Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Արցախյան լրատվադաշտը հետընթաց է ապրում

marut
February 2012

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լրագրող
Ստեփանակերտ

Այն, որ 2011 թվականն էլ ոչինչ չփոխեց Արցախի լրատվադաշտում, համենայնդեպս դրական առումով` այդ մասին տարվա ընթացքում մի քանի անգամ բարձրաձայնվել է հենց նույն ոլորտի ներկայացուցիչների կողմից: Ավելին` նշվել է, որ գնալով տարբեր ոլորտներում առաջընթաց գրանցվում է, բացի լրատվադաշտից, որը ոչ միայն զարգացում չի ապրում, այլեւ հետընթաց է ունենում:

Սա, իհարկե, միայն 2011 թվականի դաս չի կարելի համարել, քանի որ լրատվադաշտն, այսպես ասած, կաղում է արդեն մի քանի տարի: Բնականաբար, մեղքը բարդել միայն լրագրողների վրա` սխալ կլինի, քանի որ այս հետընթացում իրենց «ներդրումն» են ունեցել բոլորը` քաղաքական ուժերը, որոնք, կարելի է ասել, չեն փայլում իրենց ակտիվությամբ` լրագրողների հետ աշխատանքում, այս կամ այն խնդիրը մեկնաբանելու մեջ: Նույն գործելաոճն ունեն նաեւ պատգամավորները` նրանցից միայն մի քանիսն են պատրաստ պատասխանել լրագրողների հարցերին, իսկ մյուսները նախընտրում են պարզապես որեւէ առնչություն չունենալ լրագրողների հետ. մեկին, ասենք, դուր չի գալիս, որ իրեն լուսանկարում են աշխատանքի ժամանակ, մյուսը կարող է ասել, որ ինքը քաղաքական գործիչ  չէ եւ չի կարող մեկնաբանություններ տալ  (հետո ինչ, որ նա քաղաքական ուժի ղեկավար կարող է լինել կամ խորհրդարանական խմբակցության անդամ), երրորդը պարզապես սիրում է մեկ-մեկ բողոքել, բայց ոչ հանկարծ հրապարակային…Այս շարքը երկար կարելի է թվարկել, բայց անցնենք մյուս «թեւին»:

Լրատվադաշտի տեղում դոփելու մեջ, անշուշտ, իրենց լուման ունեն նաեւ իշխանությունները. իշխանության տարբեր թեւերում դեռեւս կան պատասխանատու պաշտոններում գտնվող այնպիսի անձինք, ովքեր ոչ միայն չեն ցանկանում տեղեկություններ տրամադրել լրագրողներին, այլեւ փորձում են խոչընդոտել նրանց աշխատանքին, իսկ ձեւերը բազմաթիվ են: Նման մի փորձի մասին անցած տարի գրել եմ, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, ով նախկինում փոխոստիկանապետ էր, փորձել է խոչընդոտել լրագրողներին: Թվում է, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է շարունակի մնալ ամենաբաց կառույցը, մի հանգամանք, որ առկա էր մինչեւ այս ղեկավարը, բայց արի ու տես, որ մի մարդու պաշտոնում նշանակելով կարող է ամեն ինչ փոխվել: Իհարկե, այլ հարց է, նրա՞ գալով է դա փոխվել, թե՞ այդպես են ուզում «վերեւներում», որտեղ շատ լավ էլ տեղյակ են ԿԸՀ նախագահի նման գործելաոճի մասին: Ինչ արած, հո այդ մարդուն չեն ազատելու պաշտոնից նրա համար, որ «ոստիկանական մեթոդներով» է աշխատում: «Ինքն էլ այդպիսին է»` ահա այն արդարացումը, որով փորձ է արվում մեղմել պաշտոնյայի նման պահվածքը:

2011 թվականի ամենամեծ դասերից մեկն էլ եղավ այն, որ լուրջ քննադատության ենթարկվեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության աշխատանքը: Բերվեց ընդամենը մի օրինակ, երբ վարչությունը տեղեկատվություն տարածեց այն մասին, որ նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է Մոսկվայում կապիտալ նորոգված «Հայաստան» հանրախանութի բացմանը: «Բակո Սահակյանին, իհարկե, արգելված չէ մասնակցել որեւէ խանութի բացման, բայց խնդիրն այն է, որ դա հազիվ թե արժե ներկայացնել պաշտոնական հաղորդագրությամբ, որովհետեւ երբ որեւէ երկրի, անգամ չճանաչված երկրի նախագահ արտասահմանում մի որեւէ հանրախանութի բացման է մասնակցում, դա ամենեւին չի կարող լրջության ցուցիչ լինել տվյալ երկրի համար: Ղարաբաղը փոքր, նորանկախ, չճանաչված, բայց թերեւս պետություն է եւ կարծես թե հավակնում է, կամ, համենայն դեպս, բոլորս ուզում ենք, որ լինի իսկապես լուրջ պետություն: Իսկ դա նշանակում է, որ այդ պետության ղեկավարի գործունեության մասին պաշտոնական հաղորդագրությունները պետք է վերաբերեն լուրջ միջոցառումներին, ոչ թե նորոգված հանրախանութների բացմանը»,-գրել է Lragir.am-ը:

Սա, թերեւս, խոսում է այն մասին, որ մամուլի ծառայությունների աշխատանքը, մեղմ ասած, թերի է: Էլ չեմ խոսում այն մասին, որ յուրօրինակ «թիկունքները» հաճախ խփում են իրենց ղեկավարներին հենց թիկունքից. վերոնշյալը պարզ օրինակ: Խոսքն այս դեպքում միայն նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությանը չի վերաբերում, այլեւ բոլոր կառույցներին: Շատ քիչ մամուլի քարտուղարներ կան, ովքեր երբեմն փորձում են ինչ-որ չափով ավելի նորմալ աշխատել, բայց ընդհանուր առմամբ մամուլի ծառայությունների ինստիտուտը շատ թույլ կարելի է համարել: Մամուլի խոսնակները շատ անգամ իրենց ղեկավարների հրահանգով են պասիվ լինում, այս կամ այն լրատվամիջոցի ներկայացուցիչների հետ ակտիվորեն աշխատում` մոռանալով կամ արհամարհելով մնացածներին, կամ նրանց հիշելով միայն իրենց պետք եղած դեպքում, իսկ հաճախ էլ իրենք են լինում նման գործելաոճի հեղինակը:

Մամուլի ծառայությունների գործունեության մեջ մի բացառիկ դեպք էլ տեղի ունեցավ տարվա ընթացքում, ինչը նույնպես լուրջ քննարկման առարկա դարձավ լրատվամիջոցներում եւ ինչ-որ տեղ բացասական ազդեցություն թողեց կառույցի վարկանիշի վրա: Խոսքը ԼՂՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության պետի հեռախոսազրույցի մասին է հայաստանյան մի լրատվամիջոցի լրագրողուհու հետ, ում հեռախոսազրույցի վերջում մամուլի խոսնակը հայհոյեց: Սա հայտնվեց լրատվամիջոցներում, որից էլ սկսվեցին տարբեր քննադատություններն ու ամոթանքներ տալը:

Հաջորդ մեր «հանգրվանը» հենց լրատվամիջոցներն են, իսկ ավելի ճիշտ` նրանց ղեկավարները, ովքեր ամեն կերպ խոչընդոտում են սեփական թղթակիցների աշխատանքին, ինչի արդյունքում եթերում ու թերթերում չեն հայտնվում այն նյութերը, որոնք ներկայացնում են Արցախի ներկա կյանքը, արցախցուն մտահոգող խնդիրները եւ այլն: Որպես ապացույց կարելի է հիշել անցյալ տարի տեղի ունեցած այն դեպքը, երբ Արցախի հանրային ռադիոյի թղթակիցը նախագահին մի անմեղ հարց տալու համար (նա հարցրեց, թե առաջին տիկինը չի՞ քվեարկելու) հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի կողմից  կոպիտ կշտամբանքի եւ բանավոր նկատողության արժանացավ: Ի դեպ, դա միակ դեպքը չէ լրագրողի հետ կապված, մի անգամ էլ, լրագրողի խոսքերով, նրան աշխատանքից հանելու հարցն են քննարկել խորհրդի նիստում` ոստիկանության մասին «ոչ այնքան դրական» տեսանկյունից ռեպորտաժ պատրաստելու համար:

Ցավոք, շատ հաճախ հենց լրատվամիջոցների ղեկավարներն են «քար գցում» լրատավադաշտի վրա` իրենց գուցե թե վախկոտությամբ, իշխանություններին հաճոյանալու ցանկությամբ, կամ եկամտաբեր պաշտոնը չկորցնելու նպատակով: Եւ այս ամենը հանգեցնում է նրան, որ լրատվադաշտը հետընթաց է ապրում, որոշ լրատվամիջոցներ նմանվում են խորհրդային տարիներին գործողներին, լրագրողներից ոմանք էլ այդ վիճակին սկսում են հարմարվել, կասեի` նույնիսկ շատերը, իսկ ոմանք էլ իրենց պայքարից հոգնած ավելի պասիվ դիրք են ընդունում: Եւ ամենեւին էլ պատահական չէ, որ այս ֆոնին իրենց նյութերում եւ ռեպորտաժներում արցախցիների խնդիրների, իշխանությունների սխալների եւ շարքային քաղաքացիների դժգոհությունների մասին խոսող կամ գրող լրագրողներն արդեն դիտվում են որպես ընդդիմադիր լրագրողներ: Սա լավագույն դեպքում, իսկ շատ անգամ նույնիսկ` որպես լրտեսներ, կամ էլ` ազգի դավաճաններ:

 

Սրանք դեռեւս այն դեպքերն են, որոնց մասին քիչ թե շատ հրապարակայնորեն խոսվել է: Իսկ ինչքան նման դեպքեր են եղել արցախցի լրագրողների գործունեության մեջ: Դրանցից շատերի մասին պարզապես երկար ժամանակ չի խոսվել, իսկ որոշների մասին խոսվել է անցյալ տարվա հոկտեմբերի վերջին ԼՂՀ նախագահի եւ շուրջ 2 տասնյակ լրագրողների հանդիպման ժամանակ. լրագրողները բացեիբաց իրենց խնդիրներն են ներկայացրել, խոսել իրենց աշխատանքին  խոչընդոտող անձանց մասին, նախագահն էլ իր հերթին է որոշ խոստումներ տվել, որ խնդիրները կամաց-կամաց լուծում կստանան, սակայն իրավիճակն այդպես էլ դեռ չի փոխվել: Սա նույնիսկ այն հարցերում, որոնց լուծման համար ոչ շատ ջանքեր են պահանջվում, ոչ էլ երկար ժամանակ, այլ ուղղակի ցանկություն: Իսկ եթե վիճակը չի փոխվում, այլ գնալով ավելի է վատանում` նշանակում է, որ ցանկությունը պարզապես բացակայում է, եւ հնչեցված հարցերին այդքան էլ կարեւորություն չի տրվում: Այս ամենի հետեւանքով քիչ թե շատ գիտակ լրագրողներից ոմանք, ի դեպ, պետբյուջեից ֆինանսավորվող լրատվամիջոցներից, այսօր պարապության են մատնվել` չնայած կարծես թե շարունակում են աշխատել, իսկ նրանց փոխարինելու են եկել նրանք, ում աշխատանքի ամենավառ պատկերն այսօրվա հեռուստաեթերն է:

Տարին, սակայն, միայն վատ դասերով չի նշանավորվել, եղել են նաեւ դրական պահեր. անշուշտ, ուրախալի է, որ անցած տարի էլ, բարեբախտաբար, մեզ մոտ լրագրողի չեն ծեծել, բանտ չեն ուղարկել եւ այլն, ինչը նշանակում է, որ ուղղակի ճնշումներ չեն գործադրվել: Ամենաուրախալի փաստերից է նաեւ այն, որ հանրապետությունում հաշվառվել է եւս մեկ թերթ, նաեւ` լույս է տեսել Հրանտ Ալեքսանյանի «Չճանաչված երկրի լրատվությունը» գիրքը:

Սրանք են այն դասերը, որոնք, ըստ իս, կարեւոր նշանակություն կարող են ունենալ հետագայում սխալներ գործելուց խուսափելու, լրատվադաշտում իրավիճակը փոխելու եւ առաջընթաց ունենալու համար, ինչն, անկասկած, կնպաստի նաեւ երկրում ժողովրդավարության զարգացմանը, ինչի անհրաժեշտության մասին այնքան շատ ենք խոսում:

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.