Ալեքսեյ Արբատովը կարծում է, որ Ղրիմը եւ ուկրաինական հակամարտությունը մերկացրել են երկու համապարփակ տեսանկյունների հակասությունները
ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը պնդում են, որ նախապատվություն պետք է տալ պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքին, իսկ Ռուսաստանի իշխանությունները հակադարձում են, թե չպետք է անտեսվի նաեւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Սա հին վեճ է, պարզապես 1990-ականներին կողմերն ամբողջովին հակադիր դիրքորոշումներ ունեին: Ի՞նչ է տեղի ունեցել եւ որքանո՞վ է մեծ ՄԱԿ-ի Կանոնադրության այս երկու հիմնարար սկզբունքների հակասությունը: «Օգոնյոկ»-ի համար հարցը լուսաբանում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միջազգային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջազգային անվտանգության կենտրոնի ղեկավար, ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Արբատովը:
– Պարոն Արբատով, Ձեր կարծիքով` նախապատվելի է տարածքային ամբողջականությա՞ն, թե՞ ազգերի ինքնորոշման իրավունքը:
-Տարածքային ամբողջականությունը մի քանի քայլ առաջ է, թեեւ ազգերի ինքնորոշումը նույնպես ժողովրդավարական հասարակության կարեւոր տարր է: Իրականում այս երկու սկզբունքների հակասությունը բավական հարաբերական է: Ես «իրական քաղաքականության» դպրոցի ջատագով եմ եւ կարծում եմ, որ պետություններն առաջնորդվում են ոչ այնքան սկզբունքներով, որքան սեփական ազգային շահերով, իսկ սկզբունքները ծառայում են այդ շահերի պաշտոնական հիմնավորմանը: Քաղաքական շահերից ելնելով` նախապատվություն է տրվում կա°մ մեկ, կա°մ մյուս սկզբունքին: Լավ է, երբ ազգային շահերն ու սկզբունքները համընկնում են, բայց եթե ոչ` դարձյալ հոգ չէ: Ասածս կարող է ցինիկաբար հնչի, բայց հարցը հաճախ մեկնաբանվում է այսպես. ինձ եւ իմ դաշնակիցների համար` տարածքային ամբողջականություն, իսկ հակառակորդների համար` նրանց տարածքում ապրող ժողովուրդների ինքնորոշման իրավունք: Ընդ որում, ինքնորոշման սկզբունքի իրացման ձեւերն, իհարկե, բազմազան են եւ դրանից ամենեւին ոչ բոլորն են ենթադրում ինքնանջատում (սեցեսիա): Անկախության հռչակումը բացառիկ դեպք է, որը միջազգային իրավունքում պետք է ըստ էության եւ մանրակրիտ կանոնակարգվի, բայց դա ցայսօր արված չէ: Ոչ մի տեղ կանոնակարգված չեն ինքնանջատման թույլատրելիության չափորոշիչները, ինչպես նաեւ` ինքնանջատման իրավունքի իրացման մեխանիզմը: Օրինակ, պարզ չէ, թե ո՞ր կազմակերպությունները պետք է որոշեն, թե առանձին վերցված ո՞ր իրավիճակն է համապատասխանում ինքնանջատման պահանջներին՝ հնարավոր կամայական մեկնաբանություններից կամ սադրանքներից խուսափելու համար: Չէ՞ որ արտաքին միջամտությունը սադրելու ակնհայտ նպատակով հնարավոր է ինչ ասես բեմադրել՝ անգամ ցեղասպանություն (վկա` Հարավսլավիայում 1990-ական թվականների իրադարձությունները): Սակայն, միջազգային իրավունքն առայժմ ընթանում է սուր անկյուններից խուսափելու ուղիով: Դա պայմանավորված է ոչ թե իրավաբանների տգիտությամբ կամ երկչոտությամբ, այլ այն պարզ պատճառով, որ քաղաքական գործիչները չեն ցանկանում սահմանափակել իրենց հնարավորությունները:
-Եվ որքա՞ն կտեւի նման իրավիճակը:
-Եթե մեզ բոլորիս` Ռուսաստանին եւ Արեւմուտքին հաջողվի առանց մեծ կորուստների եւ զոհերի դուրս գալ ուկրաինական ճգնաժամից, ապա այդ աշխատանքը կարելի է կատարել: Իմ կարծիքով, ակներեւ է, որ այս պարագայում չի կարելի դիմել միայն ուժի իրավունքով հարցը լուծելու գայթակղությանը: Ի՞նչն է հարուցել ամերիկացիների այսչափ սուր արձագանքը: Նրանք իրենց մաշկի վրա են զգացել, թե ինչ են զգացել Ռուսաստանի իշխանություններն ու ժողովուրդը, երբ ՆԱՏՕ-ն միջազգային իրավունքի կոպտագույն խախտմամբ ռմբակոծում էր Հարավսլավիան: Միացյալ Նահանգները լրջորեն զայրացել են` Ռուսաստանին հակադարձելու իրենց փաստացի անկարողությունից: Հարավսլավական դեպքերի ժամանակ նրանք պաշտպանում էին ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, մինչդեռ Ռուսաստանը հակված էր նախապատվելու տարածքային ամբողջականությունը: Այժմ ամեն ինչ հակառակն է. . .
-Իսկ ինչո՞ւ են Արեւմուտքն ու Ռուսաստանը սկզբունքներ ճոճում իրար վրա:
– Խնդիրը սկզբունքները չեն, այլ պետությունների միջեւ հարաբերությունները: Սառը պատերազմի ավարտից հետո ռուսաստանյան քաղաքականության եվրոպամետ ուղղվածությունն ակնհայտ էր: Այդ տարիներին Ռուսաստանը պաշտպանում էր իր տարածքային ամբողջականությունը՝ տարածելով այս մոտեցումը նաեւ իր սահմաններից դուրս՝ ողջ հետխորհրդային տարածության վրա: Թեեւ հենց այն ժամանակ են ձեւավորվել մի շարք մեկուսատարածքներ` Ղարաբաղը, վրաստանյան ինքնավարությունները, Մերձդնեստրը: Արեւմուտքում ԱՄՆ առաջնորդությամբ հռչակվել է միաբեւեռ աշխարհի հայեցակարգ` «խորհրդային կայսերապաշտության» վերընձյուղումը կանխելու կարգախոսի ներքո: Ռուսաստանը հակադարձել է բազմաբեւեռ աշխարհի հայեցակարգով, որում նա կարող էր դառնալ ուժի կենտրոններից մեկը: Քանի որ Ռուսաստանը տնտեսապես ի վիճակի չէր մրցել Չինաստանի, Եվրամիության կամ ԱՄՆ-ի հետ` Մոսկվան ընթացել է հետխորհրդային տարածությունում դաշինք ձեւավորելու ճանապարհով: Խոսքը ԱՊՀ-ի, Եվրասիական միության, ՀԱՊԿ-ի եւ այլնի մասին է: Աշխարհում դաշնակիցների մեծ դաշինք կարողացել է հավաքագրել միայն ԱՄՆ-ն: Դաշնակից պետությունների դաշինք ձեւավորելը յուրաքանչյուր գերտերության պատվի եւ հեղինակության խնդիր է: Ոչ Եվրամիությունը (որպես հավասար շատ երկրների դաշինք) եւ ոչ էլ Չինաստանն, օրինակ, այդպիսի դաշինք չունեն: Այսօր սոսկ միջուկային տերություն լինելը նույնքան հեղինակավոր չէ, որքան 1990-ականներին կամ առավել եւս` 1970-ականներին:
– Ինչո՞ւ:
-Միջուկային ռումբը դառնում է ոչ թե առաջատար, այլ «աղքատ» տերությունների զենքը` Պակիստան, Հյուսիսային Կորեա, ենթադրաբար` Իրան… Միջուկային զենքը պաշտպանում է երկիրը ուղիղ ռազմական ագրեսիայից, բայց այլեւս չի երաշխավորում միջազգային հարաբերությունների համակարգում առաջատար դերակատարում ունենալը, բացառությամբ այդ զենքին անմիջապես առնչվող հարցերի: Այլ բան է` բլոկները: Այս երկու ուղղությունները` ԽՍՀՄ վերականգնումը չթույլատրելու Արեւմուտքի քաղաքականությունը եւ Ռուսաստանի` հետխորհրդային տարածությունում բլոկ ձեւավորելու ռազմավարությունը վաղ թե ուշ պետք է միմյանց բախվեին: Այդ բախումը տեղի է ունեցել դեռեւս 2008թ. … Բայց դրանից ոչ ոք ոչ մի եզրակացություն չի արել: Արեւմուտքն, օրինակ, հրաժարվել է քննարկել Մոսկվայի առաջարկած եվրոպական անվտանգության նոր պայմանագրի եւ նմանատիպ հակամարտությունները կանխելու ունակ կազմակերպության ստեղծման գաղափարները, պնդելով, թե առկա կառույցները միանգամայն բավական են` ծագող խնդիրները հանգուցալուծելու համար:
– Ռուսաստանը պատմության միեւնույն փոցխին է կրկին ոտք դնում: Ինչո՞ւ:
-Կա տեսություն, ըստ որի ռուս ժողովուրդը չի կարող ապրել ազգային սահմաններում. իբր դրանցում նա մոլորվում ու հետադիմում է: Ասվում է, որ նրա պատմական առաքելությունն իր երկրից դուրս ինչ-որ աշխարհացունց նպատակ իրականացնելն է. նախկինում այն սլավոնների կամ ուղղափառների միավորումն էր, այնուհետեւ` կոմունիզմի համաշխարհային հաղթանակը, իսկ այժմ` Ռուսաստանի սահմաններից դուրս ապրող ռուսների հետ վերամիավորվելը: Խնդիրն այն է, որ «առաքելական նպատակն» ընդունակ է ամբողջովին տիրել մարդկանց ուղեղին եւ շեղել նրանց ներքին խնդիրների եւ տնտեսական ու քաղաքական բարեփոխումների իրականացումից, իսկ դա վաղ թե ուշ հանգեցնում է ծայրահեղ ցնցումների: Ռուաստանի պատմության մեջ դա առնվազն երեք անգամ եղել է` 16-րդ դարավերջում, 1917 եւ 1991 թվականներին: Ընդհակառակը, երբ Ռուսաստանում զբաղված էին լինում սոցիալ-տնտեսական բարեփոխումներով, ինչպես, օրինակ, Ալեքսանդր Բ-ի, Ստոլիպինի եւ Վիտտեի օրոք, ապա, որպես կանոն, արտաքին քաղաքականությունում «առաքելականության» ժամանակ չի մնում:
– Լենինը գրում էր, որ ԱՄՆ-ին միավորել է արտաքին սպառնալիքը եւ հարց էր տալիս` արդյո՞ք այն օգնելու է նաեւ Ռուսաստանին, որպեսզի ազգային ծայրամասերը միավորվեն ռուսական կենտրոնի հետ: Դուք ի՞նչ կպատասխանեիք:
-Այն օրերից շատ բան էր փոխվել: Ռուսական կայսրությունը պատմականորեն երեք ճանապարհով էր ստեղծվում` քաղաքակրթության տարածմամբ (շրջապատի նկատմամբ, սակավ բացառություններով, Ռուսաստանը սոցիալ-տնտեսապես ամենազարգացած երկիրն էր), ռազմական ճանապարհով (պաշտպանություն կամ գրավում) եւ որոշակի վեհ գաղափարախոսության (ուղղափառություն, կոմունիզմ) սփռմամբ: Երբեմն գնացել են դրանցից մեկի ուղղությամբ, երբեմն էլ համատեղել են երեքն էլ: Այսօր Ռուսաստանն Ուկրաինայի (բացառությամբ հարավ-արեւելյան նահանգների), Մոլդովայի կամ Վրաստանի համար տնտեսական զարգացման գրավիչ մոդել չէ: Այս երկրներում Ռուսաստանով հետաքրքրված են լավագույն դեպքում բնակչության առավել կարիքավոր շերտերն` աշխատանք գտնելու կամ զեղչված էներգակիրներ ստանալու ակնկալիքով: Գաղափարախոսությունը նույնպես շատ արդյունավետ գործիք չէ` վերջինիս անհստակության եւ եկեղեցու` պետությունից անջատված լինելու պատճառով: Առավելագույնը, ինչ Մոսկվան կարող է առաջարկել` «ռուսախոսների վերամիավորումն» է, թեեւ խոսքը մարդկանց համեմատաբար փոքր թվաքանակի մասին է: Գոյություն ունի նաեւ ռազմական ճանապարհը, բայց արդի պայմաններում այն չարաշահելը վտանգավոր է եւ թանկ…
-Այսինքն, Ռուսաստանին չի՞ հաջողվել տնտեսապես գայթակղել Ուկրաինային:
– Այո°, բայց դա հաջողվել է Եվրամիությանը (անգամ ԵՄ-ի ապրած տնտեսական ճգնաժամի օրերին): Ուկրաինայի բոլոր նախագահները վաղ թե ուշ հայացքն ուղղում էին դեպի Արեւմուտք: Յանուկովիչն էլ բացառություն չէր: Մոսկվայում դրան, հավանաբար, լուրջ չէին վերաբերվում, ուստի եւ չէին հավատում այդպիսի ելքի հնարավորությանը մինչեւ այն պահը, երբ Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ համաձայնության ստորագրմանը մի շաբաթ էր մնացել: Այս հանգամանքը Մոսկվայի աչքից մասամբ վրիպել է 2012 թվականից ի վեր եվրասիական ուղղությամբ սեւեռուն քաղաքականություն վարելու պատճառով: Յանուկովիչի տապալումից եւ Կիեւում իշխանության գրավումից հետո Ռուսաստանը շեշտը դրել է Ղրիմի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա` զուգակցելով այն այսպես կոչված «փափուկ» ռազմական ուժի շատ արդյունավետ եւ ընտրովի կիրառմամբ: Իհարկե, Ռուսաստանի տնտեսական եւ ռազմական հզորությունը համեմատելի չէ ԽՍՀՄ ունեցածին, բայց Ղրիմի համար այն բավարար էր: Զուտ տեսականորեն այն բավարար է նաեւ հոծ ռուսական բնակչություն ունեցող Արեւելյան Ուկրաինայի, Մերձդնեստրի եւ Հյուսիսայի Ղազախստանի միացման համար: Այլ հարց է, որ այսպես շարունակելը հղի է ամենալուրջ միջազգային հետեւանքներով: Ռուսաստանը կարող է հայտնվել արտաքին աջակցությամբ նրան ներսից քանդել ձգտող թշնամական պետությունների շրջապատում:
– Նրանք դեռեւս զերծ են մնում կոշտ պատասխանից…
– Ամերիկացիներն անակնկալի են եկել. նրանք այսպիսի բան չէին սպասում ու պատրաստ չեն եղել: Վաշինգտոնում համոզված էին, որ Ռուսաստանը հաշտվելու է Կիեւի կողմից ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման հետ. չէ` որ այն ՆԱՏՕ չէ, չէ՞ որ ոչ ոք անգամ չի խոստացել Ուկրաինային ԵՄ կազմ ընդունել: Ամերիկացիները հաշվի չեն առել, որ վերջին 20 տարիների ընթացքում Եվրամիության ընդլայնումն ընթանում էր ՆԱՏՕ-ի ընդարձակմանը զուգահեռ: Այդ տարիներին ՆԱՏՕ-ին անդամակցած համարյա բոլոր երկրները ԵՄ անդամ էլ են դարձել: Կրեմլի համար դեպի Եվրամիություն Ուկրաինայի շրջադարձը նշանակում էր, որ որոշ ժամանակ անց նա ինքնաբերաբար դառնալու է նաեւ ՆԱՏՕ-ի անդամ: Կրեմլի համար անընդունելի էր կորցնել հետխորհրդային տարածությունում Ռուսաստանից հետո երկրորդ ամենախոշոր երկիրը: Դրանից հետո էլ ի՞նչ դաշինք, ի՞նչ Եվրասիական միություն: Բելառուսը, Ղազախստանը կամ Ղրղզստանը դրա համար բավարար չեն… Հատկապես, որ Աստանան վարում է ինքնուրույն բազմավեկտորային քաղաքականություն (Ռուսաստանի, Չինաստանի եւ ԱՄՆ-ի հետ), իսկ Բելառուսի հետ մենք առանց այդ էլ կառուցում ենք դաշնային պետություն:
-Իսկ Ուկրաինային կընդունեի՞ն ԵՄ:
– Ժամանակին այս հարցին իրեն հատուկ առեղծվածային ոճով պատասխանել էր անմոռանալի Վիկտոր Չեռնորմիրդինը: Երբ նրան, որպես Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանի, լրագրողները հարցրել էին, թե Թուրքիայի եւ Ուկրաինայի պարագայում ո՞ր երկիրն ավելի շուտ կանդամակցի Եվրամիությանը, նա անմիջապես պատասխանել է` Ուկրաինան: Իսկ երբ նրան հարցրել էին` ե՞րբ, նա ասել է` երբեք:
– Իսկ Ուկրաինային կընդունե՞ն ՆԱՏՕ:
– Չլուծված տարածքային խնդիրներ ունեցող երկիրը չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին: Հազիվ թե Դաշինքի 28 անդամ-երկրներն այս հարցում միաձայն քվեարկեն: Այնտեղ կան շատ ողջամիտ քաղաքական գործիչներ, որոնք չեն կամենում իրենց վրա բարդել ուկրաինական խնդիրների ողջ ծանրությունը: Բայց Մոսկվայի եւ Կիեւի միջեւ հակամարտության սրման դեպքում ՆԱՏՕ-ն, հավանաբար, Ուկրաինային ռազմական աջակցություն կցուցաբերի: Հնարավոր է նաեւ ԱՄՆ-ի հետ երկկողմանի դաշինք… Ամերիկացիները սովոր չեն զգալ իրենց այնպես, ինչպես Ռուսաստանը 1999 եւ 2003 թվականներին (Հարավսլավիայի եւ Իրաքի դեմ արեւմտյան պետությունների դաշինքի ագրեսիայի ժամանակ):
– Ձեր կարծիքով, Ղրիմի պարագայում ո՞րն էր Կրեմլին գործողությունների դրդած վճռական գործոնը` թերակղզում ՆԱՏՕ-ի ռազմակայանների հայտնվելու վա՞խը, թե՞ փետրվարի 21-ի պայմանավորվածությունների ոտնահարումը:
– Երկրորդը: Ո°չ դեկտեմբերին, եւ ո°չ էլ հունվարին Սեւաստոպոում ՆԱՏՕ-ական ռազմանավերի մասին ոչ ոք չէր խոսում: Բայց հանուն արդարության պիտի ասել, որ մենք չենք կարող կանխատեսել, թե ի՞նչ տեղի կունենար հետագայում, եթե… Իսկ եթե գալիք տասնամյակի ընթացքում Ուկրաինան մտնե՞ր ԵՄ եւ ապա անդամակցե՞ր ՆԱՏՕ-ին: Տեսականորեն իրադարձությունների այսպիսի զարգացումը բացառել չէր կարելի: Այլ հարց է, թե որքանո՞վ է այս ամենն ազդել Ղրիմի հարցով Կրեմլի որոշման կայացման վրա: Կարծում եմ, որ չի ազդել: Այս փաստարկները հետին թվով են առաջ քաշվել, ինչպես եւ այն պնդումները, թե ղրիմցիներին «բարթուղիմեոսյան գիշեր» էր սպասվում:
– Դուք ինքներդ հավատո՞ւմ էիք կոտորածների հավանականությանը:
– Առանձնապես չէի հավատում… Ղրիմում Ռուսաստանի աջակցությամբ շատ արագ ձեւավորվել են ինքնապաշտպանական ուժեր: Եթե կոտորածներ սկսելու փորձ արվեր, ապա ռուսական զորքերն այնտեղ չէին մտնի «լուռ եւ քաղաքավարի զինվորներով», այլ` տանկերով, թնդանոթներով եւ ռազմօդային ուժերով, ու նրանց ոչ ոք չէր կանգնեցնի: Այսպես ժամանակին զորքերը մտել էին Չեխոսլովակիա կամ Աֆղանստան: Դա չէին կարող չհասկանալ մարդիկ, որոնք ղրիմցիների նկատմամբ նման ծրագիր կարող էին մշակել: Մյուս կողմից, պետք չէ մոռանալ Սեւծովյան ռազմածովային նավատորմի եւ վերջինիս հետեւակային ու ռազմաօդային ուժերի մասին: Այդ զորքերը կարող էին շրջափակել Ղրիմում գտնվող ուկրաինական ստորաբաժանումները` կանխելով դրանց օգտագործման հնարավոր փորձը «Ռուսաստանի հետ վերամիավորվելու» շարժումը ճնշելու համար: Նշեմ նաեւ, որ ուկրաինական զորամասերը նույնպես կրակել չէին կամենում: Կիեւն էլ նրանց զինված գործողությունների չէր մղում: Լավ է, որ այսպիսի զսպիչ գործոնը դեռ երկուստեք աշխատում է: Սակայն Կիեւում իշխանության եկած անձինք չարաչար սխալվել են մեկ այլ տեղ. լեզվի մասին օրենք ընդունելու փոխարեն նրանք, օրինակ, կարող էին ընդունել 1992թ. Ղրիմի սահմանադրւթյունը վերականգնելու մասին որոշում: Այդ դեպքում իրավիճակը, թերեւս, այլ կերպ զարգանար… Իսկ այժմ Ուկրաինան կանգնած է երկընտրանքի առջեւ` կա°մ դաշնայնացում (ապակենտրոնացում, ժողովրդավարացում), կա°մ տրոհում:
– Ո՞ր պահին է բացվել Պանդորայի արկղը` Կոսովոյո՞ւմ, Վրաստանո՞ւմ, թե՞ Ուկրաինայում:
– Եթե հետխորհրդային տարածությունում ստեղծվեր այլ իրավիճակ, եթե Ռուսաստանը չշեղվեր եվրոպական ուղղուց, իսկ Արեւմուտքը, ամեն գնով փորձելով դուրս մղել Ռուսաստանին ԱՊՀ-ից, չդրդեր նրան, ապա Կոսովոն սոսկ նախադեպ կմնար: Բայց Ռուսաստանն ու Արեւմուտքը սպասելիորեն ներքաշվել են հետխորհրդային տարածությունում գերակայության համար պայքարի մեջ, իսկ Կոսովոն նախադեպ է հանդիսացել Հարավային Օսիայի, Աբխազիայի, իսկ այժմ նաեւ Ղրիմի անջատման համար: Խնդիրը ոչ թե որպես այդպիսին նախադեպ ունենալու, այլ դրանից ինչ-ինչ պայմաններում օգտվելու ցանկության մեջ է: Այս հարցի առնչությամբ միջազգային իրավունքը լռում է, իսկ յուրաքանչյուր տերություն այն սպասելիորեն մեկնաբանում է իր օգտին:
– Պարզվում է, որ ՄԱԿ-ի համակարգն այլեւս ի վիճակի չէ պետություններն իրենց սահմանների մեջ պահել…
– Այս սկզբունքը որոշ վերապահումներով գործում է միայն Եվրոպայում: Այսպես` Հարավսլավիան մասնատվել է սարսափելի պատերազմի ընթացքում, Չեխոսլովակիան` բարիդրացիաբար, իսկ ԽՍՀՄ-ը` համեմատաբար խաղաղ ճանապարհով, թեեւ վերջինիս անկումից հետո բռնկված հակամարտություններում մեծ արյուն է թափվել: Գերմանիան միավորվել է այն ժամանակվա ԳԴՀ-ի քաղաքական համակարգի փլուզման շնորհիվ: Սահմանները փոփոխվել են, պարզապես 1945 թվականից ի վեր չի եղել մի դեպք, երբ մի պետությունն իրեն միացներ մյուս պետության որեւէ մաս: Հենց այս հանգամանքն է Արեւմուտքում այսչափ մեծ զայրույթ առաջացրել: Բայց հստակ միջազգային կանոնների բացակայության պայմաններում ինքնանջատման օրինավորության շուրջ բոլոր վեճերը տեղափոխվում են բարոյականության ոլորտ… Ռուսաստանի հասարակական կարծիքի համար կարեւոր է ոչ թե այն, որ Ղրիմի միացումը Ռուսաստանին տեղի է ունեցել անկախության փուլի բացթողմամբ, այլ այն, որ ռուսական զորքերը չեն կրակել, իսկ ինքնաթիռները չեն ռմբակոծել: Ռուսաստանցիների համար անընդունելի էր հենց Կոսովոյի դեպքը, երբ հելսինկյան բոլոր նորմերի խախտմամբ Եվրոպայի կենտրոնում ռմբակոծվում էր եվրոպական երկիրը, որին հետեւել է սերբ փախստականների զանգվածային արտահոսքն ու ամեն ինչ ավարտվել է այդ տարածքի անջատմամբ, թեեւ Կոսովոյի անկախանալու պահին այլեւս գոյություն չունեին պատերազմ հարուցած ելակետային պատճառները (Միլոշեւիչը մահացել էր բանտում, իսկ Սերբիան ձգտում էր ԵՄ): Արեւմուտքի համար էլ անընդունելի է, որ Ռուսաստանն իրեն է միացրել 60 տարի այլ պետությանը պատկանած տարածքը:
– Ըստ Ձեզ, արդյո՞ք գոյություն ունի պետությունների մասնատման սոցիալ-տնտեսական պահանջարկ:
– Որքան էլ տարօրինակ հնչի` այո°: Անգամ Եվրամիության պես բարեկեցիկ գոտիներում, որտեղ ազգային սահմանները կորցնում են նշանակությունը, պարբերաբար ծագում են անջատման օգտին շարժումներ` Շոտլանդիայում, Կատալոնիայում, Հյուսիսային Իտալիայում… Խոսքը ոչ այնքան դե-յուրե կամ դե-ֆակտո անջատվելու, որքան այդ ուղղությամբ ցուցադրաբար քաղաքական քայլ կատարելու եւ դրա շնորհիվ տնտեսական ավելի շահավետ պայմաններ կորզելու մասին է` թե° Կատալոնիայի, եւ թե° Հյուսիսային Իտալիայի պարագայում: Շոտլանդիան բացառություն է. նրա հետեւում կա դարավոր պատմություն եւ եթե նրան վիճակված է անջատվել, ապա դա տեղի կունենա խաղաղ ճանապարհով եւ կենտրոնական կառավարության համաձայնությամբ:
– Ներկայումս աշխարհում կան 220 երկրներ եւ 2500 ազգեր…
– Խոսքը հենց այն մասին է, որ բացի Եվրոպայից այս գործընթացն առկա է նաեւ ամենաանկայուն տարածաշրջաններում, որոնց չկայացած պետություններում մոլեգնում են ազգային կամ ցեղային ատելությունը, աղքատությունը եւ բացարձակ իրավազրկությունը: Անվերջանալի արյունահեղ հակամարտությունները կանխելու համար հարկ է միջազգային մակարդակով ամրագրել ինքնանջատման պայմանների եւ գործընթացի իրավական չափանիշները եւ այդ հարցում առավելագույնս ապահովել գերտերությունների համաձայնությունն ու համագործակցությունը:
Զրույցը վարել է Սվետլանա Սուխովան
«Օգոնյոկ», N16, 28.04.2014 թ.
Աղբյուրը՝ http://www.kommersant.ru/doc/2447930