Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Ստեփանակերտ
Վաղը պատերազմ է եղել
Խորհրդային գրող Բորիս Վասիլևի հենց այս աղմկահարույց վիպակի վերնագիրն է առավելս դիպուկ բնորոշում Լեռնային Ղարաբաղում ապրող շարքային քաղաքացիների ներկայիս մտածողությունն ու հոգեբանությունը։ Պատերազմական գործողությունների վերսկսման վտանգը դամոկլյան թրի պես կախված է արցախցիների վաղվա օրվա ու ճակատագրի վրա և իր հետքն է թողնում մարդկանց մտքերի ու իղձերի վրա։ Հնարավոր պատերազմի մասին մտքերը ցրելը բավականին խնդրահարույց է, քանի որ դրանք արդեն ենթագիտակցական հարթությունում են։«Ինչ խոսք, շատ պլաններ ու նպատակներ ունեմ և աստիճանաբար գնում եմ դեպի դրանք, բայց նաև գիտեմ, որ ցանկացած պահի կարող է պատերազմը սկսվել, և բոլոր իմ նպատակներն ու պլաններն անմիջապես հօդս կցնդեն»։
Կարծրատիպեր
Ռազմական դրությունը և «համար 1 պատրաստականությունը» ոչ միայն իրենց հետքն են թողնում մարդկանց մտածողության վրա, այլև բարենպաստ միջավայր են հանդիսանում չարչրկված մտքերի ու կարծրատիպերի տարածման համար, որոնց նպատակը մեկն է՝ հանդուրժողականություն իշխանությունների նկատմամբ։
«Հակամարտությունը յուրովի շարունակվում է, բայց հանրությունը շարունակում է ապրել։ Մենք զարգանում ու աճում ենք։ Ինձ թվում է, որ մեր աճով ու մեր զարգացմամբ մենք կճզմենք թշնամուն»։
«…պետությանը մեղադրում ենք ամեն ինչում։ Բայց նաև պետք է հասկանալ, թե որքան մեծ գումար է ծախսվում բանակի համար»։
Մեզնից ոչինչ կախված չէ
Չարչրկված մտքերն ու կարծրատիպերը նպաստում են այն բանին, որպեսզի շարքային քաղաքացին կամավոր հրաժարվի իր իրավունքներից ու լիազորություններից և դրանք պատվիրակի իշխանությանը, պետությանը, իր իսկ գիտակցության մեջ արմատավորելով փոքրիկ մարդու՝ հսկայական մեխանիզմի պտուտակի գաղափարը։
«Սա գերտերությունների հակամարտություն է, և մեզնից ոչինչ կախված չէ»։
«Չեմ հավատում, թե սովորական մարդը կարող է փոխել իրավիճակը։ Սա ավելի շատ քաղաքական գործիչների անելիքն է»։
Ուժն է ծնում իրավունք։ Թե՞ հակառակը
Ղարաբաղյան առաջին պատերազմն ամենաանողոքն էր հետխորհրդային տարածքում։ Թե ղարաբաղցիների և թե իրենց պետության համար, ինչպես ասում են, կենաց-մահու պայքար էր։ Նրանք դիմացան այդ պայքարում՝ վճարելով, ինչ խոսք, մարդկային շատ մեծ գին։ Ղարաբաղյան շարժման նախնական փուլում իրենց հույսերը կապելով քաղաքակիրթ աշխարհի և հակամարտության քաղաքակիրթ լուծման հետ, աշխարհին հղելով քաղաքակիրթ ուղերձներ՝ արցախցիները որոշիչ դեր չէին հատկացնում ռազմական զորությանը և ուժին՝ որպես այդպիսին, քանի որ հավատում էին այսպես կոչված համընդհանուր արդարությանը, իրավունքի և մարդկային խղճի անպարտելիությանը։ Սակայն ռազմական դիմակայության ընթացքում նրանք ստիպված եղան փոխել իրենց վերաբերմունքը։ Գոյատևելով անողոք պատերազմում՝ ղարաբաղյան հանրությունը մեծամասամբ սկսել է ընկնել մեկ այլ ծայրահեղության մեջ՝ որ ուժն այլընտրանք չունի։ Եւ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմը թարմացրեց նման ընկալումը՝ հզոր խթան հանդիսանալով հանրային կարծիքի ռազմականացման համար։
«Բանակն է այն ամենը, ինչ ունենք։ Բանակն է մեզ ուժ տալիս։ Մեր ապագան կապում ենք բանակի հետ»։
Սակայն հարցվողներից ոմանց մոտ ուժին հղում անելը դիտարկվում է բավականին հետաքրքիր դիտանկյունից՝ խաղաղության հաստատման տեսակետից՝
«Եթե մենք ռազմական առումով ուժեղ լինենք, ապա կկարողանանք խաղաղություն պարտադրել։ Բայց եթե թույլ եղանք՝ մեզ կոչնչացնեն»։
Այսինքն, միանգամայն պարզ ու հասկանալի ուղերձ՝ մենք դեմ ենք պատերազմին, մենք խաղաղության կողմնակից ենք, բայց խաղաղություն կռելու համար պետք է զորեղ լինել։ Սա պացիֆիստական տրամադրություն չէ, ոչ էլ ցանկացած գնով խաղաղության հասնելու ձգտում՝ այդպիսի տրամադրություններ ԼՂՀ-ում չկան։ Սա ավելի շատ խաղաղության պահպանման և սպառնալիքների զսպման համար բավարար ռեսուրսների անհրաժեշտության գիտակցում է։ Մնում է սա համալրել նաև քաղաքական-դիվանագիտական բովանդակությամբ։
ԼՂՀ-ում ու ՀՀ-ում անցկացված հետազոտությունների մասնակի համեմատական վերլուծություն
Ստեփանակերտում և Երևանում ընդունված է համարել, որ երկու հայկական պետություններն ապրում են միևնույն հասարակական-քաղաքական, իրավական-օրենսդրական, ֆինանստնտեսական և մշակութային-տեղեկատվական դաշտում։ Այս ամենում, ինչ խոսք, տրամաբանություն կա։ Ընկալումներն ու իղձերը նույնպես հաճախ նույնական են։ Այդ թվում նաև ռազմական սպառնալիքի ընկալման ու երկարատև խաղաղության հաստատման ցանկության առումով։ Մի կողմից՝ ԼՂՀ-ում առավել սուր է զգացվում դա՝ այսպես կոչված շփման գծին առավել մերձությամբ պայմանավորված։ Բայց, մյուս կողմից էլ, ոչ քիչ երիտասարդներ են ՀՀ-ից գալիս ծառայելու ԼՂՀ-ում, ուստի և նրանց ընտանիքներն ու բարեկամները կամա թե ակամա հաղորդակից են դառնում ղարաբաղյան տրամադրություններին։
Միևնույն ժամանակ, կան որոշակի տարբերություններ ԼՂՀ-ում և ՀՀ-ում հարցվածների տրամադրություններում։ Ահա դրանցից մի քանիսը՝
-Հայաստանում հարցվածների տրամադրություններն առավել չափելի են անձնական-մարդկային տեսանկյունից, ավելի շատ են մարդկային «թուլությունները»՝ ի տարբերություն Լեռնային Ղարաբաղում հարցվածների «անանձնական» և պետականանպաստ տրամադրությունների։
Հայաստան՝ «Օրս ուրախ է սկսվում։ Հաճախ այն կախված է լինում եղանակից։ Եթե արևոտ օր է լինում՝ երջանիկ եմ, եթե արև չի լինում՝ ազդում է տրամադրությանս վրա ողջ օրը։ Յուրաքանչյուր օր նոր օր է և կախված չէ նախորդներից»։
-ԼՂՀ-ում ավելի շատ է սոցիալական պատասխանատվությունը, առավել ծանր է պետական մտածողության բեռը և ավելի զորեղ է ներքին գրաքննիչը։
-Հայաստանում ավելի շատ է քննադատական վերաբերմունքն իշխանությունների նկատմամբ, քան Արցախում։
-ԼՂՀ-ում ընդհանրապես չկա բացասական վերաբերմունք ղարաբաղյան հիմնախնդրի նկատմամբ, մինչդեռ Հայաստանում երբեմն առկայծում է հակամարտության «չափազանց բարձր գնով» և Ղարաբաղի «մեղքով» պայմանավորված դժգոհություն։
Տարբերությունները լավագույնս ընկալելու համար կարելի է պարզապես համեմատել այս երկու մեջբերումները՝
ԼՂՀ՝ «Առաջին հերթին հենց պետությունն է տուժում։ Այսինքն՝ մենք պահանջում ենք, որպեսզի նվազեցնեն հարկերը կամ էլ որպեսզի պահումներ չանեն աշխատավարձից, պետությանը մեղադրում ենք ամեն ինչում։ Բայց նաև պետք է հասկանալ, թե որքան մեծ գումար է ծախսվում բանակի համար։ Մեր ֆինանսական հնարավորությունները և մեր բանակի թվաքանակն անհամադրելի են։ Բայց, ախր, անվտանգ կյանքի համար այլ ելք չկա»։
ՀՀ՝ «Կարծում եմ՝ կյանքն ավելի լավը կլիներ, քանի որ Ղարաբաղը մեծ գումարներ է խլում կառավարությունից, մեծ ջանքեր՝ այսպիսի բանակ պահելու համար։ Մենք փոքր երկիր ենք, բայց մենք մեծ բանակ ենք պահում սահմաններին և, ըստ էության, մենք ենք պահում Ղարաբաղը։ Ըստ իս՝ ժողովրդի մեկ երրորդն աղքատության եզրին է, մինչդեռ այլ պայմաններում այդպես չէր լինի։ Հայաստանի ապագայի հարցում ես անսահման լավատես եմ և կարծում եմ, որ մեր երկիրը փայլուն ապագա ունի, բայց հակամարտությունը շատ ծանր է անդրադառնում հայերիս վրա»։
-Հայաստանում ավելի քննադատաբար են տրամադրված Ռուսաստանի՝ որպես ղարաբաղյան կարգավորման միջնորդի նկատմամբ։ Ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի, որտեղ այդ երկրի նկատմամբ ավելի հանդուրժող են։