Լոուրենս ԲՐՈԵՐՍ
Հաշտության պաշարներ (Conciliation Resources)
կազմակերպության կովկասյան ծրագրերի մենեջեր
Լոնդոն
Հետխորհրդային դե-ֆակտո պետությունները մի շարք պատճառների բերմամբ երկար ժամանակ դիտվում էին որպես փոփոխական եւ հաճախ հետազոտման չենթարկվող հարց: Նախ` իրենց գոյության 20 տարիների ընթացքում առաջնային էին թվում այլ հարցեր. միայն դե-ֆակտո պետությունների գոյության երկարակեցությունը, ներքին գործընթացներն ու կենսունակ գոյատեւման տարբերակվածությունը հնարավոր ու նպատակահարմար դարձրին նոր հարցադրումներ:
Երկրորդը` դե-ֆակտո պետությունների վերաբերյալ հետազոտությունների քաղաքականացումը, որը ենթադրում էր այս սուբյեկտների յուրօրինակ ճանաչում կամ լեգիտիմություն, նույնպես առաջացնում էր համապատասխան սահմանափակումներ: Այսպիսով, հիմնական ինտրիգն այն էր, թե ինչ չափով գիտական հետազոտությունն ընդունակ է ուղղորդել շահերի սույն ընդհանրությունը եւ ապահովել ազատ քննարկման հարթակ` հաշվի առնելով առանցքային քաղաքական խաղացողների կարեւորած հրամայականները: Անտարակույս, գոյություն ունեն մեծ թվով քաղաքականացված գիտական աշխատանքներ, որոնց հեղինակները հանդես են գալիս այլեւայլ դե-ֆակտո պետությունների օգտին կամ ընդդեմ:
Երրորդը` դե-ֆակտո պետություններն ավանդաբար դիտվում էին այլ խոշոր արտաքին պետությունների հետ իրենց ունեցած հարաբերությունների տեսանկյունից: Միայն որոշ ժամանակ անց, անցնելով «կենսունակության թեստը», նրանք դարձել են իրենց իսկ սեփական իրավունքի մեջ քննության սուբյեկտ:
Դե-ֆակտո պետությունները ողջ աշխարհում բախվում են մի շարք թույլ տեղերի, որոնք առնչվում են պետությունների միջազգային համակարգում «գորշ գոտիների» գոյությանը: Այս թույլ տեղերից շատերը բացասաբար են ազդում նրանց կառավարման եւ կառավարելիության վրա: Մասնավորապես` եվրասիական դե-ֆակտո պետությունների համար ընդունված է առանձնացնել կառավարման հարցի շուրջ բանավեճի առարկա հանդիսացող հինգ առանցքային խոցելիություններ.
• Դե-ֆակտո պետությունները շարունակաբար զուգորդվում (ասոցացվում) են Ռուսաստանի հետ (անկախ երեւույթի կամավոր կամ պարտադրված բնույթից),
• Հովանավոր պետության կամ սփյուռքի կողմից դե-ֆակտո պետություններին ցուցաբերվող արտաքին աջակցությունը սակավ է օժանդակում ժողովրդավարական դե-ֆակտո պետություններին,
• Պատերազմների արդյունքում ծնված դե-ֆակտո պետությունները ստանում են արդյունավետ կառավարման զարգացմանը ոչ նպաստավոր «ժառանգություն», որտեղ մեծ դեր է վերապահված զինվորականների, միասնության եւ անվտանգության պաշտամունքին, ինչը բոլորովին չի նպաստում ազատ եւ բաց քաղաքական գործընթացներին,
• Դե-ֆակտո պետությունները հաճախ ընկալվում են որպես «մեղքի մեջ ծնված»`իրենց բնակության տարածքներից համայնքների զանգվածային վտարման պատճառով,
• Դե-ֆակտո պետությունների պարագայում ազգային ինքնագիտակցության դիսկուրսն` ի հակադրություն քաղաքացիականի, նույնացվում է էթնիկականի հետ:
Այս պնդումները որոշակի չափով կարելի է համարել վիճելի: Սակայն, չի կարելի չհամաձայնվել, որ այս ընկալումները զգալի չափով ազդել են եւ շարունակում են ներգործել դե-ֆակտո պետությունների նկատմամբ միջազգային կարծիքի ու քաղաքականության վրա:
Հետազոտման երեք փուլ
Կարելի է առանձնացնել դե-ֆակտո պետությունների հետազոտության երեք հիմնական փուլ:
Փուլ Ա
Եվրասիայի դե-ֆակտո պետությունները սոցիալական գիտության կողմից քննության առարկա են դարձել 1990-ականների սկզբներից, գլխավորապես` որպես էթնիկական հակամարտությունների սցենարներ: Հիմնական հարցադրումն այն էր, թե ինչո՞ւ այդ սցենարները բռնության են հանգեցրել: Այդ փուլը, ամենայն հավանականությամբ, տեւել է մինչեւ 1990-ականների վերջը:
Մի շարք հետազոտություններում տարբերակային եւ տեսաբանական դիտանկյուններից քննվում էին տարբերությունները, հաստատությունները, հարաբերական զրկման (դեպրիվացիայի) տեսությունը, հարազատ պետությունների (կամ նրանց գործառութային համարժեքների) եւ ազգային հավաքագրման (մոբիլիզացման) տեսությունները: Կառավարման հարցերն, ընդհանուր առմամբ, վերանդրանցվում (սուբլիմացվում) էին դեպի խորհրդային կառավարման ապագործառնության (դիսֆունկցիոնալության) ավելի լայն քննության դաշտ: Այդ քննության գլխավոր թելը` խորհրդային ազգային-դաշնային կառույցների կառավարման դերն էր` ինքնությունը տարածքայնությամբ սահմանափակելու, միջխմբակային համադրման երեւացող հարաչափերը հաստատելու եւ տեղայնական մակարդակի վրա հակամարտության կառուցակարգման (ինստիտուցիոնալացման) հնարավորությունները խեղդելու հարցում: Ընդհանուր առմամբ, դա հետադարձ մոտեցում էր, որը հիմնականում վերաբերում էր անցած դարի 1980-ականների վերջի եւ 1990-ականների սկզբի ժամանակահատվածին:
Փուլ Բ
Հետազոտությունների երկրորդ փուլն, ընդհանուր առմամբ, սկիզբ է առել անցած դարի 90-ականների վերջերից, երբ պարզ դարձավ, որ դե-ֆակտո պետությունները սոսկ երեւութական իրողություններ չեն: Չեչնիայում դե-ֆակտո պետության անկումը, մյուս կողմից, ցույց է տվել, որ ներքին կառավարման արդյունքները կարող են նշանակալից կարեւորություն ունենալ դե-ֆակտո պետության կենսունակության կամ անկման հարցում: Այսպիսով, երկրորդ փուլում հետազոտությունների հոլովույթի մեջ սկսել են ներառվել նաեւ բուն դե-ֆակտո պետությունները եւ բացահայտվել նրանց կենսունակության համար անհրաժեշտ այնպիսի կարեւոր հարաբերական տարրեր, ինչպիսին են զինված կազմավորումների հրամանատարների դերի բարձրացումը, քաղաքական մշակույթի ռազմականացումը, բազմազգության մակարդակը, արտաքին աջակցության ծավալն ու չափը եւ մետրոպոլիա-պետությունում գերիշխող քաղաքական ուղղվածությունը: Դա նաեւ գունավոր հեղափոխությունների ժամանակաշրջանն էր, որը յուրօրինակ ջրբաժան էր` հասարակություններում տարանցիկ սպասելիքների ու դիսկուրսի հանդեպ արեւմտյան ընկալողունակության եւ ժողովրդավարացման արտաքին նշանների ֆետիշացման միջեւ:
Դե-ֆակտո պետությունները կիրառում էին նաեւ կառավարման յուրօրինակ լեզու` իրենց պահանջներն առաջ մղելու նպատակով: Որոշ ժամանակ անց նրանց հաջոողվել է ոչ միայն ցուցադրել ժողովրդավարության ձեւական ցուցիչների («մարկերների») հանդեպ (պահանջվող ընթացակարգերի պահպանմամբ պարբերաբար ընտրությունների անցկացում) համապատասխանություն, այլեւ արտերկրում ձեռք բերել ժողովրդավարական վարկանիշ: Հռետորաբանությունից բացի հետազոտման այս փուլում նշվում էին նաեւ դե-ֆակտո պետություններում ծավալված գործընթացների զարմանալի քաղաքական արդյունքները, որոնք, օրինակ, ի հայտ են եկել 2004 թ. Աբխազիայի նախագահական կամ նույն թվականի Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններում: Դրանք վկայել են, որ որոշ ներքին ձեւընթացի (դինամիկայի) շրջանակներում ակներեւաբար չքանում են «անիշխանական (անարխիական) անպտուղ հողերի» մասին ակամա ծագող կարծրատիպերը:
Փուլ Գ
Դրանց հետեւում է երրորդ փուլը, որը մոտավորապես սկսվում է 2000-ականների վերջերից եւ աչքի է ընկնում դե-ֆակտո պետություններին բնորոշ քաղաքական միջավայրի առավել ամբողջական ներառմամբ: Թեեւ հետազոտություններում պարբերաբար ուշադրություն է դարձվում դե-ֆակտո պետություններում ընթացող պետական շինարարության արտաքին հարաչափերին, ուսումնասիրողներն ընդունում են նաեւ ներքին հարաչափերի եւ ներքին ինքնիշխանության կարեւորությունը: Այս փուլում հետազոտությունների գլխավոր առարկա են դառնում հենց դե-ֆակտո պետությունները` այնպիսին, ինչպիսին որ կան, եւ դրանք այլեւս չեն դիտվում որպես այլ գործընթացից ածանցյալ երեւույթ:
Հետազոտությունների երրորդ փուլն ավելի բարդ է առնվազն ստորեւ բերվելիք երեք գործոնների պատճառով: Առաջինը` կառավարման չափանիշների եւ ճանաչման միջեւ անհրաժեշտ կապը թուլացրած Կոսովոյի ճանաչումն է: Այն հանգեցրել է որպես «պարգեւատրում» ինքնիշխանության ամրագրման նպատակով ճիշտ կառավարում ապահովելուն միտված ջանքերի նկատմամբ դե-ֆակտո պետությունների մտայնության մեջ հաշվարկների վերանայմանը: Երկրորդը` Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչումը: Վերջինս հանգեցրել է ճանաչման եւ չափանիշների միջեւ եղած տեսանելի կապի առավել խոշոր խզմանը եւ դե-ֆակտո պետությունների ճանաչումը փոխադրել է հարձակողական աշխարհաքաղաքականության դաշտ: Երրորդը` 2009 թ. մայիսին Շրի-Լանկայում «Թամիլ-Իլամի վագրերի» ռազմական ջախջախումն էր` 26 տարի տեւած հակամարտությունից հետո: Թեեւ դա դե-ֆակտո պետության ռազմական ջախջախման առաջին դեպքը չէր, ամբողջական հաղթանակի ակնբախ փաստը եւ այն որպես հակամարտության հանգուցալուծման «շրիլանկյան» մոդել ներկայացնելու միտումն էլ ավելի են սրել կառավարման խնդրի շուրջ բաց բանավեճի մարտահրավերները:
Ընդհանուր առմամբ, այս իրադարձությունները դե-ֆակտո պետությունների եւ դրանք վերամիավորել ձգտող մետրոպոլիա-պետությունների դատին ներկայացրել են կառավարման շուրջ բարդ բանավեճերի այլընտրանք: Սույն համատեքստն ավելի է խորացրել թե° դե-ֆակտո պետություններում բարեփոխիչների առջեւ ծառացած մարտահրավերները, եւ թե° մետրոպոլիա-պետություններում` կառավարումը որպես խաղաղարար գործիք դիտող եւ վերջինիս օգտին հանդես եկող գործիչների դժվարությունները:
Այժմ ի՞նչ կարելի է ասել ստվերային իշխանության վերաբերյալ
Ո՞ր ուղղությամբ կարող են ընթանալ հետազոտությունները տվյալ համատեքստում, եւ ինչո՞ւ դա պետք է մեզ մտահոգի: Ակադեմիական միջավայրում Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչումից հետո ծագել են շատ հետաքրքրաշարժ հարցադրումներ: Արդյո՞ք նման միակողմանի անկախության ձեւը կայուն է լինելու եւ արդյո՞ք այն ուժեղացնելու կամ թուլացնելու է տեղական կառավարման հանդեպ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի կարողությունը: Արդյո՞ք տվյալ իրավիճակի բերմամբ այս կազմավորումները տարբերվելու են Լեռնային Ղարաբաղից եւ Մերձդնեստրից, եւ ինչպե՞ս են այդ տարբերությունները դրսեւորվելու: Ո՞րն է 21-րդ դարի պրոտեկտորատի առանձնահատկությունը եւ ինչպե՞ս այն կարող է տարբերվել նմանօրինակ փոխհարաբերությունների պատմական կաղապարներից: Ինչո՞վ են տարբեր Ռուսաստանի եւ Արեւմուտքի կողմից ներկայումս աջակցվող պրոտեկտորատները, եւ ինչպիսի՞ն են լինելու կառավարման նման ձեւի երկարաժամկետ գոյության հետեւանքները:
Իհարկե, մենք զրկված ենք դե-ֆակտո պետությունների խնդիրների զուտ ակադեմիական հետազոտության բարեբախտությունից: Ստվերային իշխանության խնդրով զբաղվելու ամենաարդիական դրդապատճառն այն փաստի գիտակցումն է, որ ճանաչում/չճանաչումը եւ անգամ «վերամիավորման» ռազմական ճանապարհը չի հանգեցնում կարեւորագույն խնդիրների եւ իշխանության լայն բովանդակության հարցերի անհետացմանը: Ստվերային իշխանության հետազոտությունը պարտադիր նախապայման է տեղական իշխանության` հակամարտության հանգուցալուծման երկարաժամկետ ռազմավարության ներուժի հաշվառմամբ դերաբաշխում կատարելու համար: Նախորդ երկու տասնամյակների ընթացքում մենք հանգել ենք այն եզրակացությանը, որ մեկուսացումը չի գործում: Այս համատեքստում ծագում են մի շարք հարցեր. մինչեւ ո՞ր աստիճան հակամարտությունների կարգավորման մոդելներում դե-ֆակտո պետությունների մեջ ներկայումս գոյություն ունեցող հաստատությունները պետք է ընդունվեն որպես այդպիսին: Որքանո՞վ հնարավոր է մշակել միջանկյալ մեխանիզմներ` առանց առաջին տեղում հակամարտային խաչաձեւ կառավարման շահեկան առավելությունները զետեղելու ու զրոյական ընդհանուրով իրավիճակների արդյունքները թերարժեւորելու: Արդյո՞ք իրատեսական է վարել տեղահանված անձանց վերադարձի խնդրի քննարկումն առանց տեղական իշխանությունների եւ տարածքներում համապատասխան կառույցների հետ լուրջ շփումներ ունենալու:
Թեեւ, երբ խոսվում է խամաճիկ պետությունների մասին, ենթադրվում է այլ բան, քանի որ բավականաչափ ակներեւ է, որ Եվրասիայում արձանագրված ինքնանջատումները չէին կարող տեղի ունենալ առանց համապատասխան տեղական հնարավորությունների ու ներուժի: Հենց այս տեղական ներուժը, ինչպես էլ մենք կամենանք անվանել այն, ունի վճռորոշ նշանակություն: Հակամարտության կարգավորումն իրատեսական չէ, երբ առկա է հակամարտության կողմերի կառավարման կարողությունների, ուստի եւ` լեգիտիմ որոշումների եւ ավելի լայն քաղաքական մշակույթի հնարավորությունների արտադրման էական պակաս: Այսպիսով, մեզ հարկավոր է ընկալունակ լինել ստվերային իշխանության հանդեպ: Անհրաժեշտ են թարմ եւ նորարարական ձեւեր` դե-ֆակտո պետություններում իշխանության եւ հաստատությունների հետ փոխհարաբերվելու համար` պահպանելով հանդուրժողականության եւ քննադատական կեցվածքի միջեւ հավասարակշռություն եւ աշխատելով համապատասխանեցնել դե-ֆակտո պետություններն իրավունքների եւ պարտականությունների վրա հիմնված իշխանության համընդհանուր կերպով ընդունված կաղապարին` առանց դե-ֆակտո պետությունների վերջնական կարգավիճակը կանխորոշելու: