Երևանը՝ Մոսկվայի և Անկարայի միջև


Արեգ ՔՈՉԻՆՅԱՆ
Անվտանգության քաղաքականության հարցերով փորձագետ
Երևան

 

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի նախորդ բոլոր փուլերը տապալվել են, բայց, միևնույն ժամանակ, մեթոդաբանական սխալ կլինի նախորդ փուլերի ձախողումներով դատապարտել ապագան։ Պատմությունը լի է թեկուզ և տասնյակ տապալված նախաձեռնություններից հետո հաջողված նախադեպերով։ Անցյալ փուլերի տապալումները արգասիք էին ժամանակների, աշխարհաքաղաքական դրվածքի, կողմերի ծրագրանպատակային առանձնահատկությունների և ռուս-թուրքական մուլտիռեգիոնալ հարաբերությունների։ Դրանցում բոլորում տեղ են գտել էական փոփոխություններ։

Ներկա փուլն, ըստ էության, սկսվեց ռուս-ուկրաինական հակամարտության հերթական լարումից։ Արևմուտքը, հակազդելով Ռուսաստանի գործողություններին, տվեց դրանց ասիմետրիկ պատասխան․ ոորոշում կայացվեց, այդ թվում և Թուրքիայի միջոցով, թուլացնել Ռուսաստանի դիրքերը հնարավորինս շատ տարածաշրջաններում`  տվյալ դեպքում՝ Հարավային Կովկասում։

Հարավային Կովկասում Ռուսաստանի տարածաշրջանային ներկայության ամենակարևոր խարիսխը հայ-թուրքական վատ հարաբերություններն են։ Միայն հայ-թուրքական վատ հարաբերությունների պայմաններում է Ռուսաստանը հանդես գալիս իբրև Հայաստանի անվտանգության բացառիկ երաշխավոր և ֆորպոստացնում մեր պետությունը։ Եթե հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվում են, ապա Ռուսաստանի դիրքերը Հարավային կովկասում էականորեն թուլանում են, քանի որ նախ՝ այդ ազդեցությունն արդեն իսկ թույլ է Վրաստանում ու Ադրբեջանում և հետո՝ առանց անվտանգային երաշխիքների անհրաժեշտության Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա որակապես փոխվում է։

44-օրյա պատերազմը փոխեց իրավիճակը Հարավային Կովկասում և հայտնի չափով կասեցրեց Հայաստանի տարածաշրջանային ազդեցության աճը՝ մրցակցությունից դուրս թողնելով հայկական պետությունը տարածաշրջանային մրցավազքում։ Սրա բոլոր կորուստները և բացասական կողմերը թվարկելու կարիք, կարծում եմ, չկա։  Արհավիրքի մեջ գտնվող պետությունը շատ կորուստներ ու դառնություններ է զգալու, բայց անգամ այս իրավիճակում ճիշտ աշխատանքի դեպքում հնարավոր է նոր հորիզոններ օգտագործել։ Ներկայիս Հայաստանն այլևս, անգամ՝ տեսական մակարդակում, վտանգ չի ներկայացնում Թուրքիայի համար, ավելին՝ հավերժական չեզոք Հայաստանը շահավետ է Թուրքիային,  առավել շահավետ, քան Ռուսական հիպերաճած ազդեցության ներքո գտնվող Հայաստանը։ Բացի այդ, եթե Թուրքիան ցանկանում է տարածաշրջանում ունենալ կայուն ու երկարաժամկետ ազդեցություն, այն պետք է նորմալ հարաբերություններ ունենա տարածաշրջանային բոլոր երեք պետությունների հետ։ Հակառակ դեպքում Իրանը, Ռուսաստանը և Արևմուտքը մշտապես ունենալու են դիրքային առավելություններ Թուրքիայի նկատմամբ։

Թուրքիան կարող է, օգտվելով ստեղծված իրավիճակից, չգնալ վերոնշյալ երկարաժամկետ գործողությունների տրամաբանությամբ, այլ փորձել առավելագույնը քաղել ստեղծված իրավիճակից, միևնույն ժամանակ՝ իրական քայլեր չձեռնարկելով կարգավորման ուղղությամբ ու գժտեցնելով Հայաստանին Ռուսաստանի հետ։ Այն պահից, երբ Հայաստանը սկսի իրական քայլեր ձեռնարկել կարգավորման ուղղությամբ, այն արժանանալու է ռուսական ակտիվ հակազդեցության, և սա մեծ ռիսկ է, մանավանդ, երբ մենք չունենք երաշխիքներ, որ Թուրքիան անցնելու է ճանապարհի իր կեսը։ Բայց այստեղ էլ շատ բան կախված է մեզանից։ Լուրջ խաղ և լուրջ բանակցություններ տանում են լուրջ խաղացողի հետ, երբ տեսնում են, որ դիմացինն ինքինշխան է ու իր շահերի տեսանկյունից մարտնչող։ Սա իր հերթին երևում է ամեն ինչում՝ այդ թվում և բանախոսի ընտրությամբ։ Մինչև այս պահը ես գտնում եմ, որ Հայաստանը արել է ամեն հնարավորը՝ տապալելու համար կարգավորման գործընթացը․ Ռուսաստանի միջնորդացում, անփորձ ու քաղաքական կշիռ չունեցող բանագնաց և այլն։

«Բանակցություններ» կամ «Կարգավորում» հասկացությունները շատերը հասկանում են իբրև խորը ինտեգրացիա՝ սահմանի բացում, առանց կարգավորումների միգրացիա, բայց դա, բնականաբար, աբսուրդ է։ Այս փուլում խոսքը կարող է լավագույն դեպքում գնալ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման և, բնականաբար, պետական օրեսնդրությունների ու մաքսային վերահսկողության ներքո կումունիկացիայի՝ ճանապարհի կամ երկաթգծի շահագործման մասին։ Ասել է թե՝ բանակցությունները դեռ չեն նշանակում քաղաքական ամուսնություն, բայց բանակցում են հենց հակառակորդի հետ։ Կարևոր է նաև հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսել առանց միջնորդների․ լինի դա Ռուսաստանը, թե Միացյալ Նահանգները։ Այդ գործընթացը հնարավորություն ունի հաջողելու միայն մի դեպքում․ երբ դրանում լինեն բացառապես ՀՀ-ն և Թուրքիան։

Միևնույն ժամանակ, հատկանշական է, որ կարգավորումը հնարավոր է և առաջ բերի որոշ տնտեսական ռիսկեր, բայց չէ՞ որ հենց պետության դերն է դրանք հնարավորինս արդյունավետ չեզոքացնելը։ Ավելին՝ տնտեսական ռիսկերի արդյունավետ չեզոքացման ճանապարհը  ինքնամեկուսացումը չէ։ Եվ վերջապես՝ մեր առջև ծառացած գլխավոր խնդիրն ամենևին էլ տնտեսական ռիսկերը չեն, Արցախի ապագա կարգավիճակը չէ, սահմանային վեճերը չեն, այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքը» չէ, այլ՝ պետականության կորուստն է։ Ռուսաստանի կողմից Հայաստանի կլանման գործընթացը պատերազմից հետո աննախադեպ ակտիվացել է, ինչի չեզոքացման համար Հայաստանին հիմա անհրաժեշտ է տարածաշրջանային կայունություն և բոլոր հարևանների հետ հարաբերությունների կարգավորում։

Ամենավատ տարբերակը, որով կարող է զարգանալ իրավիճակը և որով մինչ այս պահը զարգանում է իրավիճակը, դա գործընթացի տապալումն է հայկական կողմից՝ ռուսական կողմի ազդեցությամբ։ Այսպես, Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ հայկական կողմն առաջարկել է հատուկ բանագնացների առաջին հանդիպումն իրականացնել Մոսկվայում։ Երբ սրա հետ համադրում ենք վարչապետ Փաշինյանի դիմումը Ռուսաստանին՝ որպես միջնորդ հանդես գալու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, իրավիճակը առավել պարզ է դառնում։ Հայաստանը կարծես թե չի կարողանում հաղթահարել ռուսական արգելքները՝ կարգավորման գործընթացը գլուխ բերելու համար։ Մեծ է վտանգը, որ Հայաստանի քաղաքական էլիտան չի էլ գիտակցում այս գործընթացի կարևորությունը և Ռուսաստանի աճող ազդեցության նվազեցման հրամայականը։ Ռուսաստանի ազդեցության ավելացման նման տեմպերի պահպանման պարագայում Հայաստանը մոտ ապագայում կանգնելու է Միութենական պետությանը միանալու խնդրի առջև։ Միութենական պետությունն իր հերթին տեսանելի ապագայում վերածվելու է ԽՍՀՄ 2․0-ի և ավարտվելու է Հայաստանի անկախ պետականության պատմությունը։

Այս գորշ սցենարից խուսափելու համար հարկավոր է, որ Հայաստանը չունենա այն անվտանգային մարտահրավերները, որոնց պատասխանելու համար երկրին հարկավոր կլինեն ռուսական երաշխիքները։ Դրան հասնելու ամենաիրատեսական տարբերակը հենց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն է։ Հայաստանին անհրաժեշտ է խաղաղություն և բարիդրացիություն։ 44-օրյա պատերազմն ապացուցեց, որ պետությունը պատրաստ չէ ինքնուրույն դիմագրավելու կոնֆլիկտային տարածաշրջանի բերած մարտահրավերներին։

Մոտեցել են ժամանակները, երբ մենք որպես հասարակություն պետք է սկսենք ընտրություններ կատարել․ ցանկանու՞մ ենք մենք հարատևող պետականություն, թե՞ պատրաստ ենք պետությունը տարալուծել մեծ տերության կազմում, կարողանու՞մ ենք մենք անցնել արդի քաղաքական մտածողության դաշտ, թե՞ մնում ենք արխաիկի ճիրաններում, ընտրու՞մ ենք պատերազմ, թե՞ ընտրում ենք խաղաղություն, շարունակու՞մ ենք կենացային-պատմական հայրենիքի հանդեպ տածվող հայրենասիրությունը, թե՞ անցնում ենք պետական մտածողությանը, շարունակու՞մ ենք մի շարք պետությունների համար գործիքի դեր կատարել տարածաշրջանային խնդիրները լուծելու համար, թե՞ փորձում ենք առաջ շարժվել սեփական օրակարգով և այլն։ Այս ընտրություններում, ինչպես և քննարկվող խնդրի պարագայում որևէ երաշխիք չկա ու չի կարող լինել, թե որն է ճիշտ տարբերակը։ Որևէ մեկը չի կարող ասել, թե այս ռաունդը կհաջողի կամ մենք կստանանք մեր ցանկալի գոնե նվազագույնը։ Բայց դա էլ հենց անկախության ճանապարհն է․ կայացնել որոշումներ և ունակ լինել դրանց համար պատասխանատվություն կրելու։

 

Share

Comments are closed.