Ալեքսանդր ԿՌԻԼՈՎ
Պատմական գիտությունների դոկտոր, Կովկասագետների գիտական միության նախագահ, Ռուսաստանի ԳԱ Միջազգային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի փորձագետ
Մոսկվա
Չճանաչված պետությունները նորագույն շրջանի պատմական երեւույթ են: Նրանց առաջացումը սկսզբնապես կապված էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո բազմազգ գաղութատիրական կայսրությունների տրոհման, ապա նաեւ՝ բազմազգ ԽՍՀՄ-ի եւ Հարավսլավիայի փլուզման հետ:
Կոսովյան նախադեպից առաջ միջազգային հանրությունը հրաժարվում էր ճանաչել նոր պետություններ, եթե ՄԱԿ-ի անդամ «մետրոպոլիա-պետությունը» դրան դեմ էր: Այնուամենայնիվ, տարբեր պատճառներով այդպիսի պետությունները կարող էին ճանաչվել ՄԱԿ-ի անդամ որոշ պետությունների կողմից: Հաճախ ՄԱԿ-ի անդամ սույն պետություններն՝ էթնիկական եւ կրոնադավանական համերաշխության հանգամանքների բերմամբ, ինչպես նաեւ «խնդրահարույց հարեւանի» դրությունը բարդացնելու ձգտմամբ, չճանաչված պետություններին ցուցաբերում էին քաղաքական, ֆինանսական եւ անգամ ռազմական աջակցություն:
Չճանաչված պետությունների ճակատագիրը տարբեր էր:
Տարբերակ Ա. Նրանց մի մասը ջախջախվել է ռազմական ճանապարհով: Այսպես, օրինակ, 1970 թ. վերացվել է 1967 թ. անկախություն հռչակած Բիաֆրայի հանրապետությունը, որը ճանաչվել էր մի քանի հարեւան աֆրիկյան պետությունների կողմից եւ վայելում էր Ռոդեզիայի, Հարավային Աֆրիկայի Հանրապետության եւ Ֆրանսիայի ռազմական աջակցությունը: 1976 թ. Շրի-Լանկայի հյուսիսային եւ արեւելյան նահանգներում հռչակվել է ոչ մեկի կողմից չճանաչված Թամիլ-Իլամ պետությունը, որն, այնուամենայնիվ, ընդունակ է գտնվել դիմադրելու ոչ միայն շրիլանկյան բանակին, այլեւ հնդկական էքսպեդիցիոն կորպուսին: Շրի-Լանկայի կառավարությանը մեծագույն դժվարությամբ հաջողվել է ջախջախել Թամիլ-Իլամը միայն 2009 թ.:
1991 թ. դեկտեմբերին հռչակվել է Սերբական Կրաինայի Հանրապետությունը (ՍԿՀ), որը 1995 թ. ջախջախվել է խորվաթական բանակի կողմից: Նույն շարքի օրինակներին է պատկանում նաեւ ռուսաստանյան Հյուսիսային Կովկասում հռչակված Չեչենական Իչքերիա հանրապետությունը:
Արդյո՞ք ռազմաուժային լուծման պարագայում չճանաչված պետության կամ «մետրոպոլիա-պետության» մեջ ժողովրդավարության եւ պետական հաստատությունների զարգացման մակարդակն ուներ որեւէ նշանակություն: Պատասխանն ակնհայտ է՝ ոչ: Իրական կյանքում այն ոչ մի նշանակություն չուներ: Բիաֆրան բազում ցուցանիշներով շատ ավելի կայացած էր նրան կործանած Նիգերիայից, բայց վճռորոշը կողմերի ռազմական ներուժն էր եւ արտաքին գործոնները (Նիգերիան վայելում էր ԽՍՀՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի վճռական աջակցությունը):
Տարբերակ Բ. Աշխարհում շարունակում են գոյություն ունենալ «մասնակիորեն ճանաչված» չճանաչված պետությունները՝ Աբխազիան, Կոսովոն, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը (ՀԿԹՀ), Սահարայի Արաբական Ժողովրդավարական Հանրապետությունը (ՍԱԺՀ), Հարավային Օսիայի Հանրապետությունը (ՀՕՀ) եւ այլն: Այլ առանձնահատուկ օրինակ են Պաղեստինն ու Թայվանը (նրանք հրաժարվում են ճանաչել իրենց «մետրոպոլիա-պետությունների» լեգիտիմությունը): Այս պետությունները ճանաչվել են ոչ թե ՄԱԿ-ի, այլ այդ կազմակերպության առանձին անդամների կողմից: Դա տեղի է ունեցել տարբեր պատճառներով, բայց ակնհայտ է, որ ժողովրդավարության կամ պետական հաստատությունների զարգացման մակարդակն այնտեղ ոչ մի դեր չէր խաղում:
Եվ եթե «մասնակիորեն ճանաչված» պետություններին հաջողվի հասնել լիարժեք միջազգային ճանաչման, ապա դա տեղի կունենա ոչ թե ժողովրդավարական չափանիշներին համապատասխանելու կամ պետական հաստատությունների արդյունավետ գործառնության շնորհիվ, այլ բոլորովին ուրիշ պատճառներով: Օրինակ, եթե ԱՄՆ-ն եւ վերջինիս եվրոպական դաշնակիցները կարողանան վերջնականապես ճնշել Սերբիային՝ կորզելով նրանից Կոսովոյի անկախության ճանաչումը: Արդյո՞ք դրանում Սերբիայի կամ Կոսովոյի ժողովրդավարացման ավելի բարձր մակարդակը որեւէ դերակատարություն կունենա: Ակնբախ է, որ ո°չ: Դրա վառ ապացույցն են այն ճանաչված պետությունները, որոնք ստացել են միջազգային ճանաչում, դարձել են ՄԱԿ-ի լիիրավ անդամ եւ ներկայացնում են չճանաչված պետությունների զարգացման եւս մեկ տարբերակ:
Տարբերակ Գ. Էրիտրեան, Արեւելյան Տիմորը եւ Հարավային Սուդանը: Այս բոլոր պետությունները հաղթել են երկարատեւ պատերազմներում եւ հարկադրել են Եթովպիայի, Ինդոնեզայի եւ Սուդանի կառավարություններին ճանաչել իրենց անկախությունը: Ընդսմին, էրիտրեացիներն անկախության նպատակին հասնելու համար ստիպված էին ոչ միայն պատերազմել 1961 թ., այլեւ 1991 թ. իշխանազրկել Եթովպիայի վարչակարգը եւ իշխանության բերել իրենց քաղաքական դաշնակիցներին: Այս պետությունների միջազգային ճանաչման մեջ գլխավոր դեր են ունեցել հակամարտող կողմերի ուժերի փոխհավասարակշռությունը եւ միջազգային ասպարեզում նախկին չճանաչված պետությունների համար ստեղծված բարենպաստ իրադրությունը:
Տարբերակ Դ. Եվ, վերջապես, չճանաչված պետությունների վերջին՝ այսպես ասած «հարյուր տոկոսով չճանաչված» պետությունների խումբը, որոնք ոչ մի պետության կողմից պաշտոնական ճանաչում չեն ստացել: Հետխորհրդային տարածքում դրանք երկուսն են՝ Լեռնային Ղարաբաղի եւ Մերձդնեստի հանրապետությունները: Նմանատիպ պետություններ շարունակում են գոյություն ունենալ Ասիայում եւ Աֆրիկայում: Ընդսմին, միայն նախկին Սոմալիի Հանրապետության տարածքում դրանց թիվը համարյա մեկ տասնյակի է հասնում: Դեռեւս չկա ոչ մի նշան, որ այս պետությունների զարգացման մակարդակը նշանակալից դեր կունենա միջազգային հանրության կողմից նրանց ապագա իրավաբանական ճանաչման համար:
Չճանաչված Սոմալիլենդը (երբեմնի «Բրիտանական Սոմալի» գաղութը) շատ ավելի հաջողված ու կայացած է՝ քայքայման եւ անիշխանության վիճակում գտնվող, բայց միջազգային հանրության կողմից ցայսօր նախանձախնդրորեն անկախ ճանաչվող Սոմալիի Հանրապետության համեմատ: Պաշտոնապես չճանաչված Սոմալիլենդի հետ դիվանագիտական հարաբերություններ են հաստատել Մեծ Բրիտանիան, Բելգիան, Գանան, ՀԱՀ-ը, Շվեդիան, Ջիբուտին: Սոմալիլենդի մայրաքաղաք Խարգեյսում գործում է Եթովպիայի դեսպանատունը, իսկ տեղական նավահանգիստների միջով անցնում են Եթովպիայի ներկրման ու արտահանման տարանցիկ հոսքեր:
2007 թ. Եվրամիությունը Սոմալիլենդ պատվիրակություն է գործուղել՝ հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունները քննարկելու համար: Որոշ ժամանակ անց այդտեղ ժամանել է նաեւ Աֆրիկյան միության հատուկ ներկայացուցիչը՝ սույն չճանաչված պետության ապագա միջազգային ճանաչման հարցերին լուծում տալու նպատակով: Այդ ժամանակվանից ի վեր անցել է մի քանի տարի, բայց իրավիճակը նույն է մնում. շարունակում է գոյություն ունենալ ՄԱԿ-ի կողմից ճանաչված, բայց փաստացիորեն մասնատված եւ ծովահենների ոստանի վերածված Սոմալիի Հանրապետությունը եւ չճանաչված, բայց անհամեմատ ավելի կայուն ու հաջողակ Սոմալիլենդը:
Վերոշարադրյալից առաջին եզրակացությունն այն է, որ որեւէ չճանաչված կամ «մասնակիորեն ճանաչված» պետության միջազգային ճանաչման հեռանկարի տեսանկյունից որոշիչ դեր է շարունակում ունենալ հակամարտող կողմերի միջեւ առկա ռազմաքաղաքական փոխհավասարակշռությունը, ինչպես նաեւ միջզգային ասպարեզում տիրող իրադրությունը, նախ եւ առաջ՝ խնդրի հանդեպ հիմնական միջազգային խաղացողների եւ հարեւան պետությունների դիրքորոշումը: Այս առումով տեսանելի ապագայում իրավիճակը հազիվ թե արձանագրի փոփոխության միտումներ:
Երկրորդ եզրակացությունը. ի հեճուկս վերոգրյալի, չճանաչված պետությունների ժողովրդավարության եւ պետական հաստատությունների զարգացման մակարդակն ու սոցիալ-տնտեսական հաջողվածության հանգամանքը շարունակում են ունենալ ակնառու նշանակություն: Նախ՝ այն պատճառով, որ չճանաչված պետությունում քաղաքական եւ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման արդյունավետությունն էապես նվազեցնում է վերջինիս ռազմաուժային ոչնչացման սցենարի իրականացման հավանականությունը: Հակառակ դեպքում, անկախության գաղափարը տեղի բնակչության մոտ կարող է արժեզրկվել, եւ չճանաչված պետության ղեկավարությունը կարող է կորցնել խիստ կարեւոր սոցիալական հենքը, որն, իր հերթին, կստեղծի բարենպաստ պայմաններ՝ բոլոր հնարավոր միջոցներով «ապստամբ տարածքում սահմանադրական կարգը վերականգնելու» համար:
Այսպիսով, պատմական հեռանկարի տեսանկյունից ժողովրդավարության եւ պետական հաստատությունների զարգացման մակարդակը ձեռք է բերում ոչ նվազ կարեւորություն, քան ռազմական եւ միջազգային գործոնները: Պատմական որոշակի փուլում չճանաչված պետության «ներքին լեգիտիմությունը» կարող է միջազգային ճանաչումից շատ ավելի կարեւոր դառնալ:
Արդի միջազգային իրադրության առանձնահատկությունն այն է, որ ՄԱԿ-ի (որի հեղինակությունն ու ազդեցությունն աշխարհում շարունակում են նվազել) անդամությունը շատ հարցերում արժեզրկվել է եւ արտաքին միջամտությունից խուսափելու առումով այլեւս երաշխիք չի տալիս: Սերբիայի, Իրաքի, Լիբիայի եւ այլ պետությունների ճակատագիրը, ինչպես նաեւ մերօրյա «արաբական գարունը» վկայում են, որ «ներքին լեգիտիմության» խնդիրը հետզհետե ձեռք է բերում ավելի մեծ արդիականություն, այդ թվում եւ միջազգային իրավունքի տեսանկյունից «հարյուր տոկոսով ճանաչված» պետությունների համար: