Աննա ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
Վերլուծաբան
Երևան
2017 թվականը և հատկապես դրա վերջին մի քանի ամիսները ՀՀ-ԵՄ հարաբերությունների համար ակտիվ բանակցությունների և դիվանագիտական այցերի տարի էր։ 2017-ի փետրվարին կողմերն ավարտեցին բանակցությունները Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ, իսկ մայիսի 21-ին նախաստորագրեցին այն։ Անցնող տարում Հայաստան ժամանեցին մի շարք դիվանագիտական պատվիրակություններ ԵՄ բարձրաստիճան ինստիտուտներից, մասնավորապես՝ հոկտեմբերի 2-ին Երևան ժամանեց Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանը։ Նրա այցի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ վերջնական քննարկումներ անցկացնելն էր տարբեր քաղաքակական ուժերի և քաղաքացիական հասարակության հետ։ Այս այցից հետո՝ հոկտեմբերի 13-ին, հրապարակվեց Համաձայնագրի տեքստը։Այդուհանդերձ, չնայած այս այցերին և երկու կողմից էլ պարբերաբար արվող պաշտոնական հայտարարություններին առ այն, որ բանակցային գործընթացը նորմալ է ընթանում, 2017-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Հայաստանում թերահավատ վերաբերմունք կար Հայաստան-Եվրամիություն բանակցային գործընթացի ավարտի հանդեպ։ Այսպես, օրինակ, նախքան Համաձայնագրի ստորագրումը հայկական մամուլում տարածվեցին մի շարք լուրեր առ այն, որ տեխնիկական պատճառներով Համաձայնագրի ստորագրումը կարող է հետաձգվել։ Ոմանք պնդում էին, որ երկու եվրոպական երկիր չեն թարգմանել համաձայնագիրը, հետևաբար չեն կարող այն հաստատել նախքան նոյեմբերի 24-ը։ Լուրերն անհիմն էին, քանի որ ԵՄ պաշտոնական կայքում նոյեմբերին Համաձայնագրի տեքստի միայն իռլանդերեն տարբերակը չկար, ինչը պայմանավորված է նրանով, որ Իռլանդիայի Հանրապետությունում գործում է երկու պաշտոնական լեզու՝ անգլերենն ու իռլանդերենը, և ԵՄ պաշտոնական գրագրությունը կարող է լինել միայն անգլերենով։ Թերահավատությունն էլ ավելի ամրապնդվեց, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով մեկնեց Ռուսաստան՝ ստեղծելով հայ հանրության մոտ 2013-ի սեպտեմբերի 3-ի սցենարի կրկնության վախ։ Այդուհանդերձ, չնայած բոլոր խոսակցություններին, թերահավատությանը և վախերին՝ երկարատև բանակցային գործընթացը բարեհաջող ավարվեց նոյեմբեր ամսին։
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպական Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ ստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության Համաձայնագիրը, որի տեքստը, ինչպես և ակնկալվում էր, շատ նման է Արևելյան գործընկերության այլ երկրների հետ ստորագրված ասոցացման համաձայնագրերի քաղաքական մասին, սակայն միաժամանակ պարունակում է նաև տնտեսական բաղկացուցիչներ։
Քաղաքական երկխոսության և բարեփոխման մասով նախատեսված համագործակցությունը ենթադրում է համագործակցություն մի շարք բարեփոխումների ուղղությամբ, ինչպես, օրինակ, ա) ժողովրդավարական հաստատությունների կայունության ու արդյունավետության և օրենքի գերակայության զարգացման, համախմբվածության և ամրապնդման շուրջ, բ) մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքն ապահովելու շուրջ, գ) դատական և իրավական բարեփոխումների հետագա առաջընթացի շուրջ, դ) վարչական կարողությունն ամրապնդելու և իրավապահ մարմինների անկողմնակալությունը և արդյունավետ աշխատանքը երաշխավորելու շուրջ, ե) հետագայում պետական կառավարման ոլորտում բարեփոխում իրականացնելու և հաշվետու, արդյունավետ, թափանցիկ և մասնագիտացված քաղաքացիական ծառայություն մշակելու շուրջ, զ) կոռուպցիայի դեմ պայքարում արդյունավետության ապահովման շուրջ: Այս բարեփոխումներն իրականացնելու համար Հայաստանը կկարողանա Եվրամիության «ավելին՝ ավելիի դիմաց» (“More for More”) սկզբունքի շնորհիվ ստանալ ԵՄ-ից անհրաժեշտ օժանդակություն։
Համաձայնագրի՝ քաղաքացիների շարժունակության մասին կարգավորումները ենթադրում են նաև, որ կողմերը կսկսեն վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն։ Այս կետն առանձնահատուկ ուշադրություն գրավեց Հայաստանում՝ անգամ դառնալով անհարկի շահարկումների առարկա, քանի որ այն ներկայացվում էր որպես կնքված համաձայնագրի ամենակարևոր կետերից մեկը։ Այդուհանդերձ, Եվրահանձնաժողովը դեռ չի ստացել Եվրոպական Խորհրդի մանդատը՝ Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու համար, իսկ մանդատ ստանալուց հետո էլ կողմերը դեռ երկար բանակցելու են։ Հայաստանն էլ իր հերթին պարտավորված է լինելու իրականացնել զգալի բարեփոխումներ ու մերձեցնել իր օրենսդրությունը մի շարք ոլորտներում, ինչպիսին են, օրինակ, միգրացիան, սահմանների վերահսկումը և քաղաքական ապաստարան տրամադրելու կարգը։ Սա նշանակում է, որ վիզաների ազատականացման հասնելու համար Հայաստանն ու Եվրամիությունը դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու։
Համաձայնագիրը կարգավորում է նաև կողմերի համագործակցությունը մի շարք այլ ոլորտներում, ինչպես, օրինակ, հակամարտությունների կանխարգելման ու ճգնաժամերի կառավարման, կիբեռանվտանգության, տարածաշրջանային կայունության, զինաթափման և զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման ուղղությամբ քայլերի, միջազգային նշանակության լուրջ հանցագործությունների կանխարգելման, անձնական տվյալների պաշտպանության, միգրացիայի, ապաստանի տրամադրման և սահմանների կառավարման, անձանց տեղաշարժի և հետընդունման, կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի, արգելված թմրանյութերի, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում։
Համաձայնագրում ներառված կետերը Հայաստանի համար շատ կարևոր են և ենթադրում են հստակ պատրաստակամություն Երևանի կողմից՝ կատարել ինքնակամ բարեփոխումներ երկրի ներսում։ Սովորաբար ԵՄ հարաբերությունները հարևանության երկրների հետ հիմնված են այսպես կոչված «կարկանդակի և մտրակի» մեթոդի վրա, երբ կարկանդակը տնտեսական շահն ու Եվրամիության կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունն է, իսկ ավտորիտար կառավարությունների դեմ ուղղված «մտրակը»՝ ավտոկրատիայից ժողովրդավարության ուղղությամբ բարեփոխումները։ Որքան մեծ է տնտեսական կապվածությունը ԵՄ-ից, այնքան ավելի պատրաստակամ են հարևանության երկրները կատարել բարեփոխումներ։ Այս մոդելը հստակ արտացոլված է ԵՄ հետ ասոցացման համաձայնագրերում, որոնց քաղաքական մասը պարունակում է մտրակը, իսկ տնտեսականը՝ կարկանդակը։ Հենց «մտրակն» է, որ ապահովում է երկարաժամկետ զարգացում հարևանության երկրների համար և ամրապնդում է այդ երկրների քաղաքացիների իրավունքներն ու բարելավում նրանց իրավունքների պաշտպանվածությունն ու կյանքի պայմանները։
Թեև անցնող 2017-ին ԵՄ-ն Հայաստանի համար արտահանման ամենամեծ շուկան էր ու ՀՀ ժողովրդավարական բարեփոխումների խոշոր հովանավորը, իսկ Եվրամիության երկրները Հայաստանին մարդասիրական օգնություն տրամադրող ամենախոշոր դոնորներից են՝ Հայաստանի տնտեսական կախվածությունը ցածր է, ուստի ԵՄ լծակները հայկական կառավարության վրա այնքան ուժեղ չեն, որպեսզի ստիպեն իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ։ Այլ կերպ ասած, առանց «կարկանդակի»՝ «մտրակի» ճիշտ կիրառումը հիմնականում կախված է մնում Հայաստանի քաղաքական կամքից։ Սա է պատճառը, որ ԵՄ-ն փորձել է ավելացնել հնարավոր «կարկանդակների» ցուցակը Հայաստանի համար։ Ուստի զարմանալի չէ, որ Բրյուսելը կողմ էր ՀՀ-ԵՄ նոր Համաձայնագրում ընդգրկել տնտեսական համագործակցությանը վերաբերվող կետեր՝ անկախ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից։
Տնտեսական համագործակցության համատեքստում առանձնահատուկ ուշադրություն են գրավում ներդրումներին վերաբերող կարգավորումները, որոնք նպատակ ունեն երկկողմ ներդրումները դյուրացնելու նպատակով համաձայնագրի կնքումից հետո 3 տարվա ընթացքում, այնուհետև՝ պարբերաբար, գնահատել ՀՀ ներդրումային միջավայրն ու ներդրումների վերաբերյալ իրավական դաշտը, որպեսզի սկսեն և վարեն բանակցություններ համաձայնագրի փոխադարձ ներդրումներին, այդ թվում ներդրումների պաշտպանությանը վերաբերող դրույթները լրամշակելու նպատակով: ԵՄ անդամ երկրների կողմից Հայաստանում ներդրումների հեռանկարը կարող է ազդակ դառնալ, որը կմղի հայկական կողմին դեպի համապարփակ բարեփոխումներ Հայաստանում։
Այլ նորություններ ԵՄ-ՀՀ հարաբերություններում
Բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ հայկական կողմի պատրաստակամությունը ավելացնելու նպատակով անցած մի քանի տարիներին Բրյուսելը փորձել է նաև Հայաստանին այլ «կարկանդակներ» տալ։ Այս առումով 2017-ը ևս բարեհաջող տարի էր Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում։
Նոյեմբերի 17-ին Երևանում կայացած Արևելյան գործընկերության (ԱլԳ) արտգործնախարարների ոչ պաշտոնական ութերորդ հանդիպման ընթացքում Յոհանես Հանը Հետազոտության, գիտության և նորարարության ԵՄ հանձնակատար Կարլոս Մոեդաշի հետ միասին առաջարկեց «ԵՄ-ն նորարարության համար» (EU4Innovation) նոր նախաձեռնությունը, որը ներառում է ԵՄ բոլոր գործողությունները Արևելյան գործընկերության երկրների նորարական կարողությունների զարգացման համար, մասնավորապես՝ Հորիզոն 2020 ծրագրի ֆինանսավորման և Եվրոպական հարևանության գործիքների շրջանակներում։
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում նախաստորագրվեց «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը, որը նախատեսում է ՀՀ-ի կողմից ԵՄ միասնական ավիացիոն գոտուն միանալու հնարավորություն, ինչպես նաև Հայաստանում ավիացիոն ոլորտում եվրոպական լավագույն փորձի ներդրում։ Համաձայնագիրը կխթանի ուղևորների հոսքը դեպի Հայաստան, ինչպես նաև կբարելավի ավիաընկերությունների հասանելիությունը հայկական շուկայում՝ ապահովելով ավելի լայն ընտրություն և ցածր սակագներ։ Զուգահեռաբար ստորագրվեց նաև Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի դեպի Հայաստանի Հանրապետություն ընդլայնման բարձր մակարդակի փոխըմբռնման արձանագրությունը։ Այս երկու համաձայնությունները շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար կարևոր են, քանի որ նոր հնարավորություններ են բացում տրանսպորտային ոլորտում։
2017-ին Հայաստան-ԵՄ հարաբերությունների շուրջ զարգացումները հստակ ցույց են տալիս, որ Եվրամիությունը Հայաստանի համար վստահելի գործընկեր է, որի հետ համագործակցության նոր էջը, այսինքն՝ Համաձայնագրի կնքումը, կարևոր կետ է Հայաստանի արտաքին հարաբերությունների և ներքին ժողովրդավարական զարգացման համար։ 2017-ը ՀՀ-ԵՄ հարաբերությունների համար ակնկալիքների և բարեհաջող ավարտին հասցված բանակցությունների տարի էր, և մնում է հույս ունենալ, որ 2018-ը սկիզբ կդնի թղթի վրա ամրագրված դրական կետերի բարեհաջող իրականացման գործընթացին։