Իգոր ՍՄԻՌՆՈՎ
Քաղաքագետ
Պյատիգորսկ (Ռուսաստան)
Իրավիճակը Հյուսիսային Կովկասում շարունակում է մնալ ժամանակակից Ռուսաստանի ամենասուր խնդիրներից մեկը: Հյուսիսկովկասյան հանրապետություններում առկա բոլոր դժվարություններին` ահաբեկչական գաղտնի հրոսակախմբերին, կոռուպցիային, կլաններին եւ դոտացիոն տնտեսությանը հավելվում է նոր խնդիր` Չեչնիայի եւ Ինգուշիայի միջեւ տարածքային ահագնացող վեճը:
Երկու եղբայրական վայնախ (վայնախներ` ինգուշների ու չեչենների ընդհանուր անվանումը) հանրապետությունների ղեկավարներ Ռամզան Կադիրովի եւ Յունուս-Բեկ Եվկուրովի բանավեճը շարունակվում է արդեն վեց ամիս: Այն սկսվել է 2012 թ. օգոստոսին` Եվկուրովի կողմից Չեչնիայի ղեկավարի հասցեին հնչած ստախոսության մեղադրանքից հետո: Կադիրովը հայտարարել է, որ իր հատուկ նշանակության ջոկատները ՌԴ ԴԱԾ-ի (“Ղհը”) հետ միասին ինգուշական Գալաշկի բնակավայրում իրականացրել են հաջողված հակաահաբեկչական գործողություն` ոչնչացնելով Կադիրովի ծննդավայր Խոսի-Յուրտ գյուղի վրա զինված հարձակում գործած երեք հայտնի չեչեն ահաբեկիչների: Ինգուշիայի նախագահ Եվկուրովն, իր հերթին, հայտարարել է, որ ահաբեկիչները պայթյունից են զոհվել, հավանաբար` պայթուցիկ նյութերի հետ անզգույշ վերաբերմունքի պատճառով, իսկ կադիրովյան հատուկջոկատայիններին ինգուշական ոստիկանությունը փոխանցել է արդեն վախճանված չեչեն ահաբեկիչների դիակները` դրանով իսկ հերքելով չեչեն ուժայինների Գալաշկիում իրականացրած հակաահաբեկչական գործողության մասին տեղեկությունը: Բոլոր ահաբեկիչներին ոչնչացնելու երդում տված Կադիրովի ինքնասիրության համար նման ստախոսության մեջ մեղադրանքը ծայրագույնս վիրավորական էր:
Դրանից հետո երկու ամիսների ընթացքում Եվկուրովի եւ Կադիրովի միջեւ ԶԼՄ-ներում բանավեճ է ծավալվել: Կադիրովը մեղադրում էր Եվկուրովին թուլամորթության եւ ահաբեկիչներին համակրելու մեջ: Դրան ի պատասխան Եվկուրովը մեկնաբանում էր Ռամզանի յուրաքանչյուր հայտարարությունը` մեղադրելով նրան դաժանության եւ դաշնային օրենսդրությունը խախտելու մեջ: Կրեմլը լռություն էր պահպանում մինչ այն պահը, երբ երկու ռուսաստանցի նահանգապետները ռուսաստանյան դաշնային ԶԼՄ-ների համար դարձան գլխավոր նորություններ ապահովող աղբյուր: Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգում Ռուսաստանի Դաշնության նախագահի լիազոր ներկայացուցիչ Ալեքսանդր Խլոպոնինը, հանդիպելով Եվկուրովին եւ Կադիրովին, հայտարարել է. ՙԵս այժմ խնդրում եմ` բրեյք, ստոպ, դուրս եկեք հանրային տարածությունից, դադարեցրեք փոխադարձ վիրավորանքները եւ ընդմիշտ փակեք այս թեման՚:
Բայց ջինն արդեն շշից դուրս էր թողնված: Անհետեւանք թողնել Եվկուրովի վիրավորանքը` Կադիրովի համար հավասարազոր էր թուլության դրսեւորման: Իրեն Չեչնիայի միապետ, զինված հրոսակախմբերի ՙհաղթող՚ եւ պատերազմով կործանված երկրի վերականգնող համարող Կադիրովի համար թուլություն դրսեւորելն աններելի հաճույք է: Չեչենական խորհրդարանն անմիջապես բարձրացրեց 1934 թ. դրությամբ Չեչնիայի եւ Ինգուշիայի միջեւ վարչական սահմանին վերադառնալու հարցը (այն ժամանակ ներկայիս Ինգուշիայի կազմում գտնվող չորս շրջաններից երկուսը համարվում էին չեչենական): Այս պահանջի կատարման դեպքում Ինգուշիան կկորցնի իր ներկայիս տարածքի 60%-ը, ինչն էլ կհանգեցնի հանրապետության փաստացի լուծարմանը: Չեչնիայի խորհրդարանի նախագահ Դուկվախա Աբդուռահմանովը ստանձնել է ՙբնիկ՚ չեչենական տարածքները վերադարձնելու ջատագովի առաքելությունը եւ դարձել է Ինգուշիայի հետ նոր սահման հաստատելու համար ստեղծված հանձնաժողովի ղեկավարը:
Սկզբում ինգուշական կողմը, որն իր խորհրդարանում արդեն ընդունել է տեղական ինքնակառավարման մասին որոշ վիճելի օրենքներ, համաձայնեց հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությանը, կարծելով, թե չեչենական կողմը կամենում է իրականացնել զուտ առկա սահմանի ճշգրտում: ԽՍՀՄ փլուզումից հետո Չեչնիան եւ Ինգուշիան հստակորեն ճշգրտված սահման չունեցող ՌԴ համարյա միակ սուբյեկտներն են: Սակայն, այս սպասելիքները չարդարացան: Չեչենական ղեկավարությունը պահանջեց Չեչնիային վերադարձնել Ինգուշիայի Սունժենի եւ Մալգոբեկի շրջանները:
Դրանից հետո ինգուշական կողմը ողջ ծավալով դադարեցրել է չեչեն խորհրդարանականների հետ համագործակցությունը, եւ իրավիճակը կրկին վերածվել է հրապարակային վիճաբանության:
Չեչնիայի խորհրդարանի նախագահ Դուկվախա Աբդուռահմանովը տարածքային արդարության վերականգնման գործի մեջ է ներգրավել հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, գրողներին ու լրագրողներին: Ամեն շաբաթ չեչենական ԶԼՄ-ներում բարձրացվում է ինգուշների կողմից ՙապօրինաբար բռնազավթված՚ շրջանների հարցը, որի մասին հրապարակվում են բազմաթիվ հոդվածներ: Տեղական հեռուստաալիքով Դուկվախա Աբդուռահմանովը եւ Ռամզան Կադիրովի մամլո խոսնակ Ալվի Կարիմովը տխուր աչքերով հիշում էին Չեչեն-Ինգուշական ԻԽՍՀ ժամանակներում ինգուշների արտոնյալ դիրքի եւ նրանց կողմից չեչեններին բռնաճնշելու մասին: Գրոզնիում լույս է տեսել իրավաբաններ Նուրի Նուխաժիեւի եւ Համզատ Ումխաեւի ՙԱզգային ինքնության որոնումներում՚ գիրքը, որը գերազանցապես նվիրված է բացասական լույսի ներքո ներկայացված ինգուշներին: Սակայն, դաշնային կենտրոնն իրավիճակի սրմանը ոչ մի կերպ չի արձագանքել:
2012 թ. նոյեմբերին չեչենական խորհրդարանի նախագահը Կադիրովի հետ հանդիպման ժամանակ բողոքում էր ինգուշական ղեկավարության եւ խորհրդարանի կողմից որեւէ արձագանքի բացակայության, ինչպես նաեւ չեչեն ղեկավարների հետ բանակցություններ սկսելու վերաբերյալ պաշտոնական նամակներն անտեսելու առթիվ: Կադիրովը հայտարարել է, որ վիճելի շրջանների հարցը լուծում կստանա, ինչպես նաեւ այն, որ ինքն անձամբ դրանով կզբաղվի:
2013 թ. հունվարի 30-ին Չեչնիայի հանրապետական “ԹպրՑՌ ՐպրտցոսՌՍՌ” թերթը հրապարակել է ՙՍունժենի մունիցիպալ շրջանի եւ նրա կազմի մեջ մտնող մունիցիպալ կազմավորումների, նրանց սահմանները հաստատելու եւ նրանց մունիցիպալ շրջանի եւ գյուղական բնակավայրի համապատասխան կարգավիճակով օժտելու մասին՚ օրենքը: Չեչնիայի խորհրդարանի ընդունած սույն օրենքի համաձայն հանրապետության կազմի մեջ էին մտցվում Ինգուշիայի Հանրապետության Սունժենի եւ Մալգոբեկի շրջաններում գտնվող բնակավայրերը: Ինգուշիայի ղեկավարությունը սահմանափակվել է խորհրդարանի նախագահ Մուհարբեկ Դիդիգովի հայտարարությամբ, որում ասված էր, թե ՙինգուշներն անհանգստանալու պատճառ չունեն, քանի որ ինգուշական խորհրդարանն ընդունելու է Ինգուշիայի ամբողջականությունը պահպանող նոր օրենքներ՚: Իսկ ՙԵդինայա Ռոսիա՚ կուսակցության ինգուշական բաժանմունքի ղեկավարությունն ի դեմս կուսակցության քարտուղար Զելիմխան Եվլոեւի հայտարարել է, որ իրադարձությունների ՙչեչենական սցենարով՚ զարգանալու պարագայում Ինգուշիան իրեն իրավունք է վերապահելու պահանջել Վլադիկավկազ քաղաքի ՙՊրիգորոդնի՚ շրջանի վերադարձը, որը 1944 թ. փետրվարին ինգուշների եւ չեչենների բռնի տեղահանումից հետո փոխանցվել է Հյուսիսային Օսիա-Ալանիա Հանրապետությանը: Դրանով իսկ Եվլոեւն ի ցույց է դրել ինգուշական հողերի նկատմամբ չեչենական կողմի պահանջների ՙօրինականության՚ պակասը: Ի հեճուկս Ռուսաստանի դաշնային սահմանադրության այս աղաղակող խախտման եւ երկրի ներսում հաստատված վարչատարածքային սահմանների դեմ ոտնձգության` Կրեմլը շարունակում է լռություն պահպանել:
Հյուսիսային Կովկասում տարածքային վեճերի խնդիրն ամենեւին էլ Մոսկվայի եւ Մոսկվայի նահանգի սահմանների խնդիրը չէ. դրանք կարող են ըստ ցանկության վերաձեւվել` առանց հետեւանքների մասին լրջորեն մտահոգվելու: Մինչդեռ Կովկասում սահմանային խնդիրը կարող է անմիջապես հրահրել ազգամիջյան հակամարտություն: Ժամանակակից Ռուսաստանի տարածքում ամենաառաջին զինված հակամարտությունը տեղի է ունեցել Հյուսիսային Կովկասում` ինգուշների եւ օսերի սահմանային հակամարտության պատճառով: 1991թ. ապրիլի 26-ին ՙԲռնադատված ժողովուրդների ռեաբիլիտացման մասին՚ օրենքի ընդունումը, որի 6-րդ կետում խոսվում էր բռնադատված ժողովուրդների տարածքային ռեաբիլիտացման մասին, 1992թ. աշնանը հանգեցրել է օս-ինգուշական ռազմական հակամարտության, երբ երեք օրերի ընթացքում զոհվել է 583 մարդ եւ 261 հոգի անհայտ կորել է: Այդ ժամանակ Մոսկվայի դիրքորոշումը ներկա կեցվածքից շատ չէր տարբերվում` երկու հանրապետությունների միջեւ իրավիճակի սրման անտեսում եւ, որպես հետեւանք, հարյուրավոր սպանվածներ, անհայտ կորածներ եւ ժամանակավորապես տեղահանված անձանց ճամբարներից ընդամենը 30 կիլոմետր հեռու գտնվող իրենց տները վերադառնալու հնարավորությունից ցայսօր զրկված տասնյակ հազարավոր փախստականներ, ովքեր ներկայումս էլ բնակվում են հիշյալ ճամբարների տարածքում:
Սակայն գոյություն ունի նաեւ այն տեսակետը, որ Ռամզան Կադիրովի իսկական մտադրությունը ոչ թե մի քանի տասնյակ գյուղերով երկու ինգուշական շրջանի կցումն է, այլ Չեչեն-Ինգուշական Հանրապետության վերակազմավորումը, բնականաբար` իր ղեկավարման ներքո: Բայց ինգուշները դրան միանգամայն դեմ են: Ոչ ոք հանրապետությունում չի ցանկանում Չեչեն-Ինգուշական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վերադարձը, երբ Ինգուշիան սոսկ Չեչնիայի ծայրամասն էր: Խորհրդային ժամանակներում Գրոզնին ուսանել, աշխատել եւ կարիերային աճ ունենալ ցանկացող ինգուշների համար յուրօրինակ մագնիս էր, բայց այսօր այս ամենը գոյություն չունի: Չեչնիայում գործազուրկների թիվն Ինգուշիայից պակաս, եթե ոչ ավել չէ, իսկ եղբայրական զգացմունքները, որոնց մասին այդքան շատ են սիրում խոսել Կադիրովն ու Աբդուռահմանովը, Չեչնիայի ներկայիս քաղաքական համակարգի օրոք ինգուշներին ձգում են ճիշտ այնքան, որքան Չուչխեի գաղափարները հարավային կորեացիներին:
Սահմանների հարցում դաշնային կենտրոնի` Կադիրովի հանդեպ տածած լռելյայն թողտվությունն Ինգուշիայում ասեկոսեներ է առաջացնում նրա եւ Կրեմլի միջեւ սահմանների փոփոխությունը թույլատրող քողարկված պայմանավորվածության գոյության մասին: Եթե այս ասեկոսեները հաստատվեն, ապա բազում սառեցված միջսահմանային վեճեր ունեցող Հյուսիսային Կովկասը կարող է Մոսկվայի համար եւս մեկ լուրջ խնդրի վերածվել, որը Կրեմլի արձակած մեկ սաստման խոսքով, ինչպես այժմ, այլեւս լուծել հնարավոր չի լինի: