Սերգեյ ՄԻՆԱՍՅԱՆ
Կովկասի ինստիտուտի քաղաքական
ուսումնասիրությունների բաժնի ղեկավար
Երեւան
Արդեն բավական երկար ժամանակ (առնվազն Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ 2008 թ. օգոստոսյան պատերազմից հետո) նկատվում է Հարավային Կովկասի նկատմամբ ՆԱՏՕ-ի հետաքրքրության նվազում: Սույն գործընթացին զուգահեռաբար տարածաշրջանի երկրները նույնպես պատրանքներ են կորցնում (որոշ երկրներ՝ անգամ հույսեր) տարածաշրջանում այս ռազմաքաղաքական կազմակերպության մոտակա հաստատագրման վերաբերյալ:
2012 թ. մայիսին Չիկագոյի գագաթնաժողովի ժամանակ Վրաստանին եւս մեկ անգամ չի ներկայացվել ՆԱՏՕ-ի անդամակցության ծրագիրը, որը հնարավորություն է տալիս սկսել թեկնածու երկրի սույն ռազմաքաղաքական բլոկի մեջ ընդունելու համար նախատեսված բյուրոկրատական ընթացակարգը: Գագաթնաժողովի ընթացքում ընդունված պաշտոնական փաստաթղթերը նաեւ շատ հպանցիկ անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի հիմնախնդիրներին՝ հաստատելով արդեն իսկ բավական ակնառու եւ հաստատուն դարձած առաջնահերթայնության դինամիկայի շեղումը՝ տարածաշրջանի հանդեպ հյուսիսատլանտյան դաշինքի գնահատականներում եւ ընկալումներում:
Տարածաշրջանում ՆԱՏՕ-ի դերի եւ հեռանկարների վերաբերյալ առավել հստակ պատկերացում կազմելու համար փորձենք ամենաընդհանուր գծերով քննել ՆԱՏՕ-ի՝ Հարավային Կովկասի բոլոր երեք միջազգայնորեն ճանաչված պետությունների հետ համարյա երկու տասնամյակ զարգացող համագործակցային փոխհարաբերությունների ներկա փուլը:
Գոյություն ունի կայացած թյուրըմբռնում, թե Վրաստանը Հարավային Կովկասի մյուս երկրների համեմատ զգալիորեն առաջ է անցել ՆԱՏՕ-ի հետ իր ունեցած համագործակցության մակարդակով: Իրականում, ինստիտուցիոնալ առումով եւ նույն հյուսիսատլանտյան դաշինքի չափանիշների համաձայն Վրաստանը գտնվում է համարյա նույն մակարդակի վրա՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ միասին. լավագույն դեպքում նա մյուսներից ՙկեսքայլ՚ առաջ է: Այլ բան է, որ երկկողմանի հրապարակային հռետորաբանության մակարդակի վրա, որն անգամ արձանագրված է դաշինքի պաշտոնական փաստաթղթերում, Վրաստանը դիտվում է որպես սույն ռազմաքաղաքական դաշինքի հնարավոր թեկնածու:
Իհարկե, հռետորաբանությունն ինչ-որ փուլում կարող է վերածվել քաղաքական իրականության, հատկապես, որ ներկայիս վրաց ղեկավարության՝ քաղաքական փիարը որպես քաղաքական կարեւորագույն լծակ եւ գործիք կիրառելու հնարավորությունների մասին խոսելն ավելորդ է: Սակայն ՆԱՏՕ-ի անդամակցության ծրագիրը (MAP) ստանալուց առաջ այդ երկիրը դեռեւս շարունակում է մնալ միեւնույն ՙքաշային խմբում՚՝ տարածաշրջանի մյուս երկրների հետ միասին: Ընդսմին՝ հեռանկարում Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների ծրագրի շնորհման փաստն ինքնին հարյուրտոկոսանոց երաշխիք չէ՝ դաշինքի մեջ արագորեն ընդունվելու համար: Ինչպես նկատում է տարածաշրջանային քաղաքականության հայտնի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը, գործողությունների ծրագիրը շատ տարիներ առաջ շնորհված էր նաեւ Մակեդոնիային, բայց վերջինս դեռեւս ՆԱՏՕ-ի անդամ չի դարձել:
Արդյունքում, եթե առաջ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները հայտարարում էին Վրաստանի անվտանգության ոլորտում արմատական վերափոխումների մասին, ապա այժմ այս երկրի մասով որոշում ընդունելու հետաձգման ձեւական պատրվակը համարում է 2012 եւ 2013 թթ. նախատեսված խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու անհրաժեշտությունը: Սակայն, ինչպես թվում է, հարցն այդքան էլ հիշյալ երկրում ժողովրդավարական հաստատությունների զարգացման մակարդակի կամ ընտրությունների անցկացման որակի մեջ չէ, քանի որ դրանք ինքնին բավական վիճելի են: Ոչ մի ՆԱՏՕ-ական (ինչպես եւ վրացի) պաշտոնյա մինչ օրս չի կարողացել հստակ պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք սկզբունքորեն հնարավոր է դաշինքի մեջ ընդունել մի երկիր, որի տարածքի մի մասն իր կողմից չի վերահսկվում եւ որտեղ գտնվում են այլ միջուկային գերտերության ռազմակայաններ, որն իր հերթին ճանաչել է Աբխազիան եւ Հարավային Օսիան՝ որպես անկախ պետություններ: Ընկալելի պատասխանն այն հարցին, թե ինչպե՞ս առհասարակ հնարավոր է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը 2008 թ. օգոստոսի 26-ի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու որոշումից հետո, դեռեւս ոչ ոք չունի՝ ո՞չ Բրյուսելում, եւ ո՞չ Թբիլիսիում:
Անցնելով Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի ունեցած փոխհարաբերություններին՝ հարկ է նշել, որ Չմիավորման շարժման մեջ մտնելուց հետո դաշինքում վերջինիս անդամակցության մասին բոլոր խոսակցությունները, ինչպես իր հարցազրույցներից մեկում նշել է Ադրբեջանի ԱԳՆ նախարար Էլմար Մամեդյարովը, դարձել են ՙշատ վարկածային՚, այսինքն՝ տեսանելի ապագայում փաստացի անիրական: Մյուս կողմից՝ առնվազն մինչեւ 2014 թ. հյուսիսատլանտյան դաշինքի հետ այս երկրի համագործակցության գլխավոր ձեւաչափը կայանալու է Ադրբեջանի տարածքի եւ ենթակառուցվածքների օգտագործմամբ (որոշ հաշվարկներով Աֆղանստան առաքվող բեռների համարյա մեկ երրորդը) Աֆղանստան ՆԱՏՕ-ական բեռնափոխադրումների ապահովման մեջ: Միաժամանակ, թվում է, թե Բաքվում սպառվել են ղարաբաղյան կարգավորման մեջ ՆԱՏՕ-ի որեւէ ներգրավման հույսերը: Ավելի շուտ ընդհակառակը՝ Բաքուն արդեն ակներեւ տհաճությամբ է ընդունում Բրյուսելի մեկնաբանությունները ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, քանի որ դրանք հիմնականում առնչվում են հակամարտող կողմերի շփման գծում Ադրբեջանի նախաձեռնած եւ գործիքավորված լարվածությանը:
Այնուամենայնիվ, Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հետ փոխհարաբերություններում ունի բավական լուրջ քաղաքական եւ լոբբիստական պաշար՝ ի դեմս դաշինքի կառույցներում ոչ վերջին դեր ունեցող Թուրքիայի: Փաստորեն, զուտ ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտներում ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի փոխհարաբերությունները վաղուց ի վեր ունեն ավելի շուտ երկկողմանի ձեւաչափ, որում Թուրքիան ունի առանձնահատուկ դեր՝ ադրբեջանական բանակի զարգացման եւ գոնե ընդհանուր գծերով այն ՆԱՏՕ-ական չափանիշներին փոխադրելու ձգտումների մեջ: Այնուամենայնիվ, անգամ թուրքական գործոնը (ինչպես եւ Ադրբեջանի նավթագազային եւ աշխարհաքաղաքական նշանակությունը, որը գիտակցաբար ուռճացվում է պաշտոնական Բաքվի կողմից) այդ երկրի համար չեն ապահովում գերազանցության ճգնաժամային նախապատվությունները Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ունեցած բավականին հավասարակշռված երկարաժամկետ ռազմավարական առաջնահերթություններում: Համենայն դեպս, դա բավականին նկատելի է դաշինքի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ փոխհարաբերություններում հավասարակշռման քաղաքականության մեջ:
Անցնելով Հայաստան-ՆԱՏՕ փոխհարաբերություններին՝ հարկ է նշել այն առանձնահատկությունը, որ Հայաստանը փաստորեն ոչնչով չի զիջում Ադրբեջանին՝ ՆԱՏՕ-ի հետ ունեցած հարաբերությունների մասով, եթե անգամ վերջինիս չի գերազանցում: Դա, նախ եւ առաջ, պայմանավորված է քաղաքական կարգի դատողություններով: Ադրբեջանը ՆԱՏՕ-ական պաշտոնեության եւ դաշինքի եվրոպական անդամների ընկալման եւ գնահատականների մեջ շատ հարաչափերով Հայաստանի հետ համեմատվել չի կարող (ժողովրդավարական զարգացման անշրջելիությունը, ներքաղաքական դաշտի բազմազանությունը եւ ընտրությունների ինստիտուտի իրական գործառնությունը, մարդու հիմնարար իրավունքների պահպանումը, ՆԱՏՕ-ի առանցքային երկրների հետ, մասնավորապես՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ երկկողմանի հարաբերությունների մակարդակը, Հունաստանի հետ հատուկ փոխհարաբերությունները): Ռազմական հայեցակետերի տեսանկյունից Հայաստանը նույնպես Ադրբեջանին բացարձակապես չի զիջում թե° դաշինքի հետ համագործակցության մակարդակով, եւ թե° ձեռքբերված արդյունքներով (օրինակ՝ ռազմաքաղաքացիական հարաբերությունների վիճակը, ռազմոլորտի վրա վերահսկողությունը, Աֆղանստանում ՆԱՏՕ-ական ստորաբաժանումների կազմում հետխորհրդային երկրների շարքում Վրաստանից հետո խաղաղարարների թվով զբաղեցրած երկրորդ տեղը եւ այլն): Բնականաբար, ՆԱՏՕ-ի ներսում թուրքական գործոնն ունի իր բացասական դերը, բայց այն փոխհատուցվում է Ադրբեջանի համեմատ Հայաստանի ունեցած վերոնշյալ առավելություններով:
Բնականաբար, հիմնավոր հարց է ծագում, թե ինչպե՞ս գնահատել Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին. արդյո՞ք այն Երեւանի եւ Բրյուսելի համագործակցության ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտ չէ: Թվում է, թե քանի դեռ ՆԱՏՕ-ն ինստիտուցիոնալ կերպով Հարավային Կովկասում ներկա չէ (եւ քանի դեռ Վրաստանի անդամակցությունը հարցականի տակ է՝ երկար ժամանակ ներկա չի գտնվի), ՀԱՊԿ մեջ մտնելը Հայաստանի համար դաշինքի հետ հարաբերություններում զսպող գործոն բոլորովին չի լինի: Ավելին, որոշ դեպքերում, Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին հյուսիսատլանտյան դաշինքի տարածաշրջանային առաջնահերթություններում կարող է ունենալ լուրջ գործնական արժեք, քանի որ հետխորհրդային տարածությունում վերջինս ժամանակ առ ժամանակ բախվում է անվտանգության բազում հարցերում Ռուսաստանի հետ ընդհանուր հպման կետեր գտնելու խնդրին:
Այսպիսով, կարելի է պնդել, որ ներկայումս տեղի է ունենում Հարավային Կովկասի տարածաշրջանային քաղաքականության եւ անվտանգության բնագավառում ՆԱՏՕ-ի դերի եւ տեղի բավականին լուրջ վերարժեւորումը: ՆԱՏՕ-ի կառուցվածքներում եւ բուն տարածաշրջանային դերակատարների շրջանում գլխավոր թրենդը Հարավային Կովկասում հյուսիսատլանտյան դաշինքի ընկալման իրապաշտացումն է, որը ձերբազատում է բոլոր ներգրավված կողմերն անհիմն պատրանքներից, չհիմնավորված երկյուղներից եւ չիրականացած հույսերից: