Անտոն ԵՎՍՏՐԱՏՈՎ
Քաղաքագետ
Վորոնեժ
Պրոֆեսիոնալ խառնամարտերի (այլ կերպ՝ մարտեր առանց կանոնների) նկատմամբ աճող հետաքրքրությունը բացի մարզական բաղադրիչից նաեւ կարեւոր բիզնես գործոն է, որը թույլ է տալիս սպորտի ոլորտի ձեռներեցներին գնալով ավելի ու ավելի շատ վաստակել: Եթե ԱՄՆ-ում եւ Եվրոպայում ոլորտը զարգանում է գեղեցիկ եւ ծախսաշատ շոուների, լավագույն մարտիկների հրավիրման, վճարովի հեռարձակումների կազմակերպման, գրագետ եւ ամենակարեւորը՝ օրինական մենեջմենթի ճանապարհով, ապա բարեկեցիկ երկրների սահմաններից դուրս վարվում են այլ կերպ: Այնտեղ հետզհետե ավելի մեծ ժողովրդականություն են ձեռք բերում մանկական պրոֆեսիոնալ մրցաշարերը: Եթե ժամանակին նմանատիպ միջոցառումները գերազանցապես անցկացվում էին հարավարեւելյան Ասիայի երկրներում, ապա այժմ դրանց աշխարհագրությունն ընդլայնվել է՝ ներառելով նաեւ հետխորհրդային Հայաստանը: Այսպես, Youtube ցանցում ավելի քան 500 հազար դիտում է հավաքել այն տեսահոլովակը, որտեղ իրար հետ մարտի են բռնվում յոթամյա Հայկ Տաշճյանը եւ վեցամյա Մինաս Ավագյանը: Տեսահոլովակը ցանցում զետեղվել է Հայաստանի խառը մարտարվեստի ֆեդերացիայի (Mixed Martial Arts, MMA) անունից:
Հիշյալ մրցումը նման չէր սովորական սիրողական միջոցառման. այն կազմակերպվել է ակումբի շենքում, որտեղ տեղադրված էր մարտիկների համար նախատեսված վանդակը, իսկ մրցասպարեզ նրանց դուրս գալը հայտարարում էր հանդիսավարը (ռինգ-անոնսեր): Տեսահոլովակը դիտելիս կարելի է նկատել սեղանիկների մոտ նստած եւ մրցախաղին հետեւող հանդիսատեսների: Միջոցառման ողջ անտուրաժը նմանվում էր չափահաս արհեստավարժ մենամարտին: Լուրջ հարցեր է առաջացնում այս ամենի հանդեպ հայաստանյան օրենսդրության եւ դրա հավատարիմ պահապանների՝ ոստիկանների վերաբերմունքը: Եթե մրցախաղն առանց որեւէ խոչընդոտի տեղի է ունեցել եւ դրան ոչ մի հետաքննություն չի հետեւել, ապա կարելի է եզրակացնել, որ կազմակերպիչներին հաջողվել է պահպանել անհրաժեշտ օրինական պահանջները կամ անել այնպես, որպեսզի նրանց «ավելորդ» հարցեր չտան:
Դա եղել է 2012թ. եւ վաղուց նորություն չէ: Դրանից հետո թե՛ Հայաստանում եւ թե՛ ողջ աշխարհով մեկ անցկացվել են Խառը մարտական արվեստի շատ մրցախաղեր: 2015թ. հունիսին այս մարզաձեւի առաջնություն է անցկացվել նաեւ Լեռնային Ղարաբաղում: Այս մրցումներին եւս մասնակցում էին անչափահաս փոքր երեխաներ: Այստեղ տարբերությունն ակնհայտ է. YouTube-ում ցուցադրված մրցախաղն, ի տարբերություն մնացած վերոհիշյալ մրցումների, պրոֆեսիոնալ էր: Դրանում բացակայում էր պաշտպանական հանդերձանքը, պահպանված չէին նաեւ անվտանգության այլ պահանջներ: Դրանով էլ բացատրվում է համացանցում տեսահոլովակի ապահոված բարձր հաճախելիությունը: Չափահասների համար անցկացվող մրցումներում մարտիկները պարգեւավճարներ են ստանում, իսկ «իրադարձությունն» ակտիվորեն գովազդվում է: Բայց, արդյո՞ք կարելի է թույլատրել երեխաների մասնակցությունը մենամարտերի այս ամենահաղորդակցային եւ կոշտ տեսակին այսչափ վաղ տարիքում կամ, առավել եւս, հնարավորություն տալ նրանց մասնակցելու պրոֆեսիոնալ եւ կիսապրոֆեսիոնալ մրցախաղերին:
Այս հարցը մենք որոշեցինք ուղղել մասնագետներին:
Դմիտրի Վոստրիկով՝ բրազիլական ջիու-ջիցուի մարզիչ, աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների, ինչպես նաեւ ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ հարավարեւելյան Ասիայում կայացած այլ միջազգային մրցաշարերի մասնակից.
«Կարծում եմ, խառը մարտական արվեստի պարագայում պրոֆեսիոնալ գործունեությունը պետք է սկսել 17-18 տարեկան հասակում: Հարվածային մենամարտերում, որոնցում գլուխը պաշտպանված չէ, չարժե մասնակցել 14 տարեկանից շուտ (գլխին հասցվող հարվածները բացասաբար են անդրադառնում երեխաների առողջության վրա): Գտնում եմ, որ ըմբշամարտը երեխաներին զարգացնելու լավագույն միջոցն է՝ չորս տարեկանից սկսած: Այն հաղորդում է ձգվածություն, ճարպկություն, ուժ, տոկունություն եւ հոյակապ արտաքին տվյալներ: Ամենագլխավորն այն է, որ երեխան մանկությունից ամրապնդում է ողնաշարը, սովորում է այն ուղիղ պահել, քանի որ ներկայումս, դժբախտաբար, համատարած հանդիպում ենք ողնաշարի վնասվածքներ եւ կրծքավանդակի ծռվածություն ունեցող տղաների եւ աղջիկների:
Անձամբ ես խորհուրդ կտայի երկամյա հասակից երեխային «շպագատ» նստեցնել եւ նրա մոտ հետզհետե հավասարակշռություն ու կոորդինացիա զարգացնել: Չորս տարեկանից արժե երեխային գցումային տեխնիկա սովորեցնել (ձյուդո) եւ ըմբշամարտի տալ (հունահռոմեական կամ ազատ ոճի): Ութամյա հասակում երեխաներին կարելի է սովորեցնել պարտեր (հողի վրա մարտ, գրեպլինգ, բրազիլական ջիու-ջիցու): 15 տարեկանից միայն կարելի է սկսել հարվածային տեխնիկայի ուսուցում (մուայ-թայ եւ կարատե-դոյի պաշտպանական որոշ տեխնիկաներ): Եվ միայն 18-20-ամյա տարիքում՝ ըստ անձի ընդգծված ցանկության, կարելի է մտնել խառը մարտական արվեստի պրոֆեսիոնալ դպրոց: Միայն այդ տարիքից, ֆիզիկական եւ հոգեբանական տվյալներից ելնելով կարելի է խոսել ինչ-որ պրոֆեսիոնալ մրցախաղերի մասին»:
Նիկոլայ Սոկիրկին՝ Վորոնեժի նահանգի ՆԳՆ ՊՎ հոգեբան
«Երեխաների՝ խառը մարտարվեստներով զբաղվելու համար հոգեբանական հակացուցումներ չկան, ընդհակառակը՝ հոգեբանական տեսանկյունից սպորտով, այդ թվում եւ մարտարվեստներով զբաղվելը բարելավում է երեխաների ընտելացուցիչ հատկությունները եւ հաղորդակցային հմտությունները (սպորտով զբաղվողը վարժանքների ժամանակ շփվում է տարատեսակ մարդկանց հետ, տարեկիցների եւ տարեց մարզիկների հետ հարաբերություններում իրեն ավելի վստահ է զգում): Ձեւավորվում է երեխայի նյարդահոգեբանական կայունության մակարդակը: Ընդ որում, մարտարվեստներն ագրեսիան դրական հունով ուղորդելու միջոց են, ինչը շատ կարեւոր է երեխայի սեռական չափահասության հասնելու շրջանում: Ավելի փոքր տարիքում դրանք հիպերակտիվության եւ նյարդային դրսեւորումների դեմ պայքարելու լավ միջոց են: Մարտարվեստներով զբաղվելու որոշ բացասական երեւույթներ կարող են կրել զուտ ֆիզիոլոգիական բնույթ, մասնավորապես՝ գլխի հատվածում ստացած հարվածներ ու վնասվածքներ: Միեւնույն ժամանակ, խառը մարտարվեստներով զբաղվողներն օժտվում են տեխնիկական գործիքադարանի հարստությամբ, որի շնորհիվ նվազեցվում է գլխին հասցված հարվածներ եւ այլ վնասվածքներ ստանալու վտանգը: Բռնցքամարտի եւ քիքբոքսինգի պարագայում Ամերիկա հայտնաբերած չեմ լինի, եթե ասեմ, որ սկսելու լավագույն տարիքը 10-12 տարեկանն է: Բացառության կարգով կարելի է ավելի վաղ էլ սկսել՝ ոչ հաղորդակցային (ոչ կոնտակտային) մենամարտի պայմանով: Այս տարիքային սահմանափակումը վերաբերում է միայն այն մարտարվեստներին, որոնցում ուշադրության կենտրոնում գլխին հասցվող հարվածներն են:
Որպես կանոն, առկա է այն կարծրատիպը, թե խառը մարտական արվեստներն այնքան կոշտ են, որ երեխաները դրանց չպետք է մասնակցեն: Բայց մենք մոռանում ենք, որ մարտական արվեստների դպրոցներում ընդունելությունը միշտ վաղ տարիքից էր սկսվում: Բանակային ձեռնամարտի, մարտական սամբոյի կամ ջիու-ջիցուի պարագայում, որոնց կանոնները խառը մարտական արվեստի կանոններից քիչ են տարբերվում, ընդունելությունը սկսվում է հենց վաղ դպրոցական տարիքից: Խառը մարտարվեստերով կարելի է զբաղվել վաղ մանկությունից, բայց սահմանափակվել ընդհանուր տեխնիկական պատրաստությամբ եւ մարտարվեստով, հետագայում` հարվածային տեխնիկայի հմտությունների եւ փորձառության խորացմամբ: Խառը մարտական արվեստների առավելություններից է նաեւ այն, որ, ի տարբերություն բազում ոչ կոնտակտային մարտատեսակների, դրանք օժտում են երեխային գործնական ինքնապաշտպանության հմտություններով: Պրոֆեսիոնալ մարտիկ լինելը գլխավոր նպատակը չէ: Կարեւորը խելամիտ երեխաներ մեծացնելն է, իսկ արդյունքներն այդտեղ երկրորդական են»:
Ինչպես տեսնում ենք, երեխաներին խառը մարտարվեսերի եւ այլ լիահաղորդակցային մարտական արվեստների ուսուցման շուրջ առկա տեսակետները տարբեր են: Բայց 6-7 տարեկան երեխաների մասնակցությամբ կոմերցիոն խառնամարտը բոլոր դեպքերում էլ ծայրահեղություն է անգամ պրոֆեսիոնալ մարզիկների համար: Եթե հարավարեւելյան Ասիայի տարածաշրջանում տարիքային սահմանափակումները որոշակիորեն տարբեր են համաշխարհային չափանիշներից, ապա Հայաստանն, այնուամենայնիվ, դասելի է միանգամայն եվրոպական երկրների շարքը: Հավանաբար, հոգեբանական եւ այլ հակացուցումները մրցախաղի կազմակերպիչներին չեն մտահոգել: Հանուն արդարության նշենք, որ վերոհիշյալ տեսահոլովակից հետո այդ կարգի այլ տեսանյութեր համացանցում չեն հայտնվել: Սակայն, մենք չենք կարող լիովին վստահ լինել, որ նմանատիպ միջոցառումներ այլեւս չեն անցկացվել:
Մանկական մենամարտերը՝ որպես երեւույթ, ոչ միայն մարզական եւ բժշկական, այլեւ սոցիալական խնդիր է: Արդեն նշեցինք, որ այն բնորոշ է հարավարեւելյան Ասիային, բայց ոչ բնավ Եվրոպային: Հետեւաբար, այնտեղ խառը մարտական արվեստի ոլորտի մրցախաղերն այլ ցուցանիշների հետ միասին, ի հեճուկս կառավարությունների պնդումների, անուղղակիորեն վկայում են, թե իրականում որ ուղղությամբ են ընթանում այդ երկրները: Խոսքը ոչ միայն եւ ոչ այնքան նյութական կեցության մակարդակի մասին է, որին անդրադառնում է մասնագետների մեծամասնությունը, թեեւ, անտարակույս, կոմերցիոն բաղադրիչը երեւույթի վրա մեծ ազդեցություն է թողնում: Այստեղ գլխավորը մշակութային մակարդակն է, որը թույլ է տալիս անընդմեջ «թայլանդացվող» հասարակության պայմաններում մի կողմից ունենալ երեխաների մենամարտեր կազմակերպող ակումբներ, իսկ մյուս կողմից՝ երեւույթը որպես միանգամայն ճիշտ եւ բնականոն ընկալել: Միգուցե մտահոգություններս տեղին չեն եւ YouTube-ի իմ գտած տեսահոլովակն իր տեսակով եզակի է (ինչի մասին խիստ կասկածներ ունեմ), սակայն, անգամ այդ դեպքում կատարվածը կարող է դիտվել որպես տագնապահարույց նախազգուշացում: