Քաղաքական տարին հայկական հանրապետություններում

 


Արամ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Քաղաքագետ
Ստեփանակերտ

 

2018 թվականի սկզբին Հայաստանը մռայլ և անհեռանկար քաղաքական տեսք ուներ: Ֆորմալ առումով ամեն ինչ պատրաստ էր ավտորիտարիզմի անժամկետ երկարաձգման համար: «Սահուն» կերպով կազմակերպվել էին սահմանադրական փոփոխությունները, խորհրդարանական ընտրությունները. ռեժիմը կարծես թե կարողացել էր «մարսել» Ապրիլյան պատերազմի, արտագաղթի, մի շարք ռազմավարական նշանակության շինարարությունների (Հյուսիս-Հարավ ճանապարհ, Հայաստան-Իրան երկաթուղի) տապալման քաղաքական հետևանքները: Ընդդիմադիր գործիչների մեծամասնությունը կամ կորցրել էր իր երբեմնի ազդեցությունը, գնալով համաձայնության իշխանության հետ, կամ չդիմանալով նրա մամլիչի ճնշմանը ու ավելի ծայրահեղական դիրքորոշում ցուցաբերելով՝ գտնվում էին բանտերում: Սերժ Սարգսյանը վստահ էր քաղաքական դաշտը ամայացնելու իր հատկության մեջ, որը ցուցաբերել էր անցած տարիների ընթացքում, այն աստիճան, որ գնում էր իշխանության վերարտադրության, շրջանցելով բոլոր այն տարբերակները, որոնցում կարող էր դիտարկվել նրա գոնե ձևական հեռացումը իշխանությունից: Հետագայում պարզվեց, որ երկրի ղեկավարի պաշտոնում ևս մեկ ժամկետ մնալու Սարգսյանի ցանկությունը վճռական նշանակություն ունեցավ հեղափոխության ծավալման համար և վերջ դրեց նաև նրա կուսակցության իշխանությանը Հայաստանում: Դա երրորդ նախագահի, թերևս, բազմաթիվ սխալներից մեկն է, որը, սակայն,  դրական ազդեցություն ունեցավ երկրի համար: Բայց մինչ այդ նա տանում էր երկիրը իրեն նախընտրելի ճանապարհով և աղքատության մեջ խրված, արտագաղթից ծորացող, ներքին և արտաքին իրական ու հորինված վտանգներով ահաբեկված ազգից ակնկալում էր սպասելի կրավորական կեցվածք:

Բազմաթիվ հետազոտություններ եղան և դեռ կլինեն այն մասին, թե ինչպես ձմեռային քաղաքական «ընկճախտին» փոխարինեց գարնանային համազգային զարթոնքը: Հայտնաբերվեցին մի շարք նախադրյալներ, որոնք իրականում կային՝ քաղաքացիական բողոքի փորձ ունեցող բավականին թվով մարդիկ, անկախ լրատվամիջոցներ (հիմնականում համացանցային), որոնք ապահովում էին ուղիղ հեռարձակումներ ամեն վայրից և ամեն ժամի, հմուտ համակարգող թիմ և բացառիկ արդյունավետ գործողությունների մարտավարություն և, իհարկե, առաջնորդ, ով իր քաղաքական կերպարի մեջ կենտրոնացնում և արտահայտում էր   համազգային շարժումը: Իսկ Սերժ Սարգսյանի «էքստրաօրդինար» բանակցողի համբավը ամբողջ ազգի առաջ  ուղիղ եթերում մի քանի րոպեում հօդս ցնդեց: «Փաշինայնը ճիշտ էր, ես սխալվեցի» հետգրությամբ նա հեռացավ քաղաքական ետնաբեմ և այնտեղից շարունակում է ուղղորդել իր կուսակցական ընկերներին տարբեր գործողությունների, որոնք ընդհանուր առմամբ արագացնում են ՀՀԿ վերջնական իշխանազրկումը և մարգինալացումը:

Փաշինյանի և նրա թիմակիցների մատուցմամբ ընդհանուրի բառապաշար վերադարձան նախորդ դարասկզբին մնացած «հեղափոխություն» և «հակահեղափոխություն» եզրույթները և նույն ժամանակների կարծրատիպերը դրանց վերաբերյալ, որոնք հիմնականում առնչվում են ռեպրեսիաների և բռնության հետ: Մայիսի 8-ից դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ գործադիր իշխանությունը անընդհատ խուսանավում էր վճռական քայլերի դիմելու հանրային պահանջի և օրիանականության սահմանները չխախտելու նեղ տարածությունում: Խորհրդարանում Հանրապետական մեծամասնության պայմաններում կիրառության մեջ դրվեց այսպես կոչված ուղղակի ժողովրդավարությունը՝ որպես լեգիտիմության ապահովման ժամանակավոր ինստիտուտ: Այն հնարավորություն տվեց վերոնշյալ ամբողջ շրջափուլում պահպանել հանրային ճնշումը կամ նրա սպառնալիքը օրենսդիրը վերահսկող ուժի նկատմամբ և, վերջիվերջո, պարտադրել նրան գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Այդ ընտրություններն անցան առանց էական այլընտրանքի, դրանց հիմնական ինտրիգը անցումային շեմը հաղթահարողների քանակի մեջ էր, մասնավորապես՝ ՀՀԿ-ի մանդատ ստանալ-չստանալու հարցում: Բայց անցումային ավելի ցածր տոկոսային շեմ առաջարկող նոր ընտրական օրենսգիրքը տապալած կուսակցությունը չկարողացավ բավարար ձայներ հավաքել և այլևս չի հավակնում գլխավոր ընդդիմությունը լինել, ինչն ըստ երևույթին կարելի է դրական համարել, քանի որ յուրաքանչյուր իշխանության համար խիստ շահեկան կլիներ ՀՀԿ-ի նման ընդդիմություն ունենալը:

Ընդհանուր առմամբ, ՀՀ նոր կառավարությունը հաջողեց քաղաքական անցման առաջին՝ ակտիվ փուլը: Այն տեղի ունեցավ հնարավորինս սեղմ ժամկետներում, սահմանադրականության շրջանակներում, այսինքն՝ առանց արյունահեղության, բռնադատումների, ազատությունների սահմանափակումների: Երկիրն ունեցավ լեգիտիմ իշխանություններ անկախության առաջին տարիներին հաջորդած մեծ ընդմիջումից հետո: Լեգալ և լեգիտիմ իշխանություն ձևավորելու հասարակության և քաղաքական կուսակցությունների կամքը և ունակությունը այն առաջնային պայմանն է, որից հետո հնարավոր է դառնում լուծել ներքին և արտաքին քաղաքականությունում առկա բազմաթիվ խնդիրները: Լեգիտիմ իշխանություն ունենալով՝ Հայաստանը էականորեն բարձրացնում է իր սուվերենության աստիճանը: Իշխանության լեգիտիմությունը հնարավորություն է տալիս չեզոքացնել պետության քաղաքականության վրա օլիգարխների, ուժայինների ստվերային ազդեցությունը և իրական է դարձնում կոռուպցիայի դեմ պայքարը: Դա, իհարկե, չի նշանակում, որ այդ խնդիրները անպայմանորեն լուծվելու են, բայց քաղաքական նոր խաղի դրվածքային պայմանները դրական միտում ունեն:

Մինչդեռ, քաղաքական շատ հարցեր դեռևս լուծված չեն և իրենց մեջ նշանակալի վտանգ են պարունակում: Դրանց շարքից է  հեղափոխության արդյունքում քաղաքական դաշտում առաջացած որոշակի վակումը: Առաջին հերթին դա կապված է կուսակցությունների հետ, որոնց մեծամասնությունը նոր պայմաններում վերափոխվելու երկար ճանապարհ ունի անցնելու: Նրանց վրա է դրված նոր որակի ընտրազանգվածի և արհեստավարժ քաղաքական գործիչների ձևավորումը հետհեղափոխական Հայաստանում: Գործող իշխանությունը պետք է իրական հակակշիռ և այլընտրանք ունենա:

Ըստ իս, գլխավոր խնդիրը մեր հասարակության արցախյան հատվածի օտարվածությունն էր հեղափոխությունից: Այն, որ հեղափոխական ալիքը չմտավ Արցախ, ինքնին ցցուն փաստ է և վկայում է վտանգավոր անջրպետի մասին:  Իսկ անջրպետը Արցախի իշխանությունն է: Սերժ Սարգսյանը քաղաքական դաշտը ոչնչացնելու իր պրակտիկան Արցախում կատարելության էր հասցրել՝ քաղաքականության իսպառ բացակայության: Եթե ներկայումս Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական անցման դասական օրինակ է հանդիսանում, ապա նույն հաջողությամբ Արցախը կլիենտալիզմի դասագրքային արտացոլումն է: Նրա մեջ ներքաշված է արցախյան նոսրաբնակության չափանիշներով ահռելի վարչական և ուժային համակարգը: Այն ունի սնուցման բազմաթիվ աղբյուրներ, որոնց թվում գլխավորը հայաստանյան միջպետական վարկն է: Այսինքն՝ այն երբեք ինքնաբավ չի եղել և պայմանավորված է եղել երևանյան բազմակողմանի աջակցությամբ, ինչից հետևում է, որ նրա ապամոնտաժումը նույնպես պետք է տեղի ունենա ՀՀ նոր իշխանությունների անմիջական մասնակցությամբ:

Հեղափոխությունից հետո ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստիպված եղավ հրաժարվել 2020-ին նախագահ առաջադրվելու մտքից, որի համար մինչ այդ սահմանադրություն էր փոխել: Բայց դա եղել է գործող իշխանությունների միակ «զիջումը», իսկ կառավարման համակարգում բարեփոխումների իրականացումը նրա ծրագրերի մեջ չի մտնում և ինքնին քիչ հավանական է, որ նման իշխանությունը, ընդհանրապես, ունակ է բարեփոխումներ իրականացներ: Իրականությունում այն շարունակում է պահպանել Սերժ Սարգսյանի վարչակարգի կողմից ժամանակին հաստատված ուղեգիծը, ինչը արցախյան տարբեր պաշտոնյաններ կամ պատգամավորներ ժամանակ առ ժամանակ ի ցույց են դնում: Արցախյան իշխանություններն ակնհայտորեն տեսնում են իրենց համար ոչ բարենպաստ ապագայի հեռանկարները: Դրանից խուսափելու համար նրանք քայլեր են ձեռնարկում, որոնք միտված են արցախյան հասարակությանը մոլորեցնել ՀՀ նոր իշխանությունների հաշվով և դրանով հանրային աջակցություն ստանալ, ինչն ի սկզանե դատապարտված է անհաջողության: Որոշ ուժեր էլ Արցախում փորձում են ավելի ճկուն գտնվել և ամեն կերպ աջակցություն են հայտնում հեղափոխական իշխանություններին, բայց չեն շտապում վերջնական խզել կապերը Բակո Սահակյանի հետ, որի բացահայտ և ծածուկ ապօրինությունների մասնակիցն ու աջակիցն են եղել:

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ-ում բազամաթիվ թելերով հետաքննությանը բերելու է Արցախ, որովհետև նախորդ ռեժիմի օրգանական մաս կազմող արցախյան իշխանավորները ակտիվորեն մասնակցել են ապօրինի բիզնեսներին, փողերի լվացման գործերին, բյուջեի մասնաբաժանմանը:  Առաջին հարվածը սպասելիորեն կրելու են ռազմական առումով ոչ կոմպետետ գեներալները, որոնք, իրենց հիմնական գործառույթները թողած, զբաղված են բիզնեսով և քաղաքականությամբ: Քանի որ քաղաքականացված ուժայինները եղել են Արցախում հաստատված ռեժիմի գլխավոր հենասյուները, նրանց չեզոքացումը մեծապես կնպաստի քաղաքական փոփոխությունների առաջիկա իրականացմանը:

Վերջին տարիներին ժողովրդավարության ընդհանուր պատկերն աշխարհում հետըթաց է ապրում: Դա վերաբերում է նաև մեր անմիջական հարևաններին, ռազմավարական դաշնակիցներին: Հայաստանը միակ երկիրն է, որը հակառակ է գնում տարածաշրջանային այդ բացասական միտումին, ուստի նրա համար կրկնակի դժվար է լինելու:  Ժողովրդավարության անշրջելիությունը և ամրապնդումը մեր հասարակության գլխավոր մարտահրավերն է մոտակա տարիների համար, և մնում է հուսալ, որ կուտակած փորձը, մարդկային և նյութական ռեսուրսները հնարավորություն կտան հաղթահարել այն:

Share

Comments are closed.