«Անալիտիկոն»-ի խմբագրության կողմից


 

Նոր՝ 2022 թվականը, սկսվեց Հայաստանի համար կարևոր՝ Իրանի և Թուրքիայի հետ հարաբերություններին առնչվող զարգացումներով։ Մասնավորապես, կայացավ Հայաստանի վարչապետի և  Իրանի նախագահի հեռախոսազրույցը, որի ընթացքում ճշտվեցին երկուստեք զգայուն հարցերի վերաբերյալ կողմերի դիրքորոշումները՝ միջուկային խնդրի շուրջ Թեհրանի և «վեցնյակի» բանակցությունների վերսկսման նախօրյակին։ Հայտնի դարձավ նաև, որ հունվարի 14-ին Մոսկվայում,  հարաբերությունների կարգավորման նպատակով, առաջին անգամ կհանդիպեն Հայաստանի և Թուրքիայի նորանշանակ հատուկ բանագնացները։  

Ելնելով սրանից՝ անհրաժեշտություն է առաջանում որոշակի «գույքագրման» ենթարկել այն ամենը, ինչը մենք ունենք իրարից խիստ տարբեր, բայց, ընդսմին, Հայաստանի Հանրապետության համար խիստ կարևոր հայ-թուրքական և հայ-իրանական հարաբերություններում։ Հարկ է նաև ճշտել մեր դիրքորոշումները սկզբունքային հարցերում, ինչպես կասեին հռոմեացիները՝ «առանց զայրույթի և կանխակալության»՝ և՛ չափազանցված ակնկալիքներից, և՛ չափազանցված վախերից խուսափելու համար։

Ակնհայտ է մի բան. հայկական դիվանագիտությանը հասունության լուրջ քննություն է սպասում, և մեր հեղինակների հոդվածները մտորումների լրացուցիչ նյութ են տալիս։ Դրանք օգտակար կլինեն մեր ընթերցողներին, որպեսզի ավելի լավ պատկերացնեն ներկայացվող հարցի բոլոր նրբությունները, այդ թվում՝ միջազգային հանրության հետ հարաբերությունների այն խնդիրների լույսի ներքո, որոնք փորձում են լուծել մեր բավականին բարդ հարևան երկրները։

 

Share

Comments are closed.