Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր
Ստեփանակերտ
Որպես նախաբան
Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցն ամեն ինչից զատ մեծ առիթ պետք է լինի՝ վերաարժեւորելու մեր ժողովրդի ամենամեծ ողբերգությունը: Մենք պետք է ազնվություն, քաջություն եւ կամք ունենանք հետադարձ հայացքով վերլուծելու այն ժամանակվա դեպքերը եւ անաչառ դասեր քաղելու: Մենք հաճախակի ենք Թուրքիային կոչ անում առերեսվելու սեփական պատմությանը, սակայն ինքներս դա չենք անում եւ իբր թե մեզ ձեռնտու պարզունակ մոդելի պրոկրուստյան մահճակալում փորձում ենք տեղավորել ամեն ինչ:
Իսկ այդ «մահճակալի» սահմանները հետեւյալն են՝ գազան թուրքերը մեզ կոտորեցին, քրիստոնյա Եվրոպան մեզ խաբեց, անտարբեր եղավ առաջին քրիստոնյա ազգերից մեկի գողգոթային, ժամանակներն էլ դաժան ու ահասարսուռ էին: Տասնամյակներ շարունակ կիրառվող այս մոդելը թույլ տվեց մեր այն ժամանակվա քաղաքական էլիտայի մեղքերը թուրքերի, Եվրոպայի ու ժամանակի վրա բարդել ու պատասխանատվություն չկրել ահավոր սխալների համար, մեր այն ժամանակվա հանրային կարծիքն անմեղսունակ դարձնել ու մեր մեծ ողբերգությունից դասեր չքաղել:
Ինչ խոսք, երբեք ու ոչ մի պարագայում հնարավոր չի լինի ոչ միայն հիմնավորել, այլեւ պատճառաբանել այն անմարդկային ոճրագործությունը, նույնիսկ քարանձավաբնակ մարդուն անհարիր եղած այն հրեշավոր դաժանությունները, որ իրագործել են թուրքերն ու նրանց ձեռնասուն քրդերը: Սակայն սա թուրքերի ու քրդերի մերօրյա սերունդների խնդիրն է ու նրանց առջեւ ծառացած մարտահրավերը, սա նրանց ժառանգած դարավոր անեծքն է: Ինչպե՞ս պիտի դուրս գան եւ դուրս կգա՞ն, արդյոք, այդ անեծքի տակից, տարանջատվելով այդ ոճրից, թե՞ իրենց հոգիներին ու մտքներին որպես խարան կկրեն այդ անեծքը՝ սա նրանց լուծելիք խնդիրն է:
Իսկ մեր խնդիրը մեր սխալները գիտակցելն է եւ կատարվածից դասեր քաղելը՝ հանուն մեր այսօրվա եւ հետագա սերունդների անվտանգության ու բարեկեցության, հանուն մեր վաղվա քաղաքակիրթ պետության: Ու դա պիտի կարողանանք անել ամենայն խստությամբ: Պատմաբան Լեոն իր «Անցյալից» աշխատության մեջ գրում է. «Իմ վերլուծումները խիստ են, գուցե նույնիսկ անողորմ, ես ոչ ոքի չեմ խնայել: Այսպես է … որովհետեւ այսպես է պահանջում մեզ վիճակված սոսկալի դժբախտությունը, այսպես է պահանջում միլիոնավոր մորթվածների հիշատակը… Անխնա լինենք նախեւառաջ դեպի մեզ»:
Ի դեպ, հակված եմ կարծելու, որ 100 տարի առաջ կատարված ողբերգության պատճառահետեւանքային կապերը հասկանալու համար մարդ պիտի առնվազը երեք գիրք կարդացած լինի՝ Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրին» (սահմանի այս կողմում՝ Արեւելահայաստանում կատարվածի մասին), Գուրգեն Մահարու «Այրվող այգեստանները» (սահմանի այն կողմում՝ Արեւմտահայաստանում կատարվածի մասին) գեղարվեստական գործերը եւ Լեոյի «Անցյալից» փաստավավերագրական աշխատությունը: Երեքն էլ այդ դեպքերի ժամանակակիցներն էին եւ դրանց մասին գրել են առավելագույն ցավով ու ազնվությամբ:
Սույն հոդվածում կփորձեմ հայ հանրության ուշադրությունը սեւեռել մեր հասարակական-քաղաքական մտքի սակավ լուսաբանված կողմերի՝ այն մահացու սխալների վրա, որոնք ի վերջո աստիճանաբար սեղմեցին մահվան օղակը մեր ժողովրդի շուրջ:
Արեւելահայություն VS արեւմտահայություն
Ըստ իս, կատարվածի ամենամեծ ու սկզբունքային սխալն այն էր, որ Արեւմտյան Հայաստանի ազատագրման որոշումն ընդունվել էր Արեւելյան Հայաստանում՝ առանց հաշվի առնելու արեւմտահայերի կարծիքը, ավելին՝ որոշ դեպքերում էլ ի հեճուկս նրանց դիրքորոշման: Սակայն սա ինքնին ողբերգության չէր վերածվի, եթե արեւելահայ առաջնորդները գործին ձեռնամուխ լինեին հանգամանորեն ու հեռագնա ռազմավարությամբ՝ տրամադրվելով արեւմտահայերին նախապատրաստելու, նրանց ինքնակազմակերպմանը նպաստելու, գաղափարական-քարոզչական աշխատանքի, արտաքին-քաղաքական բարենպաստ վիճակի ձեւավորման, մարդկանց զինման ու զինական արվեստում հմտացնելու երկարատեւ ու քրտնաջան աշխատանքի: Իրականում՝ ճիշտ հակառակն էր: Սակայն սա մեդալի մի երեսն է միայն: Մյուս ողբերգազավեշտական երեսն էլ այն է, որ այդ առաջնորդները նույնիսկ Արեւելյան Հայաստանում չէին, այլ գլխավորապես Թիֆլիսում եւ եվրոպական մայրաքաղաքներում, որտեղից էլ ժողովրդի գլխին իջեցնում էին իրենց շրջաբերականները: Իրավիճակին անտեղյակությունը մի չարիքն էր, հանցավոր անպատասխանատվությունն ու անտարբերությունը՝ մեկ այլ: Եթե սրան հավելենք նաեւ այն հանգամանքը, որ թուրքական լծի տակ կեղեքվող արեւմտահայությունը գերազանցապես կազմված էր ոչ միայն քաղաքականությունից ու դիվանագիտությունից, այլեւ ընդհանրապես հասարակական կյանքից գրեթե անհաղորդ հողագործ գյուղացիությունից, ապա պարզ կդառնա, թե ինչպիսի անհեռանկար գործ էին ձեռնարկել արեւելահայ առաջնորդները եւ թե նրանց հեղափոխական գործունեության համար ինչպիսի խոպան էր Արեւմտյան Հայաստանը:
Ահա թե ինչ է վկայում Լեոն. «Իր տրամադրության տակ ունենալով բավականաչափ նյութական միջոցներ՝ զինվորների եւ պաշտոնավարների ամբողջ խմբեր պահելու համար, Դաշնակցությունը չկարողացավ երբեք լուրջ կերպով ուսումնասիրել այն միջավայրը, ուր նրան վիճակված էր գործել: Պատմում են, որ Քրիստափոր Միքայելյանը, պատասխանելով նրանց, ովքեր ասում էին, թե Թուրքահայաստանը մի անծանոթ երկիր է, պետք է ուսումնասիրել այն, որպեսզի կարելի լինի գործել այնտեղ, ասում էր. «Начто мне знать, насколько высоко ростет трава в Турецкой Армении?»…Դժբախտ Թուրքահայաստանը մեր քաղաքական ռոմանտիզմին անվերջ կերակուր տալու դերը պիտի կատարեր»:
Ահա այսպիսի տրամադրությամբ եւ պատասխանատվության այս ծտի բեռով էին հայ առաջնորդները ձեռնամուխ եղել գործին: Ընդ որում՝ այդ գործով զբաղվելու ցանկացողների պակաս չկար: Լեոն գրում է. «Չէր լսվում երկրի ձայնը: Լուռ էր մեծ նահատակը՝ իր արյան գետերով իր դաշտերը ոռոգող աշխատավոր, խավար ու անգրագետ հայ գյուղացիությունը: Եւ իբր թե նրա անհուն ցավերով էին տարված բոլորը՝ թե Թիֆլիսի բուրժուական ինտելիգենտը, թե Ներսիսյան լճի քարափներից ավելի բան չտեսած կաթողիկոսը, թե Ավենյու դյու Տրոկադերո փարիզյան փողոցի վրա իր սեփական վիլլան ունեցող մեծափարթամ փաշան, թե Պետերբուրգի նավթային կրեսոսը: Ամենքը փրկում էին Մուշի եւ Վասպուրականի ջրատարին, քրդի ճորտ ռանչպարին, փրկում էին պապերի ու նախնիների ավանդած միջոցներով»:
Առաջին աշխարհամարտի ժամանակ ցարական Ռուսաստանի ձեռքին կույր գործիք եղած արեւելահայ հոգեւոր-քաղաքական էլիտան առիթը բաց չէր թողնում հաճոյանալու ռուսներին: Ահա մի հատված Հայոց Գեւորգ կաթողիկոսի մի նամակից. «…Ես երջանիկ եմ հայտարարելու Ձեզ նաեւ այն, որ սահմանից այն կողմը բնակվող հայ ժողովուրդը նույնպես անխախտ հավատարիմ մնաց իր անձնվիրության մեջ մեծ ռուսաց պետությանը…»:
Ահա սա էր այն ամենամեծ սխալը, այն ահավոր որոշումը, որ կայացվեց հակառակ արեւմտահայերի կարծիքի՝ ռուսների հետ թուրքերի դեմ պատերազմին մասնակցելու որոշումը: Ընդ որում, չի կարելի ասել, որ հայ հոգեւոր-քաղաքական էլիտան տեղյակ չէր արեւմտահայերի դիրքորոշմանը: Մինչ այդ Հովհաննես Քաջազնունին բյուրոյին զեկուցել էր, որ թե՛ Վանի, եւ թե՛ երկրի այլ դաշնակցական մարմինները դեմ են Կովկասում սկսված կամավորական շարժմանը, այն համարում են մի ձեռնարկում, որը չափազանց վտանգավոր է թուրքահայերի համար: Հիմնվելով 1914թ. Էրզրումի ընդհանուր ժողովի որոշման վրա (չեզոքություն պահպանելու մասին), Վանի կոմիտեն պահանջում էր անմիջապես վերջ տալ այդ շարժմանը` թուրք կառավարությանը հայերի դեմ չգրգռելու համար: Դարձյալ լսենք Լեոյին. «Երկրի ինքնապահպանման բնազդն էր խոսում… վերջին անգամ: Բայց մի անգամ էլ, դարձյալ վերջին անգամ, նրան բռնաբարում էր ռուսահայերի էգոիզմը: Սկսվեցին վիճաբանություններ: Այս մարդիկ, Կուրի ափին նստած, որտեղի՞ց էին վերցրել այն հեռավոր աշխարհի բախտը տնօրինելու իշխանությունը: Եվ որտեղի՞ց էր, որ Շամիրամ-սուի ափին նստած մարդիկ համակվեցին այնքան անվերապահ հլու հնազանդությամբ այստեղի որոշումներին ու դատավճիռներին»:
Ինչ խոսք, ազատագրական պայքարն ուներ իր արեւմտահայ առաջամարտիկներն ու գաղափարախոսները եւս, սակայն դրանց մի մասն արեւելահայ առաջնորդների ազդեցության տակ էր ու նրանց կողմից նախընտրված, մի մասն էլ կտրված էր սեփական ժողովրդից:
Եղեռնից հետագայում հրաշքով փրկված եւ Արեւելահայաստանում բնավորված արեւմտահայերը դեռ երկար ժամանակ արտահայտում էին իրենց վիրավորվածությունը: Այդ առանց այն էլ ծանր ժամանակներում ծայրաստիճան սրվել էին արեւելահայերի ու արեմտահայերի հարաբերությունները՝ սպառնալով վերածվել մի նոր մարտահրավերի: Արեւմտահայ դոկտոր Բոնապարտյանը տարբեր հավաքներում միշտ նույն ահասարսուռ հայտարարությունն էր կրկնում. «Մենք ձեր կոտորածն էլ պիտի տեսնենք»:
Ու տեսան՝ երեք տարի անց: Որքան սարսափելի էր 1915-ի ամառը արեւմտահայերի համար, նույնքան էլ ահավոր էր 1918-ի ամառը արեւելահայերի համար: Իսկ 1918-19-ի ձմեռը սովամահությամբ վերջ կտար հայ ժողովրդի վերջին փշրանքներին, եթե օգնության ձեռք չմեկնեին ամերիկացիները:
Քաղաքական վտանգավոր արկածախնդրություն
Հայոց ազգային-ազատագրական պայքարի գաղափարախոսությունն էն գլխից հետադիմական էր եւ իր էության մեջ սխալական: Թե արմենականները, թե հնչակյանները, եւ թե հատկապես դաշնակցականները շեշտը դնում էին հայդուկային-ֆիդայական պայքարի եւ Եվրոպայի պաշտամունքի վրա: Չկային քաղաքական-դիվանագիտական լուրջ ուսումնասիրություններ, սեփական ռեսուրսների անաչառ վերլուծություններ, տարածաշրջանում եւ աշխարհում առկա զարգացումների իմացություն: Պարզապես կար աշխարհի այս կամ այն ծագում բռնկվող ազատագրական շարժումներից ոգեւորություն եւ նույնը կրկնելու մեծ ցանկություն ու եռանդ: Եւ ընդամենը: Ազատագրական շարժման գաղափարախոսությունը բխում էր այն ժամանակվա հայ գրականությունից եւ հրապարակախոսությունից, առավել մեծ դեր խաղացին Րաֆֆու «Խենթը» եւ այլ ստեղծագործություններ, Գրիգոր Արծրունու եւ այլոց հոդվածները պարբերական մամուլում ու հատկապես «Մշակ»-ում: «Խենթը» կարդացողներն ամեն օր հանդիսավորապես արտասանում էին՝ «Ձեռքերս կապած, ոտքերս շղթա, Եվրոպան կասե` հե՞ր չելաք ոտքի»:
Այս հոգեբանությունը տանում էր վտանգավոր արկածախնդրության: Հայ հոգեւոր-քաղաքական էլիտան փորձում էր հայոց հարցը ցանկացած գնով լսելի դարձնել Եվրոպայում՝ վերջինիս ընկալելով որպես միադեմ ու միակարծիք, քրիստոնեական միասնական ատյան, տեղյակ չլինելով կամ անտեսելով շահերի բազմազանությունն այնտեղ: Մինչդեռ 1880-ականներին ծայր առած եւ մինչեւ 20-րդ դարի 20-ական թվականների սկիզբը շարունակված այդ պայքարում Եվրոպայից երբեւէ միասնական դիրքորոշում չդրսեւորվեց հայոց հարցում, եւ չէր էլ կարող: Լեոն փաստում է. «Մրցակցությունը կատաղի կերպարանք էր ստանում` կատարելապես անհնարին դարձնելով, որ մեծ կոչված պետությունների մեջ համաձայնություն կազմվի Թուրքիային վերաբերող որեւէ հարցի մեջ միաբան գործելու համար: Այս մրցությունների մեջ հայ ժողովուրդն իր դառը տանջանքներով դառնում էր առուծախի առարկա: Եթե մեկը հայերի պաշտպան էր հանդիսանում սուլթանին վախեցնելու եւ նրանից շահավետ ձեռնարկություններ կորզելու համար, ապա մյուսը գնում էր սուլթանին պաշտպանելու` ընդդեմ այդ հայասեր դիմակավորված ախոյանի` իր այդ պաշտպանությունը հնչուն դրամի վերածելու համար»:
Փոխվում էին ժամանակները, բայց չէր փոխվում հայ ազատագրական միտքը: Այն պարզապես փոխում էր հովանավորին՝ հիասթափելով մեկից եւ հուսահատ կերպով մյուսի գիրկը նետվելով:
Սակայն սա չէր ամենասարսափելին, այլ այն, որ էն գլխից շատ վտանգավոր մարտավարություն էր ընտրվել: Արմենականների 1885թ. հրատարակած «Վարդապետարան Հայաստանի Ազատության» ծրագրային փաստաթղթում կա այսպիսի հարցուպատասխան.
-Ո՞րն է հայերի նշանաբանը:
-Հայերի նշանաբանն այս երեք բառն է՝ ազատություն կամ մահ:
-Հայերը ե՞րբ ոտքի բարձրանան:
-Երբ որ մեծամեծ ազգերի մեջ սկսվի կենաց եւ մահվան պատերազմը:
Որոշ ժամանակ անց պատմական թատերաբեմում հայտնված հնչակյանները նույնկերպ էին մտածում: Նրանց ծրագրային փաստաթղթերից մեկում ահա այսպես է շարադրված պայքարի ռազմավարությունը. «Մոտակա նպատակին հասնելու միակ միջոցն է հեղափոխությունը, այսինքն՝ պետք է բռնի կերպով կերպարանափոխել, հեղաշրջել ներկա հասարակական կազմակերպությունը Թուրքաց Հայաստանում` կռիվ մղելով թուրք տերության դեմ՝ ժողովրդական ընդհանուր ապստամբության միջոցով»: Ի թիվս այլոց՝ այդ գործունեության միջոցներն էին «Տեռորական գործողություն իբրեւ պատիժ թուրք բռնավորներին, որպես եւ լրտեսներին, մատնիչներին, դավաճաններին: Ասպատակային գնդերի կազմություն` իբրեւ մշտական պատրաստի մարտական ուժ կառավարական զորքերի կամ այլ վայրենի ցեղերի հարձակումներին դիմադրելու, ժողովրդին պաշտպանելու համար»: Մնաց պարզել, թե երբ սկսել: Դրա պատասխանն էլ կար. «Ընդհանուր ապստամբության ժամանակը: Որեւէ պատերազմ, մղված այս կամ այն տերության կողմից Թուրքիայի դեմ, պետք է համարել հարմար րոպե մոտակա նպատակի իրագործման համար»:
Լեոն գրում է. «Ահագին բանակներ շարժելու կարողություն ունեցող Թուրքիային հայությունը պատերազմ էր հայտարարում հայդուկների փոքրիկ խմբերով: Սկսում էինք արյունահեղությունը, առանց նրա գինն իմանալու, առանց շրջահայացության, առանց կշռադատելու: Կռիվ բահերով: Այս թշվառ պատերազմի վրա ոչինչ չէր ավելացնում տեռորը, ահաբեկումը, որ վախեցնելու միջոց է, բայց պատերազմ չէ, երբ փոքրաթիվ անհատների կողմից գործադրվում է պետական խոշոր կազմավորումների դեմ: Մնում էր ընդհանուր ժողովրդական ապստամբությունը: Բայց այս էլ մի անբովանդակ ֆրազ էր դառնում թուրքահայկական իրականության տեսակետից: Մի ժողովուրդ ապստամբեցնելու համար նրան պետք էր դեռ լավ զինել, իսկ այդպիսի ահագին, վիթխարի մի գործ հայերի մեջ իր աղքատիկ գանձարկղով երբեք չէր կարող գլուխ բերել մի հեղափոխական կուսակցություն»:
Այս գաղափարախոսությունը փոխ առավ եւ հետագայում դաժան ներքաղաքական պայքարում հաղթեց ու այն մենաշնորհեց Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝ ոչինչ չավելացնելով դրան: Լեոյի վկայությամբ՝ «Դաշնակցությունը, հանդես գալով մեծամեծ խոսքուզրույցով, ճառերով, պատրաստություններով իսկապես ոչինչ նոր բան չէր մտցնում այն գործի մեջ, որ իր համար նպատակ էր ընտրել, այն է՝ թուրքահայերի ազատագրության մեջ: Սա մի անկախ ծրագիր չէր, այլ գրեթե լոկ կրկնություն հնչակյան ծրագրի: Նույն հայդուկային կռիվը, գործողության նույն դավադրական եղանակը՝ տեռորը, նույն եվրոպապաշտության ֆետիշիզմը: Դաշնակցությունը չէր գալիս ազատագրական շարժմանը նոր կերպարանք տալու, նոր ուղիներ չէր գծում ու հարթում, այլ պարզապես ուզում էր նստել հնչակյականության տեղը եւ գործել նրա նման: Այդպես էլ եղավ: Հենց այս միանմանությունն էր, թվում է ինձ, որ այնքան կատաղի էր դարձնում մրցությունն այս երկու կազմակերպությունների միջեւ: Բախվում էին ոչ թե գաղափարները, ոչ թե տակտիկական եւ ռազմավարական հարցերը, այլ բախվողը միշտ եւ գերազանցապես կաշվի հարցն էր»:
Հայ ավանդական կուսակցություններն իրար լրացնելով խռովություններ էին կազմակերպում՝ գրավելու համար Եվրոպայի ուշադրությունը, սուլթան Աբդուլ-Համիդն էլ ի պատասխան կոտորում էր հազարավոր անմեղ հայերի: Այս առումով իրենց անիմաստությամբ հատկապես աչքի ընկան հնչակյանների կազմակերպած Գում-Գափուի ցույցը (1890) եւ ՀՅԴ-ի կազմակերպած Բանկ-Օտոմանի գրավումը(1896): Երկուսն էլ հազարավոր հայ անմեղ զոհերի պատճառ դարձան:
Թե հնչակյանները եւ թե դաշնակցականները քաջ գիտեին, որ իրենց գործողությունները հանգեցնելու էին արյունահեղությունների, քանի որ արյունարբու սուլթանին պարզապես առիթներ էին պետք Հայոց հարցը արյան մեջ խեղդելու համար: Գիտեին ու սակայն շարունակում էին: Կամա թե ակամա հանգում ես ահավոր եզրակացության՝ հայ ժողովրդին առաջինը զոհեց հենց իր իսկ քաղաքական ղեկավարությունը:
Հայերի առաջին կոտորածները հայ հանրության մեջ բողոքի ձայներ արթնացրին՝ բերելով այն եզրահանգման, որ հենց հայդուկային հեղափոխությունն է հայ ժողովրդի ջարդերի պատճառը: Սակայն մեր հեղափոխականները շարունակում էին մեղքն այլ տեղ փնտրել: 1901 թվականին Քրիստափոր Միքայելյանը «Դրոշակ» թերթում տպագրեց իր «Ամբոխային տրամաբանությունը» աշխատությունը, որը ծրագրային գործ դարձավ ՀՅԴ-ի համար: Հեղինակն այստեղ առաջ էր տանում այն միտքը, թե սուլթանական Թուրքիայում ապրող ազգերը կոտորվելու են, անկախ նրանից՝ հլու-հպատակ են, թե ըմբոստ-հեղափոխական: Ասել է թե՝ հեղափոխությունը պիտի շարունակի իր գործը` առանց ուշադրություն դարձնելու ջարդերի վրա: Այսինքն՝ «Միեւնույն է, ձեզ առանց այդ էլ կոտորելու են, իսկ մենք չենք կարող հեղափոխություն չկատարել»:
Ու շարունակեցին: Շարունակեցին նույնիսկ այն ժամանակ, երբ երիտթուրքերի հեղաշրջումից հետո ՀՅԴ-ն արտոնյալ պայմաններում հայտնվեց՝ շնորհիվ նրանց հետ մտերմիկ հարաբերությունների: Նոր ժամանակները նոր մտածելակերպ ու նոր ռազմավարություն էին պահանջում, եկել էր նուրբ դիվանագիտության ժամանակը, քանի որ երիտթուրքերը խորամանկ քաղաքականություն էին վարում: Սակայն ՀՅԴ-ն շարունակում էր մնալ նույնը իր հայդուկային գաղափարախոսությամբ եւ եվրոպապաշտությամբ: Երիտթուրքերը պնդում էին, թե սահմանադրության վերականգնումից հետո անհասկանալի է այն հանգամանքը, որ ՀՅԴ-ն շարունակում է կրել «հեղափոխական» անունը: Լեոն գրում է. «Կար եւ հետզհետե աճում էր այն սոսկալի ողբերգական դրությունը, որ հայերը չէին հասկանում իրենց դիրքը նոր, վերանորոգվող, սահմանադրական Թուրքիայում: Նրանք ազատություն էին ստացել եւ կարծում էին, թե այդ անծայր եւ անսահման մի ազատություն է: Երիտթուրքերին նրանք լավ ճանաչել չէին կարողանում: Չէին տեսնում կամ չտեսնելու էին դնում, որ Սալոնիկի զորաբանակի սվինների վրա հաստատված նոր ռեժիմը ծայրահեղորեն նացիոնալիստական ռեժիմ է…Իսկ հայերը, ազատվելով թուրքական հին ռեժիմից, չուզեցին ազատվել նաեւ իրենց հին ռեժիմից. էլի հայդուկային պաշտամունքը հրապարակ նետեցին, զինվել սկսեցին` անկախ կամ գեթ ինքնավար Հայաստան` որքան կարելի է շուտ ստեղծելու համար»:
Երիտթուրքերի, իմա՝ Թուրքիայում 1908-ին իշխանության եկած քաղաքական նոր ուժի («Իթթիհատ վե Թարեքքի»՝ «Միություն եւ առաջադիմություն») եւ ՀՅԴ-ի մտերմիկ հարաբերությունները ցայսօր էլ տարակուսանքի առարկա են: Ֆրանսահայ պատմաբան Ռայմոն Կեւորկյանն իր «Հայոց Ցեղասպանություն. ամբողջական պատմություն» գրքում ուշադրություն է դարձրել այն գաղափարախոսական եւ մշակութային նմանությանը, որ եղել է երիտթուրքերի եւ հայ էլիտայի միջեւ, հավելելով, որ թերեւս հազվագյուտ զանգվածային ոճիր է, որում ոճրագործի եւ զոհի էլիտաներն այսքան մտերիմ են եղել: Այսպես թե այնպես՝ այդ մտերմիկ հարաբերություններն ու կուսակցական էգոիզմը ՀՅԴ-ին խանգարեցին սթափ գնահատելու իրավիճակը եւ կանխազգալու վտանգը, նաեւ թուլացրին հայ հանրության զգոնությունը:
Դաշնակցականները չէին զգում կամ անտեսում էին ժողովրդի գլխին կախված նոր սպառնալիքը, նրանք երիտթուրքերի հետ իրենց լավ հարաբերություններն օգտագործում էին ոչ թե նոր հնարավորությունները ժողովրդին ի սպաս դնելու, այլ զուտ անձնական-կուսակցական շահերի համար: Այսպես, առաջիկա խորհրդարանական ընտրություններում խոստացված 20 պատգամավորական մանդատի խաթեր թուրքական գործող խորհրդարանի ՀՅԴ անդամ պատգամավորներն անգամ չբարձրացրին Ադանայի ջարդերի հարցը:
Այս գործելակերպն արդեն, բժշկական լեզվով ասած, դիագնոզի էր վերածվում: Հայ ավանդական կուսակցական միտքը եւ հատկապես դաշնակցական միտքը չփոխվեց ոչ մի նոր իրավիճակում, անգամ անկախ պետության ժամանակ: Երբեմն պարապ մնալով՝ գործնեության այլ տարածք էին որոնում: Մասնավորապես, անհասկանալի ու աններելի սադրանք էր նաեւ Պարսկաստանում հեղափոխությանը մերոնց ակտիվ մասնակցությունը: Հովհաննես Քաջազնունին իր «Հ.Յ.Դաշնակցությունն անելիք այլեւս չունի» աշխատության մեջ խոստովանում է, թե ինքն էլ չէր հասկանում այն ժամանակ պարսկական արկածախնդրության բուն միտքը եւ երբ այս մասին հարցրեց Ռոստոմից, վերջինս ասաց ժպտալով` Ռուսաստանից հալածված ենք, երիտթուրքերի հետ հաշտ ենք, ապա ի՞նչ անենք…
Ինչ որ է, այս քաղաքական հետամնացության եւ անպատասխանատու արկածախնդրության թագն առաջին աշխարհամարտի ժամանակ ռուսների կողմից թուրքերի դեմ կռվի մեջ ներքաշվելն էր եւ ռուսական շահերի հաղորդակ դառնալը: Չարենցն իր «Երկիր Նաիրի» վեպում նկարագրում է, թե ինչպես ռուսներին անարժանապատվորեն ներս թողեցինք մեր օջախները, մեր հոգիներն ու մտքերը, մեր սրբության սրբոցները՝ սին հույսեր փայփայելով, որ նրանց օգնությամբ կազատագրենք մեր հողերը եւ անկախ Հայաստան կստեղծենք: Իսկ ռուսները մեր օգնությամբ ստեղծում էին «Հայաստան՝ առանց հայերի»:
Ինչ խոսք, հայ ավանդական կուսակցությունների նմանօրինակ պահվածքը հայոց դժբախտությունների ավելի շատ առիթն էին, քան պատճառը, քանի որ համաշխարհային զարգացումներն առանց նրանց էլ լուրջ մարտահրավերներ էին դարձել: Դժվար է պնդել, թե հայերն առանց իրենց արկածախնդրության անմասն կմնային դրանց հետեւանքներից, սակայն որ մենք կարող էինք ըստ արժանվույն գնահատել առկա մարտահրավերները եւ մեր ժողովրդի ինքնակազմակերպման ու հավաքական կամքի, համազգային խնդիրների շուրջ բոլոր ռեսուրսների կենտրոնացման միջոցով նվազագույնի հասցնել կորուստները՝ սա գոնե ինձ համար միանշանակ է:
Քաղաքական միաբեւեռություն
Հայ ավանդական կուսակցությունների տղայամիտ եւ անպատասխանատու գործունեությունը, ինչպես տեսանք, միանվագ գործողություն չէր: Դրանց գործունեության մեջ ոչինչ չփոխվեց ազատագրական պայքարի ողջ ընթացքում՝ մոտ 40 տարի (1880-ականների վերջից մինչեւ 1920-ականների սկիզբը): Ինչպես Լեոն է ասում՝ ինչպիսի սկզբնական մեղքերի մեջ ծնվեցին այդ կազմակերպությունները, նույնպիսի մեղքերով էլ գնացին մինչեւ իրենց կատարյալ կործանումը: Փոխվում էին իրավիճակները, նոր միտումներ ու գործող անձինք էին հայտնվում համաշխարհային թատերաբեմում, փոխվում էր ուժերի հարաբերակցությունները, նոր գաղափարներ էին ի հայտ գալիս, նոր մարտահրավերներ ու հնարավորություններ էին ծագում, բայց մեր ավանդական կուսակցությունները եւ հատկապես ՀՅԴ-ն շարունակում էին գործել հին կաղապարներով: Ինչու՞ եմ շեշտում ՀՅԴ-ն: Որովհետեւ 19-րդ դարի վերջին կուսակցական անհաշտ ու դաժան պայքարից եւ այդ պայքարում հայ ժողովրդին եւս մի նոր վնաս հասցնելուց ու պառակտելուց հետո (գյուղերը բաժանված էին դաշնակցականների եւ հնչակյանների միջեւ, կողմերն իրար հետ գնալ-գալ չունեին, իրար աղջիկ չէին տալիս, իրենց առանձին դպրոցներն ունեին, յուրաքանչյուրն ուներ իր առանձին զինվորությունը) ՀՅԴ-ին հաջողվեց երկրորդական պլան մղել իր մրցակիցներին (արմենականները լուրջ մրցակից չէին, իսկ 1896-ից սկսվեց հնչակյանների անկումը) եւ դառնալ հայաստանյան քաղաքական դաշտի տերն ու տիրակալը:
ՀՅԴ-ին հաջողվեց աստիճանաբար իր ձեռքն առնել ողջ հայ ժողովրդի ճակատագիրը: Դա արվեց քաղաքական բազմազանության ոչնչացման, քաղաքական այլընտրանքի բացառման, հանրությունում քաղաքական քննարկումների եւ այլախոհության արմատախիլ արման ճանապարհով: Նույն մեթոդներով բացառվեց նաեւ ներկուսակցական ժողովրդավարությունը: Վախի ու կասկածի մթնոլորտ էր տիրում ոչ միայն քաղաքական դաշտում, այլեւ կուսակցական շարքերում: Հաճախակի էին դավաճանության մեջ մեղադրանքները, իսկ դրա համար հիմք էր դառնում քաղաքական այլակարծության ցանկացած դրսեւորում: Կասկածամիտները տեղում գնդակահարվում էին կամ կասկածելի հանգամանքներում անհետանում: Ի դեպ, թուրքերը շատ լավ գիտեին ՀՅԴ-ի թույլ կողմերը եւ շատ լավ օգտվում էին դրանից: Գուրգեն Մահարին իր «Այրվող այգեստաններ» վեպում նկարագրում է, թե ինչպես էին թուրք ոստիկանները խորամանկորեն չեզոքացնում հայ առաջամարտիկներին: Թուրք ոստիկանը օրը ցերեկով մտնում էր այս կամ այն ակտիվիստի տունը, շատ սիրալիր վարվում, թեյ խմում, հաց ուտում, բարի վերաբերմունքի արժանացնում եւ ցուցադրաբար՝ ճեմելով հեռանում: Նույն գիշեր դաշնակցական մաուզերիստները գնդակահարում էին անմեղ մարդուն: Մահարին նաեւ նկարագրում է, թե ինչպես էր ՀՅԴ-ն ահաբեկչական մեթոդներով դրամահավաք անցկացնում՝ սարսափի մեջ պահելով մեծահարուստներին եւ ոչ մի հաշվետվությւոն չտալով միջոցների ծախսման մասին: Իսկ Եղիշե Չարենցն իր «Երկիր Նաիրի» վեպում պատմում է, թե ինչպես էին առաջին աշխարհամարտի ժամանակ կասկածելի հանգամանքներում անհետանում մարդիկ, որոնք համարձակվում էին ՀՅԴ պարագլուխներին հարցնել, թե ինչ ապացույցներ կան, որ ռուսները խոստացել են անկախ Հայաստան ստեղծել եւ կա՞, արդյոք, որեւէ գրավոր փաստաթուղթ:
Դաշնակցությունը մտել էր ամեն տեղ, տիրացել էր բոլոր ազգային, հասարակական, կրթական հաստատություններին, Հայոց Ազգային ժողովի մեջ էլ նա էր եղանակ որոշողը: Ու դարձել էր ամբարտավան, հոխորտացող, անվերահսկելի: Ահա թե ինչ է գրում Լեոն. «Յուրաքանչյուր դաշնակցական համարում էր Դաշնակցությունը հայ ժողովրդի ամբողջությունը, եւ այդ պատճառով՝ ինչ-որ անում էր Դաշնակցությունը, դա հայ ժողովրդի արածն էր: Այսպես պետք է նկատել եւ զուտ դաշնակցական ձեռնարկությունը՝ 1915-ի խելագար ապստամբությունները»: Կուսակցությունը մի կողմից դաժան պայքար էր մղում հայ ժողովրդի իղձերի միակ արտահայտիչը լինելու եւ իրեն նույնականացնում էր համայն հայ ազգի հետ, մյուս կողմից համազգային ներուժն ի սպաս էր դնում զուտ կուսակցական նկրտումներին:
Ավելի ուշ փորձեր եղան բազմազանեցնելու քաղաքական դաշտը, բայց արդեն ուշ էր: Մասնավորապես, քաղաքական դաշտում փորձեցին իրենց դերակատարությունն ունենալ Բաքվի սոցիալ-դեմոկրատները, սակայն բարենպաս հող չկար: Ահա թե ինչ է գրում Լեոն. «Այժմ, երբ սկսվել էր նոր կյանք, հայ հասարակությունը չկարողացավ հանել իր միջից մի ուրիշ հոսանք, որ ձեռնարկեր այդ նոր կյանքի խնդիրները լուծելու` նոր սկսվող պայմանների եւ պետական իրականության շրջանակի մեջ… Մենք ունեինք լավ խմբապետներ, բայց չունեինք քաղաքական առաջնորդներ: Եվ այդ խմբապետները մարդիկ էին, որոնց համար մեծագույն պատվանունը սուլթանական «փաշա» անունն էր. դրա՞նք պիտի լինեին նաեւ քաղաքական առաջնորդներն ու պաշտպանեին հայ ժողովրդի շահերն այնպիսի միջավայրում, ուր խոսքը մաուզերին կամ մոսենուն չէր պատկանում, այլ քաղաքականապես կրթված, հասարակագիտական լուրջ պատրաստությամբ ամուր եւ ուժեղ մտքին: Այսպես էր մեր աղքատությունը: Եվ մենք, բնականաբար, պիտի տեղի տայինք ընդունակ վրացի առաջնորդներին, որոնց ետեւից կազմակերպված բազմություններ էին գնում»:
Հայդուկային պայքարն ու գաղափարախոսությունն արգելակել էին հայ մտքի զարգացումը: Հարյուրավոր շնորհալի երիտասարդներ, որ կարող էին արտասահմանում կրթություն ստանալ եւ զարգացնել հայ հանրային միտքը, աշխուժացնելով նաեւ քաղաքական դաշտը, զինվորագրվել էին հայդուկային պայքարին եւ իրենց արյամբ ներկել իրենց իսկ ու երկրի ապագան: Ու երբ փոխվում էին ժամանակները, եւ գալիս էր ստեղծագործ մտքի ու հնարամիտ դիվանագիտության ժամանակը, պարզվում էր, որ մենք չունենք այդօրինակ մարդիկ, եւ դարձյալ հույսը դաշնակցական մաուզերիստներն էին:
Իսկ ու՞ր էր հանրային միտքը, հասարակական կարծիքը: Այս ոլորտում էլ եղանակ որոշողը կուսակցական մամուլն էր, այլ հնարավորություններ չկային: Ու արդյունքն էլ կանխատեսելի էր: Դրությունն ավելի էր բարդացնում ազգային կաղապարի մեջ պարփակված եւ համաշխարհային զարգացումներից կտրված ստեղծագործական մտավորականության առկայությունը՝ հատկապես Արեւելյան Հայաստանում:
Գործելակերպը չփոխվեց անգամ այն ժամանակ, երբ ՀՅԴ-ն անկախ պետություն էր ղեկավարում: Նույնիսկ թեւակոխելով «անկախության» բարձունքները՝ Դաշնակցությունը չէր կարողանում ազատագրվել իր հին մեղքից՝ ֆիդայականությունից: Մաուզերիստները տեր ու տիրական էին իրենց զգում, սովորական էին դարձել բռնությունները յուրայինների եւ այլազգիների նկատմամբ, համատարած էր ալան-թալանը: Սրան գումարվեց մի նոր աղետ՝ կոռուպցիան: Ընդունված է խոսել ՀՅԴ-ական առաջնորդներից Հովհաննես Քաջազնունու խստակյաց (ասկետիկ) կյանքի մասին (դա իրոք այդպես էր), սակայն թաքցվում էր մեծ մասի մորթապաշտությունը: Համո Օհանջանյանի կառավարության ռազմական նախարար Ռուբեն փաշայի (Ռուբեն Տեր-Մինասյան) օրոք կատարված ալան-թալանի մասին ժամանակին շատ է խոսվել, սակայն շահագրգիռ մաուզերիստները չթողեցին ավարտել հետաքննությունը: Պաշտոնյաներ էին անհետանում խոշոր գումարներով: Կարսի անկումից հետո պաշտոնանկ Օհանջանյանին վարչապետի պաշտոնում փոխարինեց Սիմոն Վրացյանը, որը կողոպտված ու թալանված Հայաստանի բյուջեից չորս միլիոն էր հանել ոսկով՝ իր քենակալ ինժեներ Զավալիշինին տալու եւ իբր ոռոգման ծրագրեր պատրաստելու համար, մինչդեռ հայ մասնագետներն աղաղակում էին, որ ոչ մի ծրագիր էլ պետք չէ, պարզապես պիտի սկսել գործը: Իսկ իշխանությունը բոլշեւիկներին հանձնելուց հետո էլ Վրացյանը շարունակում էր իրեն «կառավարություն» համարել եւ Երեւանից փախցրել էր ժողովրդին պատկանող պետական հարստությունները:
1920 թվականին Կարսի անկումը որքան ռազմական խայտառակ պարտություն էր, նույնքան էլ այն ժամանակ առկա բարոյահոգեբանական վիճակի օրինաչափ հետեւանք:
Այս ամենը հնարավոր եղավ քաղաքական դաշտում մի կուսակցության մենաշնորհի պատճառով: Ու եթե մեկի հետ էլ կիսվում էր ՀՅԴ-ն՝ դա հայ հոգեւորական վերնախավն էր: Ինչպես Լեոն է փաստում՝ հայդուկային գաղափարախոսությանը գումարվել էր կղերական դիվանագիտությունը, իսկ ՀՅԴ-ն էլ քափուքրտինք էր թափում վեղարավոր սոցիալիզմ ստեղծելու համար (մինչ այդ նրան հաջողվել էր խաչասերել ազգայնականությունն ու սոցիալիզմը):
Այս արհեստական խառնուրդից միայն մի բան կարող էր ծնվել՝ անպատասխանատվություն: Այս առումով շատ խորհրդանշական է ժամանակի կարկառուն քաղաքական դեմքերից մեկի՝ Մեսրոպ վարդապետի խոսքերը 1915-ի դեպքերից հետո՝ «Երեխաներ էինք, մեզ խաբեցին»: Սույն մտայնությունը հատուկ է նաեւ այն ժամանակվա ողջ քաղաքական էլիտային: Ու ոչ միայն: 1920-ականներին Փարիզում Անդրանիկ Օզանյանին հարցրել էին, թե՝ զորավար, բա ասում էիր ռուսները մեզ կօգնեն: Կներեք, սխալվել էի, պատասխանել է նա…
Հարեւան ազգերի շահերի անտեսում
Հայերի ազգային-ազատագրական պայքարում էն գլխից չկար հարեւան ազգերի շահերը հաշվի առնելու անհրաժեշտության գիտակցում, չկար սեփական շահերն ընդհանուր շահերի համապատկերում տեսնելու ցանկություն, ավելին՝ չկային առկա շահերի ուսումնասիրություններ ու լուրջ վերլուծություններ առ այն, թե ինչպես կարելի է գոնե չեզոքացնել հակադիր շահերից բխող վտանգները: Իսկ հայ լիբերալիզմի ռահվիրա Գրիգոր Արծրունին պարզապես ընկել էր շովինիզմի գիրկը: Նա առաջարկում էր, որ հայերը տարածաշրջանի մյուս բոլոր ազգություններին կուլտուրապես ձուլեն, մանավանդ թուրքերին եւ քրդերին, վերջիններիս էլ խորհուրդ էր տալիս թողնել արաբական անհարմար այբուբենը եւ գործածել հայերեն տառերը: Թուրքական մամուլի համար սրանք հարմար առիթ էին դառնում հակահայկական քարոզչության համար:
1880-ականների սկզբներին սկսվեց չափազանց վտանգավոր մի քրդական շարժում, որ միացրել էր առանձին, նույնիսկ իրար թշնամի ցեղերին՝ միացյալ ուժերով ընդհանուր արշավանքներ վարելու համար: Շարժումը դեռ բացահայտ հակահայկական կերպարանք չուներ, բայց թուրքական կառավարությունն ամեն կերպ աշխատում էր, որ այն հենց այդպիսի բովանդակություն ստանա:
Հայերը տեղյակ էին այդ վտանգավոր միտումներին, բայց հարկ եղած կարեւորությունը չէին տալիս դրանց: Մինչդեռ վտանգը գնալով ահագնանում էր: Թուրք պաշտոնյաները քրդերին ասում էին, թե հայերն ուզում են իրենց համար թագավորություն ստեղծել ու ստրկացնել քրդերին, թե այս վտանգից ազատվելու մի ճանապարհ միայն ունեն քրդերը՝ կոտորել հայերին: Լեոն գրում է. «Ու բացվում էր մի այսպիսի հանդիսարան: Քուրդիստանի եւ Հայաստանի լեռներից առաջ էին քաշվում, շարժման մեջ էին դրվում Քսենոփոնի ժամանակներից իրենց քաջությամբ, կռվարարությամբ ու գիշատիչ հակումներով քաջածանոթ կիսավայրենի ցեղեր` ոգեւորված թալանելու եւ կոտորելու կատարյալ ազատությամբ»:
Հանուն արդարության պիտի ասել, որ քրդերի եւ այլոց հետ լեզու գտնելու ինչ-որ փորձեր, այնուամենայնիվ, արվում էին, սակայն շատ ապաշնորհ ձեւով: 1893-ին հնչակյանները փորձեցին մտցնել հայկական շարժումն ընդհանուր օսմանյան պետականության հունի մեջ՝ ազատական գաղափարը պատվաստելով նաեւ մահմեդական կեղեքվող տարրերին: Սակայն փոխանակ մահմեդական դժգոհ տարրերին իրենց մոտեցնելու, նրանց սերտորեն գործակցելու եւ համահավասար իրավունքներով կազմակերպչական ու ղեկավար դեր ստանձնելու՝ հնչակյանները խաբեությամբ էին զբաղվում: Նրանք կեղծ կոչեր էին կազմում ու տարածում՝ իբր թե գրված մահմեդականների ձեռքով (դրանցում ժողովրդին կոչ էր արվում հնչակյանների հետ միասին կռվել սուլթանի դեմ): Նման քայլերը ոչ մի դրական արդյունք չտվեցին, ընդհակառակը՝ ավելի ամրացրին երկու ժողովուրդների միջեւ առկա անվստահության պատնեշը:
Ավելի ուշ սուլթան Աբդուլ-Համիդի հրամանով քրդական գնդեր էին կազմավորվում՝ ռուսական կազակական զորքերի օրինակով: Նորաստեղծ հեծելազորային գնդերը կոչվում էին Համիդիե: Սա եւս ըստ արժանվույն չգնահատվեց հայկական կողմից:
Ընդհանրապես, հայերը թերահավատ էին մյուս ազգերի նկատմամբ եւ թերագնահատում էին նրանց ներուժը: Հենց դա էլ խանգարեց տեսնելու, թե ինչպես ավելի ուշ՝ 20-րդ դարասկզբին, սկսեց ձեւավորվել թուրքական ազգերի միությունը: Լեոյի պատմելով՝ կովկասյան թաթարների (ադրբեջանցիների) առաջնորդներից Ահմեդբեկ Աղաեւը մի անգամ ասել էր հայերին. «Դուք զարգացած եք, հարուստ եք, առաջադեմ, մենք ձեր անեծքն ենք` երկաթի պես կախված ձեր վզից. դուք պետք է մեզ էլ ձեզ հետ առաջ տանեք: Դուք կազմակերպություն ունեք, մենք չունենք. կա՛մ մեզ էլ տվեք կազմակերպություն, կա՛մ ահա մենք կսպանենք ձեզ, կքանդենք, կհրդեհենք»: Այս դրվագի մասին պատմում է նաեւ հայ գրող Շիրվանզադեն. «Շիրվանզադե,- շարունակեց Աղաեւն ավելի մտերմաբար,- Բաքվի հայ ինտելեգենցիան տեղի-անտեղի պարծենում է, որ հայերը կուլտուրապես շատ եւ շատ բարձր են մեզանից: Չեմ ժխտում, որովհետեւ այդ մասամբ ճիշտ է եւ միայն մասամբ: Բայց եթե ենթադրենք, որ մենք՝ թուրքերս, չունենք ոչ մի կուլտուրական առաջացում, ապա չպիտի մոռանալ, որ մենք միեւնույն երկրում ենք ապրում կից առ կից: Երբ հարեւաններից մեկը տեղից շարժվում է, մյուսն եթե անզոր է շարժելու, երկու ձեռներով ծանր քարի պես կառչում է նրա ոտներին: Դուք պարտավոր եք մեզ էլ ձեզ հետ վեր բարձրացնելու, այլապես մենք ձեզ էլ կքաշենք վար, եւ երկուսս միասին կխեղդվենք խավարի ճահճում»:
Առաջին աշխարհամարտի ժամանակ ռուսական կառավարությունը որոշակի արտոնություններ էր տվել հայերին, որոնք կամավորական շարժման շնորհիվ ունեին հավաքների ազատություն եւ այլն: Մյուս ազգերը չունեին ազգային խնդիրները հրապարակավ քննելու հնարավորություն: Սա ավելի էր խորացնում հարեւան ազգերի միջեւ առկա անդունդը: Թիֆլիսի փողոցներով հպարտ ու ամբարտավան քայլում էին հայ կամավորականները՝ ի ցույց դնելով իրենց արտոնյալ վիճակը: Բնականաբար, սա չէր կարող դրական էմոցիաներ առաջացնել վրացիների ու թուրքերի մոտ: Հայերը չէին զգում այն վտանգը, որ պիտի ծագեր ռուսների հեռանալուց հետո: Չէին նկատում նաեւ, թե ինչպես են օսմանյան գործակալները համաիսլամական եւ համաթուրքական քողարկված քարոզչություն տանում եւ տեղի մահմեդականներին տրամադրում հայերի դեմ: Աստիճանաբար ձեւավորվում էր ազգայնական «Մուսավաթ» կուսակցությունը՝ օսմանյան գործակալների աչալուրջ հսկողության ներքո:
Մի հանգամանք եւս՝ Առաջին աշխարհամարտի ժամանակ հայերի զանգվածային մասնակցությունը ռուսական բանակում (ավելի քան 100 հազար մարդ), ինչպես նաեւ կամավորական գնդերը (10-12 հազար մարդ) ջլատել էին հայերի ուժերը, իսկ վրացիներն ու մահմեդական տարրերը նվազ մասնակցություն էին ունենում եւ գնալով ինքնակազմակերպվում, ուժեղանում-ամրապնդվում էին, սպասելով ինքնադրսեւորման հարմար պահի: Սա մարտահրավեր էր եւ այն էլ մեծ մարտահրավեր, առավել եւս առկա հարաբերությունների պայմաններում:
Իսկ վրացիներին էլ մտահոգում էր այն հանգամանքը, որ ռուսական սվինների օգնությամբ կարող էր Մեծ Հայաստան ստեղծվել, որը լինելու էր ի վնաս իրենց շահերի: Ռուսական կառավարությունը «Բաժանիր, որ տիրես» ռազմավարությամբ խորացնում էր այս անդունդը:
Իրավիճակն այս առումով այսօր էլ շատ չի փոխվել:
Վերջաբանի փոխարեն
Հայոց Ցեղասպանությունից 100 տարի անց էլ մեր գլխին դամոկլյան թրի պես կախված է զանգվածային ոչնչացման վտանգը:
100 տարի անց էլ Հայոց հարցը գործիք է օտարների, բայց ոչ մեր ձեռքին:
100 տարի անց էլ ցնորք է մնում չարենցյան պատգամը՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է», քանի որ այդ ուժին չի հավատում առաջին հերթին հայ ժողովրդի քաղաքական էլիտան:
100 տարի անց էլ մեր գործողություններն ու հաշվարկները բխեցնում ենք ոչ թե մեր, այլ ուրիշների հնարավորություններից ու շահերից` կամա թե ակամա մեզ դնելով ուրիշների շահերը սպասարկողի դերում:
100 տարի անց էլ մենք չենք ճանաչում մեր բարեկամներին եւ ոչ բարեկամներին:
100 տարի անց էլ հայ քաղաքական էլիտան ռուսների վասալի կարգավիճակում է ու Հայաստանի բոլոր կռվանները հանձնել է Ռուսաստանին՝ տոտալ կախվածության մեջ դնելով երկիրը եւ այն զրկելով զարգացման բոլոր շանսերից:
100 տարի անց էլ հայ քաղաքական էլիտան հայ ժողովրդի շահերի արտահայտողը չէ, այլ սպասարկում է իր անձնական-կլանային շահերը:
100 տարի անց էլ երկրում քաղաքական եւ տնտեսական մենաշնորհներ են:
100 տարի անց էլ երկիրը կեղեքվում է զոռբայությունից, ապօրինություններից ու սոցիալական անարդարությունից, պետական գանձարանը փոշիացվում է հօգուտ մի խումբ մարդկանց, հասարակությունը բեւեռանում է: Որքան տարածվում է աղքատությունը, այնքան շատանում է ճոխությունը, որքան մեծանում է արտագաղթը, այնքան ծավալվում է բնակարաշինությունը, ինչը վկայում է, որ իշխանությունն ու ժողովուրդն ապրում են իրարից անկախ:
Այս պայմաններում բնական է Ցեղասպանության ճանաչումը իշխանությունների արտաքին-քաղաքական օրակարգի հիմնաքար դարձնելը` շեղելու համար ուշադրությունը ներքին խնդիրներից: Բայց ինքներդ ձեզ հարց տվեք՝ անգամ եթե աշխարհի բոլոր ճանաչված ու չճանաչված երկրները ճանաչեն Ցեղասպանությունը՝ ի՞նչ է փոխվելու դրանից մեր երկրում ու մեր մեջ: Ցեղասպանության 100-րդ տարելիցը հոբելյան դարձրած իշխանությունը սպիտակ եղեռն է իրականացնում սեփական երկրում: Ամենուր բախվելով անարդարության, անտարբերության ու ցինիզմի պատին՝ հայը փախչում է սեփական հայրենիքից դեպի աշխարհի չորս ծագերը, այդ թվում, փորձեք մարսել, դեպի ցեղասպանություն իրականացրած Թուրքիան եւ այնտեղից հայրենիք չի վերադառնում նույնիսկ այն ժամանակ, երբ այդ երկրի ղեկավարը ակնարկում է հայերին արտաքսելու մասին:
Նախաբանում արդեն ասացինք, որ երբեւէ ոչինչ չի կարող արդարացնել 100 տարի առաջ թուրք ղեկավարների հրեշավոր արաքը: Նրանք կարող էին ի վերջո պատժիչ միջոցներ ձեռնարկել հայ քաղաքական էլիտայի նկատմամբ, բայց ոչ երբեք նրա մտավոր սերուցքի եւ ողջ ժողովրդի նկատմամբ: Սակայն որքան էլ դառը լինի՝ հենց այստեղ է թաքնված Ցեղասպանության ամենադաժան դասը մեզ համար: Ժողովրդի շահերը չարտահայտող, ավելին՝ ժողովրդի շահերին դեմ գնացող եւ ժողովրդի շահերը իր շահերին զոհող իշխանությունը վերահսկվում է ոչ թե սեփական ժողովրդի, այլ օտար ուժերի կողմից, իսկ դրա համար պատժվում է հենց ժողովուրդը, նման իշխանություն հանդուրժող ժողովուրդը: Ցեղասպանության հիմնական դասն, ըստ իս, հետեւյալն է՝ սեփական երկրի ու պետության հանդեպ անտարբերությունը մահացու է հենց քաղաքացիների, ժողովրդի համար:
Ըստ այս հիմնական դասի՝ երեկվա եւ այսօրվա մեր կեցության մեղավորներին առաջին հերթին պիտի փնտրենք մեր մեջ: Եւ ամեն անգամ երկնառաք ձեռքերով «Ու՞ր էիր, Աստված» ասելուց առաջ եւ հետո ինքներդ ձեզ տվեք անողորմ հարցը՝ իսկ ու՞ր էին հայերը, ու՞ր էինք մենք: Եւ ու՞ր ենք մենք այսօր:
Գարեգին Նժդեհն իր «Բաց նամակներ հայ մտավորականությանը» աշխատության մեջ գրում է. «Մենք այնքան անարժեք ենք թվում մեզ, որ չենք կարծում, թե քաղաքական աշխարհում որեւէ բանի պատճառ, անգամ դժբախտության՝ մենք կարող ենք լինել: Ամեն ինչ լինում է, գուցեեւ մեզ համար, բայց մեզնից դուրս, անկախ մեզնից: Քաղաքական մի կույր պատեհապաշտություն, որ մթագնել է մեր բանականությունը անգամ մի կոպիտ, մի աղաղակող ճշմարտություն տեսնելու՝ դա այն է, թե մեր դժբախտությունների համար մեղավոր են ոչ թե բոլորը՝ բացի մեզնից, այլ նախեւառաջ՝ մենք»:
Ուրեմն, սկսենք մեզնից: Այլ ճանապարհ չկա: Բոլոր մյուս ճանապարհները տանում են դեպի… ցեղասպանություն:
Էրնեստ Շանտրե (Ernest Chantre). Վանում Ռուսաստանի փոխհյուպատոս Կոնստանտին Կամսարականը` իր տիկնոջ հետ (աջից) և Վանի հեռագրատան տնօրեն Գելարդը` Վանի բերդում (1881թ.)