«Անալիտիկոն»-ի խմբագրության կողմից

 

© Photo : official site of the Prime Minister of RA


Եվրոպական Միության Արևելյան գործընկերության՝ ս.թ. դեկտեմբերին Բրյուսելում անցկացված գագաթնաժողովը, որին մասնակցել է նաև Հայաստանի վարչապետը, մեր հանրության համար առավելապես հիշվել է որպես մի դրվագ՝ կապված Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ՝ Սոչիի հանդիպումից երկու շաբաթ անց կայացած Փաշինյան-Ալիև հանդիպման հետ։ Այս հանդիպմանը հետևել է ևս մեկը՝ նույն տեղում, բայց արդեն Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ։ Իսկ Եվրամիության անդամ-երկրների հանրությունների համար, ըստ էության, միանգամայն հակառակը, ինչը լիովին հասկանալի է, քանի որ, ինչպես ասում են, նայած ում ավելի շատ ինչն է հուզում։ Սակայն ԵՄ-ի համար դա, իրոք, կարևոր իրադարձություն էր՝ համավարակի պատճառով տևական ընդմիջումից հետո և այդ կառույցի ինստիտուցիոնալ ճգնաժամի խորապատկերում, որում «Բրեքզիտը» սոսկ «ախտանիշներից» մեկն է։

Ակնհայտ է, որ ներկայումս Եվրոպան ինքն է գտնվում իր հետագա քաղաքականության ուղեգծի փնտրտուքում, ընդ որում՝ համակարգային խնդիրների բեռի տակ՝ տնտեսությունում, հաստատություններում, ժողովրդավարությունում, ռազմավարական կարևորության հիմնախնդիրներին դեմ հանդիման ու միասնության խորաբաց պակասորդով։ Բայց հենց ա՛յս իրողությունների համապատկերում Հայաստանն ու Ադրբեջանը պիտի (տեսանելի ապագայում էլ այդպես կլինի) ներդաշնակեցնել հարաբերությունները ինչպես միմյանց, այնպես էլ եվրոպացի գործընկերների հետ, որոնք գործընկերությունն ամրապնդում են ոչ միայն բարի մտադրություններով, այլև ֆինանսական աջակցության ծանրաքաշ փաթեթներով՝ որպես «նյութական բազա» ժողովրդավարական արժեքների համար, արժեքներ, որոնք կիսում ենք Եվրոպայի հետ։ Բայց իրավիճակն էլ ավելի է բարդանում Ռուսաստանի ու Արևմուտքի միջև հարաճուն առճակատմամբ, այս առումով էլ մխիթարանք է, որ մեր տարածաշրջանն անմիջական ընդհարման ասպարեզ չէ, համենայն դեպս՝ առայժմ։ Թեև սա արդեն քննարկման այլ թեմա է։

Իսկ մեր նոր թողարկումը նվիրված է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի արդյունքներին, գագաթնաժողով, որը կարևոր էր թե՛ Եվրոպայի և թե՛ նրա արևելյան հարևանների, այդ թվում՝ Հայաստանի համար։

 

 

Share

Comments are closed.