«Հայաստանից անջատ ԼՂՀ» հայեցակարգի հիմքում առկա կեղծիքն ու վախերը

 
 

Արմեն ԱՂԱՅԱՆ
«Հայկական ընտրություն»
նախաձեռնության անդամ
Երևան


Ի՞նչ ենք մենք հասկանում «ինքնորոշում» ասելով։ Անկասկած, յուրաքանչյուր մարդ և հանրային խումբ սեփական ապագան ինքնուրույն կերտելու իրավունք ունի։ 1988 թ. Արցախի բնակչությունն ի լուր աշխարհի հայտարարեց, որ այլևս չի կամենում ենթակա լինել Բաքվին և իր ապագան տեսնում է հայկական ընդհանուր պետականության կազմում։ Այդ պահից սկսած նրա յուրաքանչյուր քայլ, որ բխում էր Միացման տրամաբանությունից՝ լինի դա հանրահավաք, ներկայացուցչական մարմնի ժողով կամ մարտական գործողություն, դրանք բոլորն ինքնորոշման ակտեր էին։ Արցախցիների սկսած պայքարը շատ արագ վերածվեց համահայկական պայքարի հանուն Արցախի ազատագրման, հայրենատիրության և անկախության։ Սա արդեն ողջ հայ ազգի ինքնորոշման կամքն էր։

1989 թ. նոյեմբերին Արցախում ձևավորվեց Ազգային խորհուրդ անունով ինքնակոչ, ԽՍՀՄ բոլոր օրենքներին հակասող մի մարմին, ՀԽՍՀ ԳԽ-ն ոչ միայն ճանաչեց այդ մարմնի իշխանությունը ԼՂ-ում, այլև դեկտեմբերի 1-ին նրա հետ համատեղ նիստ գումարեց և հռչակեց ԼՂ-ի միացումը հայկական հանրապետությանը: Արհամարհելով Մոսկվայի կողմից այդ որոշման չեղարկելը` դեռևս կոմունիստների կողմից ղեկավարվող Երևանը ձեռնամուխ եղավ դրա իրագործմանը՝ Արցախի ձեռնարկությունները և պետական հիմնարկները կցելով ՀԽՍՀ համապատասխան կառույցներին։ Այնուհետև Արցախում ձևավորվեցին ՀԽՍՀ ԳԽ ընտրության 12 ընտրատարածքներ, որոնցից ընտրված 11 պատգամավորները, Հայաստանի մյուս շրջանների իրենց գործընկերների հետ միասին, արդեն ԼՂԻՄ-ը ներառող ՀԽՍՀ-ն վերանվանեցին Հայաստանի Հանրապետություն և ընդունեցին անկախության հռչակագիր, որը հիմնված էր 1989 թ. դեկտեմբերի 1-ի Միավորման որոշման  վրա։ 1991-ին ԽՍՀՄ-ում անցկացվեց ԽՍՀՄ պայմանագիրը երկարաձգելու հանրաքվե, որին Հայաստանը,  բնականաբար՝ Արցախն էլ նրա կազմում, ընդհանրապես չմասնակցեցին, այն դեպքում, երբ Ադրբեջանը գրեթե 100 տոկոսով կողմ քվեարկեց։ Ահա սա էր նախ արցախահայության, իսկ հետո նաև ողջ հայության իրական ինքնորոշման ուղին, որտեղ արհամարհվում էր խորհրդային իրավունքը և Հայոց անկախ պետականության վերականգնման նոր իրավական հիմքն էր դրվում։

Սակայն իշխանության եկած Շարժման ղեկավարությունը, ինչ-ինչ մտահոգությամբ, հանկարծ սկսեց «կարևորել» ձևական իրավունքը՝ թե՛ իրենց իսկ կողմից մերժված խորհրդայինը և թե՛ միջազգայինը, որի մասին շատ մակերեսային, անգամ երևակայական պատկերացում ունեին։ Հայության պայքարը խորհրդային և ենթադրյալ միջազգային իրավական կաղապարների մեջ արհեստականորեն տեղավորելու ձախորդ, սակայն համառորեն շարունակվող փորձերն անթույլատրելի նահանջ էին մեր իրական ինքնորոշումից։ Սա մի շարք կոպիտ սխալների պատճառ դարձավ, խեղաթյուրեց Շարժման արտաքին նկարագիրը՝ Հայաստանին միացումը փոխարինելով Հայաստանից անջատումով, ծնելով «հայաստանցի-ղարաբաղցի» հակադրումը, խանգարելով տարածքների վերաբնակեցման գործին, ոտնահարելով արցախաբնակ ՀՀ քաղաքացիների սահմանադրական և այլ իրավունքները։

Իրականում այս նահանջի հիմքում ոչ թե միջազգային ճնշումն էր կամ գոնե դրա հնարավոր հեռանկարը,  այլ բացառապես մեր քաղաքական վերնախավի վախերն էին, որոնք արդարացնելու համար նրանք ստիպված են եղել անդադար կեղծել և ստել հանրությանը։ Արդյունքում մենք ունենք շատ անհեթեթ մի իրավիճակ, երբ Արցախը՝ թե՛ իրավաբանորեն, թե՛ փաստացի լինելով հայոց ընդհանուր պետության բաղկացուցիչ մաս, մեր իսկ կողմից շարունակվում է ներկայացվել որպես առանձին պետական կազմավորում։
 
Այդ բեմականացումը սկսվում է 1991-ին, երբ ՀՀՇ-ական ղեկավարները հասկանում են, որ ԽՍՀՄ-ը վերջնականապես փլուզվում է, և շուտով Ադրբեջանի հետ պատերազմ է սկսվելու։ Ժողովրդից թաքուն նրանք որոշում են Արցախը դուրս թողնել ՀՀ անկախության հանրաքվեից և նախագահական ընտրություններից։ Երբ Բաքվում օգոստոսի 30-ին անկախություն են հռչակում, Երևանից հրահանգ է ուղղվում Ստեփանակերտ՝ շտապ մի ժողով գումարելու ու Լեռնային Ղարաբաղի անկախությունը հռչակելու խիստ հանձնարարությամբ։ Բայց քանի որ արդեն երկրորդ տարին էր, ինչ Արցախը ՀՀ կազմում էր, այդ տարօրինակ հրամանը հիմնավորվում է իբր միջազգային իրավունքին և ԽՍՀՄ օրենսդրությանն անթերի համապատասխանելու հրամայականով։ Ահա այստեղից էլ սկսվում է կեղծիքների շարանը, որը կոչվում է «երկու հայկական պետություն»։

Կեղծիք 1. Սուտ է, որ Արցախն անկախացել է ԽՍՀՄ օրենքին համապատասխան
 
ԼՂՀ-ի վերաբերյալ պաշտոնական քարոզը պնդում է, որ Արցախն իր անկախությունը հռչակել է համաձայն ԽՍՀՄ-ից միութենական հանրապետությունների դուրս գալու մասին օրենքի, որն էլ իբր թույլ էր տալիս դրա կազմում գտնվող ինքնավարություններին այլ որոշում կայացնել։ Այնինչ այդ օրենքը վերաբերում էր բացառապես հանրաքվեի ընթացքում քվեների հաշվարկին, որի ժամանակ ԼՂԻՄ-ը ստիպված էր ընտրություն կատարել բացառապես երկու տարբերակների միջև՝ (1) Ադրբեջանի հետ անկախանալու կամ (2) նրա անկախանալու դեպքում ԽՍՀՄ կազմում մնալու։ Սակայն զավեշտն այն է, որ նման հանրաքվե ընդհանրապես չի եղել։ Ադրբեջանը ԽՍՀՄ օրենքի հիման վրա չի անկախացել: Երկրորդ զավեշտն այն է, որ ԼՂՀ անկախության հռչակագրում «անկախություն» բառն ընդհանրապես բացակայում է։ Արցախցի գործիչներն այն ժամանակ չեն համարձակվել դեմ գնալ դեկտեմբերի 1-ի որոշմանը և Երևանի հրամանը կատարելիս «թերացել են»։ Այդ հանգամանքը վերջերս է ուշադրության արժանացել, և սեպտեմբերի 2-ը այլևս չի նշվում որպես անկախության օր, այլ՝ հանրապետության հռչակման օր։

Կեղծիք 2. Արցախն անկախացել է 1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով՝ միջազգային իրավունքին համապատասխան

Միջազգային իրավունքի համաձայն՝ երկրներն անկախանում են ոչ թե իրենց ինքնահռչակումների հիման վրա, այլ մյուս պետությունների կողմից ճանաչման արդյունքում, և առաջին հերթին այն պետության, որի կազմում նորանկախը մինչ այդ եղել է։ ԼՂՀ-ի դեպքում ընդհանրապես պարզ չէ, թե նա ումից է անկախացել։ Հետխորհրդային երկրների անկախությունը սկսվել է միմյանց ճանաչելուց, ու այդ շարքում ԼՂՀ-ն չկար։ Ադրբեջանը, բնական է, չի ճանաչում։ Մնում է Հայաստանը, որի կազմում էր Արցախը արդեն 2 տարի։ Սակայն Հայաստանն էլ դա չի ճանաչում։ Բայց զավեշտն այն է, որ ԼՂՀ-ն ինքն էլ չի պնդում, որ անկախացել է Հայաստանից։ Բացի այդ, որևէ երկիր անկախ ճանաչելու համար պետք է լինեն մի շարք փաստական հանգամանքներ, որոնք, ինչպես բոլորս հասկանում ենք, ԼՂՀ-ի դեպքում իսպառ բացակայում են, քանի որ փաստացի Հայաստանի կազմում է եղել անցած երեք տասնամյակներին և լինելու է միշտ։

Կեղծիք 3. Սուտ է, որ ԼՂՀ ստեղծումն ու անկախության հռչակումը տեղի են ունեցել արցախցիների ինքնուրույն որոշմամբ

Հայաստանին միանալու իղձով և արդեն փաստացի միանալուց հետո բացարձակապես անտրամաբանական է, որ Ստեփանակերտում, այն էլ սկսվող պատերազմի սպառնալիքի պայմաններում, ինքնուրույն և այդքան հապճեպ որոշեին անջատվել Երևանից։ Նման բան ժողովուրդն էլ թույլ չէր տա։

Կեղծիք 4. ԼՂՀ-ն  Մինսկի խմբի անդամ է և հակամարտության առանձին կողմ է
 
Այս պնդման հիմքում հրադադարի ստորագրումն է և հայկական կողմի քմահաճույքը, որ դրան պարտադիր պետք է մասնակցի նաև ՀՀ զինված ուժերի այն կառուցվածքային միավորի հրամանատարը, որն անմիջական ներգրավված է եղել պատերազմում։ Անգամ եթե այդ մարդու պաշտոնը փաստաթղթում նշվում է որպես ԼՂՀ ՊՆ, հրադադարը շարունակում է մնալ սոսկ բանակների միջև պայմանավորվածություն, որն ամեն պահի կարող է խախտվել՝ չխախտելով որևէ միջազգային իրավունք կամ պայմանագիր։ Զավեշտն այն է, որ ԼՂՀ հակամարտության կողմ լինելու մասին պնդմանը միջազգային իրավական կշիռ տալու համար հղում են կատարում ԵԱՀԽ-ի Հելսինկիի 1992 թ. և Բուդապեշտի 1994 թ. եզրափակիչ փաստաթղթերին, որոնցում ԼՂՀ անունն ընդհանրապես չի հիշատակվում՝ իբր, երբ ասվում է հակամարտության կողմեր, ակնհայտ է, որ հակամարտության կողմերը երեքն են։ Ո՛չ, ակնհայտ չէ, «երկու պետության» քարոզիչներից բացի ոչ մեկի համար ակնհայտ չէ։ Իսկ Հելսինկիի փաստաթղթում ուղղակի նշվում է, որ Մինսկի խորհրդաժողովի մասնակիցներ են Ադրբեջանը, Հայաստանը, ներկա համանախագահները, ևս 7 երկիր, այդ թվում՝ Թուրքիան, իսկ «Լեռնային Ղարաբաղի ընտրված և այլ ներկայացուցիչները` որպես շահագրգիռ կողմ, ընդամենը հրավիրվելու են խորհրդաժողովին նրա նախագահի կողմից` խորհրդաժողովին մասնակից պետությունների հետ խորհրդակցություններից հետո»:

 Կեղծիք 5. Սուտ է, որ ԼՂՀ-ն ինչ-որ ժամանակ, որպես առանձին կողմ, մասնակցել է բանակցություններին

Շատերը Քոչարյանին մեղադրում են, թե նա բանակցություններից դուրս թողեց Ստեփանակերտին, որը մինչ այդ իբր մասնակցում էր, ինչպես նշված է Մինսկի խմբի մասին փաստաթղթում։ Սակայն այդ փաստաթղթում չի խոսվում ԼՂՀ-ի մասին, որպես առանձին պետական կազմավորման, այլ միայն ԼՂ բնակչության ներկայացուցիչների։ Բանակցությունների նախնական փուլում, դարձյալ Երևանին ընդառաջելով, հայկական և ադրբեջանական պատվիրակությունների կազմում բանակցություններին մասնակցում էին ոչ թե ԼՂՀ ղեկավարները, այլ հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչները։ Այսինքն՝ Արկադի Ղուկասյանը նույն կարգավիճակն ուներ, ինչ իր դիմաց նստած Շուշիի նախկին քաղաքապետը (որպես ԼՂ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ)։ Ուստի այդ բանակցությունները պետք է համարել կա՛մ երկկողմ, կա՛մ քառակողմ, որտեղ մյուս «երկու կողմերը» ո՛չ միջազգային սուբյեկտ էին, ո՛ չ էլ ինչ-որ բան կարող էին որոշել։ Այդ անհեթեթ իրավիճակը երկար շարունակվել չէր կարող, և բարձր մակարդակով բանակցությունների ընթացքում վերահաստատվեց, որ ԼՂ-ն բանակցությունների սուբյեկտ չէ, այլ օբյեկտ։
 
Կեղծիք 6. Միջազգային հանրությունն աստիճանաբար ճանաչում է և ի վերջո կճանաչի ԼՂՀ անկախությունը հայկական լոբբինգի շնորհիվ
 
Ոչ մի պետություն երբեք չի ճանաչի ԼՂՀ-ն, քանի դեռ այն չեն ճանաչել Բաքուն ու Երևանը։ Բանակցությունների ժամանակ քննարկվող ԼՂ անցումային կարգավիճակը ոչ մի կապ չունի միջազգային ճանաչման, ոչ էլ անգամ ԼՂՀ-ի հետ։ Այդ ենթադրյալ ժամանակավոր սուբյեկտությունը վերաբերում է բացառապես ԼՂ հայ և վերադարձվելիք ադրբեջանական համայնքների նոր կամարտահայտությանը։ Բաքուն դա օգտագործում է հենց տեղահանված ադրբեջանցիների իրավունքներն առաջ մղելու համար։

Իսկ ամերիկյան կամ ավստրալիական առանձին նահանգների ճանաչումները, հայկական գաղթօջախների թախանձագին և ծախսատար խնդրանքների հիման վրա, ուղղակի անհեթեթ են։

Կեղծիք 7. Սուտ է, որ Արցախն անկախ ներկայացնելը կօգնի պահպանել ազատագրված տարածքները, իսկ Միացումը՝ ոչ

Ճիշտ հակառակն է։ Ինքնորոշումը վերաբերում է բացառապես այն տարածքներին, որտեղ այդ պահին հայեր են ապրել։ Ոչ մի ադրբեջանաբնակ շրջան հանդես չի եկել Հայաստանին միանալու օգտին, ու եթե հիմա նրանց հարցնենք՝ պարզ է, թե ինչ կասեն։

Իսկ Հայաստանի միջազգային սուբյեկտայնությունը ծագել է 1918 թ.-ին։ Հայ-ադրբեջանական տարածքային վեճերը կարգավորելու փորձ միջազգային հանրությունն ունի դեռ 1920-ականներից։ Համաձայն այդ փաստաթղթերի՝ Ադրբեջանը դեռ մեզ պարտք է Նախիջևանն ու Գարդմանքը։ Միայն այս ձևով մենք կարող ենք հիմնավորել ոչ միայն արդեն ազատագրված, այլև հավանական պատերազմի դեպքում նաև նոր ազատագրվելիք տարածքների հայապատկանությունը։

Ինչո՞ւ Հայաստանի քաղաքական վերնախավը գնաց այս կեղծիքի ուղով և մինչ օրս էլ շարունակում է։ Վստահ եմ, որ դրա հիմքում չհիմնավորված վախերն էին։ Նույն վախերն են մեզ խանգարում այսօր, երբ խոսում ենք Միացման իրավաքաղաքական հայեցակարգին վերադառնալու մասին։ Անդրադառնանք դրանցից մի քանիսին։

 Վախ 1. Իսկ ի՞նչ կասի միջազգային հանրությունը, եթե հիմա Միացում հռչակենք։ Արդյո՞ք Հայաստանին զավթիչ չեն համարի, և հարցը չեն լուծի հօգուտ Բաքվի
 
Նախ, Միացման նոր աղմկոտ ակտեր ընդհանրապես չեն պահանջվում։ Բավական է դադարեցնել անկախության թատրոնը և վերականգնել արցախաբնակ ՀՀ քաղաքացիների համապետական իշխանության մարմիններ ընտրելու սահմանադրական իրավունքը, որը կարող է անել անգամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որևէ արցախցու ՀՀ ՍԴ դիմելու արդյունքում։ Միջազգային հանրությունը չի կարող դեմ արտահայտվել քաղաքացիների ընտրական իրավունքին, որը ժողովրդավարության հիմքն է։ Իսկ Միավորման որոշմանը դեմ արտահայտվելու համար այն ուշացել է 30 տարի։

Հայաստանից անջատվածության մյուս անհեթեթ խորհրդանիշները, ինչպես, օրինակ, ռոումինգը +374 միջազգային կոդի պայմաններում,  հեշտությամբ կվերացվեն գերատեսչական որոշումներով ու այս դեպքում էլ ոչ ոք ոչինչ չի ասի, ինչպես որ չեն ասում, երբ ՀՀ ԿԲ-ն կարգավորում է նաև Արցախում գործող բանկերը։

Եթե անգամ միջազգային հանրությունը պետք է «բարկանա», արդյո՞ք մենք պատրաստ ենք հանուն նրան չբարկացնելու հրաժարվել ազատագրված տարածքներից։ Իսկ եթե չենք պատրաստվում հրաժարվել, այդ դեպքում մի՞թե ավելի բարկացուցիչ չէ, երբ այսքան տարի խաբում ենք մի քանի հզոր պետության և խոստանում 5-7 շրջան վերադարձնել միայն այն պատճառով, որ չենք կարող դրանց հայապատկանությունը հիմնավորել ինքնորոշմամբ։
 
Վախ 2. Իսկ եթե Ադրբեջանը օգտվի՞ առիթից, և լայնածավալ պատերազմ սկսվի՞

Նախ 2016-ին Միացում չկար, և Բաքվին հավելյալ առիթ պետք չեղավ։ Պարբերաբար սրացումներ կարող են լինել բանակցությունների դանդաղեցման կամ Ադրբեջանի ներքին պատճառներով։ Ադրբեջանի համար սկզբունքային տարբերություն չկա, թե մենք ինչ կարգավիճակով ենք մատուցում իր կողմից չվերահսկվող Արցախը։ Բայց եթե միացման այլընտրանքը անկախությունն է, իսկ «ինքնորոշման» այլընտրանքը` «տարածքային վեճը», ապա Բաքուն այսքան տարի դեմ է արտահայտվել հենց «անկախությանը» և «ինքնորոշմանը»։ Ինչ-որ իմաստով նա հայտնվել է մեր վայ-քաղաքականության թակարդում, որից այսօր հեշտությամբ կարող է օգտվել մեր դիվանագիտությունը և իր սահուն անցումը Միացման իրավաքաղաքական հայեցակարգին բխեցնել հենց Ադրբեջանի պնդումներից։ Իսկ Բաքվի նոր պատերազմական ոտնձգությունը զսպող ամենագլխավոր հանգամանքն այն է, որ,  ընդունելով տարածքային վեճի առկայությունը, մենք մեզ իրավունք ենք վերապահում մի օր պատժել Ադրբեջանին` ազատագրելով  նրա կողմից դեռևս վերահսկվող հայկական մյուս շրջանները։

Վախ 3. Իսկ եթե Երևանում իշխանության գան հող հանձնողնե՞րը

Երևանում միշտ էլ իշխանության էին հող հանձնողները՝ առնվազն դրա շուրջ բանակցողները։ Արցախյան ծագումն էլ, ինչպես պարզ դարձավ, դրան չէր խանգարում։ Դա ոչ այնքան այդ ղեկավարների անձնական որակների դրսևորումն էր, որքան ուղղակի հետևանքն էր «երկու պետության» հիմնովին մերժելի հայեցակարգի։ Ինքներս մեզ դրել ենք չարած հանցանքի համար հավերժ արդարացողի դերում, որը չի կարող չխոստանալ միակողմանի զիջումներ։ Կա պարզ ճշմարտություն՝ Հայաստանից անջատ Արցախը Ադրբեջանի կազմում գտնվող կամ նման հեռանկարի դատապարտված Արցախն է։

Բայց հարցին նայենք այլ կետից՝ եթե մի օր Երևանը իսկապես որոշի հանձնել, ի՞նչ կարող է անել Ստեփանակերտը։ Եթե արցախցին իսկապես կամենում է ազդել Երևանի որոշումների վրա, ապա դրա միջոցը անկախ ձևանալը չէ, այլ համապետական քաղաքական դաշտ վերադառնալը։ ՀՀ ապագա վարչապետները պարտավոր են գալ Արցախ՝ նախընտրական հանդիպումների, ու ակնկալելով ասկերանցի, հադրութեցի, ստեփանակերտցի կամ քարվաճառցի ՀՀ ընտրողների քվեները, խոսել անվտանգության, տարածքների ու բանակցությունների վերաբերյալ իրենց մոտեցումների մասին։ Այդ դեպքում այլևս երբեք հող հանձնողը Հայաստանում իշխանության չի գա՝ անկախ իր ծննդավայրից։
Միացման իրավաքաղաքական հայեցակարգը գործնականում անթերի է և ակնհայտորեն նախընտրելի «երկու պետության» կամ «Հայաստանից անջատ Արցախ» հայեցակարգի համեմատ։ Անցել են ժամանակները, երբ կարելի էր ուղղակի անտեսել Միացումը ու դուրս մղել այն ազգային-քաղաքական օրակարգից։ Իսկ օրակարգում հայտնվելու դեպքում այն անմիջապես գերիշխող է դառնալու հանրային ընկալումներում ու քաղաքական դիրքորոշումներում։

Կեղծ է պնդումը, թե տարիներ են անցել և դրան վերադառնալ հնարավոր չէ։ Ուղղակի գործ ունենք «անկախ ԼՂՀ» բեմականացման մեջ ներգրավված շրջանակների բնական, սակայն վստահաբար կարճաժամկետ դիմադրության հետ։ Ցավոք, այդ դիմադրությունը նաև ծայրահեղ վտանգավոր դրսևորումներ է ունենում, ինչպես,  օրինակ, արցախցուն հայկականից առանձին ինքնություն վերագրելը՝ իբր նա կընդվզի, եթե փորձեն զրկել ինքնուրույնությունից և խցկել ընդհանուր հայկական կաղապարի մեջ։ Խնդրահարույց են նաև արտաքին միջամտության առանձին դրսևորումերը, երբ օտար փորձագետներն են փորձում հակադրել Արցախը Հայաստանին։ Սակայն այս ամենը ոչինչ են  Արցախի միացումը Հայաստանին ամբողջացնելու համազգային, բայց առաջին հերթին արցախցու կամքի համեմատ։ Ժամանակն է ամրագրելու, որ Արցախը ոչ միայն Հայաստան է, այլև Հայաստանի Հանրապետություն։
 
 
 
 

Օգտակար հղումներ

1. ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ-Ի ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ, https://bit.ly/2PIcNbr
2. ՀՀ անկախության հռչակագիր, https://bit.ly/34KGahF
3. https://bit.ly/2rXN8CJ,հեռացված տեքստ ԼՂՀ արտգործնախարարության կայքից
«1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը /ԼՂՀ/ նախկին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի սահմաններում: Ընդունվեց ԼՂՀ անկախության մասին հռչակագիրը /դեկլարացիա/: Այդպիսով իրականացվեց մի իրավունք, որն արտացոլված էր այն ժամանակ գործող օրենսդրության մեջ, մասնավորապես 1990 թ. ապրիլի 3-ի՝ ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի որոշման կարգի մասին: ԽՍՀՄ օրենքում, որը նախատեսում էր ազգային ինքնավարություններին իրավունք տրամադրել ինքնուրույն կերպով որոշելու սեփական պետա-իրավական կարգավիճակը՝ ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում: Այդ նույն ժամանակահատվածում /նոյեմբեր 1991թ/, ի հակադրումն բոլոր իրավական նորմերի, Ադրբեջանի Գերագույն խորհուրդը ընդունեց ԼՂԻՄ-ի լուծարման մասին Օրենքը, որը ԽՍՀՄ Սահմանադրական դատարանի կողմից որակվեց որպես ԽՍՀՄ Սահմանադրությանը հակասող ակտ»:
4.Закон ССЦР от 03.04.1990 N 1409 https://ru.wikisource.org/
5. https://bit.ly/390k8e7
6. https://bit.ly/2SdAiL5

 
 

Լուսանկարը՝ Ստեփանակերտի մամուլի ակումբի

 
 
Share

Comments are closed.