Ո՞ր ԶԼՄ-ներն ենք հետազոտել
Դիտարկել ենք ռեյտինգային 5 օնլայն ԶԼՄ-ներ՝ 1in.am, News.am, Aravot.am, 168.am, Tert.am:
Ինչպես նաև՝ հանրապետական և արբանյակային ծածկույթներով 5 հեռուստաընկերությունների (Հանրային, Արմենիա, Կենտրոն, Երկիր մեդիա, Շանթ) լրատվական («Օրակարգ», «360 աստիճան», «Ժամը», «Պոստֆակտում», «Էպիկենտոն», «Կիրակնօրյա Էպիկենրոն», «Երկիրն այսօր», «Կիրակնամուտ», «Հորիզոն», «Կիրակնօրյա Հորիզոն»), հարցազրույցի («Օրակարգից դուրս», «Օրակարգ հարցազրույց», «Ռ-Էվոլյուցիա», «Ուրվագիծ», «Երկրի հարցը», «Հեռանկար»), թոք-շոուի/հեռուստատեսային հրապարակախոսության («Առաջին տաղավար», «Բանաձև ակումբ», «Հայկական ուրբաթ», «Անցում Դուլյանի հետ», «Բարձրաձայն») և հեռուստատեսային վավերագրության(«Կյանքը սահմանին», «Դիրքերում») ժանրի 23 հաղորդումներ: Դիտարկել ենք նաև Հանրային (Առաջին ալիք) հեռուստաընկերության միայն արբանյակով հեռարձակվող «Ազգ-բանակ» հաղորդաշարը:Ի՞նչ թեմա և ի՞նչ խնդիրներ ենք հետազոտել
Հետազոտել ենք հայկական բանակի թեման իր ամբողջության մեջ: Նպատակ ունեինք նկարագրել ոչ միայն այդ ընթացքում մեկնարկած Ազգ-բանակ հայեցակարգի հանրային քննարկումների (ծավալվել են հիմնականում հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին) լուսաբանման առանձնահատկությունները, այլև եռամսյա հետազոտության (2017թ. հոկտեմբեր – 2018 թ. հունվար) ընթացքում այն ինֆորմացիոն միջավայրը, որը ձևավորվել էր շնորհիվ բանակի հետ անմիջականորեն առնչվող այլ խնդիրների մասին տեղեկատվության մատուցման: Նյութերի բովանդակային վերլուծությունն ըստ դրանց մեջ բարձրացված խնդիրների հանգեցրեց հետևյալ խմբերի սահմանմանը:
Ազգ-բանակ հայեցակարգի խնդիրների խումբը (ընդամենը՝ 15 խնդիր)
- Ծառայություն/զորակոչ – Ազգ-բանակ հայեցակարգի շրջանակներում առաջադրված օրենքների քննարկումների, դրանց ընդունման գործընթացի, ռազմական ոլորտում սպասվող փոփոխությունների մասին ընդհանուր հայտարարություններ, գնահատականներ, լուրեր և այլն:
- Կրթություն/տարկետում – Տարկետման իրավունքի սահմանափակման/նոր պայմանների ներմուծման առիթով երկրի կրթական համակարգի, գիտության զարգացման գնահատականներ, այդ առիթով իրադարձությունների մասին լրատվություն: Այս խնդիրների խմբում են նաև ռազմական կրթահամալիրների բարեփոխման հարցերը:
- Անվտանգություն – Սրանք Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության բացառապես ռազմաքաղաքական բաղադրիչի մասին դատողություններ, գնահատականներ են Ազգ-բանակի համատեքստում: Այլ խոսքերով՝ Ազգ-բանակի ներմուծման անհրաժեշտությունը ռազմական (պաշտպանունակության բարձրացում, զինվորականների անվտանգություն ռազմաճակատում, պահեստազորի շրջանում բանակային հմտությունների պահպանում), քաղաքական (ռազմական բնագավառի կառավարում և մարդկային ու այլ ռեսուրսների արդյունավետ օգտագործում), տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից հիմնավորող, կամ հակառակը՝ դրանց միջև անմիջական կապը կասկածի տակ առնող դրույթներ են:
- Սպառազինություն – Հայկական բանակի սպառազինման խնդիրները նաև Ազգ-բանակի շրջանակներում. ռազմարդյունաբերության զարգացման արդյունքում տեղական արտադրության տեխնիկայով ապահովելու հնարավորությունների, ծրագրերի մասին ընդհանուր հայտարարություններ, ինչպես նաև՝ Ադրբեջանի հետ սպառազինման բալանսի, մրցավազքում հետ չմնալու, զենքի ձեռքբերման մասին դատողություններ:
- Սոցիալական -Սոցիալական արդարության խնդիրները՝ կապված բանակ զորակոչվելու, բանակի այս կամ այն զորքերում, պաշտպանական այս կամ այն գծում հայտնվելու հետ, ինչպես նաև՝ Ազգ-բանակի շրջանակներում զինծառայողների/զինհաշմանդամների, զոհված զինծառայողների ընտանիքների համար նախատեսված սոցիալական ծրագրերի խնդիրները:
- Ներքաղաքական-Ազգ-բանակ հայեցակարգի նկատմամբ տարբեր քաղաքական ուժերի դրսևորած վերաբերմունքի խնդիրներ, ռազմական ներկա և նախկին պաշտոնյաների երկրի ներքաղաքական կյանքում ունեցած դերակատարումների, ազդեցության հարցեր, ԶՈՒ ղեկավար օղակներում նշանակումների, պաշտոնանկությունների մասին դատողություններ իշխանական խմբերի միջև փոխհարաբերությունների տեսանկյունից և այլն:
- Բանակից խուսափում-Ազգ-բանակի «Պետք է ծառայեն բոլորը» դրույթի առիթով ծավալված մեկնաբանություններն ու տեղեկատվությունը մինչ այդ բանակում չծառայած պաշտոնյաների, նրանց մերձավորների մասին:
- Կոռուպցիա-Զորակոչի ընթացքում կոռուպցիոն սողանցքների, բանակի ներսում կոռուպցիոն գործարքների խնդիրները Ազգ-բանակի համատեքստում:
- Վերաբերմունք-Հասարակության վերաբերմունքի, բանակի հետ կապի խնդիրներն Ազգ-բանակի համատեքստում:
- Առողջապահություն-Զինծառայողների բժշկական սպասարկման, զորակոչի ժամանակ բժշկական հանձնաժողովների գործունեության և այլ խնդիրներ Ազգ-բանակի համատեքստում:
- Տնտեսություն/բանակի մատակարարում-Ռազմական ծախսեր/բյուջետային հատկացումներ/վարկեր, բանակի մատակարարում տեղական և արտասահմանյան արտադրողների կողմից, գնումներ բանակի համար, ռազմարդյունաբերական ոլորտի վերականգնման, զարգացման խնդիրներ:
- Թափանցիկություն-Բանակի թափանցիկության, բանակի նկատմամբ հասարակական վերահսկողության խնդիրներն Ազգ-բանակի համատեքստում:
- Միգրացիա-Արտագաղթի խնդիրները Ազգ-բանակի ներմուծման արդյունքում:
- Ազատություններ-Ժողովրդավարական ազատությունների խնդիրները Ազգ-բանակի ներմուծման համատեքստում. ազատությունների և հայեցակարգի համատեղելիության հարցեր, միլիտարիզացված հասարակության մասին դատողություններ, զինծառայողների իրավունքների խնդիրներ:
- Եկեղեցի-Եկեղեցու և բանակի կապը, Ազգ-բանակի շրջանակներում հոգևորականների ծառայության խնդիրները:
Ազգ-բանակի շրջանակներից դուրս խնդիրների խումբը (ընդամենը՝ 10 խնդիր)
- Իրավական – Հայկական բանակում տեղ գտած իրավախախտումների առնչությամբ քրեական գործերի մասին տեղեկատվություն:
- Արտաքին կապեր – Արտաքին ռազմական կապերի, այլ երկրների հետ ռազմական համագործակցության մասին տեղեկատվություն:
- Ղարաբաղյան հակամարտություն – Տեղեկատվություն Ղարաբաղյան շփման գծում, Հայաստանի սահմանային գոտիներում ռազմական իրավիճակի, միջադեպերի մասին, շփման գոտում ռազմական լարվածության նվազեցման մասին հայտարարություններ ու դատողություններ:
- Ադրբեջանական բանակ – Հակառակորդ բանակի սպառազինման, ռազմական արտաքին համագործակցության, բանակի ներսում կատարվող իրադարձությունների մասին տեղեկատվություն:
- Այլ երկրների բանակ – Հայաստանում տեղակայված ՌԴ ռազմակայանի, ՀԱՊԿ անդամ երկրների բանակների մասին տեղեկատվություն:
- Իրադարձային – ՀՀ ՊՆ-ի, Շ-ի, Արցախի ՊԲ-ի ղեկավար օղակների զորամասեր այցելությունների, ներգերատեսչական և այլ հանդիպումների և քննարկումների, հայկական բանակի զորավարժությունների մասին տեղեկատվություն:
- Դիմանկար – Ներկայումս զինված ուժերում ծառայող զինվորների, սպաների, Ղարաբաղյան պատերազմի, հետագա տարբեր բախումների ժամանակ զոհված զինծառայողների մասին պատմություններ:
- Լուսաբանում – Բանակային իրադարձությունների լուսաբանման խնդիրներ, ներառյալ՝ զորավարժություններ և այլ գործընթացներ լուսաբանող լրագրողների ուսուցման հարցեր:
- Սփյուռք – Սփյուռքի և հայկական բանակի միջև կապի մասին դատողություններ, որոնք հնչեցվել են առանց Ազգ-բանակ հայեցակարգի հիշատակումների, վկայակոչման:
- Պատմություն – Հայ ռազմարվեստի, հայ զինվորականների տարբեր աշխարհամարտերին մասնակցության մասին տեղեկատվություն:
Ինչպե՞ս ենք հաշվարկել, ի՞նչ ենք սահմանել
*Այս կամ այն թեմայի ինտենսիվությունը չափել ենք «մեկ նյութ/սյուժե – մեկ կամ ավելի խնդիր» բանաձևով:
*Հետազոտվող թեմայով հանդես եկող քաղաքական, հասարակական, մասնագիտական և այլ խմբերի ներկայացուցիչներին սահմանել ենք որպես խնդրի հեղինակներ: Նրանց ակտիվությունը չափել ենք «մեկ հեղինակ՝ մեկ կամ մի քանի խնդիր» սկզբունքով: Մեկ նյութում/սյուժեում արծարծված խնդիրների քանակը հաշվարկել ենք ըստ դրանց հեղինակների փոփոխության և ըստ ուղերձների նշանների (դրական, բացասական կամ չեզոք) փոփոխության. «Որքան հեղինակ՝ նույնքան խնդիր, և որքան նշան՝ նույնքան խնդիր» սկզբունքով:
*Խնդիրների նշանները որոշել ենք՝ ելնելով տեքստերի ուղիղ իմաստաբանական (semantic), այլ ոչ թե ենթատեքստային ուղերձներից:
Հայաստանյան օնլայն ԶԼՄ-ների և հեռուստատեսության դիտարկումների արդյունքներ (2017թ. հոկտեմբերի 10- 2018թ. հունվարի 10)
Ի՞նչ տեղ էր հատկացնում հայաստանյան մեդիան Ազգ-բանակի թեմաներին: Ինֆորմացիոն ի՞նչ գործընթացներով էին ծավալվում հայեցակարգի հանրային քննարկումները մեդիահարթակներում: Այս հարցերին պատասխանելու համար աշխատանք տարանք բանակի թեմայով նյութերի ինտենսիվությունը պարզելու, ինֆորմացիոն և օֆլայն գործընթացների փոխազդեցությունը վերլուծելու ուղղությամբ: