Աննա ՄՈՒՐԱԴՅԱՆ
Երևան
Ազատ լրագրող
Ստամբուլում գործում են 16 տեղական հայկական դպրոցներ, որոնցից միայն մեկն է բացվել թուրքական հանրապետության ժամանակ, մնացածը գործել են օսմանյան կայսրության ժամանակներից ի վեր: Տասը տարի առաջ` Թուրքիա աշխատանքային միգրացիայի մեկնած Հայաստանի քաղաքացիների երեխաների համար բացվեց նաև անլեգալ գործող հայկական դպրոց, որտեղ դասավանդման լեզուն արևելահայերենն է:
Փոքրիկ Հայաստան՝ Ստամբուլի Հրանտ Դինքի անվան դպրոցում
Հայաստանի անկախացումից ի վեր ամեն տարի երկրի բազմաթիվ քաղաքացիներ են մեկնում Թուրքիա արտագնա աշխատանքի՝ Վրաստանից հատելով սահմանը և ծախսելով մոտ 100 դոլար՝ վիզայի և ավտոբուսի համար: Նրանցից ոմանք գնում-գալիս են, շատերն էլ հաստատվել են Ստամբուլում:
«Ուզում եմ, որ Հայաստանում աշխատատեղեր բացվեն, որպեսզի մարդիկ աշխատեն ու չգան այստեղ»,- շարադրության մեջ գրել է տասնամյա դպրոցական Տիգրան Ավետիսյանը, ով թեպետ ծնվել է Սպիտակ քաղաքում, բայց ոչինչ չի հիշում քաղաքից:
Թուրքիայի կառավարությունը լավատեղյակ է այս դպրոցի գոյության մասին և չի խոչընդոտում դրա գործունեությանը, սակայն ստացած կրթությունը հավաստող փաստաթուղթ, որը վավերական կլինի Թուրքիայի համար՝ աշակերտները չեն ստանում:
«Ես չեմ ուզում այստեղ մնամ, ուզում եմ գնամ Սպիտակ, որովհետև այնտեղ է իմ տունը,- մտածկոտ ասում է Տիգրանը,- թեև ոչինչ չեմ հիշում այնտեղից, որովհետև հենց ծնվել եմ՝ եկել ենք այստեղ»:
Քաղաքի ամենահին թաղամասերից մեկում՝ Քումքափիում, որտեղ գտնվում է նաև Հայոց պատրիարքարանը, Հայ ավետարանական եկեղեցու(կառուցված 1914թ.) հովանու ներքո է գործում այս դպրոցը, որը 2010թ. անվանակոչվեց Հրանտ Դինքի անունով, քանի որ այստեղ նախկինում եղել է որբանոց, որտեղ էլ մեծացել է Հրանտ Դինքը: «Ասալա» խմբավորման հետ կապված հարցերի պատճառով կառավարության ճնշմամբ այն 1975թ. փակվել է:
Ի տարբերություն Ստամբուլում գործող այլ պետական հայկական դպրոցների, որտեղ գերակայում է թուրքական մշակույթը՝ տնօրենի սենյակում պարտադրված Աթաթուրքի դիմանկարով և Թուրքիայի օրհներգով, Հրանտ Դինքի անվան դպրոց մուտք գործելիս հայտնվում ես փոքրիկ հայկական իրականությունում: Նախասրահի պատին Սերժ Սարգսյանի ու Ամենայն Հայոց կաթողիկոսի լուսանկարներն են, հայկական դրոշն ու զինանշանը, արևելահայերենով ձևավորված պատի թերթեր կան:
«Այս դպրոցի մեջ փոքրիկ Հայաստան է,- ասում է հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լիլիթ Պողոսյանը,- երեք տարի է, որ այստեղ եմ ու չեմ զգում, որ Թուրքիայում եմ ապրում՝ հայերենով եմ օրս սկում ու հայերենով՝ավարտում»:
Այս դպրոցը հիմնադրելու միտքը պատկանում է ստամբուլահայ Ալեքս Ուզուրօղլուին և Ստամբուլ աշխատելու եկած Հերիքնազ Ավագյանին: Նրանք տեղ հատկացնելու խնդրանքով դիմել են Պոլսո պատրիարքություն, սակայն մերժում են ստացել, որից հետո նրանց ձեռք է մեկնել Հայ Ավետարանական եկեղեցու հովիվ Գրիգոր Աղաբալյանը (Աղաբալօղլու):
Աղաբալյանը պատմում է, որ մի օր հարցուփորձ է արել մի հայ երեխայի ու թուրքերեն պատասխաններ ստացել, ինչը ցավ է պատճառել իրեն և մտորելու լուրջ տեղիք տվել:
«Կիներ կային Հայաստանից, որ եկած էին հոս աշխատելու, մեկ օր էլ մի պստիկին հարցրի, թե ինչպես ես, պատասխանեց՝ իյիյմ(թուրքերեն՝ լավ եմ),- պատմում է նա,- ես ինքս ինձ ասի, թե տեղացի հայերն իրենց հայ ինքնությունը կորցրել են ու հիմա նույնը Հայաստանից եկած հայերի հետ կըլլա»:
Այդպես էլ բացվել է այս դպրոցը, որտեղ ամենասկզբից հաճախել են 5-7 աշակերտներ, սակայն այդ թիվը հետզհետե ավելացել է:
Թուրքիա աշխատանքային միգրացիայի մեկնած մարդկանց վերաբերյալ որևէ պաշտոնական հետազոտության չկա թե Հայաստանում, թե Թուրքիայում: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տարբեր առիթներով հայտարարում է, որ այնտեղ կա անլեգալ կեցությամբ ապրող մինչև 150 հազար հայ, սակայն Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և Ստամբուլի մշակույթի համալսարանին կից Գլոբալ քաղաքական միտումների կենտրոնի 2009թ. անցկացրած հետազոտության արդյունքներով Թուրքիայում անլեգալ ապրում է մոտ 15000 հայ, որոնց 94 տոկոսը կանայք են:
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունն ամեն տարի հրապարակում է տարբեր ուղղություններով աշխատանքային միգրացիայի մեկնած ՀՀ քաղաքացիների վիճակագրական պատկերը, որտեղ Թուրքիան ներառված չէ՝ փոքր դաշտ լինելու պատճառով: Այն ընդգրկում է ԱՊՀ երկրներն ու եվրոպական երկրները (դրանցում 65 տոկոսով գերակայում է ՌԴ-ն): Մյուս տարի, սակայն, հասանելի կլինեն նաև այլ ուղղություներ, որոնց թվում նաև Թուրքիան:
Դպրոցի փոխտնօրեն Դոնարա Բեբուրյանը 10-հոգանոց մանկավարժական կոլեկտիվի «հնաբնակներից» է, ում նույնպես Ստամբուլ էր բերել աշխատանքի փնտրտուքը: «Սկզբից միայն հայոց լեզու էինք դասավանդում, հետո մեզ միացավ Ռուսաց լեզվի մասնագետ, հետո ավելացրինք անգլերեն ու այլ առարկաներ»,- տեղեկացնում է նա: Թուրքերեն չեն անցնում այս դպրոցում:
Բեբուրյանը նշում է, որ ուղղագրությունների տարբերության պատճառով ծնողները չեն ուզում երեխաներին ուղարկել տեղական հայկական դպրոցներ: «Մի քանիսն իրենց երեխաներին տարան այնտեղ,- ասում է նա,- ապա հետ բերեցին՝ լեզվական խնդիրների պատճառով»:
Դասավանդող ուսուցիչները գրեթե բոլորն էլ Ստամբուլ եկել են աշխատանք փնտրելու, ոմանք էլ՝ պարզապես միացել են այնտեղ աշխատող իրենց ընտանիքներին:
«Երբ Հայաստանում արժանապատիվ գործ չգտա՝ միացա ընտանիքիս անդամներին, ովքեր արդեն իսկ այստեղ էին»,- ասում է դպրոցի պատմության ուսուցիչ 25-ամյա Դավիթ Խաչատրյանը, ով ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրոս է: Նրա հայրը Ստամբուլում կոշկակարությամբ է զբաղվում, իսկ մայրը ընտանիք է խնամում:
Դասարանների մի մասը տեղակայված է եկեղեցու կիսանկուղային հարկում, որտեղ ժամանակին գործել է որբանոցը, սակայն դասերն անցկացվում են նաև հենց եկեղեցու ներսում, ընդ որում՝ նույն ընդարձակ սրահի աջ և ձախ թևերում միաժամանակ տարբեր դասարաններ տարբեր դասեր են անում:
Ուսուցիչներն առաջնորդվում են Հայաստանի հանրակրթական դպրոցների համար նախատեսված ծրագրով, իսկ դասագրքերը անվճար ստանում են Հայաստանից, սակայն տեղափոխման վարձը վճարում են ծնողները:
Դպրոցը հիմնականում պահվում է ծնողների վարձով՝ ամսական 60 դոլար: «Բայց ծնողներ կան, որոնք դա էլ չեն կարողանում վճարել,- պատմում է Բեբուրյանը։- Բոլորին ընդառաջ ենք գնում, զեղչեր ենք անում, նաև Գրիգոր Պատվելին է մեզ շատ օգնում»:
Տեղացի մի քանի հարուստ ընտանիքներ որոշ չափով օգնում են, մասնավորապես՝ Հորոզօղլի ընտանիքը, սակայն ամենամեծ դրամական օգնությունը հատկացրել է Ռաքել Դինքը՝ նվիրաբերելով Եվրադատարանում «Դինք ընտանիքն ընդդեմ Թուրքիայի» հայցով շահած գումարի մի մասը:
Այժմ 100 աշակերտ ունեցող դպրոցին կից կա նաև մանկապարտեզ՝ 30 երեխաներով: Միգրանտների մեջ աշխարհագրական առումով Հայաստանի որևէ շրջան չի գերակայում՝ ընտանիքները գալիս են Սևանից, Սպիտակից, Երևանից, Գյումրիից, Էջմիածնից և այլ վայրերից:
Գրիգոր Պատվելիի խոսքերով՝ ծնողների մեծամասնությունը մտադրված է հետ վերադառնալ։ Նրանք Ստամբուլ են եկել միայն դրամ վաստակելու համար:
«Մենք նույնպես չենք ուզում, որ նրանք այստեղ մնան,- բացատրում է Պատվելին։- Տեղացի հայերը քրիստոնեությունը կպահեն, բայց մահմեդական պետության մեջ թուրքերը շատ ազգայնական են և շատոնց իսլամի կդարձուցեն: Շատ հայ աղջիկներ ու տղաներ օտարների հետ կամուսնանան ու կկորսվեն՝ կգնան, ու դա մեր համար չարիքի մը պես բան մը կըլլա»:
Դպրոցում երեխաները մնում են մինչև ժամը 16.00-ն, այդ ընթացքում նրանք նաև ճաշում են ու դասապատրաստում անցնում, սակայն երեխաներ կան, որոնք մնում են նաև մինչև ժամը 19.00-ը, քանի որ նրանց ծնողները ուշ են ավարտում իրենց աշխատանքը:
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լիլիթ Պողոսյանը նշում է, որ Ստամբուլում մեծանալով՝ Հայաստանից եկած երեխաները զրկվում են մանկական տարիքի համար շատ կարևոր բակային խաղերից, քանի որ ծնողները՝ տագնապելով երեխաների անվտանգության համար, արգելում են նրանց խաղալ բակերում: «Մարդիկ տան մեջ ապահով չեն զգում իրենց՝ էլ ուր մնաց բակում»,- ասում է նա:
Ստամբուլի տեղական դպրոցները. հայերենը որպես թանգարանի նմուշ
Պոլսո հայ համայնքի շատ անդամներ նշում են, որ քաղաքական պայմանները գնալով ավելի ու ավելի բարենպաստ են դառնում, սակայն խնդիրն այն է, որ նվազել են թե հայկական դպրոցները և թե հայերեն խոսողների թիվը: Ինչպես «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանն է նշում. «Հայերենը թանգարանի նմուշ կզգանք Ստամբուլում, իմ բարեկամիս հետ թրքերեն կխոսիմ»:
Նա ասում է, որ թուրքական կառավարության իրականացրած քաղաքականության արդյունքում հայերեն լավ սովորեցնող դպրոցները փակվեցին կամ սկսեցին վատ սովորեցնել. «Մոտ 30 տարի առաջ շատ ավելի մեծ թվով աշակերտություն կար»:
1923թ. Ստամբուլում գործել են 47 դպրոցներ, նույնիսկ մինչև 2000թ. եղել է 18 դպրոց, դրան հաջորդող տասը տարիների ընթացքում ևս երկու դպրոց փակվել է ու մնացել է ընդամենը 16-ը, որտեղ սովորում են շուրջ 3000 աշակերտներ: Այս դպրոցներից միայն չորսը ունեն վարժարանի կարգավիճակ, մյուսները համարվում են հիմնական դպրոցներ:
«Գավառներից Ստամբուլ եկածները լավ հայերեն գիտեին, բայց իրենց սերունդներին չփոխանցվեց հայերենի իմացությունը, որովհետև հայերենը պետք չէր, և նույնն էլ հիմա է,- պատմում է Էստուկյանը,- 11 տարի դպրոց գնալուց հետո երեխաները լավ հայերեն չեն իմանում»:
1886 թվականից ի վեր գործող Կեդրոնական վարժարանում սովորող բոլորը երեխաները միմյանց հետ թուրքերեն են խոսում, իսկ լրագրողի հարցին, թե ինչու հայերեն չեն խոսում՝ նրանք տարբեր պատճառաբանություններ էին բերում:
Սրա պատճառը մի կողմից պետական քաղաքականությունն է, մյուս կողմից՝ հայերեն դասավանդող լավ մասնագետներ գտնելու դժվարությունը: Թուրքիայի մի քանի համալսարաններում բացվել է հայոց լեզու և գրականության բաժին, որտեղ դիմորդները, Կեդրոնական վարժարանի տնօրեն Սիլվա Կույումջյանի խոսքերով, շատ քիչ են. «Բացի այդ՝ դրանք Պոլսո մեջ չեն»:
Դպրոցներում ոչ բոլոր առարկաներն են հայերեն դասավանդվում: Պատմություն և աշխարհագրություն առարկաները պարտադրված են անցնել թուրքերենով, նաև ուսումնասիրում են թուրքերենը: Մնացած առարկաները կարող են անցնել հայերենով, եթե, իհարկե, կան այդ առարկաները հայերենով դասավանդող ուսուցիչներ:
Կույումջյանի խոսքերով՝ հայ երեխաները Ցեղասպանության և Հայոց պատմության մասին տեղեկանում են Հայ գրականության դասի ժամանակ, որի ընթացքում ուսուցիչն այդ թեմաները ինչ-որ ձևով զուգահեռում է հիմնական նյութի հետ:
Իրականում, բացի հայոց լեզվի ու գրականության դասագրքերից՝ դպրոցներում բոլոր դասագրքերը թուրքերեն են: Ու թեպետ դպրոցները հայկական են, ու ծախսերն էլ հոգում է հայ համայնքը, բայց, ինչպես Էստուկյանն է ասում. «Ստացվում է թուրքական դպրոց, քանի որ կրթության նախարության ծրագրով են սովորում»:
Մյուս կողմից էլ՝ իրոք կան որոշակի քաղաքական բարենպաստ պայմաններ, որոնցից մեկը, թերևս, կարելի է համարել պետության կողմից դպրոցներին պարտադրվող թուրք փոխտնօրենների ընտրության փոփոխությունը:
«Ժամանակին ամենաստոր ու հայատյաց մեկին էին ընտրում և ուղարկում, որպեսզի փորձանք լինի մեր համար,- պատմում է «Ակոս» շաբաթաթերթի խմբագրապետ Ռոբեր Քոփթաշը,- իսկ հիմա հակառակն են անում՝ ուղարկում են հայասեր փոխտնօրեններ, որոնք մեր տնօրեններին օգնում են հայասիրության մեջ»: