Մեզ համար առաջնային են Արցախի անվտանգությունն ու կարգավիճակը

Հարցազրույց ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր,  արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ

-Պարո՛ն Ռուբինյան, եթե կարճ ձևակերպելու լինեք՝ ո՞րն է Հայաստանի նոր իշխանությունների ռազմավարությունը արցախյան հակամարտության կարգավորման հարցում։

-Մեզ համար ղարաբաղյան հակամարտության գործընթացում առաջնային են Արցախի անվտանգությունն ու կարգավիճակը, և այստեղից են բխում մեր բոլոր մյուս սկզբունքները։ Մենք վստահ ենք, որ արդյունավետ ու բովանդակային բանակցությունների համար անհրաժեշտ է, որ նախևառաջ առկա լինի համապատասխան մթնոլորտ՝ զերծ ռազմաշունչ ու ագրեսիվ սպառնալիքներով հայտարարություններից, ինչը, ցավոք, տեղ է գտել ադրբեջանական կողմի հռետորաբանության մեջ։ Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ Արցախը պետք է որոշիչ ձայն ու ներգրավվածություն ունենա բանակցություններում, քանի որ, ի վերջո, այն սուբյեկտը, որի ճակատագիրը որոշվելու է, հենց Արցախն է։ Ինչպես և ասել է վարչապետը՝ սա քմահաճույք չէ, այլ տրամաբանությունից բխող դիրքորոշում, որը բանակցությունների համար նախապայման չէ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է բազմիցս, որ կարող է բանակցել Հայաստանի անունից, իսկ թե ինչու չի կարող բանակցել Արցախի անունից՝ շատ պարզ է, նա Հայաստանի վարչապետն է, ու նրան ընտրել է Հայաստանի ժողովուրդը և հետևաբար՝ նա լեգիտիմություն չունի ներկայացնելու Արցախը բանակցություններում։

-Ադրբեջանը Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը ներկայացնում է որպես բանակցություններն արգելակելու փորձ։ Արդյո՞ք վտանգ չկա, որ այս հայտարարությունների հետևանք կարող է լինել ռազմական գործողությունների վերսկսումը։

-Ընդհակառակը՝ մենք ինչու՞ ենք ասում, որ պետք է լինի բանակցությունների համար անհրաժեշտ մթնոլորտ, ինչու՞ ենք ասում, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղան։ Ոչ թե որովհետև ուզում ենք արգելակել գործընթացը, այլ գործընթացն ուզում ենք դարձնել արդյունավետ ու բովանդակային։ Իմ դիտարկումներով՝ առնվազն այս պահին ռազմական գործողությունների վտանգը մեծ չէ, բայց բոլորս էլ գիտակցում ենք, որ կարող են լինել անկանխատեսելի բաներ, այդ վտանգը մշտապես կա։

-ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից հետո Արցախը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու ձեր օրակարգի վերաբերյալ քննադատություններ եղան առ այն, որ նախևառաջ անհրաժեշտ էր խմբի անդամ երկրների հետ աշխատել այդ գործընթացի ուղղությամբ, ապա նոր անել հայտարարություններ։

-Ուզում եմ մի բան ասել՝ ոչինչ շատ հեշտ չի տրվում։ Սա գործընթաց է։ Բոլորին դուր գալը շատ հեշտ է՝ պետք է ոչինչ չանել, բայց եթե նախաձեռնողական ես, պետք է տարբեր կողմերի ու գործող ուժերի հետ համաձայնության գաս, և դա հեշտ չի տրվում։ Արտաքին քաղաքականության մեջ մեկքայլանոց լուծումներ գրեթե չեն լինում, մենք հաստատակամորեն շարունակել ու շարունակելու ենք առաջ տանել մեր այդ գիծը, որը հիմնված է Արցախի և Հայաստանի ժողովրդի շահերի վրա։ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի ասել, որ դեմ է Արցախի ներգրավվածությանը բանակցություններում, ասել են, որ ձևաչափի միակողմանի փոփոխությունը չեն ողջունում, ինչը բնական է։ Նրանք միջնորդներ են և պետք է որոշակի չեզոք դիրքորոշում ունենան։ Դա չի նշանակում, որ մեր ջանքերը ապարդյուն են, մենք շարունակելու ենք առաջ տանել մեր տրամաբանությունը։

-Արցախը պատրա՞ստ է պատասխանատվություն վերցնել։ Եթե մենք խոսում ենք լուծումներից, ապա հասկանում ենք, որ լուծումները նաև պատասխանատվություն են ենթադրում։

-Ես կարծում եմ, որ Արցախն այդ պատրաստակամությունը ցույց է տվել իր անկախության հանրաքվեով ու հետագայում նաև բանակցություններին մասնակցելով։ Բացարձակ տպավորություն չի կարող լինել, որ Հայաստանի իշխանությունները ցանկանում են պատասխանատվության բեռը դնել Արցախի վրա։ Մենք ի՞նչ ենք ասում։ Ասում ենք, որ Արցախի ժողովուրդն ունի սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունք և բանակցություններին Արցախի մասնակցությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ դրա մի մասը։

-Նոր գումարման խորհրդարանի ձևավորումից հետո տեսնում ենք, որ խորհրդարանի ղեկավար կազմը տարբեր պաշտոնական հանդիպումների ժամանակ շատ ավելի բաց ու հրապարակային է դժգոհություններ հայտնում։ Օրինակ, փետրվարի 27-ին Ռուսաստանի Պետդումայում ունեցած իր ելույթում Արարատ Միրզոյանն իր տարակուսանքը հայտնեց, որ որոշ ռուս պատգամավորներ Բաքվում մասնակցել են հակահայկական ակցիայի։ Մարտի 14-ին Միրզոյանն ընդունել էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ու մտահոգություն հայտնել վերջինիս կողմից Բաքվում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ որոշ հայտարարությունների առթիվ։ Ինչո՞վ են պայմանավորված հրապարակային այս դժգոհությունները։

-Սա այն բանի ցուցիչն է, որ մենք ոչնչով կաշկանդված չենք, ու անկաշկանդությունն, ըստ էության, մեր խոսակցության ոճն է, այդ թվում՝ բարեկամ ու դաշնակից երկրների հետ շփումներում։ Մենք կարծում ենք, որ եթե կան խնդիրներ, ապա դրանք պետք է բարձրաձայնվեն՝ ինչպես դա մենք ենք բարձրաձայնում, պատրաստ լինելով լսել մեր գործընկերների մտահոգությունները։ Այսպես ենք մենք տեսնում խնդիրների լուծման ճանապարհը։

-Պարո՛ն Ռուբինյան, խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում եվրոպական կառույցներում ինչպե՞ս եք սկսել ձեր աշխատանքները, ի՞նչ նորություններ կան։

-Մի շարք խորհրդարանական պատվիրակություններ տարբեր վեհաժողովներում սկսել են մասնակցել աշխատանքների, օրինակ՝ ԵԽԽՎ պատվիրակությունը, Եվրանեսթի պատվիրակությունը, սևծովյան տնտեսական համագործակցությունում Հայաստանի պատվիրակությունը. այժմ վերջնական կազմավորման փուլում են միջխորհրդարանական հանձնաժողովներն ու բարեկամանական խմբերը։ Շուտով էլ ավելի ակտիվ երկկողմ շփումները կակտիվանան, ու ես կարծում եմ, որ խորհրդարանական դիվանագիտությունը կարող է շատ ակտիվ կերպով լրացնել գործադիրի իրականացրած արտաքին քաղաքականությանն ու որոշ տեղերում, որտեղ գործադիրի վարած արտաքին քաղաքականությունն ունի որոշակի սահմանափակումներ, այստեղ կարող է օգնության գալ խորհրդարանական դիվանագիտությունը։

– Հայտնի է, որ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունը պարբերաբար տարբեր հակահայկական բանաձևեր է շրջանառում։ Կա՞ն նմանատիպ նոր բանաձևեր։

-Նման բանաձևեր շրջանառելու պրակտիկան առնվազն այս պահին դադարեցված է, և ես զգում եմ, որ այս առումով ադրբեջանցիները տարբեր հարթակներում նվազեցրել են իրենց ակտիվությունը, ինչը, կարծում եմ պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանում որոշակիորեն տակտիկական փոփոխություններ են ի հայտ եկել, ու նրանք հիմա քիչ ագրեսիվ են։ Դա, սակայն, չի նշանակում, որ վաղը նորից ավելի ագրեսիվ չեն դառնա,  ու մենք, բնականաբար, պատրաստ ենք դրան։ Բայց կրկնեմ՝ այս պահին մենք ագրեսիվ գործողությունների ականատես չենք լինում։

-Իսկ արևմտյան այս և այլ կառույցներում ի՞նչ տպավորություններ կան արցախյան հիմնահարցի կարգավորման ձեր նոր ռազմավարության հետ կապված։

-Մեր միջազգային գործընկերներին հանգամանորեն բացատրում ենք մեր դիրքորոշումները, և այն տպավորությունն ունեմ, որ նրանք առնվազն հասկանում են մեր տրամաբանությունն ու դրդապատճառները։

-Պարո՛ն Ռուբինյան, Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում մի քանի անգամ կարևորել է Ադրբեջանի ժողովրդի հետ խոսելու հնարավորությունը։ Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում Փաշինյանը հայտարարեց՝ Ադրբեջանի ժողովուրդը խաղաղասեր է այնքան, որքան Արցախի ու Հայաստանի ժողովուրդները։ Արդյո՞ք Ադրբեջանի հասարակությունը մաքսիմալիստ չէ, և արդյո՞ք անցած տարիները ավելի չեն հեռացրել երկու ժողովուրդներին երկխոսության հնարավորությունից։

-Նախ՝ Փաշինյանի խոսքը ես այպես եմ ընկալում. հասարակությունների միջև խաղաղության հաստատումը բարդ գործընթաց է, և միայն այն, որ երկու երկրների ղեկավարներ իրար հետ խոսում են, բավարար չէ։ Առաջին հերթին պետք է երկրի ղեկավարությունները մյուս երկրի հասարակությանը ցույց տան, որ իրենք ագրեսիվ չեն տրամադրված։ Օրինակ, երբ վարչապետը հայտարարեց, որ խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի և՛ Հայաստանի, և՛ Արցախի, և՛ Ադրբեջանի ժողովուրդների համար, դա մի մեծ քայլ առաջ էր։ Դա ձեռքմեկնում էր այդ երկրի հասարակությանը, ու մենք պետք է ակնկալենք, որ այդպիսի քայլ առաջ կանեն նաև իրենք։ Եթե լինի լուծում, ապա դա պիտի ընդունելի լինի ժողովուրդների համար։

Հարցազրույցը վարեց 
Մկրտիչ Կարապետյանը
Share

Comments are closed.