Գարիկ սարկավագ ԱՍՐՅԱՆ
Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի
Տեղեկատվական համակարգի տնօրեն
Ստեփանակերտ
Կրոնական գործոնն արդի աշխարհի բազմաթիվ հակամարտությունների հիմքում առանցքային տեղ ունի: Սակայն, թերեւս, անիվ հայտնագործելու նման մի բան կլինի փորձել ապացուցել, որ արցախյան հիմնախնդիրը վերոնշյալ հակամարտությունների թվին չի դասվում:
Կրոնական գործոնի շահարկումներ անշուշտ եղել են ադրբեջանական կողմից` թե 1990-ական թթ., երբ միջազգային հանրությունը բավարար պատկերացում չուներ հակամարտության բնույթի վերաբերյալ, եւ թե հետագայում: Նման շահարկումներն ադրբեջանական կողմին պատերազմի տարիներին հնարավորություն տվեցին իսլամիստական ծայրահեղական որոշ խմբավորումների վարձկանների (այդ թվում նաեւ միջազգային ահաբեկիչների) ներգրավել ռազմական գործողություններին, իսկ հետագայում` իսլամական աշխարհում (մասնավորապես, Իսլամական կոնֆերանս կազմակերպության անդամ երկրների շրջանում) սեփական հեղինակություն ստեղծելու, որոշ իսլամական երկրների օգնությամբ միջազգային ատյաններում հակահայկական բանաձեւեր անցկացնել եւ այլ նպատակներ իրականացնել: Նման գործելաոճին գնահատական տալը երեւի թողնենք մի կողմ. փաստը մնում է այն, որ պատմական անարդարությունը սրբագրելու եւ ինքնորոշման ազատ կամարտահայտության համար պայքարող արցախահայության համար բացարձակապես նշանակություն չի ունեցել եւ չունի, թե կրոնական որ ուղղության հետեւորդներ են ադրբեջանցիները, որոնք համառորեն եւ ամեն գնով ցանկանում են տեսնել Արցախն ադրբեջանական պետության կազմում:
Սակայն կրոնական հիմքից զուրկ այս հակամարտության մեջ կրոնական գործոնը մեկ այլ տեսակետից էական նշանակություն եւ դերակատարություն կարող է ունենալ. այն է` ազդեցիկ օժանդակ գործոն դառնալ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար: Այս իրողության քաջ գիտակցումով դեռեւս 1988թ. փետրվարի 25-ին երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսը հեռուստատեսությամբ դիմեց հայ ժողովրդին` հորդորելով չկորցնել հավասարակշռվածությունն ու զսպվածությունը եւ ընթանալ օրինական ու խաղաղ միջոցներով արցախահայության արդար պահանջը լուծելու ճանապարհով: Նույն օրը Վեհափառը նաեւ մի բովանդակալից հեռագիր էր հղել Մ. Գորբաչովին` համայն հայության անունից արտահայտելով իր մտահոգությունը եւ խնդրելով ձեռնարկել միջոցներ, որպեսզի ՙարդարացի լուծում ստանա Հայկական Ղարաբաղի հարցը` համաձայն Սահմանադրության եւ համաձայն Ղարաբաղի ժողովրդական դեպուտատների սովետի որոշման ու դեմոկրատիայի սկզբունքների՚: Սակայն, ցավոք սրտի, ԽՍՀՄ բարձրագույն իշխանությունների կողմից չեն ձեռնարկվել լուրջ քայլեր` գործընթացը խաղաղ եւ օրինական ճանապարհի վրա պահելու, եւ մի քանի օր անց հետեւում է սումգայիթյան ոճրագործությունը: Արյունալի այդ իրադարձությունից հետո մարտի 12-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածին այցելեցին Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալահշուքյուր Փաշազադեի երկու պատվիրակներ, ովքեր Հայոց Հայրապետին փոխանցեցին Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի ցավակցական ուղերձը տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ: Սա երկու կրոնապետերի միջեւ երկխոսության եւ համագործակցության յուրօրինակ սկիզբ է դառնում ` հակամարտությանը խաղաղ միջոցներով լուծում փնտրելու ուղղությամբ:
Սումգայիթյան ողբերգությունից հետո Հայ Առաքելական Եկեղեցու ջանքերով արցախյան հարցը հայտնվում է քրիստոնեական այլ եկեղեցիների, միջազգային կրոնական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում: 1988թ. մայիսի 4-ին Դոնի Ռոստովում տեղի է ունենում Հյուսիսային Կովկասի եւ Անդրկովկասի կրոնապետերի ժողովը, որն ավարտվում է համատեղ ուղերձով, որով քրիստոնյա եւ մահմեդական կրոնապետերը սիրո, եղբայրության ու խաղաղության կոչ էին անում իրենց հավատացյալներին` մեկ համոզմամբ, որ միակ ճանապարհը փոխվստահության եւ եղբայրության պայմաններում սովետական միասնական ընտանիքի մեջ միասնաբար ապրելու ճանապարհն է:
Սակայն խորհրդային ժողովուրդների, այսպես ասած, միասնական ընտանիքը փլուզվում էր, իսկ Արցախում շարունակվում էին նորանոր արյունահեղություններ: 1991թ. Վազգեն Ա կաթողիկոսը կրկին դիմում է Մ. Գորբաչովին` խնդրելով կանխել արյունահեղությունները: Միաժամանակ Վեհափառ Հայրապետն առանձին նամակ է հղում Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի նախագահ Էմիլիո Կաստրոյին, որին հետեւում է այդ օրերին Կանբերայում ընթացող ԵՀԽ հերթական համաժողովի հայտարարությունը, որը խորհրդային ղեկավարներից պահանջում էր պաշտպանել հայերի կրոնական, մշակութային եւ ազգային շահերը, ինչպես նաեւ հակամարտության տարածքի բոլոր բնակիչների մարդկային իրավունքները: ԽՍՀՄ ղեկավարին են դիմում նաեւ Երուսաղեմի եկեղեցիների հոգեւոր պետերը, իսկ Երուսաղեմի հայոց պատրիարք Թորգոմ արք. Մանուկյանը Արցախում վերսկսված հակահայկական գործողությունների առիթով հանդես է գալիս մամուլում: Հաջորդ տարի Արցախի խնդիրը հատուկ քննության նյութ է դառնում նաեւ Պրահայում գումարված Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի նիստում:
ԵՀԽ-ն եւ ԵԵԿ-ն դառնում են երկու հոգեւոր պետերի երկրորդ հանդիպման միջնորդն ու նախաձեռնողը: Բանակցությունների պատասխանատվությունն իրենց վրա են վերցնում ԵՀԽ նորընտիր քարտուղար Կոնրադ Ռայզերն ու ԵԵԿ ընդհանուր քարտուղար Ժան Ֆիշերը: 1993թ. փետրվարին Շվեյցարիայի Մոնտրեո քաղաքում կայացած հանդիպումն առանձնակի նշանակություն ունեցավ. երկու կրոնապետերը համատեղ հայտարարությամբ մեկ անգամ եւս հաստատեցին, որ հակամարտությունը չունի կրոնական շարժառիթ:
Այնուհետեւ, հայ եւ ադրբեջանցի հոգեւոր առաջնորդների միջեւ շփումներն ու համագործակցությունը շարունակելու միջնորդական առաքելությունը հիմնականում ստաձնում է Ռուս Ուղղափառ Եկեղեցին: 1994թ. Վազգեն Ա կաթողիկոսը եւ Ալլահշյուքյուր Փաշազադեն Ալեքսի Բ պատրիարքի առաջարկով դիմեցին հակամարտող կողմերին` կոչ անելով անհապաղ դադարեցնել արյունահեղությունը: Մասնավորապես, ի պատասխան ռուս պատրիարքի այս առաջարկի, Վազգեն Վեհափառը նման կոչով նամակներ է հղել ՀՀ, Արցախի եւ Ադրբեջանի իշխանություններին:
Հաջորդ հանդիպումն արդեն Գարեգին Ա կաթողիկոսի եւ Ալլահշյուքյուր Փաշազադեի միջեւ էր, որը կայացավ Մոսկվայում 1995թ. ամռանը, Ալեքսի Բ-ի նախաձեռնությամբ: Եռակողմ հանդիպման արդյունքում հայ, ռուս եւ ադրբեջանցի կրոնապետերը կրկին ստորագրեցին մի հայտարարություն, որը եւս մեկ անգամ հաստատում էր այն, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը զուրկ է կրոնական հիմքից: 1995թ. հանդիպման ընթացքում երեք կրոնապետերը հանդես եկան նաեւ խաղաղարար կոնֆերանս հրավիրելու նախաձեռնությամբ: Այդ շրջանում, երբ արդեն իրադրությունը փոքր-ինչ կայունացել էր, հանդիպման մասնակիցները կարեւորեցին փախստականների, ինչպես նաեւ գերիների ու պատանդների խնդրի լուծումը` իբրեւ խաղաղության հաստատման կարեւոր պայման, եւ հակամարտող կողմերին կոչ արեցին ազատ արձակել մինչեւ վերջին գերյալը:
Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի հետ հանդիպումներն ու երկխոսությունը նոր թափով շարունակվեցին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրոք` որակական նոր աստիճանների բարձրանալով: 2000 թվականից ի վեր երկու կրոնապետերի միջեւ տեղի ունեցան մի շարք կարեւոր հանդիպումներ, ձեռք բերվեցին նոր պայմանավորվածություններ եւ հնչեցին պատմական հայտարարություններ, սակայն այդ հանդիպումներից առաձնապես կարեւորվեցին վերջին երկուսը:
Նախ, 2010 թ. ապրիլի 26-ին տեղի ունեցավ աննախադեպ երեւույթ. արցախյան հակամարտության 22 տարիների ընթացքում առաջին անգամ հայկական պատվիրակության ինքնաթիռը հատեց հայ-ադրբեջանական սահմանը եւ Երեւանից մեկնեց Բաքու` այնտեղ տանելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին ու նրա շքախմբին: Գարեգին Բ կաթողիկոսը Ալլահշյուքյուր Փաշազադեի հրավերով մեկնեց Ադրբեջանի մայրաքաղաք` մասնակցելու ապրիլի 26-27-ը Բաքվում գումարված Կրոնապետերի համաշխարհային գագաթնաժողովին: Գագաթնաժողովի ժամանակ իր խոսքում Վեհափառ Հայրապետը մեծապես կարեւորեց արցախյան խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերը. ՙԼիահույս ենք, որ ջանքերը պիտի շարունակվեն, որպեսզի հարցի վերջնական կարգավորումը նույնպես ընթանա բացառապես խաղաղ ուղիներով` խնդրահարույց հարցերը վճռելով միջազգային օրենքներին ու չափանիշներին համահունչ եւ համապատասխան` ժողովուրդների իրավունքների նորմերին…. Մեր պարտականությունն է հորդորել մեր ժողովուրդներին` աջակցել մեր պետությունների նախագահներին` խաղաղությամբ ընթանալու դեպի առկա խնդիրների լուծում եւ հարցի վերջնական կարգավորում՚:
Գագաթնաժողովի շրջանակներում Գարեգին Բ կաթողիկոսի, Կիրիլ Ա պատրիարքի եւ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի միջեւ տեղի ունեցավ եռակողմ հանդիպում, որի արդյունքում ընդունվեց համատեղ հայտարարություն, որով հոգեւոր առաջնորդները վերահաստատեցին հակամարտությունը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու անհրաժեշտությունը եւ կրկին հայտնեցին իրենց պատրաստակամությունը` շարունակելու իրենց ջանքերն այդ ուղղությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում էր. ՙԱյսօր հատկապես կարեւոր ենք համարում համագործակցության հոգեւոր կողմնորոշիչներին հետեւելը` մեր ժողովուրդների միջեւ առկա խորթությունը հաղթահարելու համար: Կրոնի ուժը, որ կոչում է բարու, խաղաղության, կարեկցանքի, համբերության, պիտի դառնա հաշտեցման գործոն: Հավատում ենք, որ մեր համատեղ ջանքերը կնպաստեն հաղթահարելու ազգամիջյան թշնամությունը: Կենսականորեն անհրաժեշտ է թույլ չտալ ռազմական ճանապարհով վիճահարույց հարցերի լուծման վերադարձը: Մեր խաղաղարարական ջանքերով պետք է սատար կանգնենք մարդկանց` ներկայիս բաժանումների, պատնեշների եւ թշնամության վերացման հույսերին, քանզի պատերազմը, եթե այն շարունակես, ավարտ չի ունենա՚: Հոգեւոր առաջնորդները կարեւորում էին փախստականների վերադարձն իրենց բնակավայրերը, գերիների ազատ արձակումը, վանդալիզմի դատապարտումն ու կրոնական հուշարձանների եւ սրբությունների պահպանումը եւ այլն:
Բաքվում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, ով նույնպես ողջունեց հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը` դրանցում կարեւոր համարելով կրոնապետերի եւ հոգեւոր սպասավորների դերը:
Այնուհետեւ` 2011թ. նոյեմբերի 28-ին, Փաշազադեն պահպանեց Գարեգին Բ-ի կողմից հաստատված նշաձողը եւ Հայոց Հայրապետի հրավերով ժամանեց Երեւան` մասնակցելու ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստին: Նիստից հետո տեղի ունեցավ ավանդական դարձած եռակողմ հանդիպում` հայ, ադրբեջանցի եւ ռուս կրոնապետերի միջեւ: Հերթական պատմական հայտարարության մեջ հնչեց նաեւ մի նոր առաջարկ. ՙՈղջունելով ռազմագերիների փոխանակման եւ զոհվածների մարմինների վերադարձման շուրջ պայմանավորվածությունները` վճռականորեն կոչ ենք անում հակամարտող կողմերին ապացուցել իրենց հավատարմությունը տարածաշրջանի խաղաղության ու կայունության հանդեպ եւ միջազգային իրավունքի համընդհանուր նորմերին, պայմանավորվել առաջավոր դիրքերից դիպուկահարների հեռացման մասին…՚: Երեւանյան հանդիպման ընթացքում ձեռք բերվեց նաեւ նոր պայմանավորվածություն. հաջորդ հանդիպումը կազմակերպել հայ-ադրբեջանական սահմանին:
Յուրօրինակ փոքրիկ պատմական էքսկուրսով փորձեցինք ներկայացնել արցախաադրբեջանական հակամարտությունը խաղաղ ուղիներով կարգավորելու գործընթացին հայ, ադրբեջանցի եւ այլ կրոնական առաջնորդների բերած ջանքերի գուցե ոչ ամբողջական, սակայն հիմնական պատկերը: Ի±նչ արդյունքներ են տվել այդ ջանքերը: Նախ` բազմիցս ընդգծվել եւ ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, որ հակամարտությունը բացարձակապես չունի կրոնական հիմքեր, ինչը խիստ կարեւոր էր արցախահայության պայքարի բնույթի աղավաղման եւ հակամարտությանը կրոնական կեղծ երանգ հաղորդելու միջոցով շահարկումներ կատարելու ադրբեջանական տխրահռչակ քաղաքականությունը որոշակիորեն կանխարգելելու տեսակետից: Չի կարելի թերագնահատել նաեւ հոգեւոր առաջնորդների պատմական հայտարարությունների դերը, որոնք, կրելով դեկլարատիվ բնույթ, սթափության ու զսպվածության էին կոչում հակամարտող կողմերին` իրենց հոգեւոր համայնքներին ուղղորդելով երկխոսության եւ խաղաղ բանակցությունների: Հոգեւոր առաջնորդները որոշակի հաջողություններ արձանագրեցին նաեւ գերիների ազատ արձակման, զոհվածների մարմինների փոխանակման եւ այլ հարցերում` փորձելով փոքր-ինչ բուժել ռազմական գործողությունների վերքերը:
Իհարկե, ծայրաստիճան լավատեսական մոտեցում կլինի ակնկալելը, որ միայն կրոնական առաջնորդները վերջնական լուծում կարող են բերել մի հակամարտության, որի հիմքերը պատմաքաղաքական եւ իրավական դաշտում են: Սակայն, հաշվի առնելով բոլոր ժամանակներում կրոնական գործոնի չնվազող ազդեցությունը մարդկային կյանքի տարբեր ոլորտների վրա, միանգամայն տրամաբանական եւ անգամ կենսական նշանակության անհրաժեշտություն է դառնում կրոնական առաջնորդների ներգրավվածությունը խնդրի լուծմանն ուղղված ջանքերում:
Կարո±ղ էին արդյոք հոգեւոր առաջնորդների ջանքերն առավել մեծ արդյունավետությամբ պսակվել: Իհարկե, կարող էին, եթե չլինեին որոշ ՙեթե՚-ներ: Այդպիսի ՙեթե՚-ներից մեկը Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի լավագույն դեպքում, տարակուսանք առաջացնող հակասական պահվածքն է որոշ դեպքերում, ինչը, մեղմ ասած, չի համընկնում նրա խաղաղարար գործունեության հետ: Բավական է թերեւս միայն հիշել տարբեր առիթներով Փաշազադեի կողմից հնչեցրած հայատյաց եւ ռազմատենչ հայտարարությունները. ՙԵս պատրաստ եմ ջիհադ հայտարարել Ադրբեջանի օկուպացված տարածքներն ազատագրելու համար՚, ՙԼեռնային Ղարաբաղը մեր հողն է, եւ մենք այնտեղ կվերադառնանք: Մենք անպայման կվերադառնանք մեր հողերը, օկուպացված տարածքները պետք է ազատագրվեն խաղաղ կամ ռազմական ճանապարհով՚, ՙՍուտն ու դավաճանությունը հայերի արյան մեջ են: Նրանք նստում էին մեր սեղանի շուրջը եւ ուտում մեր հացը, սակայն փողոց դուրս գալով` խոսում էին մեր դեմ՚: Նման հայտարարությունների ֆոնին երեւի լիովին հասկանալի է Ադրբեջանի հոգեւոր առաջնորդից գործնական քայլեր չձեռնարկելն ընդդեմ իր երկրում տիրող այլատյացության, վանդալիզմի, ռազմատենչ տրամադրվածությունների եւ այլ երեւույթների, որոնց դեմ պայքարը պիտի որ առանցքային տեղ ունենար հանուն խաղաղության բանակցություններ վարող կրոնապետի գործունեության մեջ:
Ինչեւէ, փորձենք լավատես լինել եւ հուսալ, որ վերոնշյալ կարգի երեւույթները կբացառվեն հետագայում, եւ հոգեւոր առաջնորդների բազմամյա ջանքերը կտան առավել շոշափելի արդյունքներ` կարեւոր ավանդ բերելով խաղաղ ճանապարհով արցախյան խնդրի լուծման գործընթացում: