«Ռեստարտը» և ընտրությունները

Մոտավորապես արդեն մեկ տարի է անցել այն օրվանից, երբ «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի և «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի հետ ստորագրեց հուշագիր՝ հիմնելու «Ականատես» դիտորդական առաքելությունը։

Ընտրությունները ժողովրդավարության համար ունեն առաջնային նշանակություն։ Ընտրությունների միջոցով ժողովուրդը, ով ժողովրդավարական կարգերի ժամանակ հանդիսանում է իշխանության կրողը, իր իշխանությունը փոխանցում է, պատվիրակում է մարդկանց, ովքեր պարտավորվում են իրականացնել նույն ժողովրդի կամքն ու ցանկությունները։ Շատ քաղաքագետներ հաճախ նշել են, որ ազատ, արդար, թափանցիկ ընտրական գործընթացը ժողովրդավարության կայացման ու ամրապնդման հենասյուներից է։ 

Անհատական պատմությունները, միջազգային զեկույցները փաստում են, որ ՀՀ-ում տարիներ շարունակ տարբեր իշխանությունների կողմից ընտրությունների 3 փուլերի ժամանակ՝ նախընտրական, բուն ընտրությունների օրը և հետընտրական, տեղի են ունցել լուրջ խախտումներ, և այդ պատճառով էլ ընտրությունները չեն արտացոլել ժողովրդի կամքը։ Կաշառքներ, ճնշումներ քաղաքացիների վրա, վարչական ռեսուրսի կիրառում, լցոնումներ. այս ամենը բավականին երկար ժամանակ դարձել էր նորմ ՀՀ-ում անցկացվող ընտրությունների համար։ Բայց արի ու տես, որ սկսած 2015 թվականից  (չնայած նրան, որ ՀՀ-ում քաղաքական առումով լուրջ փոփոխություններ այդ ժամանակ տեղի չէին ունեցել) ընտրություններն սկսում են որակական փոփոխություն կրել։ Ընտրատեղամասում խախտում անելը գնալով դառնում է անհնար, հանձնաժողովի անդամները սկսում են ավելի որակով աշխատել, ընտրատեղամասերի շուրջ կուտակումները դառնում են  բարդ, իսկ  ոստիկանները էլ չեն կարողանում հանցավոր անտարբերություն ցուցաբերել ընտրական գործընթացի նկատմամբ։ 

Իսկ այս ամենի պատճառն այն էր, որ ընտրական գործընթացների դիտարկումը սկսում է դառնալ ՀՀ քաղաքացիական հասարակության կարևոր առաքելություններից մեկը։ Որևէ ընտրատեղամասում դիտորդ լինելը պահանջում էր ոչ միայն գիտելիքներ, այլև՝ քաջություն ու կամքի ուժ։ Առավոտյան ժամը 7-ից մինչև գիշերը ժամը 2-ը մնալ կանգնած, չօգտվել ոչ մի սննդից՝ մտածելով, որ այն կարող է թունավորված լինել, կռիվ տալ հանձնաժողովի անդամների, մեկ-մեկ էլ տեղի, այսպես ասած, քրեական դեմքերի հետ, հեշտ գործ չէր ամենևին։ Բայց արի ու տես, որ դիտորդները, իմանալով իրենց գործի կարևորությունը, հաճույքով էին այս ամենը անում՝ իրենց փորձով վարակելով ընկերներին ու ծնողներին։ Այս գործը կատարելիս դիտորդները զգում էին իրենց գործի կարևորությունը։ Նրանք մարտնչում էին ՀՀ-ում ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ ունենալու համար, նրանք պայքարում էին հանուն նույն այդ ընտրակեղծարարների իրավունքների, նրանք տենչում էին ժողովրդավարական Հայաստան ունենալ։

Թավշյա հեղափոխությունը աննախադեպ էր հայոց պատմության մեջ։ Թավշյա հեղափոխությունը մեզ տվեց շատ լուրջ հնարավորություն՝ ժողովրդավար Հայաստան կառուցելու գործում։ Հեղափոխությունից հետո բոլորս համոզված էինք, որ այն պետք է ինստիտուցիոնալացվի, ու առաջին ինստիտուտներից մեկը, որ պիտի հեղափոխական արժեքներով բարեփոխվեր, իհարկե՝ ընտրությունների իսնտիտուտն էր։

Ուսանողները Թավշյա հեղափոխության մեջ լուրջ ներդրում ունեցան, բայց մենք նաև շատ լավ հասկանում էինք, որ հեղափոխությունը շարունակական գործընթաց է, ու պետք է պայքարել վերջինիս կայացման ու ամրապնդման համար։ Այդ իսկ պատճառով մենք ցանկանում էինք հասկանալ, թե որտեղ կարող ենք ունենալ մեր ներդրումը հենց հեղափոխությունից հետո, մենք ուզում էինք հասկանալ, թե ոնց կարող ենք հնարավորինս արդյունավետ պահպանել ու պաշտպանել հեղափոխությունը։ Որոշ ժամանակ մտածելուց հետո մենք վստահորեն եկանք այն եզրահանգման, որ «Ռեստարտը» պետք է շարունակի դիտորդություն իրականանցնել ընտրությունների ժամանակ ու նպաստել ՀՀ-ում ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների անցկացմանը։

2018 թ. օգոստոս ամիսն էր, երբ ինձ զանգահարեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանը և առաջարկեց, որպեսզի «Ռեստարտը» միանա ԹԻՀԿ-ին և «Ասպարեզ»  ժուռնալիստների ակումբին հետհեղափոխական Հայաստանում նոր դիտորդական առաքելություն հիմնելու համար։ Սա, իհարկե, մեզ համար մեծ պատիվ էր։ Մենք՝ որպես նախաձեռնություն, մեծ փորձ չունեինք ու համագործակցել այդպիսի բարի համբավ ունեցող կազմակերպությունների հետ, իրականացնել այդպիսի կարևոր գործառույթ՝ մեզ համար շատ ոգևորիչ ու պարտավորեցնող էր։ 2018 թ. օգոստոսի 28-ին ԹԻՀԿ գրասենյակում «Ռեստարտը», ԹԻՀԿ-ն ու «Ասպարեզը» ստորագրեցին հուշագիր՝ հիմնելու «Ականատես»  դիտորդական առաքելությունը։ 

Սկսած 2018 թ. օգոստոսից «Ականատես»  դիտորդական առաքելության դիտորդները մասնակցել են թվով 7 ընտրությունների, որոնցից 3-ը՝ միջազգային և 4-ը՝ հայաստանյան։

2018թ. սեպտեմբերի 9 – Շվեդիայի Ռիկսթագի ընտրություններ,2018թ. սեպտեմբերի 23 – Երևանի ավագանու ընտրություններ,
2018թ. հոկտեմբերի 7 – Վրաստանի նախագահական ընտրություններ,
2018թ. դեկտեմբերի 9 – ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններ,
2019 թ. փետրվարի 17 – ՀՀ ՏԻՄ ընտրություններ,
2018թ. ապրիլի 21 – Ուկրաինայի նախագահական ընտրություններ,
2019թ. հունիսի 9 – ՀՀ ՏԻՄ ընտրություններ:

Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ «Ռեստարտից» 4 ուսանողներ համակարգում էին մոտ 200 դիտորդների աշխատանքը։ ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ «Ականատես»  դիտորդական առաքելության կարճաժամկետ դիտորդների թիվը 581 էր, դիտարկվող ընտրատեղամասերի թիվը՝ 300։ Բացի կարճաժամկետ դիտորդներից՝ դիտորդական առաքելության մեջ ներգրավված էին 52 շրջիկ խմբեր և 30-ական օպերատորներ ու իրավաբաններ։ Բոլորս էլ գիտենք, որ տեղի դիտորդական առաքելությունները և միջազգային դիտորդական խմբերը բարձր գնահատեցին թե՛ Երևանի ավագանու և թե՛ ԱԺ արտահերթ ընտրությունները։ Շատ փորձառու դիտորդներ նույնիսկ կատակով նշում էին, որ այս ընտրություններն անհետաքրքիր էին՝ ոչ մի ընտրախախտում չկար, ինտրիգ չկար: Իհարկե, սրանք կատակներ էին, որ ունեին շատ հետաքրքիր նախապատմություն։ Ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը նորից հայ ժողովրդի հաղթանակն էր, մեր քաղաքացիական գիտակցության ու քաղաքական մշակույթի հաղթանակը։ Մենք վստահորեն կարող ենք նշել, որ Թավշյա հեղափոխության արժեքները մտան ընտրատեղամասեր, և հեղափոխության հաղթանակն ամրապնդվեց հենց ընտրատեղամասերում։  Միևնույն ժամանակ, չպետք է դրանով բավարարվել ու կորցնել զգոնությունը, չպետք է թույլ տալ, որ այս մեկ տարվա հաջողությունները մեզ բերեն մեծ ինքնավստահություն, որը կարող է մեզ դարձնել չափից դուրս հանգիստ։ Թե՛ ապրիլյան հեղափոխությունը, թե՛ վերջին ընտրությունների բարձր մակարդակը պետք է շարունակել պաշտպանել ու պահպանել։ Ընտրությունների դիտարկումը շարունակական գործընթաց է, ու մենք այդտեղ դեռ շատ անելիք ունենք։ Մենք չգիտենք, թե ինչ քաղաքական փոփոխություններ կլինեն, ինչպիսի շրջադարձներ կլինեն, բայց վստահ ենք մի բանում՝ ազատ, արդար, թափանցիկ ընտրությունները Հայաստանում այլընտրանք չունեն։

 Ու երբ ասում ենք՝ Հայաստան, ապա, իհարկե, հասկանում ենք նաև Արցախ։ Արցախում քաղաքական լուրջ, տեսանելի համակարգային փոփոխություններ չեղան Թավշյա հեղափոխությունից հետո, բայց գալիք ընտրությունները լուրջ մարտահրավեր  են բոլորիս համար։ Ժողովրդավարության հաղթանակի ալիքը պետք է հասնի Արցախ, և ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների անցկացումը պետք է լինի դրա հիմնաքարը։ Շատ կարևոր է գիտակցել, որ Ադրբեջանի հետ ներկայիս հակամարտությունում Արցախի ժողովրդավարության ցուցիչների բարձրացումը, ժողովրդավարացմանը միտված իրական քայլերն ու բարեփոխումները Արցախին բանակցային շատ շահեկան դիրք կարող են բերել։ Արցախի հանրությունը պետք է բոլորին ցույց տա, որ բացի զուտ էթնիկական, պատմական լուրջ տարբերություններից՝ ներկայիս իր քաղաքական համակարգի, քաղաքական մշակույթի ու քաղաքացիական գիտակցության տեսանկյունից նա տարածաշրջանում բացառիկ դեր ունի ու չի կարող համակեցության մեջ լինել ավտորիտար Ադրբեջանի հետ։  

Ընտրությունների դիտարկումը «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության վրա մեծ ու դրական ազդեցություն ունեցավ։ Մեկ տարվա ընթացքում «Ռեստարտի» անդամ ուսանողները կարճաժամկետ դիտորդներից դարձան դիտորդների համակարգողներ։ Ընտրությունների դիտարկումը, բացի հանրային շահի պաշտպանությունից, նաև լուրջ քաղաքացիական կրթություն ստանալու հնարավորություն է։ Մենք շատ ուրախ ենք, որ «Ռեստարտի» միջոցով շատ ուսանողներ ոչ միայն գիտակցեցին ընտրությունների դերն ու նշանակությունը, այլև իրենց լուման ունեցան դրանց` ըստ համապատասխան չափանիշների իրականացման գործում։  Այժմ «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության գործունեությունում ընտրությունների դիտարկումը ունի ուրույն տեղ, և մենք այժմ մտորում ենք, թե ինչ ծրագրեր կարելի է իրականացնել ընտրությունների մասին քաղաքացիների իրազեկվածությունը բարձրացնելու համար։

 Մինչ այս ընտրությունների նկատմամբ ուշադրությունը, կարելի է ասել,  հիմնականում եղել է ռեակտիվ՝ բուն գործողություններն իրականացվել են հենց ընտրությունների ժամանակ, բայց այժմ պետք են ծրագրեր, նախագծեր, որոնք հնարավորություն կտան ոչ միայն վերահսկել ընտրությունները, փորձելով կանխել հնարավոր խախտումները, այլև այնքան աշխատել քաղաքացիների հետ, որ ընտրությունների օրը արդեն ստիպված չլինենք պայքարել զուտ հետևանքների դեմ։

Իհարկե, սա կարող է մի քիչ ռոմանտիկ հնչել, բայց հենց անհնարինը հնարավոր դարձնելու ձգտումն է առաջընթաց ապահովում։   

Share

Comments are closed.