ խնդիրը սեփականության իրավական պաշտպանությունն է։ Միայն այս խնդրի լուծումն է ի զորու ազատ դաշտ ստեղծել խոշոր սեփականության թելադրանքից ազատված քաղաքական գործունեության համար։ Միայն այս խնդրի լուծման դեպքում է հնարավոր կարգավորել քաղաքական գործունեությունը «Կուսակցությունների մասին» օրենքի միջոցով, որը բացառում է քաղաքականության մեջ ապաքաղաքական խմբավորումների ներթափանցումը։
Բազմաթիվ պետությունների փորձը վկայում է, որ շատ հասարակություններ ի վիճակի չեն լուծել վերոհիշյալ երկու խնդիրները։ Հռչակագրորեն իրավական պետություններում քաղաքական համակարգը շատ արագ հայտնվում է ապօրինության ճիրաններում։ Այսպիսի պայմաններում դժվար է ընդունել անգամ երկու կարևորագույն՝ «Սեփականության պաշտպանության և ապամենաշնորհայնացման» և «Քաղաքական կուսակցությունների» մասին օրենքներ, քանի որ դրանց ընդունմանը խոչընդոտում է քաղաքական դասը և ապօրինաբար ձեռք բերված սեփականությունը վավերացնելուն դեմ արտահայտվող հասարակությունը։
Այնուամենայնիվ, շատ հասարակություններ այսպիսի բարդ խնդիրները լուծում են համաժողովրդական շարժումների, կամ, եթե բախտը բերի, վերևից նախաձեռնված բարեփոխումների ճանապարհով։
Հայաստանի հասարակությունն իր առջև դեռ այսպիսի խնդիրներ չի դրել։ 2016թ. կառավարության փոփոխությունից հետո տպավորություն է ստեղծվել, որ այս ծրագիրը կարող է ստանձնել նոր կառավարությունը։ Վարչապետ Կարեն Կարապետյանը բազմիցս հայտարարել է, որ երկրի առանցքային խնդիրը «ստվերից» ձերբազատվելը և ֆինանսատնտեսական գործունեությունը օրինական դաշտ փոխադրելն է։ Սակայն միակ աչքի զարնող երևույթը ամենախոշոր ու մերժելի սեփականատերերին պետական պաշտոններից և պատգամավորական մանդատներից զրկելն է։ Դեռևս չեն նկատվել օրենսդրական և որակական կառուցվածքային փոփոխություններ։ Ձեռներեցության և իշխանության սերտաճման երևույթը շարունակում է գերակայել երկրի պետական կյանքում։ Վարչապետի հայտարարությունների հանդեպ առկա անվստահությունն աճել է նաև ընտրություններից հետո, որոնց ընթացքում գերակայել են վարչական ահաբեկչությունն ու ֆինանսները։
[1] Հայտնի իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը 2017 թ․ իր զեկույցում անդրադառնալով Հայաստանում և Ղազախստանում Սահմանադրության բարեփոխմանը՝ նշել է․ «․․․չունենալով պաշարներ՝ այդ երկրների նախագահները ստիպված են եղել որոնել իրենց իշխանությունը պահպանելու ավելի յուրահատուկ ձևեր։ Նրանք կարող են փոխել պետության բուն կառուցվածքը, բայց նպատակը մնույն է նույնը՝ պահպանել քաղաքական ստատուս֊քվոն»։
Nations in Transit 2017, Armenia and Kyrgyzstan: Changing Constitutions to Keep Things the Same
https://freedomhouse.org/report/nations-transit/nations-transit-2017
[2] http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=105967
[3] http://res.elections.am/images/doc/020417v.pdf
[4] Ընտրողների ստորագրված ցուցակներ http://www.elections.am/lists/
[5] Կոնգրես-ՀԺԿ դաշինքը բողոքարկում է ԱԺ ընտրությունների արդյունքների օրինականությունը http://www.ilur.am/news/view/59252.html
[6] https://168.am/2017/04/03/776796.html
[7] Լեւոն Տեր-Պետրոսյան. Մտահոգիչ ու վտանգավոր ետընտրական տրամադրություններ http://www.ilur.am/news/view/59281.html
[8] http://www.aravot.am/2017/04/05/874840/, https://news.am/arm/news/383404.html