Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Վերլուծաբան
Երևան
Տարիներ առաջ, երբ Հայաստանը նոր էր դարձել Եվրասիական տնտեսական միության անդամ, և մասնագիտական հանրույթում քննարկումների տեղիք էր տվել Հայաստանի կարգավիճակը Եվրոպական Միության հետ հարաբերություններում, ակադեմիական հոդվածներիցս մեկում առաջ քաշեցի Արմենիզացիայի հայեցակարգը ՝ ակնկալիքով, որ այն հետագայում կարող է դառնալ մոդել ոչ միայն Հայաստանի, այլ նաև համանման պայմաններում հայտնված շատ այլ երկրների համար:
2013 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումից առաջ Հայաստանի կարգավիճակը նման էր Ֆինլանդիայի կարգավիճակին, և ընտրվեց գրեթե նույն ուղին, ինչ Ֆինլանդիան՝ նախորդ դարի կեսերին. արտաքին քաղաքականության մեջ ռազմավարական շրջադարձ չկատարելու և զիջումների գնալու հաշվին Հայաստանը որոշակիորեն պահպանեց իր անկախությունը և խուսափեց այն դեպքերից, որոնք ավելի ուշ տեղի ունեցան ուկրաինական Մայդանում:
Հայաստանի նման փոքրիկ երկրի համար, որը նախապատերազմական իրավիճակում է, մայդանային սցենարի զարգացումը կարող էր կործանարար լինել, սակայն ներկա իրավիճակի պահպանումը, երբ ՌԴ–ն վերահսկում է ՀՀ–ի տնտեսության ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտները, ազդեցություն է ունենում արտաքին քաղաքականության կարևորագույն որոշումների վրա, նույնպես ցանկալի չէ: Այս պարագայում Հայաստանի համար կարևոր էր ընտրել նոր ռազմավարություն, որը թույլ կտա միաժամանակ նստել երկու աթոռների վրա և խուսափել աշխարհաքաղաքական մրցակցության բաժանարար գիծը լինելուց: Առաջարկվում էր ԵՄ – Հայաստան – ՌԴ եռյակում Հայաստանը դարձնել ոչ թե կռվան, այլ հաշտեցնող օղակ:
Առաջարկում էի Հայաստանի համար մի մոդել, որը հաշվի կառներ ձևավորված աշխարհաքաղաքական իրողության բոլոր նրբությունները, և իրականությանը համահունչ քաղաքական օրակարգ կձևավորեր: Մոդելի համար ընտրվել էր «արմենիզացիա» պայմանական անվանումը` ակնկալիքով, որ այն հետագայում իսկապես օրինակ կծառայեր այն երկրների համար, որոնք կհայտնվեն նման իրավիճակում:
Հայաստանը ԵՄ–ի համար հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն որպես առանձին երկիր, այլ նաև ավելի մեծ տարածաշրջանի մասնիկ, որը սահմանակցում է ԵՄ–ին, ուստի կարևոր էր, որ ԵՄ–ն շարունակեր տարածաշրջանային մոտեցում ցուցաբերել և անհատական գործընկերության մակարդակում պայքարեր: Առկա սպառնալիքներից հատկապես կառանձնացնեմ տարածաշրջանային հակամարտությունների առկայությունը, պետությունների քաղաքական անկարողությունը և դրանց ինստիտուցիոնալ–գործառնական կազմալուծումը («ձախողված պետություններ»), կազմակերպված հանցավորությունը:
Հայաստանը դեռևս 2013 թ. հունիսի դրությամբ պատրաստ էր ստորագրելու Ասոցացման համաձայնագիրը, ուստի շատ ոլորտներում իր առջև գրանցել էր բարձր ցուցանիշներ: Այսպիսով, Արմենիզացիայի մոդելն իրենից ենթադրում է եվրոպական չափանիշներին համապատասխանող ժողովրդավարական–իրավական պետություն, որն իր արժեքային համակարգով մոտ է եվրոպականին, սակայն հանգամանքների բերումով մեկ այլ համակարգի մեջ է և կապող կամուրջ է երկու բլոկների միջև: Հակառակ պարագայում Հայաստանը, հայտնվելով մեկ այլ համակարգի մեջ, որտեղ համակարգի տարրերը Հայաստանից ցածր մակարդակի վրա են իրենց ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավական պետության մակարդակով, կարող էր բացասական ազդեցության ենթարկվել և ձուլվել այդ համակարգին:
Արմենիզացիայի մոդելի առաջարկումից երեք տարի անց Հայաստանում տեղի ունեցավ ոչ բռնի, թավշյա հեղափոխություն: Հատկանշական է, որ այդ հեղափոխության ժամանակ ոչ մի կաթիլ արյուն չթափվեց: Հեղափոխությունն իսկապես խաղաղ էր և միտված էր Հայաստանի ժողովրդավարացմանը: Հայկական հեղափոխության օրակարգում չկար աշխարհաքաղաքական փոփոխությունների պահանջ, Հայաստանի բնակչությունը պարզապես ցանկանում էր կանխել Հայաստանի ավտորիտարիզացումը և երկրի զարգացման համար նախանշել ժողովրդավարական զարգացման ճանապարհ: Հայկական հեղափոխության մեկնարկից հետո աշխարհաքաղաքական տարբեր ուժային բևեռներ բավականին զուսպ կեցվածք էին դրսևորվում և հետևում իրադարձությունների զարգացմանը: Գուցե և այդ էր պատճառը, որ հեղափոխությունը տեղի ունեցավ անարյուն և հնարավորինս անցնցում: Ե՛վ Ռուսաստանը, և՛ ԵՄ-ն ուշի ուշով հետևում էին իրադարձություններին և չէին փորձում մութ սենյակում սև կատու բռնել: Հարկ է ընդգծել նաև, որ հեղափոխականների օրակարգում ևս չկային աշխարհաքաղաքական օրակարգի փոփոխման և արտաքին քաղաքական օրակարգի վերաձևման հարցեր: Արդյունքում Հայաստանի ժողովուրդն իր ազատ կամարտահայտման և համառ պայքարի շնորհիվ կարողացավ իրականացնել հնարավորինս սահուն իշխանափոխություն: Նույնիսկ հետհեղափոխական շրջանում Հայաստանի իշխանությունները խոհեմություն ցուցաբերեցին և փորձեցին պահպանել արտաքին քաղաքականության հավասարակշռությունը. մնալով ԵԱՏՄ-ի անդամ երկիր՝ Հայաստանին հաջողվեց խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ: Այժմ Հայաստանը լիովին համապատասխանում է Արմենիզացիայի հայեցակարգին. մի կողմից Հայաստանը տնտեսապես գտնվում է Եվրասիական Միության կազմում, մյուս կողմից` քաղաքականապես կառուցում է պետության մոդել, որը հարում է եվրոպական արժեհամակարգին և կառավարման մոդելին:
Երբ օգոստոսին` հերթական կեղծված նախագահական ընտրություններից հետո, Բելառուսի ժողովուրդը ոտքի կանգնեց, մասնագիտական հանրույթը սկսեց բազմաթիվ նմանություններ անցկացնել այլ հեղափոխությունների հետ: Հատկապես նշվում էր ուկրաինական Մայդանի օրինակը, սակայն հեղափոխության մասնակիցների պահանջների ուսումնասիրությունը թույլ է տալիս փաստել, որ բելառուսական սցենարը հիմնովին տարբերվում է ուկրաինականից: Ներքաղաքական խնդիրները զբաղեցնում են հեղափոխական օրակարգի մեծ մասը: Գրեթե բացակայում են երկրի արտաքին քաղաքականության փոփոխության վերաբերյալ դիտարկումները: Բելառուսցիները պարզապես հոգնել են հանդուրժել Լուկաշենկոյի քսանվեցամյա կառավարումը, որը կորցրել է իրականության հետ աղերսները: Հեղափոխականները ծածանում են բելառուսական հին դրոշը` սպիտակ-կարմիր-սպիտակ եռագույնը, որը երկրի դրոշն էր 1918-ին և 1991-95-ին, երբ դեռ Լուկաշենկոն չէր եկել իշխանության: Ի տարբերություն Մայդանի, այստեղ փողոցներում չես կարող գտնել ԵՄ-ի կամ որևէ այլ պետության դրոշներ: Հեղափոխության աշխարհաքաղաքական բաղադրիչի բացակայությունը բելառուսական հեղափոխությունը մոտեցնում է հայկական հեղափոխության մոդելին: Հիմնական տարբերությունը, սակայն, նրանում է, որ հայկական հեղափոխության ժամանակ եվրոպական պետությունները բավականին զուսպ կեցվածք էին որդեգրել, մինչդեռ բելառուսական բողոքի ցույցերի ժամանակ ԵՄ անդամ պետությունները բավականին ակտիվ են: Արդեն իսկ ԵՄ անդամ որոշ պետություններ պատժամիջոցներ են կիրառել Լուկաշենկոյի նկատմամբ: Սակայն ԵՄ ներսում այս հարցի շուրջ խմորումները շարունակվում են: ԵՄ առանցքային պետություններից Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան կոչ են անում ԵՄ պատժամիջոցների ցանկում չընդգրկել Լուկաշենկոյին` հիմնավորելով, որ հաղորդակցության պահպանումը ցանկացած պայմաններում կարևոր է: Բնականաբար, սա Բելառուսի ժողովրդի կողմից միանշանակ չի ընդունվի, քանի որ այն կարող է դիտարկվել որպես աջակցություն Լուկաշենկոյի ավտորիտար իշխանությանը: Լուկաշենկոյի պնդմամբ, Արևմուտքը հիբրիդային պատերազմ է սկսել Բելառուսի դեմ: Նա ասել է, թե, մասնավորապես, Լեհաստանն իբր ցանկանում է, որ Բելառուսը կազմաքանդվի, քանի որ այդպես կարող է յուրացնել Գրոդնոյի շրջանը: «Նրանք երազում են դրա մասին, բայց դա չի լինի»,- ասել է Լուկաշենկոն:
ՆԱՏՕ-ն անմիջապես արձագանքել է, թե ոչ մի նման ծրագիր չունի. «Բելառուսի ռեժիմը պարտավոր է հարգել մարդու հիմնարար իրավունքները, այդ թվում` խոսքի և ազատ հավաքների իրավունքը, ՆԱՏՕ-ն ոչ մի զորք չի կուտակում սահմանին, նման բան շահարկելով խաղաղ ցուցարարներին ճնշումների ենթարկելը բացարձակ անարդար է»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր եվրոպացի գործընկերների հետ հեռախոսազրույցների ժամանակ կոչ է արել չմիջամտել ինքնիշխան պետության ներքին գործերին և հեղափոխության ընթացքը թողել բացառապես Բելառուսի ժողովրդի կամարտահայտմանը:
Այսպիսով, Բելառուսում մայդանյան սցենարը կանխելու և նոր զոհեր չտալու նպատակով, թերևս, հարկ է ուսանել հայկական հեղափոխության դասերը: Ըստ իս, ճիշտ կլինի, որ Բելառուսը շարունակի ապավինել իր ժողովրդի միասնական կամքին, խուսափի աշխարհաքաղաքական հարցերի բարձրաձայնումից, պահանջներ ձևակերպի ժողովրդավարության, ազատ և արդար ընտրություններ անցկացնելու և իրավական պետության կառուցման սահմաններում:
Արմենիզացիան արդեն իսկ տալիս է իր առաջին պտուղները, Հայաստանը, մտնելով ավտորիտար պետությունների համակարգի մեջ, կարողացավ ոչ միայն տուրք չտալ բռնապետություն դառնալու գայթակղությանը, այլ ընդհակառակը՝ դարձավ բարեփոխումների և ժողովրդավարացման մերանը, որով կաթիլ առ կաթիլ փոխվում է եվրասիական բռնապետական կաթսայի պարունակությունը: Հայկական մոդելի որդեգրման պարագայում Բելառուսը կկարողանա անցնցում ազատվել Լուկաշենկոյի քսանվեցամյա տիրապետությունից և գնալ ժողովրդավարացման, իրավական պետության կառուցման ճանապարհով, որին շուրջ կես դար ի վեր ձգտում է Բելառուսի ժողովուրդը: