Գևորգ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Թուրքագետ
Երևան
Հուլիսի 15-ի երեկոյան թուրքական մեդիան սկսեց տեղեկություններ հաղորդել Ասիան և Եվրոպան կապող ստամբուլյան կամուրջների մոտ զինվորականների կուտակումների մասին: Ավելի ուշ տեղեկատվության հոսքը սկսեց հաստատել այն վարկածը, որ հարևան երկրում ռազմական հեղաշրջման փորձ է: Սա Թուրքիայի պատմության համար անսովոր երևույթ չէր, թեև այս դեպքը զգալի տարբերություններ ուներ նախկին, հիմնականում հաջող հեղաշրջման փորձերից:
Հեղաշրջման այս փորձի պատճառների, ընթացքի և արդյունքների վերաբերյալ հարյուրավոր էջերից բաղկացած հետազոտություններն էլ միգուցե չբավարարեն, սակայն մենք փորձ կկատարենք ընդհանուր գծերով ներկայացնել տեղի ունեցածն ու շարունակվողը՝ առանձին շեշտադրելով հայերի և Հայաստանի համար դրա դերն ու ազդեցությունը:Ներկայում հստակ է մեկ բան՝ Թուրքիայում հեղաշրջման փորձը ձախողվեց. պատճառներն էին թերի կազմակերպվածությունը, նախագահ Էրդողանին սատարող հասարակության լայն զանգվածները, բանակի ներսում հակաէրդողանական ամուր դաշինքի բացակայությունը, իսկ ավելի լայն կտրվածքով՝ Էրդողանի՝ բանակի քաղաքական դերի նվազեցմանն ուղղված բազմամյա քաղաքականությունն ու երկրում ընտրազանգվածի հետ ճիշտ աշխատանքը: Բացի այդ, պետք է առանձին շեշտել, որ սա ոչ թե բանակի կողմից հեղաշրջման փորձ էր, այլ բանակում մի խմբավորման կողմից, որը, ինչպես ցույց տվեց ժամանակը, կարևոր պաշտոններ զբաղեցնող մի խումբ գեներալներից աջակցություն չուներ:
Չշտապելով կիսել կարծիքները, թե Էրդողանի կողմից այդ ամենը բեմադրություն էր, իսկ հեղաշրջման փորձն էլ անմիջականորեն բերելու է վերջինիս իշխանության ամրապնդմանը՝ նշենք, որ հեղաշրջման փորձն իրոք առիթ էր էրդողանականներին՝ ազատվելու պետական, անվտանգության համակարգերում իրենց համար անցանկալի տարրերից, փակել տարբեր լրատվամիջոցներ և այլն: Այս առումով էրդողանականները փորձում են ծառայեցնել հեղաշրջման փորձն իրենց օգտին, սակայն շատ տարվելուց և սահմանն անցնելուց հետո կարող են սկսվել հակառակ ռեակցիաները. «վհուկների որսի» շարունակականությունը կարող է հասարակությունում նոր դժգոհություն կուտակել, ինչպես եղավ Գեզիի դեպքերի ժամանակ, երբ տարիներ շարունակ կուտակված հասարակական զայրույթը պոռթկա] և ցնցեց թուրքական իշխանության հիմքերը:
Հեղաշրջման ձախողումը և «վհուկների որսը»
Թուրքիայում հեղաշրջումներն ու հեղաշրջման փորձերը նորություն չեն, թեև վերջին նման դեպքը գրանցվել էր 1980 թվականին ու ավարտվել զինվորականների հաղթանակով: Թուրքիայում նախընտրում են հեղաշրջումներն իրականացնել ուշ գիշերը, ինչը հնարավորություն է տալիս ավելի արագ, հանկարծակի և արդյունավետ գործել: Այս անգամ հեղաշրջման գործընթացը սկսվեց նախատեսված ժամանակից շուտ, ինչը թուրքական հետախուզական կազմակերպության կողմից զինվորականների խմբին բացահայտելու հետևանք էր: Հեղաշրջման փորձ կատարողները ստիպված էին ուրբաթ երեկոյան սկսել իրենց գործողությունը, որը որոշակի հաջողություններից հետո ժամեր անց հասարակական ճնշման պայմաններում տանուլ տրվեց: Էրդողանը կարողացավ մոբիլիզացնել հասարակական զանգվածները, արդյունավետ օգտագործել ոստիկաննությանն ու հետախուզությանը: Էրդողանը մի քանի ժամերի ընթացքում հաղթեց, սակայն դժվար է նույնն ասել Թուրքիայի համար, որտեղ սկսվել և շարունակվում են հասարակական-քաղաքական լուրջ գործընթացներ. ձերբակալվում են ոչ միայն հեղաշրջման փորձի հետ առնչության համար կասկածվողներ, այլ նաև այլախոհներ, ընդդիմախոսներ, բոլոր նրանք, ովքեր վտանգավոր են Էրդողանի և նրա թիմի համար: Սպասելիորեն, առաջնային թիրախ են Էրդողանի երբեմնի դաշնակից Ֆեթհուլլահ Գյուլենն ու նրա գլխավորած հասարակական-կրոնական խմբի՝ գյուլենականների համայնքը: Էրդողանը շտապեց Գյուլենին մեղադրել հեղաշրջման փորձի համար, թեև բարդ է ամբողջապես համաձայնել Էրդողանի մեղադրանքների հետ, սակայն կարելի է պնդել այն, որ գյուլենականները ևս մասնակցել էին հեղաշրջման փորձին:
Հեղաշրջման ձախողման համար կարևոր ցուցիչ էր նաև Թուրքիայում գործող այլ քաղաքական ուժերի արձագանքը, որոնք բոլորն էլ, լինեին քեմալականները, ազգայնամոլները, թե քրդերը, դեմ էին զինվորականների միջամտությանը: Անգամ Էրդողանի ամենամոլի ընդդիմախոսները որևէ համակրանք չէին տածում հեղաշրջման նկատմամբ, ինչը կապված է Թուրքիայի նախկին դառը փորձերի հետ: Այսպիսով, հեղաշրջման փորձ կատարողները չունեին լայն քաղաքական և հասարակական աջակցություն, ինչը ենթադրում էր, որ անգամ փորձի հաջող ավարտի դեպքում նոր իշխանությունները հանդիպելու էին ահռելի դժգոհության և դիմադրության, կստեղծվեր քաոսային ու անկայուն Թուրքիա:
Որպես ականատես, կարող եմ հավելել, որ հասարակության շրջանում ևս քիչ էին հեղաշրջման կողմնակիցները՝ լինի դա Ստամբուլում, թե գերազանցապես քրդերով բնակեցված արևելյան հատվածներում: Իհարկե, Թուրքիայի բազմամիլիոն քրդերն այն հատված են, որոնց շահերից ամենաքիչն է բխում զինվորականության իշխանությունը:
Թուրքիայում հասարակական փոխակերպումները
Հեղաշրջման փորձը Թուրքիայի հասարակության ներսում բացեց նոր փոխակերպումների ուղին: Ականատեսի աչքերով՝ հեղաշրջման փորձին հաջորդած Ստամբուլում հնարավոր էր առանձնացրել երկու աչքի զարնող երևույթ՝ ոստիկանության հերոսացումն ու կրոնամետների ցնծությունը: Թուրքիայում մշտապես զինվորը՝ «մեհմեթչիքը», համարվել է հերոս, անձեռնմխելի, մինչդեռ ռազմական հեղաշրջման փորձը հերոսի կարգավիճակը շնորհեց ոստիկաններին: Ստամբուլում կարելի էր տեսնել ոստիկաններին ծափահարող խմբեր, կանայք ու աղջիկներ, որոնք ցանկանում են լուսանկարվել ոստիկանների հետ: Հերոսի ընկալման փոխատեղում, որը ցույց է տալիս նաև այն, թե Էրդողանի իշխանությունը ինչպիսի ուժային կենտրոնների վրա է հենվում. մեկը՝ ոստիկանությունը, մյուսը՝ ազգային հետախուզության ծառայությունը: Հետաքրքիր էին նաև կրոնամետ զանգվածների արձագանքները, որոնք փողոցներում հնչեցնում էին կրոնական բովանդակության վանկարկումներ և կոչեր: Ստեղծված իրավիճակը բավական գունեղ ներկայացնում էր աշխարհիկ հիմքերին հարող զինվորականության և կրոնամետ լայն զանգվածների մշտական պայքարը Թուրքիայում, և հուլիսի 15-ի ճակատամարտում հաղթած կողմին՝ իսլամամետ զանգվածին:
Հայերն ու հեղաշրջման փորձը
Թուրքիայում բնակվում են այդ երկրի քաղաքացիություն ունեցող տասնյակ հազարավոր հայեր, ինչպես և ժամանակավոր աշխատելու ու բնակվելու համար այդ երկրում գտնվող ՀՀ հազարավոր քաղաքացիներ: Հեղաշրջման փորձն այս խմբերի համար աննկատ չէր կարող անցնել, քանի որ մաստշաբային այդ երևույթն առնչվում էր Թուրքիայում բնակվող բոլոր անձանց: Արդեն գրանցվել են դեպքեր, երբ թուրքական իշխանությունների՝ հեղաշրջման փորձին առնվչող քայլերից տուժել են նաև հայեր, սակայն դա համակարգված և շարունակական բնույթ չի կրում, այսինքն՝ հայերի վրա ազդեցությունն այնպիսին է, ինչպես և Թուրքիայի մնացյալ քաղաքացիների վրա: Իրավիճակը կարող էր սկզբունքորեն այլ լինել, եթե ռազմական հեղաշրջման փորձը հաջողեր: Նախորդ տասնամյակներին հաջողած ռազմական հեղաշրջումները բացասական էին անդրադարձել Թուրքիայի ներքաղաքական կյանքի վրա՝ բացասական ազդելով նաև ազգային ու կրոնական փոքրամասնությունների վրա: Ընդ որում, ռիսկային էր ոչ միայն այն, թե իշխանությանը տիրած նոր ուժերն ինչ քաղաքականություն կորդեգրեին հայերի նկատմամբ, այլ նաև այն, որ երկրում ստեղծված անկայուն իրավիճակից կարող էին օգտվել ազգայնամոլական խմբերը՝ թիրախավորելով հայերին և այլ փոքրամասնությունների: Էրդողանական Թուրքիայի որոշակի կայունության և ընկալելիության փոխարինումը անհայտ ծրագրերով զինվորականներով, կարծում ենք, լավագույն ընտրությունը չէր Թուրքիայի տասնյակ հազարավոր հայերի համար:
Հայաստանն ու հեղաշրջման փորձը
Հեղաշրջման փորձի հետևանքների հետ կապված կարևոր է ընդգծել առաջնային մի փաստ՝ Թուրքիայում քաղաքական դերակատարների փոփոխություն չի եղել, ինչպես փորձից առաջ, այնպես էլ դրանից հետո մեր արևմտյան հարևանի ճամբարում առանցքային պաշտոնները զբաղեցնում են նույն անձինք ու նույն քաղաքական ուժը: Ուստի պետք չէ սպասել արագ և առանցքային փոփոխությունների Հայաստանի հետ քաղաքականության տեսանկյունից: Ամեն դեպքում, հեղաշրջման փորձն իր որոշակի ազդեցությունը թողեց. Թուրքիայում վարչապետի փոփոխությունից հետո նախատեսվում էր հայ-թուրքական հարաբերությունների տեսանկյունից քայլեր կատարել (սպասելիորեն՝ սահմանափակ ձևով), սակայն հեղաշրջման փորձը մասնակիորեն հետաձգեց կամ դանդաղեցրեց այդ ուղղությամբ աշխատանքները: Թուրքիայի հետդավութօղլույան արտաքին քաղաքականությունում արձանագրված փոփոխությունները ենթադրում են նաև զարգացումներ հայ-թուրքական ճակատում, որին վերադարձ կարելի է սպասել հեղաշրջման հետևանքների վերացմանը զուգընթաց:
Նոր Թուրքիան. արտաքին և ներքին փոփոխություններ
Ակնհայտ է, որ հուլիսի 16-ին Թուրքիան դարձավ առավել էրդողանական: Սակայն Թուրքիան դարձավ նաև ավելի բևեռացած, հասարակությունը կուտակեց ավելի շատ բացասական էներգիա, երկրում տեղի ունեցան արժեքային փոփոխություններ: Եթե իշխանության հեղաշրջումը չհաջողեց, ապա հեղաշրջումը շարունակվում է Թուրքիայի հասարակությունում:
Հեղաշրջումն արագացրեց նաև մի շարք արտաքին գործընթացներ: Դրանց թվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման գործընթացը, որտեղ գործուն քայլեր կատարվեցին հեղաշրջման փորձին հաջորդած շաբաթներին: Թուրքիան ակտիվացրեց նաև իր քաղաքականությունը Մերձավոր Արևելքում, ինչն արտահայտվեց Սիրիա ներխուժմամբ:
Մեկ նախադասությամբ ամփոփելու դեպքում կարելի է ասել՝ Էրդողանը հերթական ցնցումը ևս հաղթահարեց՝ ստանալով նոր Թուրքիա: