Հայաստանը տեխնոլոգիական գերազանցության տասնամյակում

Հայաստանի ինժեներական ներուժը և ներդրումային դաշտի գրավչությունը

Foundation for Armenian Science and Technology (FAST)

Նախորդ տասնամյակը Հայաստանին բերեց բազում հաջողություններ և փոփոխություններ։ Այդ փոփոխությունները նկատելի էին տնտեսության մի շարք ոլորտներում, ինչպիսին են բարձր տեխնոլոգիաները, թեթև արդյունաբերությունը, հանքարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և այլն։ Աննախադեպ հաջողություն գրանցած բոլոր ոլորտների մեջ առանձնանում է հեռահաղորդակցության և  բարձր տեխնոլոգիական ոլորտը։

Որո՞նք են այդ հաջողությանը նպաստող գործոնները, և ի՞նչ դեր ունեն տեխնոլոգիաներն այդ գործընթացում: Փորձենք հասկանալ ստորև արված վերլուծությունում։

Հայաստանի Տեխնոլոգիական էկոհամակարգը՝ 
որպես երկրի զարգացման կարևորագույն և անկախ ճյուղ, սկսել է նշանակալից հաջողություններ գրանցել անցած տասնամյակում, թեև հարկ է նշել, որ ոլորտի ձևավորումը սկսվել է դեռևս Խորհրդային Միության փլուզումից հետո։
Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանի Տեխնոլոգիական էկոհամակարգը  27% աճ է արձանագրել, ինչն իրականում աննախադեպ ցուցանիշ է և Հայաստանի համար բացառիկ հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանում: Այդ աճին, մասնավորապես, նպաստում են մի շարք պետական ներդրումային ծրագրեր և արտոնություններ, որոնցից են ՏՏ ոլորտի սկսնակ կազմակերպություններին հարկերից ազատումը, բազմակողմ զարգացման ծրագրերը, ինչպես նաև այլ երկրների ներդրումային հիմնադրամների կողմից տրամադրվող ֆինանսավորումը։ Այս գործոններին գումարվում է նաև մեծ դեր ունեցող վենչուրային և սաղմնային (էմբրիոնային) ֆինանսավորումը։

Ոլորտի շեշտակի զարգացման հաջողության գրավականը կարելի է փնտրել նաև Հայաստանի պատմության ակունքներում։ Ժամանակին հայտնի լինելով որպես Խորհրդային Միության “Սիլիկոնային հովիտ”, Հայաստանը ներկայացրել է միության ռազմական էլեկտրոնիկայի և ինովացիաների 30%-ը։ Այդ իրողության շնորհիվ է, որ այսօր Հայաստանն աշխարհին է ներկայանում իր գիտական և ինժեներական փայլուն մտքի շնորհիվ ստեղծված նորարարական լուծումներով։

Խոսելով Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի ամենագրավիչ ուղղությունների մասին, ցանկանում եմ առանձնացնել արհեստական բանականությունը, Վիրտուալ և Ընդլայնված իրականությունը, Ռոբոտաշինությունը, Բիոտեխնոլոգիաները, Միկրոէլեկտրոնիկան, Կիբեռանվտանգությունը, ինչպես նաև Խաղային ոլորտը։Վերջին տասնամյակում Հայաստանն արձանագրել է կտրուկ աճ տեխնոլոգիական աութսորսինգի ուղղությունում` դարձնելով այդ ոլորտը հայաստանյան տնտեսության մեջ կարևորագույն ներդրողներից մեկը։

Ուշագրավ է նաև այն փաստը, որ 2020 թվականի սկզբին նախատեսվում է ունենալ ուղիղ ներդրումների աճ այնպիսի ոլորտներում, ինչպիսին են արհեստական բանականությունը և մեքենայական ուսուցումը, ֆինթեքը, ծրագրային ապահովումը, համակարգչային գրաֆիկան և խաղերը։

Արագ աճող ՏՏ ընկերությունները, միջազգային խոշոր խաղացողների ներկայությունը և համաշխարհային տեխնոլոգիական հսկաների լոկալ նախաձեռնությունները տրանսֆորմացնում են Հայաստանը, դարձնելով այն տարածաշրջանի խոշորագույն ներդրումային հարթակներից մեկը։  

Հայաստանն այժմ համարվում է կայուն մակրոտնտեսական մթնոլորտ ունեցող երկիր, իսկ տնտեսական ցուցանիշները գրավում են միջինից բարձր սանդղակ, դարձնելով երկիրը ներդրումային դրական մթնոլորտ ունեցող երկիր։2018 թ. թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի նոր իշխանությունները միտված են օգտագործելու երկրի ողջ պոտենցիալը և ստեղծելու արդար ու մրցակցային ներդրումային դաշտ։ Անհնար է չնկատել այն զգալի փոփոխությունները, որոնք առկա են երկրի տնտեսության և նրա տեխնոլոգիական ճյուղերի զարգացման մեջ։ 

Տնտեսական ցուցանիշների միջին տարեկան աճը շուրջ 4,5% է, որի զգալի մասը կազմում են օտարերկրյա ներդրումները, ինչն իր հերթին վկայում է ներդրումային մթնոլորտի զգալի բարելավվման մասին։

Հայաստանն իր բիզնես սեգմենտի առջև մշտապես դրել է բազմաթիվ կարևորագույն խնդիրներ, որոնցից ամենակարևորներն են, թերևս, բիզնեսի թափանցիկությունն ու դեմոնոպոլիզացիան։

Անցած տասնամյակում տեխնոլոգիական ոլորտի կարևորագույն խթաններից էին նաև հակակոռուպցիոն, հարկային և մաքսային բարեփոխումները, որոնց իրականացման համար Հայաստանը որդեգրել է թափանցիկության և համաշխարհային բիզնես միջավայրի նկատմամբ պատասխանատվության տեսլականը։

Բացի այդ, անցյալ տարիներին Հայաստանն ամուր քայլերով հաստատել է իր պատրաստականությունը՝ զարգացնել և իրականացնել ուղղահայաց տնտեսական բարեփոխումների համապարփակ ծրագիր:

Համաշխարհային բիզնես կլիմային վերաբերող վարկանիշներում Հայաստանի զբաղեցրած ցուցանիշները թույլ են տալիս ասել, որ երկիրն ունի տարածաշրջանում լավագույն ներդրումային մթնոլորտը։ Մասնավորապես, Տնտեսական ազատության ինդեքսում Հայաստանն ունի լավագույն ցուցանիշը ԵԱՏՄ կազմում գտնվող այլ երկրների համեմատ։ Այս ցուցանիշն ընդգծում է երկրի առևտրային սակագների մատչելիությունը, ինչպես նաև իրավական դաշտի էֆեկտիվությունը։

Հարկ է նշել, որ Հայաստանում օտարերկրյա ներդրումները չունեն տարածքային և ճյուղային սահմանափակումներ։Հավելեմ, որ «Heritage Foundation»-ի վարկածով՝ այս տարվա դրությամբ Հայաստանը զբաղեցնում է 47-րդ տեղը «Index of Economic Freedom» վարկանիշում, ինչը ևս մեկ անգամ տեսանելի է դարձնում Հայաստանի բացառիկ գրավչությունը տեխնոլոգիական ոլորտի ներդրողների համար։

Գիտությունը` տեխնոլոգիական ոլորտի ձևավորման հիմնաքար

Հայաստանյան ՏՏ ընկերությունների հաջողությունն անհնար կլիներ առանց հզոր գիտական ներուժի։ Մաթեմատիկոսներ, կենսաբաններ, քիմիկոսներ, ճարտարագետներ՝ այս և այլ բարձր որակավորում ունեցող հայ մասնագետներ հայտնի են ամբողջ աշխարհում և զբաղեցնում են պատասխանատու պաշտոններ տարբեր երկրներում համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններում։

Հետազոտությունն ու զարգացումը (R&D) հանդես է գալիս նաև որպես առաջնային շարժիչ ուժ՝ պետության զարգացման համար։ Հայաստանի նոր կառավարությունը և ոլորտի ազդեցիկ դեմքերը պարբերաբար իրականացնում են նորանոր միջոցառումներ, որոնք միտված են զարգացնելու երկրի R&D պոտենցիալը՝ գլոբալ խաղացողների ներգրավմամբ։ 
 
«Հայ-հնդկական գերազանցության կենտրոն», Ազգային ինժեներական լաբորատորիաներ, «Synopsis» և «TUMO». այս ցանկը կարելի է շարունակել՝ ընդգրկելով բազմաթիվ մեծ և փոքր նախաձեռնություններ։ Դրանք բոլորն իրականացնում են Հայաստանում հետազոտությանն և զարգացմանն ուղղված կարևորագույն ծրագրեր, ինչն իր հերթին երկրին համաշխարհային գիտական և տեխնոլոգիական ասպարեզում բերում է տեսանելիություն և վստահություն։

Արհեստական բանականության և մեքենայական ուսուցման ասպարեզներում Հայաստանը ևս զբաղեցնում է առաջնային դիրքեր։ Հայկական կապիտալով մի շարք ընկերություններ օգտագործում են մեքենայական ուսուցման և արհեստական բանականության լուծումներ՝ պրոցեսների ավտոմատացման և ուսուցողական նպատակներով։

Հայկական ինովացիոն էկոհամակարգի կայացման և զարգացման գործում իր ներդրումն ունի Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը` «FAST»-ը, որի առաջ քաշած նորարարական ծրագրերը երկարաժամկետ հեռանկարում կարող են մեծ ազդեցություն ունենալ ոչ միայն գիտատեխնիկական, այլև մեր կյանքի շատ այլ ոլորտների վրա:
 

Կրթված ճարտարագետներից՝ սմարթ կրթողներ

Հայաստանի Տեխնոլոգիական գերազանցության հիմքում իր ուրույն տեղն ունի տեխնոլոգիական կրթությունը։Հայաստանը տարածաշրջանի այն եզակի երկրներից է, որտեղ աշակերտները և ուսուցիչները՝ կրթողները և կրթվողները, առանցքային դեր են խաղում տեխնոլոգիաների զարգացման մեջ։ Եվ պատահական չէ, որ Հայաստանը հաճախ կոչում են տարածաշրջանային կրթական փարոս։

Հազարավոր երեխաներ դեռ դպրոցական նստարանից ստանում են անվճար տեխնոլոգիական կրթություն այնպիսի կենտրոններում, ինչպիսին են «Արմաթ» լաբորատորիաները, «Թումո» կենտրոնը: Կարևոր է նշել, որ տեխնոլոգիական կրթությունը հասանելի է ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի տարբեր մարզերում: Այդ ապակենտրոնացումը նպաստում է, որ յուրաքանչյուր տարի մեծ թվով նոր մասնագետներ մուտք գործեն տեխնոլոգիանական և ինժեներության ոլորտներ, ինչն անուղղակիորեն կանխում է արտագաղթը և նոր աշխատատեղեր բացում: Այդ երեխաները հետագայում դառնում են որակյալ մասնագետներ, և իրենք են սկսում կրթել նոր սերնդին:

Հայաստան 2030. ինչպիսի՞ն կարող է լինել Հայաստանը եկող տասնամյակում

«Gartner»-ի կանխատեսմամբ, աշխարհում առաջիկայում 1.9 միլիոն աշխատատեղ է կրճատվելու՝ արհեստական բանականության և ավտոմատացման պրոցեսների ներդրմանը զուգընթաց:

Կարծում եմ, եկող տասնամյակում արհեստական բանականությունը ոչ միայն սկսելու է աշխատել մարդկանց փոխարեն, իրականացնելով առօրյա գործընթացներ, այլ նաև օգնելու է որակավորված աշխատակիցներին՝ կենտրոնանալ կարևոր առաջադրանքները լուծելու ուղղությամբ։

Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ առաջիկա տասնամյակում լիովին ավտոմատացված համակարգերի ներդրումը իրատեսական է միայն տեսական ձևաչափով, այնինչ պրակտիկ տեսանկյունից դրա համար անհրաժեշտ են շատ տասնամյակներ։ Հենց այստեղ էլ Հայաստանը, օգտագործելով իր ինժեներական և տեխնոլոգիական ներուժը, կարող է ստանձնել կենսական լուծումներ մշակելու կարևորագույն դեր, ինչի շնորհիվ կկարողանա ստեղծել արհեստական բանականության առանձնահատուկ գլոբալ ձևաչափ, որը լիարժեք կստանձնի մարդկությանն օգնելու առաքելությունը: 

INO JOURNALIST

Share

Comments are closed.