Վերլուծություն. Գագաթնաժողովի ավարտից հետո Թրամփի փոթորկող շրջադարձային քայլը, հունիսի 8-ին և 9-ին Լա Մալբաեում (Քվեբեկ) ընդունված համատեղ հայտարարությունը կասկածի տակ են դնում նման վարույթի օգտակարությունը:
Վերլուծություն. G7- ի գագաթնաժողովը սովորաբար ավելի ոչ ֆորմալ է, քան բռնցքամարտի ռինգը կամ համաշխարհային հարցերի վերաբերյալ գործադիր մարմինը. այն, ինչը քառասուներեք տարի առաջ Վալերի Ժիսկար դ’Էստենի նախաձեռնությամբ ստեղծված այս մարմինը երբեք չի հավակնում լինել:
Ամեն տարի արդյունաբերական և ժողովրդավարական հիմնական ուժերի (Միացյալ Նահանգներ, Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա, Գերմանիա, Ճապոնիա, Իտալիա և Կանադա) առաջնորդները հանդիպում են շատ խորհրդանշական վայրերում, միշտ էլ ավելի շրջափակված՝ հնարավոր ցուցարարների կամ ահաբեկիչների դեմ, փառաբանելով ու միմյանց շնորհավորելով ժպտում են՝ ընտանեկան լուսանկարի համար դիրքավորված, նախքան հավասարապես համընդհանուր և առատաձեռն, մոլորակի մեծ մարտահրավերների մասին այդ համատեղ հայտարարությունը ստորագրելը:Ավելի շատ խորհրդակցական, քան որոշումներ կայացնելու վայր լինելով՝ G7-ը իրենից ներկայացնում է «գաղտնի համաձայնությունների դիվանագիտության» բուն էությունը, որը պաշտպանում է Փարիզի Սիանս Պո համալսարանի պրոֆեսոր Բերտրան Բադին: Իրական խնդիրների բացակայության պարագայում հակասությունները երբեմն կենտրոնացած էին լինում այնպիսի կարևորության հարցերի վրա, ինչպիսին էր 2012 թվականի մայիսին Քեմփ Դեյվիդում Ֆրանսուա Օլանդի կրած փողկապը, երբ մյուսները՝ սկսած հյուրընկալող Բարաք Օբամայից, առանց փողկապի էին:
«Այլընտրանքը չին–ամերիկյան դուոպոլիան է»
Հունիսի 8-ին և 9-ին Լա Մալբաեում (Քվեբեկ) կայացած գագաթնաժողովի ավարտից ընդամենը մի քանի ժամ անց Դոնալդ Թրամփի փոթորկող շրջադարձային քայլը, ինչպես նաև մինչ այդ համատեղ հայտարարության դժվարին բանակցությունները կասկածի տակ են առնում նման մարմնի օգտակարությունը: Թրամփի գործընկերներից ոչ մեկը հաստատ չէր պատկերացնում, որ նա իսկապես պարտավորված է զգում այդ տեքստի բովանդակության համար՝ չնայած 28 կետից 27-ը, բացի կլիմայի վերաբերյալ կետից, ստորագրել էր: Համատեղ փաստաթուղթը, որը, որպես կանոն, G7-ի շրջանակներում պարտադիր բնույթ չունի, ներառում է հիմնական սկզբունքները, հատկապես՝ միջազգային առևտրի վերաբերյալ:
Արտաքուստ կարծես թե ոչ մի վտանգ չկար, սակայն G6+1-ը, որից բոլորն ուզում էին խուսափել, վերջապես դարձավ G6-ը 1-ի դեմ: Սա ձախողում է Էմանուել Մակրոնի համար, որը ցանկանում էր միասնական եվրոպական ճակատ ստեղծել Ճապոնիայի և Կանադայի մասնակցությամբ և մտնել ուժերի պայքարի մեջ՝ առանց պրն Թրամփի հետ գլուխ դնելու: Դա հատկապես մարտահրավեր է այն պատճառով, որ Ֆրանսիան 2019թ. ընդունելու է G7-ի նախագահությունը:
«Երբ բոլորը համաձայնում էին, ինչպես վերջին տարիներին էր, մենք մտածում էինք, թե ինչին է այն ծառայում, հիմա, երբ նման լարվածություն կա, մենք էլի հետաքրքրվում ենք, թե ինչին է այն ծառայում… Բայց այն ծառայում է՝ պարունակելու լարվածություն երկխոսության միջոցով», – ամփոփիչ մամուլի ասուլիսում բացատրում է պարոն Մակրոնը, համոզված լինելով G7-ի օգտակարության մեջ, հատկապես այն առումով, որ այն «այլընտրանքն է չին-ամերիկյան համաշխարհային դուոպոլիային՝ ավելի կամ պակաս հզորությամբ միջանկյալ ուժերի հետ միասին»: Թրամփի կողմից սկիզբ դրված ճգնաժամը ցույց է տալիս համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 40% -ը, բայց բնակչության միայն 12% -ը ներառող անդամներ ունեցող այդ մարմնի սահմանները և թույլ կողմերը:
«Նույնիսկ մինչ Թրամփի դերակատարում ունենալն էր հասկանալի, որ G7-ը պետք է զարգանա, որպեսզի վերականգնի իր գրավչությունը», – նշում է Ֆրանսիայի նախկին դեսպան և Եվրամիության դիվանագիտության նախկին երկրորդ համար Պիեր Վիմոնտը (ով այսօր հետազոտող է Կարնեգի-Եվրոպա կազմակերպությունում), ընդգծելով, որ «գոյություն ունի համընդհանուր փակուղու վտանգ, եթե յուրաքանչյուր գագաթնաժողով եզրափակվի հիմնարար տարաձայնությունների դիտարկմամբ»:
Վերաինտեգրել Ռուսաստանը
Ի սկզբանե հինգ անդամով այս ակումբը (Միացյալ Նահանգներ, Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա, Գերմանիա, Ճապոնիա) ստեղծվել է 1974 թվականին՝ ոչ պաշտոնական միջավայրում քննարկելու դոլարի ճգնաժամը և առաջին խոշոր նավթային ցնցումների հետևանքները: Այնուհետև անդամագրվել են Իտալիան և Կանադան (համապատասխանաբար 1975 և 1976թթ.): Հետագայում Ռուսաստանը՝ 1997-ին, սակայն նրա անդամությունը կասեցվել է 2014 թվականին՝ Ղրիմի զավթումից հետո: Ռուսաստանի անդամակցության դադարեցումից հետո սահմանափակ թվով, միայն ժողովրդավարական երկրներ ընդգրկելու այս հետևողականությունը G7-ի ուժն է: «Այստեղ քննարկումները շատ ավելի ազատ են, քանի որ կայացնելու որոշում չկա», – ասում է մի նախկին դիվանագետ, բազմաթիվ գագաթնաժողովների վետերան: Բայց սա նաև դրա սահմանն է:
Հնարավո՞ր է, արդյոք, լրջորեն մտածել միջազգային անվտանգության և հակամարտությունների լուծման մասին, հատկապես Մերձավոր Արևելքում, առանց Ռուսաստանի պես խոշոր խաղացողի: Իսկ ինչպե՞ս քննարկել տնտեսական խնդիրները, երբ զարգացող խոշոր պետությունները՝ սկսած Չինաստանից և Հնդկաստանից, դրա մասը չեն կազմում: Սա է պատճառը, որ 2008թ. ֆինանսական ճգնաժամի ընթացքում Նիկոլա Սարկոզիի նախաձեռնությամբ ստեղծվեց համախարհային ՀՆԱ-ի ավելի քան 85% -ը ներկայացնող հիմնական տնտեսական ուժ հանդիսացող պետությունների կամ կառավարությունների ղեկավարներին միավորող G20-ը:
2019 թվականի ամռանը Բիարրիտցիայում ստանձնելով G7-ի նախագահությունը՝ Ֆրանսիան չի կարող ձեռնպահ մնալ բարեփոխումների վերաբերյալ վերահաշվարկից: «Կա անհրաժեշտություն և հնարավորություն»,- ասում է Վիմոնտը,- «Ֆրանսիայի նախագահության պայմաններում եվրոպացիները, որոնք անդամակցում են դրան, կարող են նոր կանոններ առաջարկել, որպեսզի այն բաց լինի աշխարհի բազմաբևեռ իրողությունների համար: G7-ի և G20-ի երբեմն առաջարկվող միաձուլումը չի կարող համադարման (պանացեա) լինել: Նման Արեոպագոսը չափազանց լայն և չափազանց անհամար կլիներ՝ տնտեսական հարցերից դուրս գալու համար: Կա նաև այնպիսի մի վտանգ, որը մի քանի տարի առաջ նշվել է Ֆրանսիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի նախագահ Թիերի դե Մոնտբրիալի կողմից՝ «ստեղծելու աշխարհի պետությունների և կառավարությունների ղեկավարների՝ աշխարհում իրավիճակի վերաբերյալ քննարկումների ամենամյա սեմինար՝ վերլուծական կենտրոնի դիրքորոշմամբ, որտեղ, միևնույն ժամանակ, նրանք պետք է որոշումներ կայացնեն»:
Մեկ այլ տարբերակ կարող է լինել սահմանափակ ընդլայնումը՝ մասնավորապես Հնդկաստանի ու Չինաստանի ներառմամբ և Ռուսաստանի վերադարձով: Պրն Թրամփը անհարմար իրավիճակ է ստեղծել՝ անդրադառնալով ռուսական հարցին հանդիպման բացումից անմիջապես առաջ: Մակրոնն ասել է, որ «կցանկանար», որպեսզի Վլադիմիր Պուտինը գար Բիարրիտցիա, բայց դա ենթադրում է «ժեստ» Մոսկվայի կողմից Ուկրաինայի և Մինսկի խաղաղության համաձայնագրերի իրականացման ուղղությամբ, համաձայնագրեր, որոնց աջակցել են Փարիզը և Բեռլինը և որոնք մինչ օրս մնացել են գլխավորապես անտեր նամակի կարգավիճակում:
Հատուկ «Անալիտիկոնի» համար ֆրանսերենից թարգմանեց Աննա Սեթաղյանը
Սկզբնաղբյուրը՝ Le Monde, 14.06.2018