Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Բելառուսի հայերի սոցիալ-մշակութային փոխառնչությունները միգրացիոն համատեքստում

hghazaryan
March 2019


  • Լուսինե ՏԱՆԱՋՅԱՆ Սոնա ՆԵՐՍԻՍՅԱՆ
    ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի
    Սփյուռքի հետազոտությունների բաժնի գիտաշխատողներ
    Երևան

Հետխորհրդային տարածաշրջանի հանրապետություններում լայնածավալ միգրացիոն տեղաշարժերի միտումները գնալով աճում են` ներառելով բնակչության նոր շերտեր և հատվածներ: Տնտեսական պատճառներով պայմանավորված՝ որոշ երկրների լրացուցիչ աշխատանքային ռեսուրսների պահանջ և տնտեսական այլ դժվարություններ, միգրացիան դառնում է հետխորհրդային հանրապետությունների հետ միջպետական հարաբերությունների կարևորագույն բաղադրիչ:

Այս ամենի համապատկերում  նշված պետությունների միջև  ձևավորվում են բավականին սերտ տնտեսական, քաղաքական, մշակութային և այլ կապեր: Վերջին տարիներին  Հայաստանից դեպի նախկին խորհրդային երկրներ տեղի ունեցող արտագաղթի թիվը ևս ավելանում է: 

Այդ երկրների մեջ Բելառուսն առանձնանում է հայ միգրանտների հոսքերի ծավալներով, որոնք կշարունակեն աճել հետագայում եվրասիական տնտեսական միությունում ինտեգրման խորացման համատեքստում, աշխատուժի և կրթական միգրացիայի շրջանակներում:

Այս առումով առանձնակի կարևորվում է այնպիսի ուսումնասիրությունների իրականացումը, որոնք կդառնան գիտական հենք և կլրացնեն դաշտում առկա հետազոտությունների շարքը:

Հայաստանի և Բելառուսի հայերի սոցիալ-մշակութային կապերի  միգրացիոն համատեքստն ընկալելու նպատակով իրականացվել  է էթնոսոցիոլոգիական հետազոտություն հետևյալ մեթոդների համալիր կիրառմամբ. փաստաթղթերի վերլուծություն, ֆոկուս-խմբային հարցումներ, խորին հարցազրույցներ: 1

Ուսումնասիրելով դեպի Բելառուս վերջին միգրացիոն հոսքերը՝ պարզ դարձավ, որ դրանք առավելապես գյուղական շրջաններից են և կենտրոնացած են Լոռու մարզում: Այդ պատճառով, հետազոտության նպատակով ընտրվել են Լոռու մարզի Տաշիրի շրջանի Սարչապետ, Լեռնահովիտ և Մեծավան գյուղերի այն բնակիչները, որոնք Բելառուսում հարազատներ ունեն, կամ իրենք են  հանդիսանում աշխատանքային միգրանտներ:

Ելնելով ընտրանքի առանձնահատկություններից` ստացված տվյալներն արտահայտում են հիմնականում հայ-բելառուսական սոցիալ-մշակութային փոխառնչությունների որոշակի  կտրվածք, որոնք դրսևորվում են կենցաղային, գյուղական տնտեսվարման մշակույթի հայեցակետերով:

Հետազոտությունների իրականացումը մի կողմից կարևոր է Բելառուսում հայերի ինտեգրման տարբեր կողմերի բացահայտման համար, մյուս կողմից` Հայաստանի բնակչության զարգացող տեղաշարժերի ուղղվածության և  հաճախականության ընկալման  համար:  

Վերջին հարյուրամյակում Բելառուսը հանդիսացել է Հայաստանի բնակչության ակտիվ միգրացիայի տարածք: Բելառուսի Հանրապետությունը 1990-ականների սկզբին տարեկան ընդունել է նախկին ԽՍՀՄ մոտավորապես 10.000 քաղաքացի:  Դեպի Բելառուս հայերի միգրացիոն հոսքն  ավելացել է հատկապես 90-ականներին, որի արդյունքում Բելառուսի բնակչության հայկական մասը զգալիորեն ընդլայնվել է: Այսօր, համաձայն ոչ պաշտոնական տվյալների, Բելառուսում ապրում է շուրջ 30 հազար հայ: [2] Դրանց մեջ, ըստ պաշտոնական տվյալների, աշխատանքային հայ միգրանտների թիվը կազմել է մոտ 8 հազար: [3]

Բելառուսում հայերն ապրում են համախումբ ձևով և ստեղծել են իրենց էթնոմշակութային միջավայրը: Նրանք տեղաբաշխված են հիմնականում Մինսկում, Վիտեբսկում, Բրեստում, Մոգիլյովում, Գոմելում և Գրոդնոյում:[4] Միգրանտ հայերի շրջանում նկատվում է սեռատարիքային հարաբերակցության անհամաչափություն. նրանց մեծ մասը միջին տարիքի տղամարդիկ են: Ըստ Բելառուսում կատարված հետազոտությունների արդյունքների՝ «Բելառուսում աշխատանքային միգրացիայի գենդերային կազմը բնութագրվում է տղամարդկանց գերակշռությամբ (մոտավորապես 90% աշխատողներից)»:[5]

Համաձայն մեկ այլ հետազոտության տվյալների՝  Հայաստանից մեկնած միգրանտների 44.5%-ը որպես արտագաղթի հիմնական նպատակ նշել է հարազատների հետ վերամիավորվելը: 22.2%-ը լքել է երկիրը աշխատանքի բացակայության պատճառով, 11.1-ական տոկոսը` երկրաշարժի, ռազմական գործողությունների և այլ պատճառներով:[6] Սա հաստատվում է նաև մեր կողմից իրականացված հետազոտության տվյալներով, որտեղ հարցվածների մեծամասնությունը  մեկնելու հիմնական պատճառ են նշել հետևյալ  երեք պատասխանները` «ընտանիքի միավորումը», «երեխաներին մոտ լինելը»,  «բավարար ապրելամիջոց ունենալը»:

Հարկ է նշել, որ վերջին հարյուրամյակի ընթացքում հաստատված հայկական համայնքները արդեն հարմարվել են տարածաշրջանի բնակչությանը և նպաստել մշակույթի զարգացմանն ու միջմշակութային փոխազդեցությանը: Վերջին նոր հոսքերը հիմնականում աշխատանքային միգրանտների հոսքերն են իրենց ընտանիքներով, որոնք առաջացնում են նոր միջմշակութային գործընթացներ և տարբերվում են նախորդներից՝ ունեցած կապերով, մշակութային և հարմարման առանձնահատկություններով:

Նրանք հիմնականում զբաղված են գիտության, մշակույթի, ձեռնարկատիրության, գյուղատնտեսության ոլորտներով: Բելառուսում գործում են մի քանի հայկական կազմակերպություններ, որոնք ունեն ազգային, մշակութային ուղղվածություն, ինչը հնարավորություն է տալիս հայերին ստեղծել հարմարման հիմքեր, ինչպես նաև դառնալ միջմշակութային փոխառնչության օղակ: Հայերի հասարակական միավորումներ կան Գրոդնոյում, Մոգիլևում և Բոբրյուկում: 1991 թվականից Մինսկում գործում է կիրակնօրյա դպրոց, որտեղ հնարավորություն կա ուսումնասիրելու հայոց լեզուն և պատմությունը 7:

Այդ կազմակերպությունները կարող են ինստիտուցիոնալ խողովակ հանդիսանալ երկու մշակույթների միջև՝ իրականացնելով ճանաչողության և մերձեցման գործառույթներ: Սակայն, Բելառուսի  մշակութային տարրերի, արժեքների կամ ընդհանուր մշակույթի մասին տեղեկատվության փոխանցման գործում հիմնականում մեծ դեր ունեն անձնական կապերն ու շփումները. Հայաստանում միգրանտների հարազատների շրջանում բելառուսական մշակույթին ծանոթ լինելը պայմանավորված է հիմնականում Բելառուս մեկնելով և այնտեղ ժամանակավոր բնակվելով:

Հայերը հեշտորեն ինտեգրվում են բելառուսական հասարակությանը, քանի որ Բելառուսը և Հայաստանը միավորում են ինչպես նմանատիպ սոցիալ-տնտեսական, այնպես էլ մշակութային և պատմական պայմանները: Հաջող ինտեգրումն ապահովող գործոններից են նաև երկու երկրների խորհրդային անցյալը, կրոնական ընդհանրությունը,  հաղորդակցման լեզուն:

Բելառուսի հայերի համար ինտեգրման կարևոր նախապայման են նաև ընդունող երկրի ազգային նկարագրի մասին պատկերացումներն ու ընկալումները, երկու ազգերի մշակութային տարբերություններն ու ընդհանրությունները, մշակութային տարրերի յուրացումն ու ներմուծումը տվյալ միջավայր:  Բելառուսական մշակույթի մասին պատկերացումներն ամբողջանում են հետազոտության ընթացքում հարցված աշխատանքային միգրանտների, նրանց հարազատների պատասխաններում: Նշված պատասխանները խմբավորվել են մի քանի ուղղություններում.

   Բելառուսի մասին պատկերացումներ և գնահատականներ. հարցված միգրանտները կարևորել են  բելառուսներին նկարագրող հատկանիշները: Տրված գնահատականները հիմնականում դրական են` «շփվող», «անմիջական», «մաքրասեր», «քաղաքավարի», «միամիտ», «աջակցող», «կամեցող»: Բելառուսների մասին պատկերացումները փոխանցվում և տարածվում են նաև Հայաստանում ապրող հարազատների շրջանում, ինչն էլ ազդեցություն է ունենում նրանց մեկնելու նախատրամադրվածության վրա: Վերջինս սոցիալական հաղորդակցության, հարմարման համար նպաստավոր դաշտ է ստեղծում և ազդում  արտագաղթի  որոշման  վրա:

  Մշակութային տարրեր, տոներ և ավանդույթներ. հարցվածների կողմից մշակութային փոխհարաբերությունների կարևոր բնութագրիչներ են դիտարկվել բելառուսական հասարակությունում ընդունված այն տոներն ու իրադարձությունները, որոնց  հայ միգրանտները կարող են մասնակցել: Ըստ հարցվածների՝ բելառուսները հիմնականում նշում են եկեղեցական տոներ, խորհրդային ժամանակներից ավանդաբար նշվող տոներ, որոշ միջազգային տոներ: Հայերի ներգրավվածությունը այդ միջոցառումներին նպաստում է երկու ազգերի մերձեցմանը և մշակութային ընդհանուր տարածության ստեղծմանը: Տնտեսական գործունեության մշակույթ. հայ միգրանտների և իրենց հարազատների գնահատականներով տնտեսական մշակույթը Բելառուսում բավականին տարբերվում է Հայաստանից, նախ՝ ընդհանուր տնտեսության մասշտաբներով, ապա նաև` առանձին ճյուղերի տնտեսվարման մշակույթով: Համաձայն հարցվածների պատասխանների՝ Բելառուսի տնտեսությունն ուղղված է ներքին արտադրությանը, որն իրականանում է հիմնականում պետական պատվերի մեխանիզմով, իսկ տնտեսվարումն իրականանում է միավորումների (կոլեկտիվների)  սկզբունքով: Չնայած առկա տարբերություններին՝ հայ աշխատանքային միգրանտները կարողանում են գտնել իրենց տեղն աշխատաշուկայում և փոխանցել բելառուսական տնտեսվարման մշակույթը Հայաստան:

Այսպիսով, չնայած միջմշակութային փոխառնչության լայն շրջանակների, ինստիտուցիոնալ և բազմաշերտ կապերի, այնուամենայնիվ, ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ աշխատանքային միգրանտների մի ստվար հատված ներգրավված չէ միջմշակութային հաղորդակցման տարբեր մակարդակներում: Հիմնականում այդ կապերն արտահայտվում են կենցաղային շփումներում և առօրեական մշակույթում: Սա կարևոր է այդ մշակութային պայմաններում սեփական սոցիալական միջավայրի ձևավորման համար, ինչն էլ պայման է հանդիսանում դյուրին ադապտացիայի և հետագայում միգրանտների ընտանիքների վերամիավորման համար: Վերջինս իր հերթին հանգեցնում է մշակութային կարծրատիպերի, պատկերացումների տարածմանը, առօրեական մակարդակից ազդակներ հաղորդելով ավելի բարձր շերտեր՝ ընդգրկելով երկու երկրների սոցիալ-մշակութային փոխառնչությունների տարբեր օղակներ: 


Օգտագործված աղբյուրներ


1.       Հետազոտությունն իրականացվել է ՀՀ ԿԳՆ ԳՊԿ (Գիտության պետական կոմիտե)  և ՀՀԲՀՀ (Հիմնարար հետազոտությունների Բելառուսական հանրապետական հիմնադրամ)  գիտական համատեղ   ծրագրերին տրամադրված ֆինանսական աջակցության միջոցների շրջանակներում: Ծրագրի ղեկավար՝ Ռ. Կարապետյան, «Բելառուսի հայերը Հայաստան-Բելառուս էթնոմշակութային կապերի միգրացիոն  համատեքստում. էթնիկական ավանդույթներ և ժամանակակից իրողություն»:

2. Погосян Г.А. «Гравитационный» Эффект Армянской Диаспоры и Белорусский Вектор Молодежной Миграции, Миграция и Демографическое Развитие Республики Беларусь и Сопредельных Стран, Демография. Социология. Экономика, Том 3, № 2, 2015, стр. 195.

3. Собеседник Армении. [Электронный ресурс] / – Режим доступа: http://www.sobesednikarmenii.ru/рубрики/диаспора/item/765-армяне-белоруссии. – Дата доступа : 15.10.2016.

4. Наринэ Аветян, Армянская Диаспора в Республике Беларусь /Социокультурные и социодемографические характеристики, Lambert academic publishing, 2015 с. 80.

5. Тимошенко, М.В. Современные тенденции развития внешней трудовой миграции в Республике Беларусь / В сб.: Миграционные мосты в Евразии. Сборник материалов VI международной научно-практической конференции «Роль миграции в социально-экономическом и демографическом развитии посылающих и принимающих стран Евразии: регионы Восточной Европы и Центральной Азии». Под ред. чл.-корр. РАН С.В. Рязанцева. –М.: Изд-во «Экон-Информ», 2014 г. – С. 248–252.

6. Лариса Васильева, Безгражданство в Беларуси: Социологический Портрет, Белорусский Журнал Международного Права и Международных Отношений. — 2002. — № 2, Стр 29.

7. Армянская община Минска. URL: http://arevain.narod.ru/obshchina.html (дата обращения: 19.12.2017)

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.