ԱՐՑԱԽՅԱՆ ՔՐՈՆԻԿՈՆ (հունվար-փետրվար)

ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` հանրապետությունում գործող առեւտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացված վիճակագրական հաշվետվությունների համաձայն` հունվարի 1-ի դրությամբ վարկերը կազմել են 59617.5 մլն դրամ, ինչը, 2011թ. հունվարի 1-ի համեմատ, ավել է 40.2 տոկոսով:

Հունվարի 1-ի դրությամբ ներգրավված ավանդները կազմել են 41182.9 մլն դրամ` անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 19.5 տոկոսով:

Հունվարի սկզբներին ԼՂՀ գլխավոր դատախազությունից ստացված տեղեկության համաձայն` Ստեփանակերտի քաղաքապետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման բաժնի պետ Ատոմ Մխիթարյանը շահադիտական նկատառումներով իր լիազորությունները ծառայության շահերին հակառակ է օգտագործել. պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող անդորրագրեր կեղծելով` նա մի շարք քաղաքացիներից ստացել է, ընդհանուր առմամբ, 6.414.860 դրամ գույքահարկի գումար, սակայն չի ապահովել այդ գումարի մուտքագրումը համայնքային բյուջե, ինչի հետեւանքով Ստեփանակերտի քաղաքային համայնքին պատճառվել է 6.414.860 դրամի գույքային վնաս (փաստի առթիվ հունվարի 9-ին ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության կողմից հարուցվել է քրեական գործ):

Հունվարի 12-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամների հետ` կազմակերպության ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի գլխավորությամբ. հանդիպման ընթացքում քննարկվել են երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի` հունվարի 16-ին ստորագրած որոշումներով` Վլադիմիր Զաքիյանն ազատվել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից, իսկ Արմո Ծատրյանը (նախկինում գյուղնախարար) իր դիմումի համաձայն` ԼՂՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետի պաշտոնից:

Հունվարի 16-ին  ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին. հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին եւ վերջին զարգացումներին վերաբերող հարցեր:

Հունվարի 17-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի  շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի մերձակայքում. դիտարկումն անցել է ըստ  նախատեսված ժամանակացույցի, դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Նույն օրը Ստեփանակերտում «Սիվիլիթաս» հիմնադրամի եւ Արցախի Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախաձեռնությամբ Արցախի քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին ու ուսանողներին ներկայացվեց «Սիվիլիթաս» հիմնադրամի «Հայաստան 2011. առանց պատրանքների» տարեկան զեկույցը. միջոցառման հիմնական մասը հանրային քննարկումն էր` «Արցախը 2012-ին. հանրության ակնկալիքները» թեմայով, որի հիմնական բանախոսներն էին ԼՂՀ Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության անդամ Վարդգես Բաղրյանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Սարգսյանն ու Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը:

Նույն միջոցառման ժամանակ «Բաղրամյան 26-ը ի՞նչ ազդեցություն ունի» հարցին ի պատասխան` Մասիս Մայիլյանը նշել է, որ եթե խոսքը վերաբերում է ԼՂՀ անվտանգությանը, տարածքներին եւ նման հարցերի լուծմանը, որոշիչը պետք է Արցախի ժողովրդի կարծիքը լինի, իսկ ինչ վերաբերում է ընտրություններին, ապա, ըստ նրա, Հայաստանի իշխանությունները մեծ ազդեցություն ունեն. «1988-ից այս կողմ Արցախի հայացքը միշտ դեպի Հայաստանն էր, ավելի կոնկրետ` Հայաստանի իշխանությունները, եւ այն ամենը, ինչ որոշ ոլորտներում տեղի է ունենում Հայաստանում, որն էլ գալիս է Հյուսիսից (Ռուսաստանից), տեղի է ունենում նաեւ այստեղ»:

«Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանի կարծիքով` Արցախի ներքին կյանքում Երեւանն ազդեցություն չունի, որ «հետեւի, ասենք, թե այս կամ այն գումարները ինչպես են ծախսվում եւ ինչի համար». «թեեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունները վարում է Հայաստանը, Ղարաբաղի կարծիքը միշտ հաշվի է առնվում, որովհետեւ առանց դրա անհնար է հասնել հարցի լուծման»:

«Հնարավո՞ր է Ղարաբաղում նախագահ ընտրվի, ով չի վայելում ՀՀ իշխանությունների աջակցությունը» հարցին ի պատասխան ԱԺ պատգամավոր Վարդգես Բաղրյանը նկատեց, որ նախագահին ընտրում է ժողովուրդը` իր քվեով:

Հունվարի 18-ին ԼՂՀ ԱԳՆ-ն տեղեկատվություն է տարածել, որում նախարարությունը ողջունում է Մեծ Բրիտանիայի պատրաստակամությունը Շոտլանդիայի կարգավիճակի հարցով հանրաքվե անցկացնելու հարցում. «Մնում է միայն հուսալ, որ Մեծ Բրիտանիայի եւ մյուս ժողովրդավարական երկրների դիրքորոշումը դրական ազդեցություն կունենա Ադրբեջանի վրա` այդ իրողությունների ընդունման եւ մարդու իրավունքների հարգման առումով»,- ասվում է հայտարարության մեջ:

Հունվարի 19-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը բնակարանային ծրագրերի իրականացմանը նվիրված խորհրդակցություն է անցկացրել. նախագահն ընդգծել է, որ չնայած վերջին տարիներին բավական մեծածավալ աշխատանքներին, որոշ ուղղություններում դեռեւս կան լուրջ անելիքներ:

Հունվարի 20-ին Արցախում նշել են Դատական համակարգի աշխատողի օրը. Գերագույն դատարանի դահլիճում տեղի ունեցած տոնական միջոցառմանը մասնակցել են նաեւ ԼՂՀ նախագահը, նախագահի աշխատակազմի ղեկավարը, անվտանգության քարտուղարը, Գերագույն դատարանի նախագահը, արդարադատության նախարարը եւ գլխավոր դատախազը:

Նույն օրը նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար կազմի հետ` կուսակցության առաջնորդ Արա Հարությունյանի գլխավորությամբ, որի ընթացքում քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր. նախագահը նշել է, որ հանրապետության քաղաքական ուժերի եւ կուսակցությունների հետ կարեւոր հարցերի քննարկումը դարձել է բարի ավանդույթ եւ դրական է ազդում  ներքին քաղաքական դաշտի կայացման ու զարգացման վրա:

ԼՂՀ ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնի տեղեկացմամբ` հունվարի 23-ին, ժամը 15.30-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան հատվածում (Վերին Չայլուի ուղղությամբ) ՊԲ դիրքապահ ուժերին ինքնակամ գերի է հանձնվել ադրբեջանական բանակի 1-ին կորպուսի 703-րդ բրիգադի պայմանագրային զինծառայող, սերժանտ Մամեդբաղրլու Թալըբ օղլի Ախունդզադեն:

ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հունվարի 24-ի նիստում հաստատեց «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության կողմից ներկայացված` «Ինտերնետ դպրոցներին» սակագնային պլանը. ընկերությունը որոշել է Արցախի դպրոցներին DSL մոդեմով անսահմանափակ մուտքով ինտերնետ ծառայություններ մատուցել գործող սակագների 10 տոկոսի չափով:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 24-ին այցելել է Ստեփանակերտի օդանավակայան, տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին եւ անցկացրել խորհրդակցություն` օդանավակայանի վերագործարկման հետ կապված հարցերի վերաբերյալ:

Հունվարի 25-ին ՀՅԴ Արցախի երիտասարդական եւ «Արամ Մանուկյան» ուսանողական միության նախաձեռնությամբ` Արցախի մի շարք երիտասարդական կազմակերպություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը ընդունելու կապակցությամբ խորին երախտագիտություն են հայտնել «Ֆրանսիայի արդարամիտ ժողովրդին, Ազգային ժողովին, Սենատին, օրինագծի հեղինակ Վալերի Բուայեին եւ Ֆրանսիայի նախագահին»:

Նույն օրը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Ավագյանին կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար նշանակելու մասին:

Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 25-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն`  նվիրված արտադրական ենթակառուցվածքների ոլորտում 2011 թվականին իրականացված աշխատանքներին եւ 2012 թվականին նախատեսված ծրագրերին:

Հունվարի 26-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է իրականացրել Մարտակերտի շրջանի Կարմիրավան գյուղի մերձակայքում. դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի,  կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Հունվարի 26-ին Շուշիի շրջանի Քարինտակ գյուղում տեղի է ունեցել գյուղի հերոսամարտի 20-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին մասնակցել են նաեւ հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից:

Նույն օրը ԼՂՀ  Ազգային ժողովի քաղաքական ուժերը հանդես են եկել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովին եւ Սենատին ուղղված համատեղ դիմումով`  ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրենքն ընդունելու կապակցությամբ, որում երախտագիտություն են հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովին եւ Սենատին:

Հունվարի 22-28-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շուրջ 150 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է 500-ից ավելի կրակոց:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 31-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ. խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2011 թվականին այդ կառույցների կողմից կատարված աշխատանքները եւ 2012 թվականի անելիքները:

ԼՂՀ ԿԱ ոստիկանության տվյալներով` հունվարին հանրապետությունում գրանցվել է 5 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետեւանքով 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, իսկ 2 քաղաքացի զոհվել է:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` հունվարի 3-ին, ժամը 22:30-ին, Մարտունի քաղաքի Ռ. Մարտիրոսյան 30 տան հասցեում Մսմնա գյուղի բնակիչներ Վ.Ազարյանը եւ Ե.Ազարյանը շմոլ գազից թունավորվել եւ մահացել են:

***

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի փետրվարի 1-ի որոշմամբ Վազգեն Աբրահամյանը նշանակվել է ԼՂՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ` Սուրեն Թամրազյանն իր դիմումի համաձայն ազատվել է ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարի տեղակալի պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ. Սուրեն Թամրազյանը նշանակվել է Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ:

Հաջորդ օրը նախարարի տեղակալ է նշանակվել Արսեն Աբրահամյանը, ով մինչ այդ աշխատում էր Արցախի ներդրումային հիմնադրամում:

ԼՂՀ ոստիկանության` փետրվարի սկզբին կայացած կոլեգիայի նիստում ամփոփվել են ոստիկանության  2011 թվականի օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքները. անցյալ տարի հանրապետությունում գրանցվել է 368 հանցագործություն` 2010 թվականի 467-ի համեմատ:

2011թ. ընթացքում Արցախում արձանագրվել է կոռուպցիոն բնույթի 25 հանցագործություն` այս մասին փետրվարի առաջին կեսին տեղեկացվել է Գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում. նշված հանցագործություններից  8-ը գրանցվել է կրթության, 6-ը` առողջապահության, 5-ը` տեղական ինքնակառավարման, 5-ը` տնտեսական գործունեության եւ 1-ը` ոստիկանության համակարգերում:

Փետրվարի 7-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի է ունեցել բուլղարացի հեռուստալրագրող Ցվետանա Պասկալեւայի «Ղարաբաղի վերքերը» ֆիլմի շնորհանդեսը:

Փետրվարի 8-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հորադիզ բնակավայրի մերձակայքում. դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Նույն օրը կառավարության նիստում քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը տեղեկացրեց, որ այս տարի, անցած տարվա համեմատ, Արցախում կապիտալ շինարարությանը պետական բյուջեից կտրամադրվի մոտ 6 մլրդ դրամ պակաս:

Այս տարի նախատեսվում է սկսել Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի վերանորոգումը. կառավարության նույն նիստում հաստատվել է 2012 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին կապիտալ շինարարության եւ վերանորոգման աշխատանքների ծրագիրը, ըստ որի` թատրոնի շենքի վերանորոգմանը կհատկացվի 50 մլն դրամ:

Փետրվարի երկրորդ տասնօրյակում ԼՂՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է  Հունաստանի Հանրապետություն, որտեղ հանդիպումներ է ունեցել ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտեի, Ռամկավար Ազատական կուսակցության Հունաստանի շրջանային վարչության, Հայկական ժողովրդային շարժման, Հայ-հունական առեւտրաարդյունաբերական պալատի  մի խումբ անդամների, հունահայ մամուլի ներկայացուցիչների հետ:

Նույն օրերին Շուշիի շրջանի Հին շեն եւ Մեծ շեն գյուղերում համայնքապետերի` 2011 թվականին կատարված աշխատանքների հաշվետվության ժամանակ, որին ներկա էր նաեւ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, գյուղացիները դարձյալ դժգոհել են գյուղտեխնիկայի սակավությունից:

Փետրվարի 13-ին վարչապետ Արա Հարությունյանի մոտ տեղի է ունեցել հանդիպում-խորհրդակցություն հանրապետության էներգետիկ համակարգում իրականացվող ծրագրերի վերաբերյալ, որին ներկա են եղել Եվրոպայի հայկական ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը, Սլովակիայի Ազգային խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոն, սլովակ գործարարներ:

Նույն օրը ԼՂՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության կրթական եւ ձեռնարկատիրական ներկայացուցիչների պատվիրակությանը` Սլովակիայի Ազգային խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի գլխավորությամբ:

Փետրվարի 13-ին Արցախի պետական համալսարանի եւ Սլովակիայի Սկալիցա քաղաքի Միջին Եվրոպայի համալսարանի միջեւ համագործակցության պայմանագիր է ստորագրվել. համագործակցության շրջանակներում Արցախի պետական համալսարանի  ուսանողները կրթական ծրագրերի 50 տոկոս համատեղության դեպքում կարող են ստանալ նաեւ գործընկեր համալսարանի դիպլոմը:

Փետրվարի 16-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում կայացավ Հայաստանի դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի «Արցախ. ժողովուրդ եւ երկիր» գիրք-ալբոմի շնորհանդեսը եւ բացվեց գրքի լուսանկարների ցուցահանդեսը:

ԼՂՀ ՊԲ մամուլի եւ քարոզչության բաժնի փետրվարի 17-ին տարածած տեղեկատվության համաձայն` ՊԲ զորամասերից մեկում ծառայող իր որդուն սպայական անձնակազմի կողմից պարբերաբար ծեծի ենթարկելու մասին` փետրվարի 15-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված` քաղաքացի Կարինե Կիրակոսյանի դիմումի կապակցությամբ ԼՂՀ ԶՈՒ ռազմաիրավապահ մարմինները, ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ համատեղ, անցկացրել են համակողմանի հետաքննություն. պարզվել է, որ Կարինե Կիրակոսյանի դիմում-բողոքն անհիմն է եւ չի համապատասխանում իրականությանը:

Նույն օրը Ստեփանակերտում մեկնարկեց ԼՂՀ հռչակման 20-ամյակին նվիրված` «ԼՂՀ անկախության 20-ամյակը. իրողություններ եւ հեռանկարներ» թեմայով միջազգային գիտաժողովը, որն անցկացվում էր ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման եւ համակարգման պետական հանձնաժողովի նախաձեռնությամբ ու ՀՀ Սահմանադրական իրավունքի կենտրոնի, քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի մասնակցությամբ, նաեւ News.am լրատվական-վերլուծական գործակալության գործընկերությամբ:

Փետրվարի 19-ին օծվեց Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի Ս.Մարիամ Աստվածածին նորակառույց եկեղեցին. նոր եկեղեցին սկսել են կառուցվել 2007թ.-ից` բարերարությամբ ծննդով վաղուհասցի, ռուսաստանաբնակ  գործարար  Գրիգորի Հայրապետյանի:

Փետրվարի 20-ին ԼՂՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Ռոման Պարամոնովին. զրույցի ընթացքում գրասենյակի ղեկավարը նշել է, որ ԿԽՄԿ-ն շարունակելու է մարդասիրական ծրագրերի իրականացումը ԼՂՀ-ում` դրանք ավելի կոնկրետացնելով: Մասնավորապես` նա առանձնացրել է Մարտակերտի եւ Հադրութի շրջաններում անհայտ կորածների ընտանիքների եւ ականներից տուժած քաղաքացիների աջակցության ծրագրերը:

Նույն օրը տեղի է ունեցել ԼՂՀ դատախազության կոլեգիայի նիստը, որի ընթացքում ամփոփվել են անցած տարվա արդյունքները. նիստի ժամանակ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը մտահոգություն է հայտնել մայրաքաղաքում սուր ծակող գործիքներով մարմնական վնասվածք պատճառելու դեպքերի, ինչպես նաեւ Մարտունու շրջանում ծանր հանցագործությունների ավելացման կապակցությամբ:

ՀՅԴ Արցախի Երիտասարդական միության նախաձեռնությամբ Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում փետրվարի 22-ին կազմակերպվեց Արցախյան շարժմանը նվիրված քննարկում, որին ներկա էին շարժման մի խումբ ակտիվիստներ:

Նույն միջոցառման ժամանակ Շարժման ակտիվիստ, ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը հայտնեց այն կարծիքը, որ Արցախյան պատերազմում հայ ազգը հաղթեց միմյանց սիրելու, հարգելու եւ միմյանց համար զոհվելու պատրաստակամության շնորհիվ` «հանուն մեկ գաղափարի`ադրբեջանցիներից անկախ ու ազատ ապրելու»:

ԼՂՀ Ազգային ժողովի խումբ-խմբակցություններն Ազգային ժողովի փետրվարի 23-ի լիագումար նիստում ընդունել են համատեղ հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է, որ 1988թ. փետրվարի 26-29-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի եւ չորս տարի անց` փետրվարի 26-27-ին ԼՂՀ Ասկերանի շրջանի Խոջալու գյուղի խաղաղ բնակչության նկատմամբ գործադրված բռնությունների միակ պատասխանատուն Ադրբեջանի իշխանություններն ու նրանց դեմ ներքաղաքական կատաղի պայքար մղող ուժերն են. «Վերահաստատելով մեր հավատարմությունը խնդրի խաղաղ կարգավորմանը` մենք առաջարկում ենք ադրբեջանական կողմին հրաժարվել թշնամանքի եւ ատելության անհիմն ու անպատասխանատու քաղաքականությունից եւ ջանքերն ուղղել երկու հարեւան պետությունների ու ժողովուրդների միջեւ հետագա խաղաղ գոյակցության հիմքերի ստեղծմանը»,-ասվում է հայտարարության մեջ:

«Ստեփանակերտի օդանավակայանն արդեն ամբողջությամբ պատրաստ է»,- ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը`  հավելելով, որ ներկայումս ինքնաթիռներն են ձեռք բերվում եւ մայիս-հունիս ամիսներին արդեն նախատեսում են թռիչքներ իրականացնել:

Նույն օրը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հեռագիր է ուղղել Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբին, որում դատապարտել է վերջինիս դեմ փետրվարի 22-ին իրականացված ահաբեկչությունը:

Փետրվարի 24-ին ԼՂՀ իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ. դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի եւ դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Նույն օրը ԼՂՀ Ազգային ժողովի գրադարանում տեղի ունեցավ Աբրամ Կիսիբեկյանի «Հուշեր» երկհատորյակի շնորհանդեսը. գրքի տպագրման նախաձեռնությունը ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեինն է, իսկ ֆինանսավորումը` ԼՂՀ կառավարությանը:

«Իվանյանը մեր հայրենիքն է», «Ադրբեջանը վախենում է Խոջալուի դեպքերի օբյեկտիվ վերլուծությունից», «Մենք տերն ենք մեր պատմական հողերի»` այս եւ բազմաթիվ այլ պաստառներով է փետրվարի 26-ին մեկնարկել Արցախի մի շարք երիտասարդական կազմակերպությունների եւ ուսխորհուրդների կողմից Ասկերանի Իվանյան համայնքում (նախկինում` Խոջալու) կազմակերպված երթը, որը նվիրված էր Խոջալուի ազատագրման 20-ամյակին:

Փետրվարի 27-ին ԼՂՀ կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցած համատեղ նիստում ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային եւ ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովները` երկու հանձնաժողովների նախագահների գլխավորությամբ, ամփոփեցին համագործակցության շրջանակներում 2011թ. իրականացված աշխատանքների արդյունքները եւ ստորագրեցին 2012թ. աշխատանքային ծրագիրը:

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 27-ին հանդիպում է ունեցել ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի հետ. հանդիպմանը քննարկվել են հեռահաղորդակցության ոլորտում հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջեւ համագործակցությանն առնչվող հարցեր:

Նույն օրը նախագահն այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի N1 ֆիլտր-կայան եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքների ընթացքին:

Նա նաեւ այցելել է նոր կազմավորվող երկրաբանական-հետախուզական կայանի տարածք, որը համապատասխան շինարարական աշխատանքներ իրականացնելուց հետո կհանդիսանա դաշտային անձնակազմի եւ տրանսպորտային միջոցների տեղակայման կենտրոնական գոտի:

Փետրվարի 28-ին Արցախում հարգել են սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը. հազարավոր արցախցիներ ծաղիկներով ու ծաղկեպսակներով այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր` իրենց հարգանքի տուրքը մատուցելու անմեղ զոհերի հիշատակին:

Share

Comments are closed.