Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Վերլուծաբան
Երևան
Թավշյա հեղափոխությունից հետո միջազգային մամուլում Հայաստանի վերաբերյալ հրապարակումները հետզհետե սակավանում են, և կյանքը վերադառնում է իր նախկին «բնականոն» հունին: Եթե նախորդ ամսվա ընթացքում Հայաստանի վերաբերյալ կարելի էր հանդիպել բազմաթիվ հոդվածներ և ռեպորտաժներ, ապա մեկ ամիս անց քիչ պարբերականներ են անդրադառնում հետհեղափոխական երկրի ոդիսականին:
Նիկոլ Փաշինյանը վարչապետության առաջին ամսվա ընթացքում կատարեց երեք աշխատանքային և մեկ պետական այց, որը կարծես ազդակ է արտաքին քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ: Այդ այցերից համաշխարհային մամուլի և վերլուծական կենտրոնների ուշադրության ծիրում հայտնվեց Արցախի Հանրապետություն կատարած առաջին աշխատանքային այցը:Կարնեգի-Եվրոպա հիմնադրամի ավագ հետազոտող Թոմ դե Վաալը «Հայաստանի հեղափոխությունը և ԼՂ հակամարտությունը» վերնագրով հոդվածում Արցախյան հիմնախնդիրը դիտարկել է հետհեղափոխական զարգացումների համապատկերում: Հայտնի փորձագետը նշում է, որ 42-ամյա Նիկոլ Փաշինյանը ձևավորել է իրենից էլ ավելի երիտասարդ նոր կառավարություն: Նա խոստացել է ոչնչացնել կոռուպցիան և վերացնել հին օլիգարխիկ համակարգը: Հայաստանը, որը բազմիցս բնութագրվել է որպես մեկուսացված և Ռուսաստանից ամբողջովին կախված, կոտրեց կարծրատիպերը և այժմ թրենդային և դինամիկ է առավել քան երբևէ: Հեղափոխությունը դեռ կիսով չափ է ավարտվել, բայց քսան տարվա մեջ առաջին անգամ Հայաստանը լավ նորություններ է խոստանում: Սակայն այս բոլոր խոստումներն ու հույսը կարող են հօդս ցնդել, եթե Հայաստանի նոր կառավարությունը սխալ ընկալի լոկ մեկ իրողություն՝ երեսուն տարվա վաղեմության ԼՂ հակամարտության վերաբերյալ իր դիրքորոշումը:
Ըստ Վաալի՝ հակամարտության վերաբերյալ իր առաջին քայլերով և մեկնաբանություններով Փաշինյանը որոշակի առումով «ցնցեց» գործընթացը: Նա խոսեց ավելի շատ որպես ցուցարար, քան դիվանագետ, ասելով, որ Ղարաբաղը Հայաստանի «անբաժանելի մասն է»: Վարչապետ ընտրվելուց մեկ օր անց Փաշինյանն ուղևորվեց «Հայաստանի կողմից վերահսկվող Ղարաբաղ», որպեսզի մասնակցի ամեն տարի մայիսի 9-ին անցկացվող հաղթանակի միջոցառումներին: Այնտեղ նա պնդեց, որ Ղարաբաղի հայերը պետք է «ուղիղ մասնակցություն ունենան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին և նստեն բանակցային սեղանի շուրջ»:
«Եթե քաղաքական միավորներ հավաքելը մի կողմ դնենք, ապա Ղարաբաղի հայերի բանակցություններին մասնակցության ձևաչափի վերաբերյալ քննարկումը ևս տեղին է: Ի վերջո, հենց նրանց հայրենիքն է բանավեճի սկզբնական սուբյեկտը», – գրում է դե Վաալը:
Հեղինակը եզրակացնում է, որ մահամերձ խաղաղ գործընթացը վերակենդանացման կարիք ունի, սակայն Հայաստանի նոր ղեկավարները պետք է զգուշորեն օգտագործեն փողոցում նվաճած լեգիտիմությունը: Բանակցային գործընթացը փխրուն է: Նրա ձախողումը միայն մեկ ճանապարհ կբացի՝ դեպի հակամարտության նոր սրում:
Արցախյան հիմնահարցով զբաղվող մեկ այլ հայտնի փորձագետ՝ Լորենս Բրոերսը «Հայկական հեղափոխությունն ու Արցախյան հակամարտությունը» վերտառությամբ հոդվածում անդրադառնում է այն հնարավոր սցենարներին և զարգացումներին, որոնք կարող են տեղի ունենալ տարածաշրջանում հայկական հեղափոխությունից հետո:
«Հայաստանի նոր վարչապետը մի շարք կարճաժամկետ մարտահրավերների առաջ է կանգնած: Առաջինն ազգային անվտանգությունն է, որն ավանդաբար համարվել է լիբերալ ընդդիմության «աքիլեսյան գարշապարը»: Դրանով է պայմանավորված, որ Փաշինյանը կարևորեց վարչապետի պաշտոնում իր առաջին, այսպես կոչված, արտասահմանյան այցով (մայիսի 9-ին) Ղարաբաղ մեկնելը», – գրում Բրոերսը:
Խոսելով էլիտայից ղարաբաղյան կլանի հեռանալու մասին` հոդվածագիրը նշում է, որ ադրբեջանական վերլուծությունները հենվում էին այն թեզի վրա, թե Հայաստանը տառապում է ղարաբաղյան կլանի իշխանության տակ: «Հիմա, սակայն, Բաքուն ստիպված է նոր մարտավարություն որդեգրել: Մյուս կողմից՝ շատ գայթակղիչ է բանակցություններում ստեղծված փակուղային վիճակը կապել ղարաբաղյան կլանի հետ ու եզրակացնել՝ եթե կլանը հեռացվի, կարգավորումն առաջ կգնա: Դա անիրատեսական մոտեցում է»:
«Եթե 2000-ականների կեսերին Հայաստանի բնակչության շուրջ 30 տոկոսն էր պատրաստ դիտարկել գրավյալ տարածքների վերադարձի հնարավորությունը վեջնական համաձայնության հասնելու համար, ապա 2016-ի քառօրյա պատերազմից հետո այդ ցուցանիշը 10 տոկոսի էլ չի հասնում: Ղարաբաղի հարցում նույնիսկ ավտորիտար առաջնորդներն էին ստիպված հաշվի նստում հասարակական կարծիքի հետ, դա անտեսելը շատ ավելի բարդ կլինի Հայաստանի ժողովրդավար իշխանության համար», – գրում է Բրոերսը:
Վերլուծաբանի կարծիքով՝ երկարաժամկետ կտրվածքով էլ Փաշինյանը պետք է մերձեցնի Հայաստանի վերաբերյալ երկու իրարամերժ տեսլականները: Առաջինը՝ «զիջումների պատրաստ Հայաստանն» է, որը ձգտում է ինտեգրվել աշխարհին և կյանքի կոչել ժողովրդավար պետություն ստեղծելու խոստումը, մյուսը՝ «երազի երկիր Հայաստանն է», որը ներառում է ոչ միայն Ղարաբաղը, այլև 1992-1994 թվականներին գրավված տարածքները»: Ըստ Chatham house վերլուծական կենտրոնի փորձագետի՝ այս երկուսի միջև հակասությունները հարթելու հնարավոր տարբերակներից մեկն այն է, որ Ղարաբաղի հայերն իրենք իրենց ներկայացնեն Մինսկի խմբի միջնորդությամբ անցկացվող բանակցություններում:
Իր կարճաժամկետ վարչապետության օրոք Նիկոլ Փաշինյանը հասցրել է երկու անգամ աշխատանքային այցով լինել Ռուսաստանում: Անշուշտ, Փաշինյանի` Սոչի կատարած աշխատանքային այցը, որի շրջանակներում նա մասնակցեց Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին, ռուսական լրատվամիջոցների ուշադրության կիզակետում էր: Հետաքրքրական է, որ դրանից առաջ ռուսական «Լևադա» կենտրոնի կողմից անցկացված հարցումների արդյունքում պարզվել էր, որ հարցվածների մի մասը չարությամբ և նախանձով է հետևել Երևանում և հայաստանյան այլ քաղաքներում տեղի ունեցած բազմամարդ հանրահավաքներին, որոնք հանգեցրել են իշխանափոխության:
Ռուսական մամուլը ուշի-ուշով հետևում էր Փաշինյան-Պուտին հանդիպմանը և հատկապես շեշտադրում այն հանգամանքը, որ Փաշինյանը խոստացել է էլ ավելի խորացնել հայ-ռուսական հարաբերությունները: «Նիկոլ Փաշինյանը խոսեց Վլադիմիր Պուտինի հետ ռուսաստանամետ ոճով» վերնագրով ծավալուն հոդվածում «Կոմերսանտը» գրում է, որ «Հայաստանի նոր վարչապետը փորձել է համոզել Պուտինին երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների անփոփոխ մնալու մեջ: Դժվար թե մեկ ամիս առաջ հնարավոր լիներ պատկերացնել, որ Պուտինն ու Փաշինյանն այսօր հանդիպելու են որպես երկու երկրների առաջնորդներ»: Հոդվածի հեղինակը նկատում է, որ Փաշինյանը երկար տարիներ ընդդիմադիր գործիչ էր և հաճախ էր քննադատում Մոսկվային, սակայն որքան մոտենում էր վարչապետի պաշտոնին, այնքան փոխվում էր նրա հռետորաբանությունը: «Իր հերթին Պուտինը նույնպես ամեն ինչ արել է, որ Փաշինյանի հետ առաջին հանդիպումն անցնի ջերմ մթնոլորտում, օրինակ՝ հանդիպումը սկսելիս հայտարարել է՝ «Հայաստանը մենք ընկալում ենք որպես մեր մտերիմ գործընկերն ու դաշնակիցը տարածաշրջանում»:
Պուտին-Փաշինյան առաջին հանդիպման և Մոսկվայի դիրքորոշման մասին երկարաշունչ անդրադարձ է կատարել BBC-ի ռուսական ծառայությունը՝ «Ո՞վ է Կրեմլում աչքաթող արել հայկական հեղափոխությունը» վերտառությամբ հոդվածի հեղինակը նկատում է Ռուսաստանի զարմանալի չեզոք դիրքորոշումը, որ շատ է տարբերվում Մոսկվայի դիրքորոշումից ուկրաինական և վրացական հեղափոխությունների ժամանակ: «Ռուսական հեռուստաընկերությունները չեն քննադատել հայաստանյան ընդդիմությանն ու նրա առաջնորդին, իսկ Պուտինն էլ ասել է, որ սա Հայաստանի ներքին գործն է»,-գրել է BBC-ն:
Փաշինյանի երկրորդ այցը Մոսկվա, որը կայացավ ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման կապակցությամբ, բնականաբար, նույն արձագանքը չունեցավ: Ռուսական լրատվամիջոցները հիմնականում բավարարվեցին պաշտոնական հաղորդագրություններով և ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ հնչեցված մտքերը ցիտելով:
Հիշարժան է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը Փաշինյանին, որտեղ կարևորվում էր փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության շարունակումը: Միևնույն ժամանակ շեշտվում էր` կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացը, բոլոր քաղաքական կուսակցությունների միասնությունը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կապահովեն Հայաստանի պայծառ ապագան:
Հայկական հեղափոխությունը մեծ ոգևորությամբ ընդունվեց նաև Եվրոպական խորհրդարանում: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվեցին ներհայաստանյան իրավիճակը և հեղափոխության արդյունքում ձևավորված նոր կառավարության հետ համագործակցության հեռանկարները: Լիտվացի պատգամավոր Պետրոս Աուստրեվիչիուսը, ով հայտնի է իր կոշտ հակառուսական դիրքորոշմամբ, մասնավորապես նշեց. «Այն, ինչ կատարվեց Հայաստանում, ժողովրդավարության դաս կարող է լինել շատերի համար: Ժողովուրդն ու քաղաքացիներն ավելի լավ գիտեն՝ ինչ փոփոխություններ են պետք երկրին, և սա շատ լավ դաս է այն քաղաքական գործիչների համար, որոնք փորձում են մոլորեցնել նրանց: Եւ ես դիմում եմ Եվրամիությանը՝ մենք պետք է առավել մեծ պատվիրակությամբ հենց հիմա գնանք Հայաստան և ցույց տանք մեր համերաշխությունն ու աջակցությունը»:
Ելույթներում միանշանակ դրական էր գնահատվում ժողովրդավարության հայաստանյան պոռթկումը և առաջարկվում «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի համաձայն մեծացնել Հայաստանին տրամադրվող ֆինանսական և տեխնիկական օժանդակությունը:
«Հայաստանը, որպես պետություն, ցույց տվեց հասունության, ժողովրդավարության բարձր աստիճան՝ հարգելով քաղաքացիների կամքն օրենքի գերիշխանության շրջանակներում: Եվ ես կցանկանայի ամենայն բարիք մաղթել վիզաների ազատականացման շուրջ երկխոսությանը: Ես կողջունեմ Հայաստանին ու Եվրամիության երկրներին առավել լայն հնարավորություններ տվող այս քայլը, որպեսզի թե՛ հայաստանցիները կարողանան այցելել մեր երկրներ, թե՛ եվրոպացիները մեկնեն Հայաստան, որը մի հրաշալի երկիր է՝ հարուստ պատմությամբ ու մշակույթով»,- իր խոսքում նշել է բրիտանացի պատգամավոր Չարլզ Թաննոքը:
Այսպիսով, եթե ամփոփենք Փաշինյանի կառավարման առաջին ամիսը, ապա միանշանակ կարող ենք փաստել, որ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը միջազգային մամուլում օբյեկտիվ պատճառներով նվազել է, սակայն զգայունությունը հետհեղափոխական գործընթացների նկատմամբ դեռևս պահպանվում է: Միջազգային հանրությունն ուշի-ուշով հետևում է Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին և սպասում ժողովրդավարության հաղթանակի գործնական արդյունքներին: