Սերգեյ ՄԱՐԿԵԴՈՆՈՎ
Անկախ քաղաքագետ
Մոսկվա
2014թ. փետրվարի 7-ին սևծովյան հայտնի հանգստավայր Սոչիում հանդիսավորապես բացվելու են 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը: Հետխորհրդային Ռուսաստանի համար դրանք առաջին խաղերն են լինելու: Ընդ որում, սպասվող իրադարձության նշանակությունն էապես դուրս է գալիս քառամյակի գլխավոր սպորտային տոնի շրջանակներից: Օլիմպիադան ունենալու է կարևոր քաղաքական նշանակություն: Ռուսաստանի ղեկավարությունն օլիմպիադան դիտում է որպես միջազգային ասպարեզում երկրի աճող ներուժի ցուցադրում և լուրջ ներքին խնդիրների հաղթահարման ակներև վկայություն:
Երբ Միջազգային օլիմպիական կոմիտեն իր 119-րդ նստաշրջանի նախաշեմին՝ 2007թ. հուլիսի 4-ին, որոշում է ընդունել 2014 թ. ձմեռային օլիմպիական խաղերը Ռուսաստանում անցկացնելու վերաբերյալ, Վլադիմիր Պուտինը հանդես էր գալիս որպես «սոչիական» նախագծի գլխավոր ջատագով: Այսօր էլ Ռուսաստանի առաջնորդն այս նախաձեռնոթյունը համարում է իր՝ «1990-ականների քաոսի» հաղթահարման և աշխարհում Ռուսաստանի դիրքերի ամրապնդման ուղեգծի հաջողության վառ ապացույց: Նրա խոսքերով. «Եթե Ռուսաստանը չկարողանար վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը, եթե մենք չդադարեցնեինք Կովկասում հինգ-յոթ տարի առաջ ունեցած տեսքով դիմակայությունը, եթե մենք սկզբունքային կերպով չփոխեինք տնտեսության վիճակը, եթե չլուծեինք մի շարք սոցիալական խնդիրներ, ապա մենք Օլիմպիադան մեր ականջների պես չէինք տեսնի»:
Անգամ Սոչիի՝ որպես Օլիմպիադայի մայրաքաղաքի, ընտրությունը որոշ չափով մարտահրավեր է դիտվում: Ձմեռային խաղերը կանցկացվեն Կրասնոդարի երկրամասի սևծովյան ափին՝ մերձարևադարձային կլիմայի և հազարավոր ռուսաստանցիների ամառային հանգստավայրի գոտում:
Սակայն, բնակլիմայական սյուժեներից բացի Սոչիի շուրջ միահյուսված են բազմաթիվ բարդ և ուշագրավ քաղաքական հանգույցներ: Առանց անվտանգության հարցերի և արտաքին-քաղաքական խնդիրների որակական հանգուցալուծման խաղերը չեն ապահովելու ակնկալվող արդյունքը:
Նախ՝ ի տարբերություն նախորդ ամառային և ձմեռային օլիմպիադաների (Վանկուվեր, Թուրին, Լոնդոն, Պեկին), Սոչին գտնվում է Ռուսաստանի ամենախնդրահարույց տարածաշրջանի՝ Հյուսիսային Կովկասի անմիջական մերձավորությամբ: Այստեղից մինչև Կարաչաևո-Չերքեզիայի Հանրապետությունը շուրջ 100 կմ է, իսկ մինչև Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետությունը՝ շուրջ 200 կմ: Մեծ Սոչիի[1] շրջանը, որի մեջ բուն քաղաքից բացի մտնում են Լոո, Լազարևսկոյե, Ադլեր և այլ հայտնի հանգստավայրերը, Պսոու գետով սահմանակցում է մասնակիորեն ճանաչված Աբխազիայի Հանրապետությանը: Եթե ՌԴ համար դա միջպետական՝ ռուս-աբխազական սահման է, ապա Վրաստանի և ՄԱԿ անդամ երկրների ճնշող մեծամասնության համար այն ռուս-վրացական սահմանագիծն է[2]: Ու թեև այսօր Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերությունները հեռացել են Վրաստանի նախորդ առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլու հասցրած վտանգավոր գծից, նրանց միջև սուր խնդիրները կրկին բազմաթիվ են, որոնցից ամենախնդրահարույցը Աբխազիայի և Հարավային Օսիայի կարգավիճակների շուրջ առկա հակասություններն են:
Երկրորդ՝ Սոչիի շուրջ իրադրությունը հաճախ դիտարկվում է ավելի լայն միջազգային համապատկերրում, օրինակ՝ ռուս-ամերիկյան կամ ՌԴ-ԵՄ հարաբերությունների կտրվածքով: Թեպետև արդի ժամանակաշրջանը հնարավոր չէ համեմատել «Սառը պատերազմի» տարիների հետ, խաղերի բոյկոտի գաղափարը ժամանակ առ ժամանակ հնչում է արևմտյան պետությունների ոչ առաջին դեմքերի միջոցով: Այսպես, սույն թվականի հուլիս ամսին Հարավային Կարոլինայից սենատոր ընտրված Լինդսի Գրեմը հայտարարել է, որ խաղերին չմասնակցելու հնարավորությունը պետք է մտնի ամերիկյան արտաքին քաղաքականության օրակարգ՝ «Սնոուդենի գործի», Սիրիայում Ռուսաստանի պահվածքի և այլ սյուժեների բերմամբ, որոնց շուրջ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև առկա են լուրջ տարաձայնություններ: Արդարացնելով հնարավոր բոյկոտի գաղափարը Ռուսաստանի բռնաճնշողական քաղաքականությամբ՝ բոյկոտի գաղափարի օգտին է արտահայտվել Թվիթերում վեց միլիոն բաժանորդ ունեցող հայտնի բրիտանական դերասան և գրող Ստիվեն Ֆրայը:
Ինչքանո՞վ են այս տարամետ քաղաքական մարտահրավերներն արդիականություն պահպանում ռուսաստանյան սուբտրոպիկներում Սպիտակ Օլիմպիադայի մեկնարկից 100 օրից էլ քիչ մնացած շրջանում: Այն բանից հետո, երբ 1972թ. Մյունխենյան օլիմպիադայի ժամանակ իսրայելական պատվիրակության դեմ տեղի էր ունեցել ահաբեկչական հարձակում, անվտանգության միջոցառումները դարձել են բոլոր մարզական խաղերի կազմակերպիչների կարևորագույն առաջնահերթությունը: Սոչիի պարագայում իրավիճակին սրություն է հաղորդում Հյուսիսային Կովկասին օլիմպիական մայրաքաղաքի մոտ լինելը, ինչպես նաև հյուսիսկովկասյան ընդհատակի առաջնորդ Դոկու Ումարովի հրապարակային հայտարարությունները՝ ոչ միայն Սոչիի անմիջական հարևանությամբ, այլ ողջ Ռուսաստանով մեկ քաղաքացիական օբյեկտները հարվածելու մտադրության մասին: Վոլգոգրադում կին ահաբեկչի վերջերս կատարած գործողությունը կամ Նազրանում և Սեռնովոդսկում իրականացված ահաբեկչությունները վկայում են, որ Դոկու Ումարովի սպառնալիքները սին չեն: 2011-2013 թվականներին ընդհատակը ձեռնարկել է օլիմպիական մայրաքաղաքին անմիջական հարևանությամբ գտնվող Աբխազիայի տարածքում հաստատվելու մի քանի փորձ:
Սույն թվականի հուլիսին Ումարովը հայտարարել է քաղաքացիական օբյեկտները չհարվածելու՝ իր կողմից 2012թ. փետրվարին հռչակված «մորատորիումի» դադարեցման մասին: Իրականում այդ «մորատորիումի» ժամանակ էլ քաղաքացիական անձանց դեմ գործողությունները չէին դադարեցվել: Միայն անցած տարվա վերջին քառորդում ահաբեկչությունների զոհ է դարձել 22 հոգի: Առանձնակի ընդգծենք, որ նրանք ոստիկաններ, պետական պաշտոնյաներ կամ «ուժայիններ» չէին. խոսքը քաղաքացիական բնակչության մասին է, օրինակ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ռեկտոր Բորիս Ժերուկովը՝ Կաբարդինո-Բալկարիայից կամ Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության (ՀՊՀՌԸ) լրագրող Կազբեկ Գեկիևը և մի շարք այլ անձինք:
Ումարովի անցած տարվա քայլն իրականում զուտ քարոզչական բնույթ էր կրում, որը Մոսկվայի և Վաշինգտոնի միջև աճող տարաձայնությունների ֆոնին (2011թ. խորհրդարանական և 2012թ. նախագահական ընտրություններից և նախագահի աթոռին Վլադիմիր Պուտինի վերադառնալուց հետո) միտված էր վերափոխելու «Էմիրաթի» վարկանիշը: Սակայն, հյուսիսկովկասյան ջիհադականների նկատմամբ Արևմուտքն իր դիրքորոշումը չի փոխել (Ումարովն ու իր «Էմիրաթը» ներառված են ԱՄՆ Պետդեպարտամենտի «ահաբեկչական ցուցակներում»):
2013թ. Բոստոնում տեղի ունեցած ահաբեկչությունը (ահաբեկչական հարձակումը կազմակերպելու մեղադրանքով դատական պատասխանատվության է ենթարկվել քսանամյա Ջոհար Ցառնաևը) հերթական անգամ արդիականացրել է ռուս-ամերիկյան հակաահաբեկչական փոխգործակցության խնդիրը: Թեև այդպիսի հնարավորությունը սահմանափակված է շատ հանգամանքներով, Ումարովի՝ քաղաքացիների դեմ պայքարը որպես հակագաղութային շարժում ներկայացնելու փորձը ձախողվել է: Բոստոնյան ահաբեկչության վերաբերյալ վերջին խոսքը, բնականաբար, կարտաբերվի երդվյալ ատենակալների կողմից, իսկ «Ցառնաևի գործի» շուրջ բանավեճը ստիպել է պաշտոնական Վաշինգտոնին նվազ քննադատողաբար վերաբերվել Հյուսիսային Կովկասում Ռուսաստանի գործողություններին: Այս պաթոսը կիսել են նաև Կովկասում ԱՄՆ մերձավորագույն դաշնակիցները: Բոլորովին պատահական չէ, որ վերջերս պաշտոնական այցով Վաշինգտոն այցելած Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ Սոչիում օլիմպիական խաղերի անվտանգությանն առնչվող հարցերում՝ «ի հեճուկս «2008 թ. ռազմական հակամարտության թողած ծանր ժառանգության»:[3]
Կարելի է ասել, որ վրացական սահմանի հյուսիսկովկասյան հատվածում աճող անկայունությունը պաշտոնական Թբիլիսիին ստիպում է հետաքրքրություն ցուցաբերել Մոսկվայի հետ համագործակցության նկատմամբ: Դա արվում է առնվազն իրապաշտական նկատառումներով, քանի որ արմատական իսլամական ընդհատակը ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև Վրաստանն է դիտում որպես ահաբեկչական գործունեության ծավալման դաշտ:
Զգալի չափով ռուսական շահգրգռվածության ավելի որակյալ ըմբռնումը օլիմպիական խաղերի և, առհասարակ, Հյուսիսային Կովկասում անվտանգության պահպանման շուրջ ԱՄՆ-ին և նրա եվրոպական դաշնակիցներին ստիպել է քննադատողաբար վերաբերվել Մոսկվա-1980-ի պատմությունը կրկնելու գաղափարներին: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները սենատոր Լինդսի Գրեմի առաջարկն անվանել է «մեծապես սխալ»: Վերջինիս նախաձեռնությունն աջակցություն չի ստացել նաև ԱՄՆ Ազգային օլիմպիական կոմիտեում: Իրենց հերթին, նախագահ Բարաք Օբաման և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, արտահայտելով հանդերձ իրենց մտահոգությունը Ռուսաստանում փոքրամասնությունների և մարդու իրավունքների ապահովման հարցում, չեն սատարել Սոչիում խաղերի բոյկոտի գաղափարը:
Այսպիսով, Ռուսաստանի քաղաքականությունը 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացմանը պատրաստվելու ուղղությամբ արձանագրել է որոշակի հաջողություններ: Մոսկվային հաջողվել է նվազագույնի հասցնել իր դեմ «չերքեզների ցեղասպանության» պես քաղաքական զենքի կիրառման վտանգը. Ռուսաստանը կարողացել է ավելի լայն ընդունելություն գտնել արևմտյան երկրների քաղաքական և գործարար շրջանակներում: Խաղերի գործընկերոջ դերում հանդես են եկել մի շարք խոշոր ընկերություններ՝ Coca-Cola, Procter & Gamble, McDonald’s, VISA, Samsung, Dow Chemical, Omega, General Electric և շատ ուրիշներ: Ռուսաստանի հատուկ ծառայությունները հաջողություններ ունեն նաև ահաբեկչական հարձակումների և սպառնալիքների նվազեցման ասպարեզում: Չպետք է մոռանալ, որ ձմեռային օլիմպիադայի անցկացման իրավունքը ստանալուց հետո ՌԴ-ն ձեռք է բերել նաև 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքը:
Հնարավոր ահաբեկչական սցենարները կանխելու համար ձեռնարկվում են աննախադպ միջոցներ: 2013թ. հունիսի դրությամբ օլիմպիական օբյեկտներում և Սոչիի շուրջ անվտանգությունն ապահովելու նպատակով ծախսվել է շուրջ 2.5 միլիարդ ամերիկյան դոլար: Ռուսաստանի ՆԳՆ-ն ծրագրում է այսպես կոչված «անվտանգության պատնեշի» ստեղծումը, որը ձգվելու է Մեծ Սոչիի ողջ տարածքով՝ ծովափի ավելի քան 100 կմ երկայնքով. արևմուտքում՝ Մագրի ավանից մինչև Կարդավաչ Ուզլովոյ գագաթն արևելքում և Կաշին լեռից հյուսիսում մինչև Իմերեթական ծովածոցը հարավում՝ ամենուրեք 40 կմ խորությամբ: Բաց տարածությունում դահուկային մրցումները տեղի են ունենալու Սոչիի քաղաքային կենտրոնից 39 կմ հեռու՝ Կրասնայա Պոլյանա ավանում: 2007թ. դեկտեմբերի 1-ին ընդունված թիվ 310՝ «Օլիմպիական խաղերի կազմակերպման և անցկացման մասին» դաշնային օրենքը պետության ղեկավարին ընձռում է լայն հնարավորություններ՝ անվտանգության լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու համար: Դրանք վերաբերվում են նշված տարածք մարդկանց և փոխադրամիջոցների՝ ներառյալ ծովային և օդային տրանսպորտի մուտք գործելու, այնտեղ բնակվելու կամ ժամանակավորապես գտնվելու սահմանափակումներին:
Այսուհանդերձ, Մոսկվան չպետք է գայթակղվի և մատնվի հաղթական տրամադրություններին: Սոչիի համապատկերում Ռուսաստանի ղեկավարությանը հանդիպած խնդիրներից շատերը ծագել էին խաղերից առաջ, իսկ դրանց (հուսանք՝ բարեհաջող) ավարտից հետո չեն անհետանա: Ահաբեկչական ակտիվությունն անհնարին է դիտել սոցիալ-տնտեսական բարդ և խճողված խնդիրների (գործազրկություն, բնակչության գերխտացում, ներքին միգրացիա և այլն) համալիրից դուրս: «Չերքեզական խնդրի» շուրջ բանավեճը Ռուսաստանին ցույց է տվել, որ վաղուց ժամանակն է մշակել որակյալ բացատրական մոդել, որն ընդունակ կլինի տալ պատշաճ գնահատական Կովկասյան պատերազմին և Ռուսաստանի կազմում տարածաշրջանի պատմությանը: Խնդիրն իրականում բոլորովին բացառիկ կամ եզակի չէ: Համարյա յուրաքանչյուր բազմազգ երկիր լուծում էր նման խնդիրներ: Օրինակ՝ կանադացիներն ու ամերիկացիները վաղուց և պատրաստակամորեն են ներառում ինքնին ոչ միանշանակ «հնդկական սյուժեն» իրենց պետական և մարզական տոների մեջ (վերջին շրջանի ամենավառ օրինակներից է Վանկուվերում Օլիմպիադայի բացման արարողությունը) , էլ չենք խոսում դասագրքերն ու թանգարանային ցուցահանդեսների մասին:
Ռուս-վրացական բնականոնացումը նույնպես գտնվելու է ստատիկ վիճակում առանց անվտանգության ոլորտում փոխգործակցության իրական նախագծերի, այդ թվում և Սոչիի մասով: Ռուս-ամերիկյան հարաբերությունները Վլադիմիր Պուտինի սիրիական նախաձեռնությունից հետո ավելի լավ տեսք ունեն, քան սրանից կես կամ մի տարի առաջ: Բայց դրանց էլ անհրաժեշտ է ոչ թե անցյալի ֆանտոմների, այլ ներկայիս իրողությունների վրա հիմնված որակական ռազմավարություն: Երկու երկրներն էլ նախկինի պես միմյանց են կապված այդ թվում և անվտանգության ոլորտի մարտահրավերների միջոցով: Մարզական մրցություններում ամերիկացիները, որպես կանոն, ունեն ամենախոշոր պատվիրակությունը: Ինչ էլ լինի, Սոչիի քննությունը Ռուսաստանը դեռ պետք է հանձնի: Առանց դրա բարեհաջող հանձնման համաշխարհային քաղաքականության բարձրագույն լիգա վերադառնալու Ռուսաստանի հնարավորությունները նշանակալիորեն կնվազեն:
Հեղինակը՝ Սերգեյ Մարկեդոնովը, քաղաքագետ է՝ 2010թ. մայիսից մինչև 2013թ. հոկտեմբերը Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի հրավիրյալ գիտաշխատող, Վաշինգտոն, ԱՄՆ
[1] Քաղաք-հանգստավայր Սոչի մունիցիպալ կազմավորման երկարությունը 105 կմ է: Սակայն, ելնելով սևծովյան ափի երկայնքով կառուցված ավտոմայրուղիների առանձնահատկություններից, այս տարածությունը ցամաքով հաղթահարելու համար հարկավոր է անցնել 140 կմ:
[2] Մի շարք պետություններ (ԱՄՆ, Լիտվա, Ռումինիա) և միջազգային կազմակերպություններ (ՆԱՏՕ, Եվրախորհրդարանը, ՆԱՏՕ Խորհրդարանական վեհաժողով) Աբխազիան դիտում են որպես Ռուսաստանի կողմից բռնազավթված տարածք: Վրաստանում այդ կապակցությմբ ընդունվել է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքը:
[3] Մեջբերված է. http://vz.ru/news/2013/8/22/646647.html