Խմբագրության կողմից


Մի տարի է անցել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։ Ստորագրող կողմերը պաշտոնական մակարդակով ամփոփել են հետպատերազմյան առաջին տարվա արդյունքները, և այդ արդյունքներն օրինաչափորեն միանգամայն տարբեր տրամադրություններ են երևակել։ Եթե Հայաստանում հիմնականում նահատակների հիշատակը ոգեկոչեցին, իսկ Ադրբեջանն էլ վերստին հիշեցրեց իր ռազմական հաջողության մասին՝ անվանելով այն «Հաղթանակի օր», ինչի առթիվ էլ նրան շնորհավորեցին ՀԱՊԿ-ի մեր «դաշնակիցները», ապա մեր գլխավոր դաշնակից Ռուսաստանը հայտարարեց «ռուսաստանյան դիվանագիտության դերի բարձրացման» մասին՝ հանուն տարածաշրջանում խաղաղության ապահովման։ Եվ սա միջազգային հաստատությունների դիսֆունկցիայի համապատկերում, հաստատություններ, որոնք էլ հենց կոչված են կառավարելի հուն մղելու բոլոր այն դժվար գործընթացները, որոնք հղի են նոր պատերազմի վտանգով, առավել ևս՝ ԵԱՀԿ  պատասխանատվության գոտում։

Ինչի՞ է հասել Հայաստանը պատերազմի դադարեցման առաջին տարելիցին ընդառաջ, երկրի անվտանգության առումով ո՞րն է «չոր մնացորդը», և արտաքին-քաղաքական ինչպիսի՞ ակտիվներ ունի հայ դիվանագիտությունը այդպես էլ չկարգավորված հակամարտության կարգավորման ճանապարհին։ Ներսի ու դրսի «գույքագրումը» լավատեսության համար քիչ առիթներ է տալիս, և, ցավոք, տարածաշրջանի վերջին բռնապետությունը՝ Ալիևի վարչակարգը, ընդհանրապես զրոյացման է տանում լավատեսության շանսերը՝ ի հեճուկս Երևանի խաղաղասիրական հայտարարությունների։

Առաջին հետպատերազմյան տարվա արդյունքների մասին կարդացեք մեր նոր թողարկման երկու հեղինակային հրապարակումներում, ի հավելումն դրանց՝ երկու ուշագրավ արտատպություն նույն թեմայով։ Եվ մինչ պատրաստվում էր այս նոր թողարկումը՝ մեր սահմանի Սյունիքի հատվածում ադրբեջանական կողմի հրահրած աննախադեպ լարվածությունը, որը հանգեցրել է բազմաթիվ զոհերի, որպես փաստ ինքնին, ի լրումն արդյունքների ամփոփման, երևակել է փոփոխվող իրադրության և դրա միջազգային հայեցակետերի նոր եզրերը։ Այս և տարածաշրջանային հետագա զարգացումների մասին մեր զրույցը կշարունակենք արդեն հաջորդ թողարկումներում։

 

 

Share

Comments are closed.