Ազգ-բանակ. ֆորմալ և ոչ ֆորմալ

2016թ. հոկտեմբերին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը  պաշտոնապես հայտարարեց «Ազգ-բանակ» հայեցակարգի՝  որպես երկրի ռազմաքաղաքական անվտանգության նոր բանաձևի մասին: Երկու ամիս անց ԱԺ-ն իր նախորդ կազմով ընդունեց հայեցակարգի շրջանակներում առաջ քաշված «1000 դրամների օրենքը»1, որով քաղաքացիների ամենամսյա աշխատավարձերից 1000-ական դրամներ սկսեցին գանձվել և ուղղվել ծառայության ժամանակ հաշմված զինծառայողներին, զոհված զինծառայողների ընտանիքներին սոցիալական օգնություն ցուցաբերող հիմնադրամին: Ներմուծված այս պարտադիր կամավորությունը պաշտոնական Ազգ-բանակի հետ հայաստանյան հանրության առաջին պրակտիկ առնչությունն էր, որը միանշանակ դրական չընդունվեց: Քննադատներ եղան նաև այն քաղաքացիների շարքերից, ովքեր մինչ այդ էլ մասնակցում էին բանակայիններին ուղղված հասարակական տարբեր ակցիաների:   2017 թ. գարնանից Ազգ-բանակ գաղափարախոսության տարբեր դրույթների առիթով սկսեցին կազմակերպվել հանրային լոկալ քննարկումներ և ելույթներ, որոնց մասին համառոտ տեղեկացնում էր մեդիան: Այսպես հայտնի դարձավ 2017թ.ապրիլին ՀՀ նախագահի, պաշտպանության, գիտության/կրթության նախարարների, բուհերի ու հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ անցած ֆորումի մասին: Նույն տարվա մայիսին մամուլը տեղեկացրեց Հանրային խորհրդում Ազգ-բանակի թեմայով քննարկման մասին: Հունիսին նույն կերպ իմացանք Մարդկային զարգացման միջազգային կենտրոն ՀԿ-ի ծրագրով Հայաստանի տարբեր շրջաններում կազմակերպված քննարկումների շարքի մասին: Սեպտեմբերին իմացանք Երևանում 6-րդ համահայկական համաժողովի շրջանակներում Ազգ-բանակին հատուկ նվիրված քննարկումների և սփյուռքի ներկայացուցիչների առաջ պաշտպանության նախարարի ելույթի մասին:

Ազգ-բանակ հայեցակարգով պաշտոնական նորամուծությունների (հանրային քննարկումների, օրենքների ընդունման, կիրառության մեջ դնելու) հաջորդ փուլը տևեց մոտ երեք ամիս: 2017թ. հոկտեմբերին ՀՀ ՊՆ-ն ԱԺ ներկայացավ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենսդրական, «Ես եմ» և «Պատիվ ունեմ» նոր ծրագրային, բանակից խուսափած անձանց մասին օրենքում փոփոխություններ մտցնելու նախաձեռնություններով2, իսկ 2018թ. հունվարի սկզբին հայտարարվեց «Ես եմ» ծրագրով 120 նորակոչիկի բանակ զորակոչվելու մասին:

Ֆորմալ առումով այդ արագությունը թելադրված էր այն բանով, որ անհրաժեշտ էր բանակի հետ կապված օրենսդրական փոփոխություններն իրականացնել նախքան Հայաստանի՝ կառավարման խորհրդարանական մոդելին դե ֆակտո անցնելը (2018թ.ապրիլը): Բայց քաղաքական-գաղափարական տեսանկյունից վաղուց էր հասունացել ժամանակը պաշտոնապես արձագանքելու բոլոր այն սուր հարցադրումներին, որոնք որպես ընդգծված սոցիալական պահանջ հանրությունը բարձրացնում էր 2016թ. ապրիլյան պատերազմից հետո. «անվտանգության ամրապնդման համար վերացրեք կոռուպցիան և իրավական կամայականությունները», «բանակի համար փող կա, արդյունավետ օգտագործեք պետական ռեսուրսները»:

*Ի՞նչ տեղ էր հատկացնում հայաստանյան մեդիան Ազգ-բանակի թեմաներին, ինֆորմացիոն ի՞նչ գործընթացներով էին ծավալվում  հայեցակարգի հանրային քննարկումները մեդիահարթակներում:

*Հատկապես ո՞ր խնդիրներն ու գործընթացներն առավել լայնորեն քննարկվեցին այդ ընթացքում, ո՞ր  ուժերի ու խմբերի դիրքորոշումներով էին ուրվագծվում հայեցակարգի ընկալումները օնլայն մեդիայում և հեռուստաընկերություններում:

*Ինչպե՞ս արձագանքեցին լսարանները Ազգ-բանակի շրջանակներում առաջ քաշված դրույթներին, լսարանների ի՞նչ հետաքրքրություն էր առաջացնում բանակի թեման իր ամբողջության մեջ:

Այս հարցերին պատասխանելու նպատակով մեր «Ռեգիոն» հետազոտական կենտրոնն անցկացրեց Ազգ-բանակ հայեցակարգի 2017 թվականի  մեդիադիսկուրսի ուսումնասիրություն, որի արդյունքները ներկայացնում ենք ստորև:

Share

Comments are closed.