Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ*
Փորձագետ
Երևան
Ժամանակակից միգրացիան միանգամայն նոր ձևեր և որակ է ձեռք բերում այդ երևույթի նախկին դրսևորումների համեմատությամբ։ Նախ՝ կտրուկ աճում են միգրացիայի մասշտաբները ինչպես երկրների և աշխարհամասերի միջև, այնպես էլ առանձին պետությունների ներսում, այսինքն՝ ընդարձակվում է միգրացիայի աշխարհագրությունը։ ՄԱԿ-ի տվյալներով՝ միջազգային միգրացիայի թիվը 2010 թվականին հասել է 214 միլիոն մարդու` եռակի աճել է 1960 թվականի համեմատությամբ։ Այդ նույն ժամանակահատվածում երկրագնդի բնակչության թիվը, որն ապրում է իր ծննդավայրից դուրս, 2.2 –ից աճել է մինչև 3.1 %։Գլոբալ միգրացիան ընդգրկում է բնակչության նոր սոցիալ-ազգագրական շերտեր, որոնք նախկինում նստակյաց էին։ Հայտնվում են միգրացիայի նոր տարատեսակներ։ Օրինակ` գործնական միգրացիան (բիզնես-միգրացիա)։ Կամ՝ հարկային միգրացիան, երբ մարդիկ օգտվում են այլ երկրներ տեղափոխվելու հնարավորությունից` բարձր հարկերից խուսափելու համար։ Ընդարձակվում է ներդրումային միգրացիան, երբ մարդիկ գումարներ են ներդնում արտասահմանում նոր ձեռնարկություններ ստեղծելու նպատակով։ Զարգանում է ամուսնական միգրացիան։ Որոշ երկրներ քաջալերում են այդ միգրացիայի զարգացմանը` ստեղծելով հատուկ վիզաների տեսակներ։ ԱՄՆ-ում և Ֆրանսիայում գոյություն ունի «հարսնացուների» վիզա։ Խոշոր միգրացիոն հոսքեր են ստեղծում կրոնական ուխտագնացությունները։ (ուխտագնացություն Մեքքա և Մադինա` հաջ)։ Մեծ թափ է ստանում զբոսաշրջությունը։ Որոշ հաշվարկներով, զբոսաշրջիկների թիվը 2020 թվականին կկազմի մոտավորապես 1.6 միլիարդ մարդ։
Միգրացիոն հոսքերն օգտագործվում են անդրազգային հանցագործության կողմից, երբ միգրանտները դառնում են այդ խմբերի զոհեր։ Միգրանտները վերածվում են շահագործման և ստրկության օբյեկտի միջազգային հանցագործ կառույցների համար։
Գլոբալ միգրացիայի արդյունքում ստեղծվում են խոշոր համայնքներ մի շարք երկրներում։ XXI դարը պայմանականորեն անվանվում է համայնքային (դիասպորալ) դար, քանի որ նորաստեղծ համայնքները զգալիորեն ավելանում և խաղում են նշանակալից մշակութային և սոցիալ-տնտեսական դեր տվյալ երկրում։ Իրենց հերթին համայնքների ներկայացուցիչները նշանակալից ներդրումներ են անում այն երկրներում, որտեղից նրանք ժամանել են, ձևավորում են իրենց հայրենիքի իմիջը, ապահովում նրա քաղաքական լոբբինգը «նոր հայրենիքում»։ Հաշվի առնելով համայնքների աճող դերը, որոշ պետություններ ակտիվացնում են էմիգրացիայի և իրենց հայրենակիցների շահերի պաշտպանության քաղաքականությունը, ստեղծում են հատուկ նախարարություններ, ինչպես, օրինակ, Սփյուռքի նախարարությունն է Հայաստանում։
Նորանկախ Հայաստանի միգրացիան իր մեջ պարունակում է գլոբալ միգրացիայի վերոնշյալ մի շարք ֆրագմենտներ։ Միաժամանակ, հայկական միգրացիան ունի իրեն հատուկ պատմական և ազգային-էթնիկ առանձանահատկությունները։ Իսկ որ՞ն է մեր՝ հայերիս խնդիրը հիմա, երբ վեց դար հետո հասել ենք անկախության և պետականության բաղձալի հանգրվանին։
Ամերիկա հայտնաբերած չենք լինի, եթե ասենք, որ այսօր ժամանակի և տարածության մեջ մեր պետականության և ազգային շահերի հիմքերը կրծում են երեք բացասական երևույթներ (մոնստրեր)` մենաշնորհները սոցիալ-տնտեսական կյանքում, կոռուպցիան հասարակական-քաղաքական ոլորտներում և արտագաղթը, ընդ որում՝ վերջինս ածանցյալ է առաջին երկուսից։
Վիճակագրական տվյալները մտահոգիչ են. 2017-ի հունվար-հունիս ամիսներին Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է 6.200-ով։ Եթե վերացարկվենք ՄԱԿ-ի՝ հունիսի 21-ին հրապարակած զեկույցից, ապա կտեսնենք, որ 2050 թվականին Հայաստանի բնակչությունը կազմելու է մոտ 2 միլիոն 700 հազար մարդ, իսկ 2100 թվականին` 1մլն 849 հազար։ Ֆուտուրոլոգ լինելու հարկ չկա` հասկանալու համար, որ եթե այսպես շարունակվի, ապա մեր գենեֆոնդի և պետության՝ որպես միջազգային իրավունքի սույեկտի վրա լուրջ վտանգ կկախվի: Արտագաղթի ահագնացող վտանգը չի կարող լրջորեն չանհանգստացնել ազգի մտածող ուղեղներին` հայրենիքում և արտերկրում, որոնք փորձում են խորը վերլուծության ենթարկել ազգային այդ չարիքի ծագման ու զարգացման գենեզիսը և միջոցներ ձեռնարկել այն սանձելու ուղղությամբ։
Երկու կարծիք լինել չի կարող՝ արտագաղթի հիմնական դրդապատճառը տնտեսական վատ վիճակը և գործազրկությունն է։ Դրանց ավելանում են մի շարք հոգեկան և էթնոհոգեբանական երևույթներ, որոնք կազմում են ազգի ժառանգական կոդը և գիտական լուրջ վերլուծության կարիք ունեն։ Դեռևս V-րդ դարում երկիրը լքելը և այլ վայրերում «հայրենիք» գտնելը չի դատապարտվել պետական այրերի և եկեղեցու կողմից։ Հողը, հայրենի հողը որպես սրբություն, չի ընկալվել հայ մարդու կողմից որպես գոյատևման բացարձակ կատեգորիա։ Այդ ազգակործան միտումն իր զարգացումն է ապրել դարերի ընթացքում և հասել մինչև մեզ` «որտեղ հաց, այնտեղ կաց» ինդուլգենցիայի ձևակերպմամբ։
«Էս երկիրը երկիր չէ›› արտահայտությունն այսօր դուք կլսեք հայրենիքը լքող յուրաքանչյուր երկրորդ հայից։ Նրանից, ով ձայնը հինգ հազար դրամով ծախում է ընտրությունների ժամանակ, և նրանից, ով ունի գիտական տիտղոսներ, իմա՝ ուսյալ է: Իրեն ծնած, սնած և կրթություն տված երկրի մասին այս ցինիկ և անբարո արտահայտությունը նրանք ժակո թութակի համառությամբ կրկնում են` սկսած վիզայի համար օտար երկրի դեսպանություն մտնելուց` մինչև ինքնաթիռ բարձրանալը: Այդ արգահատելի բառերը ծառայում են որպես արդարացում բոլոր մեկնողների համար` լինի դա թերուս քաղքենի, բարձրորակ մասնագետ, նրբաճաշակ արվեստագետ, թե պետական պաշտոնյա:
Կա հայրենիքից հեռացող մի ուրիշ տեսակ ևս` մեծահարուստը, որն արդարանալու ոչ ժամանակ ունի, ոչ էլ հավես: Նա, նախ, իրավապահ մարմինների անտարբեր հայացքի տակ, արտահանում է իր բազմամիլիոն գողոնը, հետո հեռանում է ինքը` սուսուփուս, առանց բանկետի ու հրավառության: Աստված իր հետ: Մեկ է` նա չէ, որ փրկելու է երկիրը, ոչ էլ կարիքավորի համար դառնալու է Մորգան կամ Մանթաշյանց:
Արտագաղթի ճանապարհները տարբեր են: Օրինակ, մի քանի տարի առաջ իմ հեռավոր ազգականուհիներից մեկը` երիտասարդ մի աղջիկ, ուզում էր մեկնել Գերմանիա: Ամեն կերպ և ամեն գնով: Իմանալով նրա մտավոր և գործնական կարողությունների խիստ ցածրմակարդակը (այն աստիճանի ցածր, որ, ինչպես ասում են, ‹‹երկու էշի գարի բաժանել չի կարող››), հարցրի, թե ի՞նչ է անելու Գերմանիայում: Պատասխանն ինձ սկզբում ապշեցրեց, հետո կարգին զվարճացրեց: ‹‹Գնում եմ հանձնվեմ Կարմիր խաչին››,- ինկվիզիցիայի խարույկի աստիճաններով բարձրացող քիրստոնյայի վեհանձնությամբ, առանց աչքը թարթելու պատասխանեց օրիորդը: Մի քանի տարի անց նրա հայրը շատ գոհ պատմում էր բոլորին, թե աղջիկը գնացել, ‹‹հաջողությամբ հանձնվել է›› գերմանական իշխանություններին և ‹‹շատ էլ լավ ապրում է››:
Մեկնելու հավակնորդների մեջ կհանդիպեք մարդկանց, որոնք հայտարարում են, թե ռեժիմը հալածում է իրենց` քաղաքական հայացքների, ոչ ավանդական սեռական կողմնորոշման (եթե պետք է` սա պատրաստ են տեղում ապացուցել), կրոնական դավանաբանության և այլ հազարումի ուրիշ գործած ու չգործած մեղքերի համար:
Անշուշտ, լավագույնը օրինական ճանապարհով արտագաղթելն է: Արտասահման մեկնելու թույլտվությունն անվանվում է ‹‹green card››, որով, հավանաբար, տուրք է մատուցվում Ամերիկայի անվիճելի հզորությանն ու հարստությանը:
Արտագաղթի աքիլլեսյան գարշապարը տեղեկատվության պակասն է կամ ապատեղեկատվությունն այն երկրի մասին, որին ուղղված է Հայաստանից զզված նրա քաղաքացու տենչալի հայացքը: Կա հնուց եկող անքննելի մի ճշմարտություն. ‹‹Քո երկիրը քո երկիրն է, անկախ նրանից` այն լավն է, թե վատը››: Մեկ էլ ռուսների դիպուկ ասվածը. ‹‹Սիրիր հայրենիքդ վատ եղանակին››:
Ուրեմն, երբ մարդն առանց աչքը թարթելու հայտարարում է, որ իր ‹‹երկիրը երկիր չէ››, նա առնվազն պետք է գոնե մոտավորապես իմանա, թե որ ‹‹երկիրն է երկիր››, որտեղ ինքը պատրաստվում է հանգրվանել: Մինչդեռ արտասահման արտագաղթում են նրանք, ովքեր քթներն անգամ դուրս չեն հանել հանրապետությունից, իսկ մյուսները դիտել են արտերկրի հրաշալիքներն ավտոբուսի պատուհանից: Իհարկե, կան արտագաղթողներ, որոնք երկար ապրել են դրսում, անգամ տներ և բիզնեսներ ունեն այնտեղ, բայց, միևնույն է, նրանք նույնպես չգիտեն կամ վատ գիտեն, թե ինչ է արտերկիրը, հետևաբար՝ անտեղյակ են, թե ինչ է իրենց սպասում, երբ արդեն այրել են հայրենիքի հետ կապող կամուրջները, երբ անցել են անդառնելիության Ռուբիկոնը:
Սակայն այս կերպ և այս մակարդակով մեղադրել Հայաստանի քաղաքացուն՝ միգրացիայի ցուպը ձեռքը վերցնելու համար, ամենահեշտ ճանապարհն է, և միաժամանակ ազգի «հայրերի» և մտածող ուղեղների արդարացման միջոց։ Անկախության անցած քառորդ դարի ընթացքում մենք, դժբախտաբար, չկարողացանք ձևավորել մեր քաղաքական փիլիոփայության գոնե հիմքերը, չստեղծեցինք մեր պետական քաղաքականության ռազմավարության հայեցակարգը, որի հիմքում պետք է ընկած լիներ հայ ազգի քաղաքական-անդրազգային գաղափարախոսությունը։ Իսկ Արցախի ազատագրման հայրենասիրական մեծ շարժումը, որն ազգային ոգու վերածննդի լավագույն պոռթկում էր, ցավոք սրտի, սկսեց խամրել տարբեր գործոնների ազդեցության ներքո (էլ ինչով բացատրել այն հանգամանքը, որ այսօր գտնվում են մարդիկ, որոնք տասնամյա երեխային հանում են երկրից` հետագայում ռազմական ծառայությունից խուսափելու դրդապատճառով)։
Հանրապետության, ողջ հայության առաջ զարգացման արդի փուլում կանգնած է Հայրենիք-Սփյուռք, Սփյուռք-Հայրենիք հայեցակարգի ստեղծման տեսական-պրակտիկ գերկարևոր խնդիրը։ Մեր կարծիքով, նման տեսության հիմքում պետք է դրված լինի հայաստանակենտրոնության փիլիսոփայական կատեգորիան։ Առանց անտեսելու գաղթօջախների պահպանման և զարգացման կարևորությունը` առաջնայինը պետք է լինի Հայաստանի քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացումը։ Կլինի հզոր-զարգացած Հայրենիք` սփյուռքի գոյատևումը կերկարի (չնայած, վերջին հաշվով, ցանկացած գաղթօջախ դատապարտված է ուծացման)։
Հայաստանակենտրոն կուռ և մշակված հայացակարգ ունենալու դեպքում հնարավոր կլինի անցնել գաղթօջախների հետ համապատասխան խնդիրների լուծման խնդիրներին, որոնք շատ-շատ են և կարոտ են նպատակամղված ու հետևողական աշխատանքի։ Առանց մանրամասնելու գաղթօջախների հետ կոնկրետ աշխատանքի ուղղությունները` ավելացնենք, որ սփյուռքի հետ ՀՀ իրագործվող պետական քաղաքականությունը կարիք ունի արմատական վերանայման և փոփոխության։
Մենք, առաջին հերթին, նկատի ունենք այն հանգամանքը, որ արդի աշխարհաքաղաքական իրողությունում և միջազգային հարաբերությունների պայմաններում պաշտոնական դիվանագիտությունը պետք է լրացվի և ամրապնդվի հանրային դիվանագիտության հնարավորություններով ու «փափուկ ուժի» դերակատարներով, առանց որի այդ աշխատանքը կիսատ և անարդյունավետ կլինի։ Մինչդեռ և՛ Հայաստանը, և՛ նրա գաղթօջախները ունեն այդ թանկարժեք ներուժը։ Մնում է այն ակտիվացնել և գործարկել։
*Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի Համաշխարհային քաղաքականության և Միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, Արտակարգ և Լիազոր դեսպան