ԶԼՄ-ներն ու սոցիալական ցանցերը՝ որպես Իրանում բողոքի շարժման խթանիչ

 

 

Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լրագրող
Երևան

 

2017թ. դեկտեմբերի 28-ից մինչև 2018թ. հունվարի 3-ն Իրանի քաղաքներում տեղի ունեցած բողոքի գործողություններն սկզբնապես բավականին խաղաղ բնույթ էին կրում, իսկ բողոքողների պահանջներն ունեին բացառապես սոցիալ-տնտեսական ենթատեքստ: Սակայն երեք օր անց բողոքները սկսել են ուղեկցվել քաղաքական պահանջներով ու կարգախոսներով և հետզհետե վերաճել վանդալիզմի առանձին դրվագներ ունեցած զանգվածային անկարգությունների: Պաշտոնական իրանական աղբյուրների համաձայն՝ անկարգությունների զոհ են դարձել 25 հոգի, ձերբակալվել է 3700 մարդ, որոնցից 400-ը ցայսօր կալանավորված է: Այս հոդվածում մենք կփորձենք քննել ԶԼՆ-ներն ու սոցիալական ցանցերը՝ որպես Իրանում բողոքի շարժման խթանիչ գործոն:Իսլամական հանրապետության ղեկավարությունն՝ ի դեմս հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի, նախագահ Հասան Ռուհանիի և ԱՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆի, դեռ բողոքի ցույցերի օրերին ԱՄՆ-ին, Սաուդյան Արաբիային, Իսրայելին ու Մեծ Բրիտանիային մեղադրել էր երկրում խռովություն կազմակերպելու մեջ: Բաց ու հասանելի տեղեկատվության վերլուծության հիման վրա թվում է, որ Թեհրանի մատնանշած տարածաշրջանային և համաշխարհային ուժի կենտրոնները, որոնք Իրանում նույնիսկ դեսպանատներ չունեն, ունեին այնտեղ տեղի ունեցած իրադարձությունները սադրելու, համակարգելու և ամենագլխավորն՝ աշխարհին իրենց հարմար լույսի ներքո դրանք ներկայացնելու այլընտրանքային մեխանիզմների կարիք: Այսօր՝ բողոքի գործողությունների ճնշումից երեք շաբաթ անց, կարելի է համոզվածությամբ պնդել, որ այդ մեխանիզմները նախ և առաջ հենց սոցիալական ցանցերն ու ԶԼՄ-ներն էին:

Հաշվի առնելով, որ համացանց մուտք ունեցող 48 միլիոն իրանցիներից 40 միլիոնն օգտվում է Telegram հաղորդագրիչից, հենց այս հարթակն էլ դարձավ բողոքի ելած զանգվածների գործողությունները համակարգելու, ընթացիկ իրազեկումն իրականացնելու և հեշթեգները զանգվածայնացնելու գործիք: Ուշագրավ է, որ իրանական և արտասահմանյան մասնագետների գնահատմամբ՝ բողոքները սատարող համացանցային կոչերի մեծամասնությունը հրապարակվում էր դրսից՝ առաջին հերթին հարևան Սաուդյան Արաբիայից: Սաուդիթների շահն ու շարժառիթն այս դեպքում ակնհայտորեն չէին համապատասխանում նրանց տարածաշրջանային մրցակից Իրանի շահերին:

Դեկտեմբերի 30-ին, այն բանից հետո, երբ Telegram-ալիքի amadnews-ը սկսեց զբաղվել բռնության կոչերի և «Մոլոտովի կոկտեյլի» պատրաստման ու ոստիկանության դեմ օգտագործման ուղեցույցների տարածմամբ, Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ստիպված էր արգելափակել այդ պահին մեկ ու կես միլիոն բաժանորդ ունեցող ալիքը: Նույն օրը Իրանի իշխանությունները ժամանակավորապես արգելափակեցին Telegram-ն ու Instagram-ը, որոնք իրանցիների համար նորից մատչելի դարձան միայն հունվարի 14-ին:

Ընդ որում, բռնատիրական վարչակարգից ձերբազատվելու և ազատություն ձեռք բերելու կոչեր հնչում էին ոչ միայն Սաուդյան Արաբիայից, այլև  ԱՄՆ-ից՝ ընդհուպ նախագահի մակարդակով: #IranProtests հեշթեգի ներքո Twitter-ի իր էջում Դոնալդ Թրամփը իրանցիներին բազմիցս կոչ է արել ձերբազատվել գործող վարչակարգից՝ խոստանալով նրանց «պատեհ ժամանակին օգնություն ցուցաբերել»:

Իրանի իշխանությունները նույնպես քաջ գիտակցում են սոցիալական ցանցերի կշիռն ու ազդեցությունը: «Մարդիկ ուզում են խոսել տնտեսական խնդիրների, կոռուպցիայի, որոշ մարմինների աշխատանքի թափանցիկության բացակայության մասին: Նրանք կամենում են ավելի ազատ մթնոլորտում ապրել: Մենք պետք է հաշվի առնենք ժողովրդի առաջարկություններն ու պահանջները»,- բողոքի ցույցերի օրերին իր թվիթերյան էջում է գրել նախագահ Հասան Ռուհանին:

Իրանում ծավալված բողոքի ցույցերի ժամանակ ապակառուցողական-ապատեղեկատվական արշավի տարածման երկրորդ գործիքն արաբական, իսրայելական և ամերիկյան ԶԼՄ-ներն էին: Նրանց հրապարակումներում էապես ուռճացվում էին բողոքների ծավալներն ու մասնակիցների թիվը. բողոքներին վերագրվում էր քաղաքական բովանդակություն: Ակտիվորեն տարածվում էր «ապստամբների հսկողության տակ անցած բազմաթիվ քաղաքների», «հարյուրավոր զոհերի և հազարավոր ձերբակալվածների», «համատարած արյունահեղությունների» մասին ակնհայտ ապատեղեկատվությունը: Պետք է նշել, որ ապատեղեկատվություն տարածելու գործում հատկապես աչքի է ընկել BBC-ի իրանական ծառայությունը: Իրանի նախագահ Ռուհանիի գլխավոր հակառակորդ՝ երկրի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադի՝ Բուշերում ձերբակալության մասին ապատեղեկատվությունը, որը տարածել է լոնդոնյան Al-Quds Al-Arabi թերթը, հավանաբար միտված էր ցուցադրելու Իրանի գլխավոր քաղաքական հոսանքների միջև դիմակայության առկայությույնը:

Իրականում՝ Թեհրանի աշխարհաքաղաքական հակառակորդները շտապել են ոգևորվել «Իրանական գարնան» ձմեռային գալստյան կապակցությամբ: Կենտրոնական իշխանության դեմ խռովության փորձը չի գտել երկրի քաղաքական վերնախավի և անգամ միջին դասակարգի մարդկանց համակարգված աջակցությունը: Խռովարարներին չեն սատարել միմյանց դեմ կոշտ հակամարտության մեջ գտնվող պահպանողականներն ու բարեփոխիչները: Փողոցներում մարդիկ սկզբնապես բողոքում էին բացառապես իշխանությունների սոցիալ-տնտեսական քաղաքականության դեմ: Բողոքի շարժմանը քաղաքական ենթատեքստ պատվաստելու փորձն ուներ արհեստական բնույթ և համակարգվում էր դրսից:  Բողոքի գործողություններին մասնակցել է Իրանի 80 միլիոնանոց բնակչության փոքր մասը: Միլիոնավոր իրանցիներ համազգային ցույցերի ժամանակ արտահայտվել են ի պաշտպանություն այաթոլլաների իշխանության:

Լիովին ըմբռնելով հարևան երկրի քաղաքացիների առկա դժգոհության պատճառները՝ պետք է քաջ գիտակցել, որ սիրիական սցենարով Իրանի գահավիժումը քաոսի մեջ հակասում է Հայաստանի ազգային շահերին: Իրանը հանդիսանում է Հայաստանը մերձավորարևելյան անկայունությունից և իսլամական ծայրահեղականությունից տարանջատող բնական պատնեշներից մեկը: Ուշագրավ է, որ երկրորդ նմանատիպ պատնեշը Թուրքիան է: Հենց դրա համար Հայաստանը պարադոքսալ կերպով շահագրգռված է ամբողջական Թուրքիայի պահպանմամբ՝ անգամ ներկայիս խնդրահարույց վարչակարգի պարագայում:

Այստեղ հարկ է հատուկ նշել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Իրանի Իսլամական Հանրապետության դերը: Կարգավորման գործընթացին Թեհրանը պաշտոնապես չի մասնակցում. միջնորդական լիազորությունը պատկանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ ի դեմս ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի: Սակայն հակամարտության կողմերն առնվազն իրազեկում են իրանցի գործընկերներին բանակցային գործընթացի ընթացքի վերաբերյալ՝ հաշվի առնելով Իրանի անմիջական շահագրգռվածությունը Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի հետ իր հյուսիսային սահմաններում կայունության պահպանմամբ: Այսինքն, Թեհրանը առավելագույնս շահագրգռված է հակամարտության կողմերի միջև լիակատար խաղաղության հաստատմամբ, իսկ նվազագույնս՝ գոյություն ունեցող ստատուս-քվոյի պահպանմամբ: Այդ իսկ պատճառով հայկական ԶԼՄ-ները պետք է զգուշանան օգտագործել և տարածել «Ահմադինեջադը ձերբակալված է», «Խամենեին փախել է», «Իրանական քաղաքներում տիրում է քաոս ու արյունահեղություն» կարգի վերնագրեր:

Իրանի աշխարհաքաղաքական զսպման և շիա գոտու երկրների՝ Սիրիայի, Լիբանանի, Իրաքի և Բահրեյնի վրա իրանական ազդեցության չեզոքացման ռազմավարությունը ԱՄՆ արտաքին քաղաքականություն մշակող շրջանակները որդեգրել են առնվազն 2000-ականների սկզբներից: Իսրայելի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և սունի արաբ միապետությունների աջակցությունը Վաշինգտոնի այս քաղաքականությանը բավական տրամաբանական է: Նույնքան տրամաբանական է «Իրանական աշնան» առաջին ծիծեռնակների առթիվ Պետդեպարտամենտում և Կապիտոլիումում  ծագած ոգևորությունը: Սակայն ամերիկյան սպասելի ոգևորությունը միջազգային հարթության վրա ընդհանուր առմամբ արձագանք չի գտել: ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիկի Հեյլիի՝ իրանական իրադարձությունների կապակցությամբ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը հաջողությամբ չի պսակվել: Սա հերթական անգամ ցույց է տվել, որ Իրանի վերաբերյալ ամերիկյան ծրագրերը միջազգային լայն ընդունելություն չեն վայելում:

Սակայն ցուցարարների սադրանքներին ի պատասխան Իրանի իշխանությունների կիրառած կոշտ ուժը, բազմաթիվ զոհերը և նրանց թվի ուռճացումը ապատեղեկատվության տարածման միջոցով միջազգային հանրությանը առիթ է տվել ԱՄՆ մատուցմամբ Թեհրանի դեմ ճնշման նոր քաղաքականություն վարել: Իսկ Իրանի վերադարձը «միջուկային գործարքին» նախորդած խիստ պատժամիջոցային ռեժիմ կարող է վերջնականապես ապակայունացնել երկրում տիրող իրավիճակը՝ ընդհուպ մինչև քաղաքացիական պատերազմ և իշխանափոխություն: Բնական է, որ այսպիսի թույլ Իրանը չի կարողանա իրականացնել ԱՄՆ հովանավորած սունի միապետությունների միակ տարածաշրջանային աշխարհաքաղաքական հակակշռի դերը: Չհաջողված «Իրանական գարնան» կազմակերպիչները գլխավորապես հենց դրան էին ապավինում:

Share

Comments are closed.