Կոռուպցիայի դեմ պայքարի կողմնակի հետևանքները և հայկական իրականությունը

 


Ռուբեն
ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտի» ռուսերեն տարբերակի խմբագիր
Երևան

Հայաստանի նոր կառավարությունը հռչակել է համակարգային կոռուպցիայի դեմ լայնածավալ պայքարի սկիզբը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կոռուպցիայի նկատմամբ ոչ մի փոխզիջում չի լինելու. ոչ ոք նրանից փոխզիջում չպետք է ակնկալի:

Հայաստանում ոչ բռնի թավշյա հեղափոխությունը հնարավոր չէր լինի, եթե նախորդ իշխանության գործունեությունը չլիներ այսչափ անարդյունավետ, եթե չլիներ տարիներ շարունակ սոցիալ-տնտեսական, քաղաքական և արտաքին քաղաքական ոլորտներում տեղում դոփելու և լճանալու համընդհանուր զգացում: Հեղափոխությունը չէր լինի, եթե բոլորի համար ակնհայտ չլիներ, որ «ոտից-գլուխ» համակուլ կոռուպցիան դարձել է ինստիտուցիոնալ դեգրադացման աղբյուր, որի պսակը պետք է լիներ Սերժ Սարգսյանի՝ նախագահի աթոռից վարչապետականին վերաբազմելը՝ հենց այդ ընթացակարգի համար կազմված նոր Սահմանադրության համաձայն:«Կայունության» ու «անվտանգության» երաշխավորը և «հայրը» 20 տարի շարունակ իշխանությանը տիրացած և իշխանական դարձած «կուսակցության», որն իր շարքերում ներառել է միմյանց սերտաճած ողջ պաշտոնեության բանակը, քրեական տարրերին, ուժայինների զգալի մասն ու խոշոր գործարար շրջանակները, խորհրդանշում էր անշրջելիության կետի զգացման կորուստը, որից այն կողմ կոռուպցիան դադարում է սոսկ չարիք լինել և դառնում է համակարգի շարժիչ ուժը, համակարգի էությունն ու փիլիսոփայությունը, նրա պարբերական վերարտադրման իմաստը. այն դառնում է կառավարման ինքնավար համակարգ:

«Պարոն նախարար. ինչպե՞ս եք որոշելու՝ ո՞վ է լավ կամ վատ աշխատում, եթե չվերցնեք այն, ինչ Ձեզ բերում են»,-վաղ հետխորհրդային ռոմանտիկ շրջանում կեսկատակ-կեսլուրջ ասում էին տարբեր բարձրաստիճան այրերի «փորձառու» խորհրդականները: «Կաշառքը դաստիարակում և հավատարիմ է դարձնում ենթականերին»,- ասում էին ուրիշները: Եւ այսպես շարունակ…

Ավելի ուշ՝ 1998թ. պետական հեղաշրջումից և 1999թ. ահաբեկչությունից հետո Հայաստանում հաստատվել է զուտ թալանին, գանձագողությանը, օլիգարխացմանը և կեղծված ընտրությունների ընթացակարգի միջոցով հետագա վերարտադրմանը ծառայող «իշխանության ուղղագիծ»: Այդ ժամանակ գնահատվում էր պետական շահերի անվան և քողի ներքո իրական կոռուպցիոն տենդին հագուրդ տալու ընդունակությունը:

Բայց կոռուպցիան սոսկ կաշառք ստանալը կամ տալը չէ: Ինչպես հայտնի է, կոռուպցիան լատիներենից թարգմանաբար նշանակում է փտում, նեխում, պղծում: Կոռուպցիային էր հարմարեցված ողջ օրենսդրությունը, որը կոռումպացված իշխանությանը թույլ էր տալիս հարստանալ համարյա օրինական ճանապարհով: Իշխանություններն իրենց նպատակին էին հասնում իրավապահ մարմինների, դատախազության, դատական համակարգի, տնտեսությունը կարգավորող օրենքների և արտաքին քաղաքական գործիքների միջոցով:

Փաստորեն, 20 տարիների ընթացքում կոռուպցիան դարձել է պետական ողջ մեքենան շարժող գործոն: «Ինչո՞ւ աշխատել պետական համակարգում, եթե հնարավոր չէ դրանից օգտվել»,-հռետորաբար հարցնում էին տարբեր պաշտոնատար անձինք, որոնց այլևայլ պատճառներով հեռացնում էին կոռուպցիոն կերակրատաշտից:

20 երկար տարիներ համակարգը վերապրում էր այն բանի շնորհիվ, որ վիճակագրորեն ապահովում էր (այլ հարց է՝ ճի՞շտ, թե՞ սխալ) տնտեսական աճ, աշխատում էր հարկային ու մաքսային ծառայությունների, «թույլատրող» և «վերահսկող» գերատեսչությունների, իրավապահ և դատական մարմինների  «վարչարարության արդյունավետության բարձրացման» ուղղությամբ: Իշխանությունը հղկում էր օրենսդրությունը և անգամ «բարեփոխում» Սահմանադրությունը՝ անցնելով կառավարման կոշտ՝ նախագահական մոդելից դեպի կիսանախագահականը՝ իբր հակակշիռների մեխանիզմներն ապահովելու համար, թեև բոլորին հայտնի էր, որ երկրում գործում էր մեկ անձի կողմից որոշումների ընդունման համակարգը: 1998-2008թթ. այդ անձը Ռոբերտ Քոչարյանն էր, իսկ 2008-2018թթ.՝ Սերժ Սարգսյանը: Այսպիսով՝ «ինստիտուցիոնալ» հիշողությունը հուշում էր, որ խորհրդարանական համակարգին լիակատար անցումը կապ չուներ ժողովրդավարական պետության շահերի կամ ժողովրդավարության ամրապնդման հետ: Գործում էր սոսկ «պետությունը ես եմ» սկզբունքը:

«Արդյունավետություն» բնութագիրն ընդդիմախոսին կարող է խորը նոկդաունի մեջ գցել. այն ինքնին յուրաքանչյուր՝ առավել ևս պետական համակարգի կենսունակության կարևորագույն ցուցիչն է:

Թավշյա հեղափոխության արդյունքներով ձևավորված կառավարությունը երկամսյա աշխատանքի արդյունքում արմատապես կտրել է կոռուպցիոն համակարգի բոլոր վերին խութերը: Բայց ի հայտ են եկել նաև որոշ բացասական հետևանքներ, որոնցից անհնարին էր խուսափել, քանի որ մեզանում կոռոպցիոն համակարգն ուղղակիորեն սերտաճած ու նույնացված էր պետական մեքենային:

Նախևառաջ՝ պարզ է դարձել, որ նոր կառավարությունը մտադիր չէ Մոսկվայի հետ համաձայնեցնել առանցքային պաշտոնյաների՝ փոխվարչապետերի, նախարարների, ԱԳ և Պաշտպանության նախարարների նշանակումը, ավելին՝ ամենևին էլ մտադիր չէ աշխատել Մոսկվայի «ժուչոկի» կարգավիճակով:

Իսկ երկրի ներսում առաջին ազդականչը ստացավ դատական համակարգը. դատավորներին զրկեցին Բաղրամյան 26-ի ցուցումով աշխատելու «արտոնությունից»: Սա, վարչապետի իսկ խոստովանությամբ, անդամալուծեց դատական համակարգը: Նույնը կարելի է ասել նաև Դատախազության, Քննչական ծառայության և Հատուկ քննչական ծառայության համակարգերի մասին: Այս իրողությունը մասամբ չի շրջանցել նաև մաքսային ծառայությունը, որոշ նախարարություններ և այն ոլորտները, որոնք, ԱԱԾ նոր տնօրենի բնութագրմամբ, «ավանդաբար կոռումպացված են»:

Նոր կառավարության արտաքին քաղաքականության և արտաքին տնտեսական գործունեության մասին կարելի է ասել, որ հիշյալ ոլորտներում սպասելիորեն ամենաազդեցիկն է ղեկավարության փոփոխության և չափորոշիչների ու նպատակների վերանայման գործոնը: Իրականացվում է պետական «Ավգյան ախոռների» մաքրման գործընթացը. ընդունվել է կառավարության նոր ծրագիրը, որը միտված է անցումային փուլի բարեհաջող ընթացքին և արտահերթ ընտրությունների կազմակերպմանը: Այս ընթացքում Հայաստանը դեռ չի ստորագրել ոչ մի նշանակալից արտաքին քաղաքական կամ արտաքին տնտեսական համաձայնագիր: Ակնհայտ է, որ դեռ գոյություն չունի կայացած, միջնաժամկետ խնդիրները պլանավորելու ընդունակ համակարգ: Եվ դա միանգամայն սպասելի էր:

Միևնույն ժամանակ՝ ոչ մի իշխանություն չի կարող ինքն իրեն թույլատրել չմտածելու միջնաժամկետ պլանավորման մասին, առավել ևս՝ ներկայիս կառավարությունը, որն իշխանության է եկել ամենալայն ժողովրդական աջակցության և վստահության շնորհիվ: Ուստի՝ արդյունավետության, կոռուպցիոն մեխանիզմների կազմաքանդման, ինստիտուցիոնալ բարեփոխումների, ռազմավարական պլանավորման և սեփական սխալներն ուղղելու անհրաժեշտությունը կարճաժամկետ հեռանկարում նոր կառավարության գլխավոր խնդիրն է:

Այս սխալները սպասվում էին. դրանք եղել են և էլի լինելու են համարյա ամեն օր, բայց դրանք բուն խնդիրը չեն: Խնդիրը ծագում է այն ժամանակ, երբ համակարգը դադարում է համարժեք արձագանքել սեփական սխալներին և ընթացքում դրանք ուղղելու փոխարեն սկսում առաջացնել և կուտակել դրանք:

Թափանցիկ և հաշվետու լինելու, հասարակության հետ հետադարձ կապ հաստատելու, հանրային տրամադրությունների նկատմամբ զգայունություն ցուցաբերելու անհրաժեշտության ըմբռնումը կարևոր որակներ են, որոնք լավ, անհրաժեշտ, բայց ոչ բավարար նախադրյալ են իշխանության գործնեության արդյունավետության բարձրացման համար:

Թավշյա հեղափոխությունը ծնվել է  փոփոխությունների համընդհանուր հասարակական պահանջարկից, որը նախկին իշխանությունը ոչ միայն չէր կամենում, այլև չէր կարող բավարարել իրեն բնորոշ ներքին արատների բերմամբ: Նոր կառավարությունը սկսել է կոռուպցիոն աղբից նոր «շինհրապարակի» մաքրման և արտաքին միջամտությունը բացառելու աշխատանքներից: Բայց դեռևս պարզ չէ, թե ինչ է կառուցվելու: Ակնհայտ է, որ ժամանակի ընթացքում այն ավելի հստակ է լինելու: Եվ իրերն ավելի հստակ են լինելու դեռ նոր ընտրություններից առաջ, երբ կանցնեն ընդունված 100 օրերը, և հասարակության շրջանում, մամուլում և ամբիոններից կսկսեն գնահատական տալ կատարված աշխատանքներին: Մարդիկ նախևառաջ բարձրաձայնելու են հենց տհաճ հարցեր, որոնց հնարավոր չի լինի պատասխանել առանց սասանելու սեփական նախընտրական դիրքերը:

Ակնհայտ է նաև, որ արդյունավետության պատշաճ մակարդակն ապահովելուց, գործողությունները հռչակագրված նպատակներին (առանց գործողությունների փոխարեն պոպուլիզմի) համապատասխանեցնելուց բացի, նոր՝ հետընտրական կառավարությունը ներկա կառավարությունից տարբերվելու է նաև անձնակազմով՝ նոր պաշտոնատար անձանց այլ քաղաքական ուժերին պատկանելության հանգամանքով: Պետք է հասկանալ, որ ներկայիս միջազգային և տարածաշրջանային իրողություններում երկարատև ինստիտուցիոնալ ճգնաժամը Հայաստանի համար ընդունելի և հանդուրժելի չէ:

Share

Comments are closed.