Արտակ ԱՅՈՒՆՑ 1
Համառոտ ակնարկ
Լեռնային Ղարաբաղում (ԼՂ) 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած քառօրյա պատերազմից հետո ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները Հայաստանում, Ադրբեջանում և ԼՂ-ում շատերի համար քիչ հավանական են թվում։ Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա), մասնավորապես Ռուսաստանի կողմից միջնորդական ջանքերի աշխուժացմանը՝ քառօրյա պատերազմից անմիջապես հետո բանակցային գործընթացի վերականգնման հետ կապված շատ խնդիրներ են մնացել, առանց որոնց լուծման անհնար է պատկերացնել շրջանակային խաղաղ համաձայնпգրի ստորագրման համար հակամարտության կողմերի դիրքորոշումների մերձեցում։Խաղաղ գործընթացի ճանանապարհին որպես հիմնական խոչընդոտներ մնում են մի շարք ինչպես ներքին, այնպես էլ արտաքին բնույթի գործոններ։ Հանրություններում գործնականում չկա վստահություն «մյուս» կողմի նկատմամբ։ Վերջին քսանհինգ տարիների ընթացքում թշնամանքի, ատելության և անվստահության մթնոլորտն աստիճանաբար աճել է, փաստացի ոչ մի տարածություն չթողելով փոխզիջումների և խաղաղ գոյակցության գաղափարի հիման վրա փոխընդունելի որոշման համար։ Տարիներ շարունակ ստատուս քվոն պահպանող «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակը փոխզիջումների հիման վրա հակամարտության խաղաղ կարգավորման մոտեցումը փոխակերպել է մեկ այլ մոտեցման՝ հակամարտությունը (և դրա լուծումը) որպես «զրոյական գումարով խաղ» ընկալելուն, երբ մի կողմի հաղթանակը պարտադիր նշանակում է մյուս կողմի պարտություն։
Չնայած ղարաբաղյան հակամարտության խաղաղ գործընթացում միջազգային կազմակերպությունների ներգրավված լինելուն թե պաշտոնական մակարդակով (Track 1) և թե ոչ պաշտոնական, քաղաքացիական մակարդակով (Track2) , գործընթացն ամենևին էլ չի նպաստել “մյուս կողմի” նկատմամբ վախերի, խնդիրների և թվացյալ սպառնալիքների վերացմանը։ Միջազգային միջնորդների ջանքերով հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու գործընթացում որևէ հաջողության բացակայությունը կապված է նաև այն փաստի հետ, որ Մինսկի խմբի համանախագահող երկրների շահերը հաճախ չեն համընկնում։ Ընդ որում, այդ երկրները չունեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի միջոցով հարկ եղած ազդեցություն ունենալու մանդատ՝ Հայաստանին ու Ադրբեջանին ստիպելու համար ընդունել խաղաղ համաձայնագիր. չկան այն մեխանիզմները, որոնք կիրառվել են էթնոքաղաքական այլ հակամարտությունների կարգավորման գործում, օրինակ՝ Բոսնիայում և Կոսովոյում։
Խաղաղարարության ոլորտում նախաձեռնությունների միջազգային աջակցությունը ոչ միանշանակ ազդեցություն է ունեցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ գործընթացի վրա։ Մի կողմից՝ նմանատիպ աջակցությունը ցայսօր միակ մեխանիզմն է, որը նպաստում է հանրության տարբեր շերտերի միջև երկխոսությունը պահպանելուն, մյուս կողմից էլ՝ քաղաքացիական մակարդակում խաղաղարար նախաձեռնությունները ետին պլան են մղվել, մասնավորապես՝ Ադրբեջանում։ Վերջին մի քանի տարիների ընթացքում խաղաղ գործընթացից ակնկալվող դրական առաջխաղացումներն աստիճանաբար ի չիք են դարձել, և Ադրբեջանի համար հիմնականում միայն ռազմական ուղին է մնացել ստատուս քվոն փոխելու համար։
ԵԱՀԿ Մինսկի գործընթաց
Ղարաբաղյան հակամարտության դեռևս վաղ ժամանակներից ԵԱՀԿ-ն դարձել է հայերի և ադրբեջանցիների միջև որպես միջնորդ հանդես եկող առաջատար միջազգային կազմակերպությունը, որը նպաստում է Խորհրդային Միության գոյության վերջին տարիներին ծագած և հետխորհրդային տարածքում նորանկախ պետությունների կազմավորման գործընթացին առնչված այս հակամարտության կարգավորմանը։ 1992 թվականին Հելսինկիում Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդակցությունը (ԵԱՀԽ) հայտարարեց ղարաբաղյան հակամարտության շուրջ մի համաժողովի սկզբի մասին, որը պետք է կայանա Մինսկում և հարթակ ապահովի բանակցություների համար, նպատակ ունենալով ապահովել հակամարտության խաղաղ կարգավորումը։ Մինսկի համաժողովը ցայսօր չի հրավիրվել, բայց ահա Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության՝ ԵԱՀԿ (այսպես է 1994-ին վերանվանվել ԵԱՀԽ-ն) Մինսկի խումբը 2 հակամարտության կարգավորման մի քանի առաջարկներ է ներկայացրել։ Այդուհանդերձ, այդ առաջարկներից ոչ մեկն էլ հաջողության չի հասել (դրանք բոլորն էլ տարբեր տարիների մերժվել են Հայաստանի, Ադրբեջանի կամ ԼՂ-ի կողմից)։
Խաղաղ համաձայնագրի փաստաթուղթը, որն այսօրվա դրությամբ բանակցությունների առարկա է Հայաստանի ու Ադրբեջանի միջև, կոչվում է Մադրիդյան սկզբունքներ3։ Սույն փաստաթղթի հիմնական սկզբունքները վերաբերում են հակամարտության այնպիսի առանցքային հարցերի, ինչպիսին են Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների վերադարձն Ադրբեջանին, բոլոր փախստականների ու ներքին տեղահանված անձանց վերադարձը, խաղաղության պահպանման և անվտանգության ապահովման նպատակով խաղաղարար գործողությունը, ինչպես նաև ԼՂ միջանկյալ և վերջնական կարգավիճակը։ Չնայած այն բանին, որ այս սկզբունքները հստակ ուրվագծում են խաղաղությունը, այնուամենայնիվ, դրանք չեն պատասխանում այնպիսի կարևոր մանրամասների, ինչպիսին են, օրինակ, Լեռնային Ղարաբաղի վերջնակն կարգավիճակի շրջանակները. կազմակերպվելու՞ է, արդյոք, հանրաքվե, ի՞նչ տարածք է այն ընդգրկելու, ովքե՞ր են մասնակցելու դրան, ի՞նչ ժամկետներում է անցկացվելու այն, և այլն։ Համանման մանրամասներ կան նաև մադրիդյան մյուս սկզբունքների առնչությամբ։ Մադրիդյան սկզբունքները ձևակերպվել են «կառուցողական երկիմաստության» ոգով, ինչի համար էլ հակամարտության կողմերը չեն վստահում դրանց։ Բայց ամենավատը հակամարտության «մյուս կողմի» նկատմամբ կատարյալ անվտահություն է։
«Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակը խորացնում է անվստահությունը և սրում հակամարտության կողմերի միջև անտագոնիզմը։ Պատերազմական մթնոլորտի սերմանումը և դրան զուգընթաց սպառազինությունների աճը շարունակում են սպառնալ խաղաղ գործընթացին։ 2014 թվականի ամառվանից ի վեր հակամարտության կողմերը պարբերաբար բռնության են դիմում՝ փորձելով գտնել հիմնախնդրի ռազմական լուծում։ Վերջին սրացումը լոկալ լիածավալ պատերազմի է հանգեցրել 2016 թվականի ապրիլին, ինչի արդյունքում զոհվել է շուրջ 200 մարդ՝ հակամարտության բոլոր կողմերից էլ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի անարդյունավետությունը և տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության աստիճանական աճը հանգեցրել են Ռուսաստանի վերահսկողությամբ միակողմանի միջնորդական գործընթացի։
Այս փուլում բանակցային գործընթացի վերականգնման առանքային միջոցը շփման գծի երկայնքով հատաքննությունների ու միջադեպերի մշտադիտարկման մեխանիզմի մշակումն է։ Վստահության ամրապնդման միջոցները բոլոր դեպքերում էլ անհրաժեշտ են ապագայում ցանկացած խաղաղ համաձայնագրի համար։ Նման մեխանիզմի մշակումը կարող է նպաստել խաղաղ գործընթացի վերականգնմանը և բանակցությունների շարունակման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը։ Այս առաջարկը հավանության է արժանացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, բայց ցայսօր խոչընդոտվում է Ադրբեջանի կողմից։ Այն դեպքում, երբ Հայաստանը պնդում է, որ առանց այդպիսի գործուն մեխանիզմի հնարավոր չէ վստահել «մյուս կողմին»՝ Ադրբեջանը շարունակում է պնդել, որ նման մեխանիզմը նպաստելու է իր համար անբարենպաբ ստատուս քվոյի ամրապնդմանը և որ նման մեխանիզմի արմատավորումը նաև նպաստելու է Հայաստանի պաշտպանունակության բարձրացմանը։
Այս ամենից կարելի է անել հետևյալ եզրահանգումը. ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը հաջողությամբ չպսակվեցին և ոչ միայն հակամարտության կողմերին չմոտեցրին խաղաղությանը, այլև չկարողացան ապահովել շփման գծի երկայնքով ապրող քաղաքացիական բնակչության անվտանգ կենսագործնեությունը։ Շփման գծում մշտադիտարկում անցկացնող ԵԱՀԿ դաշտաին առաքելությունը, ինչպես նաև հրադադարի պայմանագրի պահպանման մշտադինտարկումն ի զորու չեն կանխելու ռազմական գործողությունների սրումը, քանի որ առաքելության մանդատը չի ներառում անհրաժեշտ միջոցների ձեռնարկում՝ անվտանգության ապահովման և փխրուն խաղաղության պահպանման նպատակով։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Գլխավոր համաժողովի բանաձևերը
Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև պաշտոնական բանակցությունները առաջվա պես ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում (վերջինս բանակցություններ վարելու մանդատ ունեցող միակ միջազգային կազմակերպությունն է)։ Այդուհանդերձ, միջազգային այլ կազմակերպություններ, ինչպիսին են, օրինակ, ՄԱԿ-ը և Եվրոպայի խորհուրդը, նույնպես որոշ չափով ներգրավված են եղել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։
ՄԱԿ Անվտանգության խորհուրդը չորս բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղում 1990-ականներին ընթացած պատերազմի ժամանակ։ Բոլոր չորս բանաձևերն էլ ընդունվել են 1993 թվականին՝ պատերազմի ամենաթեժ ժամանակահատվածում։
Առաջին բանաձևը 1993 թվականի ապրիլի 3-ին կողմերին կոչ էր անում “դադարեցնել ռազմական գործողություները և դուրս բերել հայկական զորքերը Քելբաջարից ու Ադրբեջանական Հանրապետության մյուս գրավյալ շրջաններից”4։ Երկրորդ բանաձևը պահանջում էր “անհապաղ դադարեցնել ռազմական բոլոր գործողություները՝ կոչ անելով հայկական զորքերը դուրս բերել Աղդամից ու Ադրբեջանական Հանրապետության մյուս գրավյալ շրջաններից ՝ վերահաստատելով ՄԱԿ 822 բանաձևը”5։ Երրորդ բանաձևն ընդունվել է «հրադադարի ռեժիմի պահպանման, ռազմական գործողությունների դադարեցման և Ադրբեջանի նորերս գրավյալ շրջաններից՝ Ֆիզուլիից (1993, օգոստոսի 23), Ջեբրաիլից (1993, օգոստոսի 26), Ղուբաթլիից (1993, սեպտեմբերի 31) հայկական զորքերի դուրսբերման նպատակով 6։ Վերջապես, չորրորդ բանաձևը դատապարտում էր «կողմերի միջև հաստատված հրադադարի նոր խախտումները, ինչը հանգեցրել է ռազմական գործողություների վերսկսմանը, Հայաստանի կառավարությանը կոչ էր անում 822, 853 և 874 բանաձևերով նախատեսված միջոցների իրականացման նպատակով օգտագործել իր ազդեցությունը Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հայերի վրա, ինչպես նաև կողմերից պահանջում էր անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները՝ կոչ անելով հայկական զորքերը դուրս բերել ադրբեջանական Զանգելանի շրջանից»7։
ՄԱԿ Գլխավոր համաժողովի՝ ղարաբաղյան հակամարտությանն առնչվող միակ բանաձևն ընդունվել է 2008 թվականի մարտի 14-ին՝ Գլխավոր համաժողովի 62-րդ նստաշրջանում և կոչվում է «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում»։ Փաստորեն սա Լեռնային Ղարաբաղի առնչությամբ ՄԱԿ-ի ընդունած հինգերորդ և Գլխավոր հանձնաժողովի ընդունած առաջին փաստաթուղթն է։
Չնայած այն բանին, որ բանաձևերն ընդունվել էին ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից՝ դրանք հղում չէին անում ՄԱԿ կանոնադրության 7-րդ գլխի վրա, ուստի և պարտադիր չեն համարվում։ Ադրբեջանը պարբերաբար ջանքեր է թափում ղարաբաղյան հակամարտությունը ՄԱԿ մանդատի տակ առնելու նպատակով, քանի որ ՄԱԿ-ում ունի իսլամական այլ պետություների ու կազմակերպությունների, մասնավորաբար՝ Իսլամական համաժողով կազմակերպության էական աջակցությունը։ Սակայն հայկական կողմը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները պարբերաբար ընդգծում են, որ ՄԱԿ-ը և այլ կազմակերպություններ պետք է հետևեն ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղ գործընթացի տրամաբանությանը՝ խուսափելու համար հակամարտության այս կամ այն կողմի միակողմանի պաշտպանությունից։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բանաձևերը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը մի քանի բանաձև է ընդունել ղարաբաղյան հակամարտության առնչությամբ։ Առաջին բանաձևն ընդունվել է 2005 թվականին՝ հետևյալ ձևակերպմամբ. «Ադրբեջանի տարածքի զգալի մասը շարունակում է գրավյալ մնալ հայկական ուժերի կողմից և անջատողական ուժերը շարունակում են վերահսկել Լեռնային Ղարաբաղի տեղաշրջանը»։ Ընդունված բանաձեում նաև անդրադարձ կա ՄԱԿ Անվտանգության խորհրդի 822, 853, 874 և 884 բանաձևերին ու կոչ է արվում, որպեսզի «շահագրգիռ բոլոր կողմերը հետևեն դրանց և զինված ուժերը դուրս բերեն գրավյալ բոլոր տարածքներից»9։
2016 թվականին ԵԽԽՎ-ն ևս մի բանաձև ընդունեց, այս անգամ ԼՂ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ՝ հետևյալ ձևակերպմամբ. «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները զրկված են ջրից»։ Բանաձևում անհրաժեշտ է համարում որպես քաղաքական գործիքի օգտագործում դադարեցնել Հայաստանի կողմից ԼՂ-ում գտնվող Սարսանգի ջրամբարի ջրային ռեսուրսների օգտագործումը, որոնք ապահովում են Ադրբեջանի սահմանամերձ շրջաններ ջրի մատակարարումը»։10
Այս բանաձևն ըստ ամենայնի քննադատվել է Հայաստանում և ԼՂ-ում։ ԵԽԽՎ-ին ուղղված կոչեր հնչեցին՝ ձեռնպահ մնալ այնպիսի մոտեցումից, որը կարող է վնաս հասցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցություններին։ Իսկ Մինսկի խումբն էլ իր հերթին ԵԽԽՎ-ին հղած հայտարարությամբ հանդես եկավ, հորդորելով չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կարող են փլուզել Մինսկի խմբի շրջանականերում ընթացող բանակցությունները։11\
Միջազգային հանրության խաղաղարար ջանքերը
Քաղաքացիական հասարակության մակարդակով միջազգային հանրությունը տևական ժամանակ աջակցում է ղարաբաղյան հակամարտության շուրջ խաղաղարար նախաձեռնություններին։ Հասանովն ընդգծում է վերջին 25 տարիների ընթացքում միջազգային աջակցության մի քանի փուլեր։12
Առաջին փուլը կարելի է բնորոշել որպես 1992-1994թթ. պատերազմական ժամանակաշրջանն ու հրադադարին անմիջապես հետևած կարճ ժամանակահատվածն ընդգրկող նախնական փուլ։ Այս փուլում խաղաղարարությամբ զբաղվող տեղական ոչ կառավարական կազմակերպությունների հիմնական խնդիրը լարվածության աճ թույլ չտալն էր և իշխանություններին աջակցելն այնպիսի հումանիտար հարցերում, ինչպիսին էին ռազմագերիների ու պատանդների փոխանակումը, անհայտ կորած անձանց հայտնաբերումը, աջակցությունը փախստականներին ու ներքին տեղահանված անձանց։
Հաջորդ փուլում՝ 1994-2000թթ., միջազգային կազմակերպությունները սկսեցին խաղաղարար ծրագրեր իրականացնել՝ ուղղված երկխոսության խրախուսմանը մարդկանց տարբեր խմբերի միջև, այդ թվում ՀԿ-ների ղեկավարներ, ուսանողներ, լրագրողներ, մտավորականության ներկայացուցիչներ և այլն։ Այդ փուլում միջոցները տրամադրվում էին հիմնականում ԱՄՆ կողմից՝ պետական և ոչ կառավարական միջազգային կազմակերպությունների միջոցով։
Հաջորդ փուլում՝ մոտավորապես 2000-2007 թվականներին,մի քանի խաղաղարար միջազգային կազմակերպություններ միավորվեցին «Կոնսորցիումի նախաձեռնություն» ծրագրում՝ համակարգելու համար ջանքերը խաղաղարար ոլորտում։ Կոնսորցիումը կազմված էր հիմնականում բրիտանական խաղաղարար կազմակերպություններից՝ «Հաշտության ռեսուրսներ» (CR), «Միջազգային ահազանգ» (IA) եւ ԼԻՆԿՍ («London Information Network on Conflicts and Statebuilding»)։ Այս կազմակերպությունները տարածաշրջանի իրենց գործընկերների հետ միասին մեծ աշխատանք են տարել՝ նպատակաուղղված մարդկանց տարբեր խմբերի ու հատկապես նրանց, ովքեր անմիջականորեն տուժել են հակամարտությունից։ «Ներգրավումը» ապահովում էր երիտասարդների, կանանց, սահմանամերձ շրջանների բնակիչների, նախկին կոմբատանտների, փախստականների ու ներքին տեղահանված անձանց, միով բանիվ՝ մարդկանց, որոնք կարող էին դրական դեր խաղալ և իրենց ներդրումն ունենալ հակամարտության խաղաղ փոխակերպման գործում։
2007-ից մինչև 2013 թվականները Կոնսորցիումն ընդլայնվեց, եւ Եվրոպական Միության հովանավորությամբ ստեղծվեց «Եվրոպական գործընկերությունը հանուն ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման» (EPNK)։ Ցայսօր EPNK-ը մնում է խաղաղարարության, երկխոսության և վստահության ամրապնդման միակ բազմաշերտ նախաձեռնությունը՝ հանրության գրեթե բոլոր շերտերի միջև վստահության համատարած բացակայության պայմաններում։
Սակայն խաղաղարար ոլորտում միջազգային աջակցությունը ոչ միշտ է ողջունվել տարածաշրջանային մակարդակով։ Մասնավորապես, ըստ Շիրիևի, Ադրբեջանում «միջազգային աջակցության սկզբնական փուլերում Բաքուն ողջունում էր քաղաքացիական հասարակության հայ և ադրբեջանցի ներկայացուցիչների միջև փոխկապերը…, սակայն մոտավորապես 2009 թվականից ի վեր Ադրբեջանի իշխանությունները փորձում են ինքնուրույն հովանավորել ժողովրդական դիվանագիտության նախաձեռնությունները՝ Ղարաբաղի շուրջ պաշտոնական բանակցություններում առկա փակուղային իրավիճակի համապատկերում։ Վերջին տարիներին ադրբեջանական իշխանությունները բացահայտորեն քննադատում էին ինչպես արտասահմանյան խաղաղարար նախաձեռնությունները, այնպես էլ այդ նախաձեռնությունների մասնակիցներին, մասնավորապես Ադրբեջանում երեք հայտնի ակտիվիստներ և խաղաղության համար պայքարողներ՝ Արիֆ Յունուսը, Լեյլա Յունուսը և Ռաուֆ Միրկադիրովը, ովքեր երկար տարիներ երկխոսում էին հայ գործընկերների հետ, բանտարկվեցին 2014 թվականին՝ Հայաստանի օգտին լրտեսելու մեղադրանքով»13։ Այսպիսի պայմաններում քիչ հույսեր են մնացել, որ խաղաղարար նախաձեռնությունները դրական ազդեցություն կունենան խաղաղ գործընթացի վրա և որ դրանք իշխանությունների կողմից չեն օգտագործվի սեփական քաղաքական շահերի սպասարկման համար։
Եզրահանգումներ
Ի հեճուկս Եվրոպական Միության ջանքերի՝ քաղաքացիական հասարակության մակարդակով խաղաղարար նախաձեռնությունները միանգամայն անհամոզիչ են մնում։ Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հանրություններում առկա ծայրահեղ բացասական տրամադրությունները շատ քիչ հույս են թողնում այն մասնակիցների մոտ, որոնք շահագրգռված են երկխոսության շարունակմամբ և խաղաղարար նախաձեռնությունների ամրապնդմամբ, քանի որ չափազանց դժվար է բանցահայտ ու անկեղծ երկխոսություն վարել՝ առանց սեփական կյանքի համար մտահոգվելու։ Պաշտոնական բանակցային գործընթացը փակուղի է մտել, Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները փոխզիջման ցանկացած փորձ դիտարկում են որպես անվտանգության սպառնալիք. օրինակ, հայերը հրաժարվում են քննարկել ԼՂ շուրջ տարածքների հարցը՝ առանց նախապես ստանալու անվտանգության և Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի ամուր երաշխիքներ, իսկ ադրբեջանցիներն էլ հրաժարվում են քննարկել ցանկացած գաղափար կամ էլ վստահության ամրապնդման միջոցները՝ դրանք ընկալելով որպես ստատուս քվոյի պահպանման միջոց։14
Չնայած վերոնշյալ բացասական պատկերին՝ այդուհանդերձ, կարելի է առանձնացնել մի քանի ոլորտներ, որոնց շրջանակներում հասարակական կազմակերպությունները կարող են աշխատել և գոնե նվազագույն ներդրում ունենալ խաղաղարարության մեջ, որոնցից են.
-կրթական ծրագրերը՝ հակամարտության փոխակերպման և խաղաղարարության մասին գիտելիքների տրամադրման նպատակով
-«մյուս կողմին» հասկանալու փորձերում քննադատական մտածողության մեթոդաբանության կիրառում
-տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հեռանկարի շուրջ հանրային բանավեճեր
-հակամարտության կողմերի միջև երկխոսությանը միտված նախաձեռնություների ի հայտ բերում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, այդ թվում՝ անվտանգություն, մարդու իրավունքներ, էկոնոմիկա և այլն։
-խաղաղության որոնման նախաձեռնությունների ձևաչափերի տարատեսակում տարածաշրջանային, թեմատիկ և մասնագիտական ձևաչափերի՝ դրանով իսկ բարենպաստ հող ստեղծելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ ծրագրերի իրականացման համար՝ նպատակ ունենալով ապահովել մասնակիցների անվտանգությունը հնարավոր հետապնդումներից՝ տուն վերադառնալուց հետո, ինչը հաճախ է տեղի ունենում երկկողմանի (հայ-ադրբեջանական) ձևաչափերի պարագայում։
1. Դր. Արտակ Այունցը Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հակամարտությունների հետազոտման և վերլուծության ոլորտում ավելի քան տասնամյա աշխատանքի փորձ ունի, նա մագիստրոսի աստիճան ունի Երևանի պետական համալսարանում՝ սոցիոլոգիայի գծով, և Միացյալ Թագավորության Բրեդֆորդի համալսարանում՝ հակամարտությունների լուծման գծով
2 . http://www.osce.org/mg
3.Ayunts,A., Madrid Principles: Basis for Conflict Settlement or War? http://caucasusedition.net/analysis/madrid-principles-basis-for-conflict-settlement-or-war/
4 .Security Council resolution 822 (1993) [Armenia-Azerbaijan] http://www.refworld.org/docid/3b00f15764.html
5 .Security Council resolution 853 (1993) [Armenia-Azerbaijan] http://www.refworld.org/docid/3b00f15a60.html
6 .Security Council resolution 874 (1993) [Armenia-Azerbaijan] http://www.refworld.org/docid/3b00f1684.html
7. Security Council resolution 884 (1993) [Armenia-Azerbaijan] http://www.refworld.org/docid/3b00f16520.html
8. 62/243. The situation in the occupied territories ofAzerbaijan http://www.un.org/en/ga/search/view_doc.asp?symbol=A/RES/62/243
9 . CoE, PACE: “The conflict over the Nagorno-Karabakh region dealt with by the OSCE Minsk Conference”
10. CoE, PACE: “Inhabitants of frontier regions ofAzerbaijan are deliberately deprived of water”;http://assembly.coe.int/nw/xml/ XRef/Xref-XML2HTML-EN.asp?fileid=22429&lang=en
11. Press Release by the Co-Chairs of the OSCE Minsk Group
http://www.osce.org/mg/217732
12. Hasanov, A., Взгляд из Баку, Приближение перспективы мира: 20 лет гражданского миротворчества в контексте
нагорно-карабахского конфликта, InternationalAlert, 2013, стр. 9 http://www.international-alert.org/sites/default/files/NagornyKarabakh_CivilPeacebuilding20Years_RU_2013.pdf
13. Shiriyev, Z., Azerbaijan: Is Platform for Peace an Olive Branch or PR Stunt? January, 2017; http://www.eurasianet.org/ node/82166
14. Ayunts,A., What next for civil society peacebuilding post–4-day war inNagornoKarabakh? October 2016 http://www.civilnet.am/news/2016/10/03/What-next-for-civil-society-peacebuilding-post%E2%80%934-day-war-in-Nagorny-
Karabakh-NK/301058