Նախաբան

 

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության աջակցությամբ «Ազգ-բանակ» հայեցակարգի հանրային փորձաքննություն» ծրագրի շրջանակներում «Հանրային օրակարգ» ՀԿ թիմն իրականացրել է աշխատանքներ երեք ուղղությամբ՝

– Հայեցակարգի քաղաքական նպատակների ուսումնասիրություն, այլ երկրներում «Ազգ-բանակ» կոնցեպտի կամ զանգվածային բանակի մոդելների, ինչպես նաև դրանց քաղաքական նախապայմանների համեմատական վերլուծություն

– Հայեցակարգի փորձագիտական վերլուծություն

– Հայեցակարգի նկատմամբ վերաբերմունքի ուսումնասիրություն կոնկրետ թիրախային խմբում՝ ուսանողության շրջանում։Սույն ձեռնարկում նյութերը զետեղված են այս նույն հերթականությամբ՝ երեք ուղղություններով կատարված աշխատանքների ամփոփ վերլուծությամբ։

Առաջին ուղղությամբ կատարված ուսումնասիրությունը նպատակ ուներ հանրամատչելի ձևով մեկնաբանել և ի ցույց դնել հայեցակարգի ներքաղաքական հեռահար նպատակները։ Այդ նպատակների «համազգային» ծխածածկույթը հեռացնելու և ներիշխանական իրական նկրտումները գաղտնազերծելու նպատակով փորձել ենք վերլուծել հայեցակարգին առնչվող կամ դրա հարուցած մի շարք հարցեր։ Մասնավորապես՝ ինչու՞ է իշխանությունը ֆետիշացնում անվտանգության ռազմական բաղադրիչն՝ ի հաշիվ քաղաքական-դիվանագիտականի, որո՞նք են մեր երկրի անվտանգությանը սպառնացող մարտահրավերները և արդյո՞ք դրանք հաշվի են առնված առաջարկվող հայեցակարգում, արդյո՞ք հայեցակարգի տրամաբանության մեջ տեղավորվում է ոստիկանության աննախադեպ զորացումն ու ոստիկանապետություն ստեղծելու բացահայտ հավակնությունը, արդյո՞ք հայեցակարգով խրախուսված ռազմահայրենասիրական նախահարձակ քարոզչությունը չի հանգեցնի հանրային մտքի ռազմականացման, արդյո՞ք չի նվաստացվի կրթության ու գիտության դերը և այլն, և այլն։

Առաջին ուղղությամբ տարված աշխատանքների շրջանակներում ուսումնասիրվել են այլ երկրներում «Ազգ-բանակ» կոնցեպտը կամ զանգվածային բանակի մոդելները, ինչպես նաև դրանց քաղաքական նախապայմանները։ Առանձնակի ուշադրություն է դարձվել Իսրայելի և Շվեյցարիայի փորձին։

Մեր ուսումնասիրության այս սեգմենտի համար օգտագործվել են միջազգային կառույցների զեկույցները Հայաստանի, Իսրայելի ու Շվեյցարիայի մասին, սոցիալական ցանցերի հրապարակումները, ինչպես նաև տնտեսական և այլ ցուցանիշներ։

Երկրորդ ուղղության շրջանակներում իրականացվել է հայեցակարգի փորձագիտական վերլուծություն՝ հրավիրված 15 փորձագետների մասնակցությամբ։ Փորձագետների ընտրության կողմնորոշիչներից էին հանրաճանաչությունը, արհեստավարժությունը և քննարկվող թեմայի նկատմամբ անթաքույց հետաքրքրությունը։ Հետազոտությունն իրականացվել է Դելֆի մեթոդով՝ երեք փուլով։ Փորձագետներն առաջին երկու փուլերում հնարավորություն են ունեցել ծանոթանալու միմյանց կարծիքներին։ Փորձագիտական հարցման արդյունքները վերլուծել է սոցիոլոգ Լուսինե Քարամյանը։

Երրորդ ուղղության շրջանակներում հետազոտվել են ուսանողների շրջանում «Ազգ-բանակ» հայեցակարգի ընկալումները՝ որակական հարցազրույցների ֆոկուս խմբերի մեթոդի կիրառմամբ։ Հետազոտության նպատակներն էին՝ վերլուծել հայեցակարգը ծրագրով սահմանված հարցերի շրջանակում, երևան հանել տվյալ թիրախային խմբի մտահոգությունները և ի մի բերել հայեցակարգի հնարավոր բարեփոխման հանրօգուտ առաջարկները։ Տասը ֆոկուս խմբերին մասնակցել են մոտ տասնյակի չափ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ։ Ֆոկուս խմբերում անցկացված հետազոտությունն իրականացվել է SPRING PR կազմակերպության հետ համագործակցությամբ։

Ձեռնարկում ներկայացված են այս երեք ուղղություններով կատարված ուսումնասիրությունների ամփոփ վերլուծությունները, որոնք, ըստ էության, հարկ է դիտարկել մի ամբողջության մեջ։ Ծրագրի իրականցման ընթացքում երեք ուղղություններով կատարվող ուսումնասիրությունները «փոխսնուցվել» են. ընթերցողը սույն ձեռնարկում կարող է հանդիպել փոխադարձ հղումների ու անդրադարձների։ Աշխատանքների փոխկապի նպատակը ողջ ծրագրի հանրագումարումն է և իր ամբողջական տեսքով հանրության համար ավելի ընկալելի դարձնելը։

«Հանրային օրակարգ» ՀԿ թիմը շնորհակալություն է հայտնում իր բոլոր գործընկերներին և հուսով է, որ իրականացված ծրագիրը շահագրգիռ քննարկումների միջոցով կնպաստի խնդրո առարկայի շուրջ հանրային օրակարգի ձևավորմանը։

_____________________________
ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Հանրային օրակարգ» ՀԿ նախագահ
_____________________________

Share

Comments are closed.