Ճիշտ չէ ասել, թե «Հայաստանը ձեռքերը լվացել է Ղարաբաղից,որովհետև Հայաստանից աննախադեպ աջակցություն կա Արցախին».արցախցի պատգամավոր

 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը

Պարո՛ն Հարությունյան, վարչապետի հայտնի հարցազրույցում արցախյան հիմնախնդրի վերաբերյալ արտահայտած որոշ մտքեր վրդովմունք էին առաջացրել Արցախում, և բարձրաստիճան պաշտոնյաները հանդես եկան պատասխան հայտարարությամբ: Ի՞նչ եզրակացություն կարող եք անել հիմա, արդյոք խզվո՞ւմ է ԱրցախՀայաստան կապը:

– Անկեղծ, չեմ կարծում, որ պետք է նման գնահատական տալ, ի՞նչ խզման մասին կարող է խոսք լինել: Ուղղակի սա կարելի է համարել դիրքորոշումների ճշգրտում, որովհետև փաստացի Արցախը քաշեց իր կարմիր գծերը՝ ընդգծելով՝ ինչն է Արցախի համար ընդունելի և ինչը՝ ոչ:

Սա ավելի շուտ պետք է դիտարկել որպես հարցում, որին ի պատասխան պետք է Հայաստանի իշխանություններն իրենց դիրքորոշումները պարզաբանված ներկայացնեն: Եթե անկեղծ, Փաշինյանի հայտարարությունը ավելի շատ ոչ թե ապագայի Հայաստանի դիրքորոշմանն էր վերաբերում, այլ բանակցային սեղանին նախկինում դրված փաստաթղթին: Ինձ թվում է, արդեն պետք է վերջ տալ անցյալի ու դրա բացթողումների մասին խոսելուն ու խոսել ներկայի մասին:

Հիմա մեզ ավելի շատ հետաքրքրում է, թե ինչ է այսօր սեղանին և ինչ է լինելու վաղը: Ես կարծում եմ, որ մեր հասարակությունն արդեն հոգնել է, չի ուզում վերադառնալ անցյալ ու լսել անցյալի անհաջողությունների մասին: Մենք հիմա ուզում ենք, որ ամեն ինչ ճիշտ ու Արցախի ժողովրդի համար ընդունելի լինի:

Նման հայտարարությունները կարող են ժողովրդի շրջանում տարակուսանք առաջացնել, որովհետև առանց այն էլ բավական անորոշ վիճակում ենք գտնվում և չգիտենք՝ ինչ է մեզ սպասում վաղը, մյուս օրը:

Շատ վտանգավոր կլինի, եթե մենք նման հայտարարությունները անենք պառակտելու համար, որովհետև այս փուլում մեզ համար ամենավտանգավոր հարցը դա է: Արցախից հնչած հայտարարությունները պետք է դիտարկել զուտ դիրքորոշման ճշգրտման տեսանկյունից:

Օրինակ, Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ «Հայաստանը ձեռքերը լվացել է Ղարաբաղից»:

– Կարծում եմ՝ ճիշտ չէ նման ձևակերպումը: Օրինակ, միայն բյուջեի մասով Հայաստանի օգնությունը շատ մեծ է: Այս տարի մեր երկրի բյուջեն շատ ավելի մեծ է, քան եղել է մինչ այժմ: Եվ դա շնորհիվ Հայաստանի աջակցության:

Չեմ կարծում, որ դա ճիշտ ձևակերպում է, որովհետև Հայաստանից աննախադեպ աջակցություն կա Արցախին: Դա ձեռքեր լվացողի պահվածք չէ, էլի:

Բացի այդ, մենք տեսնում ենք, որ համագործակցության ցանկություն կա: Օրինակ՝ մեր ԱԺ կրթության հանձնաժողովը օրեր առաջ հանդիպում է ունեցել Հայաստանի մեր գործընկերների հետ, պատրաստակամություն են հայտնել այցելել մեզ: Հարկավոր չէ այդպես միանշանակ պնդել:

Իմ կարծիքով՝ Փաշինյանի հայտարարությունը ավելի շատ ներքաղաքական գործընթացից էր բխում և պատասխան էր ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարությունների: Երկու կողմից էլ շոշափվեց Արցախը, և, այսպես ասած, տուժողը մենք եղանք: Այդ առումով խորհրդարանի արձագանքը ճիշտ էր, երբ մենք արձանագրեցինք՝ ինչն է ընդունելի Արցախի համար:

Մենք այդ հայտարարությամբ նաև մյուս քաղաքական ուժերին ու գործիչներին կոչ ենք արել, որ իրենք էլ զսպվածություն ցուցաբերեն Արցախի հարցով տարբեր տեսակետներ հայտնելուց և Արցախն անընդհատ բախումների առարկա չդարձնեն: Սա ինչու եմ ասում, որովհետև վերջին շրջանում Արցախը շատ ակտիվ է օգտագործվում միմյանց մեղադրելու համար: Երբեմն ընդդիմադիր պատգամավորների կողմից տեսակետներ են հնչեցվում, որոնք մեզ համար անընդունելի են:

Օրինակ՝ ասում են՝ Արցախն այլևս չկա, մենք կորցրինք Արցախը: Ի՞նչ է նշանակում Արցախը գոյություն չունի, նման հայտարարությունները կասկածի տակ են դնում Արցախի սուբյեկտայնությունը: Այդպես խոսում է նաև Իլհամ Ալիևը: Այնպես չէ, որ միայն վարչապետի հայտարարությունն է մեր վրդովմունքն առաջացնում: Մենք համարում ենք, որ Արցախը չպետք է դարձնել ներքաղաքական պայքարում դիրքավորվելու առարկա:

Դուք ասում եք՝ Փաշինյանն ըստ էության արձագանքում էր իր ընդդիմախոսներին և հիմնականում շոշափում էր անցյալի թեմաներ, այդ դեպքում ինչո՞ւ Արցախից նման հակազդեցություն եղավ:

– Որովհետև ձևակերպումներ կային, որոնք մեզ համար անընդունելի էին, օրինակ՝ հայկական միավորում արտահայտության հետ կապված էր մեր մեծ մտահոգությունը, քանի որ բանակցային գործընթացում նման տերմինոլոգիա չկար: Նաև խոսվում էր ադրբեջանցիների շահերից, ինչի կապակցությամբ մենք կարծում ենք, որ Հայաստանի վարչապետի ասելիքը չէ:

Մենք շեշտել ենք, որ մեզ ավելի շատ անհրաժեշտ են ապագայի քայլերը և ոչ թե՝ ինչ է եղել անցյալում:

 – Պարո՛ն Հարությունյան, նաև տեսակետ կար, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր այս արձագանքով փորձել է բարձրացնել իր վարկանիշը: Ի՞նչ կասեք այդ մասին:

– Նման խոսակցությունները շատ պրիմիտիվ են: Կարծում եմ՝ եթե Արայիկ Հարությունյանը նման միտում ունենար, նույն հայտարարությունը կաներ նոյեմբերի 11-ին կամ դրանից հետո այլ օր: Լուրջ չեն նման տեսակետները: Ուղղակի Արայիկ Հարությունյանը մեկ անգամ ևս մեր ապագայի վերաբերյալ արցախցիների դիրքորոշումը, մոտեցումն ընդգծեց:

 

Հասմիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

MediaLab.am

 

 

 

Share

Comments are closed.