2021 թ․մարտի 21-ից մեկնարկեց իրանական արեգակնային տոմարի 1400 թվականը։ Սեփական քաղաքակրթական առանձնահատկություններով օժտված այս երկիրը, որն ունի նույնիսկ յուրօրինակ օրացույց, մուտք գործեց իրանական նոր հարյուրամյակ՝ հին ու նոր հնարավորություններով և մարտահրավերներով։ Որպեսզի այս պայմաններում հասկանալի լինի Իրանի Իսլամական Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության տրամաբանությունը՝ անհրաժեշտ է ուշադրության առնել գրեթե քառասուն տարի տևող մի գործընթաց, որն ընդունված է կոչել պաշտոնական Թեհրանի նկատմամբ պատժամիջոցային քաղաքականություն, ինչն էլ, ըստ էության, շատ դեպքերում կանխորոշում և առաջիկայում կանխորոշելու է այս երկրում և դրա շուրջ ընթացող բազմաթիվ զարգացումներ։
Հատկապես Միացյալ Նահանգների կողմից կիրառվող այս պատժամիջոցային գործողությունները, որոնք վերջին շրջանում բնութագրվում են որպես Իրանի նկատմամբ «առավելագույն ճնշման» քաղաքականություն, ստիպում են այս պետությանը առաջնորդվել մի կարևոր ուղեգծով, որը միտված է ներքին քաղաքականության տիրույթում պահպանելու շիայական հանրապետության մոդելի (պարսկերեն՝ վելայաթ-ե ֆաղիհ) բոլոր հիմնասյուները՝ պարբերաբար անհրաժեշտ ճկունություն դրսևորելով երկրի քաղաքական համակարգում ներկայացված բարեփոխական և պահպանողական ուժերի հավասարակշռությունը պահպանելու գործում, իսկ արտաքին քաղաքականության ոլորտում, հենվելով նույն այդ շիայական հանրապետության գաղափարախոսության նշանակալի առանցքներից երկուսի՝ Իրանի իսլամական հեղափոխության արտահանման և իրանական մշակութային ազդեցության տարածման վրա, Մերձավոր Արևելքի գրեթե ողջ տարածքում ձգտել ոչ միայն իրանական շահերի սպասարկմանը, այլ նաև հասնել քաղաքական և մշակութային գերակայության։
«Ո՛չ Արևելք, ո՛չ Արևմուտք, Իսլամական Հանրապետություն»
Իրանական այս կարգախոսով հակիրճ բնութագրվող շիայական պետության իրանական կառավարման համակարգը չնայած արեգակնային տոմարի նախորդ հարյուրամյակում Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների գործադրած հսկայական ճնշմանը, որը որոշ դեպքերում անթաքույց կերպով միտված էր տապալելու իսլամական վարչակարգն Իրանի ներսում, ի ցույց է դնում շատերի համար զարմանալի կենսունակություն, որը, թեև ներքին և արտաքին գործոնների ազդեցությամբ երբեմն ենթարկվում է ցնցումների, բայց շարունակում է անսասան մնալ և օրինակելի համարվել Մերձավոր Արևելքի շիա բնակչության հոծ խմբերի համար։
Իրանական պետությանը և շիայական կառավարման համակարգին սպառնացող կարևորագույն ներքին մարտահրավերնեըը, թերևս, պետք է դասդասել հետևյալ հաջորդականությամբ՝ նկատի ունենալով նաև, որ դրանք որոշ դեպքերում ձևավորվում, իսկ երբեմն ակտուալացվում են ոչ միայն ներքին կերպափոխությունների հետևանքով, այլ նաև արտաքին ազդեցություններով պայմանավորված․
- արևմտյան պատժամիջոցների հետևանքով տնտեսական վայրիվերումներ և ցնցումներ, որոնք երբեմն հանգեցնում են նաև ներիրանական սոցիալական բողոքի գործողությունների,
- ներքաղաքական համակարգում բարեփոխական և պահպանողական թևերի միջև հաճախ բավական հուժկու մրցակցություն, որը հղի է հատկապես հետընտրական շրջանում քաղաքական բողոքի գործողություններով,
- երկրի բազմէթնիկ կառուցվածքը, որը հնարավորություն է տալիս հատկապես արտաքին դերակատարներին էթնիկական հողի վրա բողոքի գործողություններ և խժդժություններ հրահրելուն միտված քարոզչական և այլ կարգի գործողություններ ձեռնարկել,
- շիայական պետության մոդելի առանձնահատկություններով պայմանավորված իրանական կառավարելի ժողովրդավարության առանձնահատկությունները՝ գրաքննության որոշակի մակարդակ, շարիաթական նորմերի պահպանում և այլն բերում են նրան, որպեսզի արդի «սոցցանցային աշխարհում» հատկապես իրանական բարձրաշխարհիկ խավի շրջանակներում ձևավորվեն որոշակի վերապահումներ, որոնք ևս պատեհ առիթի դեպքում, նաև արտաքին միջամտությամբ օգտագործվում են հասարակական բողոքի գործողություններ կազմակերպելու նպատակով։
Այս համատեքստում իրանական նոր հարյուրամյակում վերոնշյալ «հին» մարտահրավերները շարունակելու են ազդել Իսլամական Հանրապետության ներքաղաքական կյանքի վրա, թեև իրանական պետությունը փորձում է դրանց լուծում տալ որոշ դեպքերում ճկուն, իսկ երբեմն նաև կոշտ արձագանքների միջոցով, այսուհանդերձ, ամուր պահելով գաղափարական այն հենասյուները՝ շիայական իսլամը և համաիրանական մշակույթը, որոնց շուրջ ձևավորվել է հետիսլամական Իրանի պետականությունն ընդհանրապես։
«Ողջ աշխարհը մարմին է, իսկ Իրանը՝ սիրտ»
Իրանցի միջնադարյան բանաստեղծ Նիզամի Գանջավիի այս պոետիկ բանաձևումը թերևս լավագույնս է արտացոլում իրանական ներկայիս քաղաքական վերնախավի և հասարակական լայն շերտերի տրամադրությունները Մերձավոր Արևելքում իրանական քաղաքական, գաղափարախոսական և մշակութային ազդեցությունը տարածելու և վերջնարդյունքում գերակայության հասնելու մտայնությունը։
Այդ ուղղությամբ Իսլամական Հանրապետությունը իրականացնում է զգալի քայլեր, որոնք միտված են ապահովելու նշված քաղաքականության հաջողությունը Միջերկրականի ծովեզերքից մինչև Հինդուկուշի լեռներ և Պարսից ծոցից մինչև Կովկասը ներառող լայնարձակ տարածաշրջանում, որը իրանական ոչ պետական տեսաբանների կողմից առաջ քաշված տեսլականի համաձայն իրանական նոր հարյուրամյակում պետք է բնորոշվի որպես «Իրանշահր», ըստ էության քաղաքական, գաղափարախոսական և մշակութային ասպարեզներում վերականգնելով իրանական այն ազդեցությունը, որը բնորոշ էր Իրանշահր պաշտոնական անունով մինչիսլամական միջնադարում հանդես եկող Սասանյանների պետությանը։
Սա ամենևին չի նշանակում, թե Իրանի արտաքին քաղաքականությունը միտված է նոր Սասանյան կայսրություն ստեղծելուն վարչաքաղաքական սահմանների առումով, բայց միևնույն ժամանակ այն հստակ նպատակադրում ունի իրանական նաև քաղաքական ազդեցությունը սփռել վերոնշյալ ամբողջ տարածաշրջանում՝ օգտագործելով թե՛ շիայական իսլամի և թե՛ իրանական հարուստ մշակույթի ընձեռած լայն հնարավորությունները։
Սակայն նշված քաղաքականությունը բախվում է տարածաշրջանային և արտատարածաշրջանային դերակատարների կողմից պարբերաբար ի հայտ եկող մարտահրավերների, որոնցից հիմնականները հետևյալն են․
- ԱՄՆ մերձավորարևելյան ներկայությունը, որը միտված է ոչ միայն ապահովելու այս պետության կենսական շահերը ռազմավարական իմաստով չափազանց կարևոր և ածխաջրածնային ռեսուրսներով հարուստ այս տարածաշրջանում, այլ նաև զգալի կերպով սահմանափակելու դեռևս Ջորջ Բուշ կրտսերի ձևակերպմամբ «չարիքի առանցքի», որի մաս էր դիտարկվում նաև Իրանը, հնարավորությունները և նկրտումները՝ որքան էլ որ դրանք ամրապնդված լինեն Իրանի պատմական և մշակութային հիմք ունեցող քաղաքական բնական հավակնություններով,
- Իսրայելի պետության վարած թշնամական քաղաքականությունը Իրանի նկատմամբ, որը նպատակաուղղված է որևէ պարագայում չթույլատրել իրանական պետության հզորացումը և դրա ազդեցության տարածումը դեպի իսրայելական կենսական շահերի գոտիներ, որոնք պետք է ապահովեն Թել-Ավիվի ռազմավարական անվտանգության խորքը,
- էրդողանական ժամանակաշրջանի Թուրքիայի համասուննիական, նորօսմանական և համաթյուրքական հավակնությունները, որոնք երեքն էլ ուղղակի բախման մեջ են մտնում իրանական շահերի հետ՝ հաշվի առնելով այն, որ Իրանը շիայական պետություն է՝ դեռևս պահպանվում է իրանա-օսմանյան պատերազմների պատմական հիշողությունը, իսկ Իրանի հյուսիսում թյուրքալեզու ատրպատականցիները Անկարայի կողմից համաթյուրքականության պատրանքների առումով դիտարկվում են որպես պոտենցիալ թիրախ,
- մերձավորարևելյան առաջնորդության հավակնություն ունեցող այնպիսի պետությունների քաղաքականությունը, ինչպիսին է, դիցուք, Սաուդյան Արաբիան, որի շահերը Իրանի հետ բախվում են ոչ միայն գաղափարական տիրույթում՝ հաշվի առնելով այն, որ ալ-Ռիադը սուննի իսլամի վահաբական ուղղության պատվարն է, այլ նաև քաղաքական իմաստով, քանի որ իրանական ազդեցության տարածման գոտին իր մեջ ներառում է շիա բնակչություն ունեցող արաբական այնպիսի պետություններ, ինչպիսին են Իրաքը, Սիրիան, Եմենը և Բահրեյնը,
- Հարավային Կովկասում, չնայած ռեսուրսային սահմանափակությանը, իրանական ազդեցությունը կրճատել ձգտող և Իսլամական հեղափոխության արտահանումից զգալի վախեր ունեցող շիա բնակչության մեծամասնությամբ այնպիսի պետության հակաիրանական քաղաքականությունը, ինչպիսին Ադրբեջանն է, որի հակաիրանական գործողությունները հաճախ զուգադրվում են Թուրքիայի՝ համաթյուրքական և Իսրայելի՝ Իրանի դեմ իրականացվող քայլերի հետ։
Նշված մարտահրավերներով հանդերձ, Թեհրանի քաղաքականությունն անցյալ իրանական հարյուրամյակում բոլոր ուղղություններով գրանցել է եթե ոչ ցանկալի առավելագույն արդյունքները, ապա առնվազն ստեղծել է սաղմեր, ինչպես օրինակ, Ադրբեջանի պարագայում, իր ազդեցությունը հետագայում ավելացնելու նպատակով։
«Եթե Իրանը չի գնում Չինական պատի մոտ, Չինական պատն է գալիս Իրան»
Արտաքին-քաղաքական ասպարեզում վերոնշյալ իրանական լայն հավակնությունները հատկապես ամերիկյան ճնշող պատժամիջոցների ֆոնին դրդում են Իսլամական Հանրապետությանը արդեն իսկ բազմաբևեռ աշխարհում գտնել դաշնակիցներ, որոնց շարքում, բնականաբար, առաջնային տեղ են զբաղեցնում հակաամերիկյան ուղղվածություն ունեցող այնպիսի համաշխարհային գերտերություններ, ինչպիսին Չինաստանը և Ռուսաստանն են։ Հենց սրանով է պայմանավորված իրանական նոր հարյուրամյակի «դարի գործարքը» Պեկինի հետ, որով իրանցիները քսանհինգամյա ժամանակահատվածի համար ամրագրեցին Չինաստանի հետ բազմաոլորտ քաղաքական, տնտեսական, մշակութային և, որ ոչ պակաս կարևոր է, ռազմական համագործակցության հեռագնա ծրագիր, ինչի իրականացման դեպքում աշխարհն առերեսվելու է բոլորովին ձևափոխված Մերձավոր Արևելքի և դրանում առաջնային դերակատարության հավակնող իրանական տարածաշրջանային գերտերության հետ։
Միևնույն տրամաբանության շրջանակներում են նաև Իրանի թե՛ պահպանողական և թե՛ բարեփոխական քաղաքական թևերի ցանկությունները, իսկ որոշ դեպքերում նաև արդեն իսկ իրականացվող գործողությունները՝ Ռուսաստանի առաջնորդությամբ ձևավորված Եվրասիական տնտեսական միության հետ ոչ միայն հարաբերությունների սերտացման, այլ նաև դրան լիարժեք անդամակցության ուղղությամբ։
Ինչպիսին կլինի նոր հարյուրամյակի Իրանը՝ բնականաբար, կախված է լինելու առկա հին և նոր հնարավորությունները օգտագործելու և մարտահրավերներն ու ռիսկերը կառավարելու՝ իրանական պետության կարողություններից։ Մի բան, սակայն, պարզ է՝ երկու ուղղություններով էլ Իսլամական Հանրապետությունը ձգտում է անել հնարավորը, իսկ երբեմն նույնիսկ անհնարինը։