Կարսում Չարենցի խորհրդանշական տան շուրջ

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով-
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով….

Եղիշե Չարենց, հատված «Տաղ անձնական» պոեմից


Փետրվարի 24-ին Կարսից մեր գործընկերը սոցցանցերից մեկով մեզ մի լուսանկար ուղարկեց, որից պարզ էր դառնում՝ քանդել են այն շենքը, որն ընդունված է համարել Կարսում Եղիշե Չարենցի տունը: Խնդրելով հավելյալ նկարներ ու տեսանյութեր ուղարկել դեպքի վայրից՝ մեր ունեցած տեղեկությամբ կիսվեցինք մամուլում, ինչը մեծ հետաքրքրություն առաջ բերեց: Բնականաբար, սկսեցին բազում հարցեր առաջ գալ՝ ինչո՞ւ, ո՞վ, ե՞րբ, իսկ մեկ այլ հարց երբեք չէր էլ անհետացել, այն է՝ արդյո՞ք հենց այդ կիսաքանդ շինությունն էր Չարենցի տունը: Այս հարցերը պատասխանի էին սպասում, և հոդվածում կփորձենք պատասխաններ գտնել, սկսելով վերջից՝ որքանո՞վ էր այս շենքը Չարենցի տունը:

Մասնագետների մի մասը պնդում է՝ այն շենքը, որն ընդունված է համարել Կարսում Չարենցի տունը, մեծանուն բանաստեղծի հետ կապ չունի: Կան նաև մասնագետներ, որոնք հենց այս շինությունն են նշում որպես Չարենցի տուն: Ժամանակին Կարսի քաղաքային իշխանությունները ևս ոչ պաշտոնական խողովակներով նշում էին, թե կադաստրային տվյալներով այս շենքն է համընկնում Չարենցի տան հետ: Լիովին հավատալ Կարսի տեղական ինքնակառավարման մարմիններին՝ այս հարցում միամտություն կլիներ, քանի որ ակնհայտ էր՝ «Չարենցի տուն» վայրի գոյությունը մեծացնում էր քաղաքի զբոսաշրջային գրավչությունը, ինչը կարող էր Կարսի քաղաքային իշխանություններին ստիպել նման տեղեկություններ տարածել: Վեճերը, թե արդյո՞ք հենց սա է այն շենքը, որը Չարենցն իր «Տաղ անձնական» պոեմում էր նկարագրում, չէին դադարում մինչ շենքի քանդումը, իսկ շենքը քանդելուց հետո դրանք առավել սրվեցին:

Բայց… այստեղ կա բավական խոշոր մի «բայց»: Անգամ եթե տունը Չարենցինը չէր, անգամ եթե ոչ մի ուղղակի կապ չուներ սիրված բանաստեղծի հետ, ժամանակն այն դարձրել էր Չարենցինը: Հայերի համար Կարսի խորհրդանիշերից մեկը Չարենցն է, դժվար է գտնել մեկին, որը չի կարդացել կամ լսել այն տողերը, որոնք մեր հոդվածի սկզբում են տեղ գտել: Այժմ մեր գիտակցության մեջ դժվար է պատկերացնել Կարսն առանց Չարենցի : Իսկ այս տունը վերջին տարիներին դարձել էր այն խորհրդանշական վայրը, ուր տարեկան հազարավոր, այո՛, այո՛, հազարավոր հայեր էին գալիս՝ հարգանքի տուրք մատուցելու գրողին, տեսնելու նրա տունը, տեսնելու Չարենցի Կարսի վերջին հիշողությունները: Եվ այս տունը մարմնավորում էր Չարենցին ու նրա հիշատակը, և այս տունը, ուզենք-չուզենք, դարձել էր Չարենցի տունը: Ուստի դրա քանդումը պիտի ընկալվեր որպես Չարենցի տան քանդում` լինի դա Հայաստանում, Սփյուռքում, թե` նույն Կարսում: Անգամ կիսաքանդ ու լքված վիճակում, առանց տանիք, առանց դուռ ու լուսամուտ այս շինության ներկայիս սեփականատերը ևս հասկացել էր այս ամենը. շենքի պատին նա թողել էր հեռախոսահամար ու գրություն, որ այն վաճառվում է, իսկ տարիներ առաջ տունը գնելու հարցով հետաքրքրվողները փաստում էին՝ նյութական տեսանկյունից որևէ արժեք չներկայացնող շենքի համար ներկայիս սեփականատերը պահանջում էր կլորիկ գումար, որը մոտենում էր 100.000 ամերիկյան դոլարի շեմին:

Եվ ահա փետրվարյան մի օր՝ Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների շեմին (նախատեսված է մարտի 31-ին) և Խոջալուի դեպքերի հետ համընկնող ամսաթվին, հողին է հավասարեցվում Չարենցի տունը: Կարսի ներկայիս բնակչի համար նույն այս տողը կարող էր հնչել այսպես. «Հողին է հավասարեցվում հայտնի հայ գրողի տունը»: Բավական յուրահատուկ այս ժամանակահատվածում հայ բանաստեղծի տան քանդումը մի շարք հարցեր է առաջ բերում, այդ թվում՝ քաղաքական բնույթի, ուստի Կարսում մեր գործընկերներին խնդրեցինք ճշտել՝ ո՞վ է քանդել շենքը և ի՞նչ պատճառաբանությամբ: Ըստ մեր գործընկերների տեղեկությունների՝ տունը քանդելը Կարսի քաղաքապետարանի որոշումն էր, իսկ պատճառաբանությունը՝ «շենքը դարձել էր ոգելից խմիչք ու թմրանյութ օգտագործող կարսեցի երիտասարդների հավաքատեղի, որոնք նաև խանգարում և նեղություն էին պատճառում շրջակայքի բնակիչներին, ինչի պատճառով էլ որոշվել էր շենքն ապամոնտաժել»: Որպես մարդ, որը Կարսում լինում է տարեկան տասնյակ անգամ, պիտի փաստեմ՝ նման հավաքատեղիների պակաս Կարսն ընդհանրապես չունի, ուստի պատճառաբանությունն այնքան էլ համոզիչ չէ:

Բայց… այստեղ կա բավական խոշոր մի «բայց»: Անգամ եթե տունը Չարենցինը չէր, անգամ եթե ոչ մի ուղղակի կապ չուներ սիրված բանաստեղծի հետ, ժամանակն այն դարձրել էր Չարենցինը

Մեկ այլ հարց էր՝ ինչպե՞ս էր ստացվել համոզել սեփականատիրոջը (կամ՝ նրա կարծիքն ընդհանրապես հարցրե՞լ էին) քանդելու նրան պատկանող շինությունը: Հարցեր, հարցեր, հարցեր, իսկ առջևում՝ ընտրություններ: Թուրքիայում վաղուց ձևավորված ավանդական նախընտրական սցենարներ կան. դրանցից ամենատարածվածներից է ազգայնական ալիքի վրա ձայների ապահովումը՝ հիշելով հայերին, հույներին, ամերիկացիներին, հրեաներին և ոչ միայն: Կարսում ընտրողների էթնիկ ու գաղափարական խճանկարն էլ շատ խայտաբղետ է՝ թուրքեր, կարափափախներ, քրդեր, ազերիներ, ձախեր, աջեր: Եվ նրանց թվում թեկնածուների համար պետք է գտնել ընտրողներ՝ հաղթելու Կարսի ՏԻՄ ընտրություններում: Եթե քրդերի ու ձախերի ձայները դժվար է ազգայնականության հողի վրա ստանալ, ապա ինչո՞ւ չփորձել անել մյուսների շրջանում: Հետևաբար, հայերի սիրած բանաստեղծի տան հողի հավասարեցումն արդյո՞ք ազգայնական կողմնորոշում ունեցող ընտրողներին ուղղված նախընտրական քայլ չի կարող ընկալվել Կարսի ներկայիս քաղաքապետ, նախկինում` «Ազգայնական շարժում» կուսակցությունից Մուրթազա Քարաչանթայի համար, որը փորձում է վերընտրվել և որը վերընտրվելու լուրջ խնդիր ունի:

Թեև այս պնդումը չենք կարող վերջնական պատասխան համարել Չարենցի տունը քանդելու հիմքերի համար, սակայն ավելի տրամաբանական այլ բացատրություն այս պահին մենք ուղղակի չունենք: Սակայն ունենք հստակ մի փաստ՝ Կարսում պակասեց մի խորհրդանշական մասնիկ, որը քաղաքը կապում էր Չարենցի, այն է՝ նաև հայության հետ: Ամեն դեպքում, Չարենցի գրական ժառանգությունը նրան ընդմիշտ ու անշրջելիորեն կապել է Կարսին՝ Կարուց բերդին, Վարդանի կամրջին, Առաքելոց եկեղեցուն, Կարս գետին ու Կարսի փողոցներին…

Ու էլ ամե՜ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա՜չքս հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում-
Ասե՜ք նրան՝ Չարենցն ասավ- մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…

Share

Comments are closed.