Չինաստան և Մերձավոր Արևելք

«Մեկ գոտի, մեկ ճանապարհով» դեպի էներգակիրների և հակասությունների աշխարհ

Մհեր ՍԱՀԱԿՅԱՆ
«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու
Երևան
 
Սույն հոդվածը նպատակ ունի վերլուծել և ներկայացնել Չինաստանի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում։ Կփորձենք պատասխանել հետևյալ հարցերին. ի՞նչ տնտեսական, քաղաքական շահեր ունի   Չինաստանը Մերձավոր Արևելքում, ինչու՞ է հետաքրքրված տարածաշրջանի կայունությամբ և խաղաղությամբ, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության (ՄԳՄՃ) ո՞ր տնտեսական միջանցքներն են անցնում Մերձավոր Արևելքի երկրներով և ի՞նչ նպատակներ են դրանք հետապնդում։
 
Չինաստանի տնտեսական և քաղաքական հետաքրքրությունները Մերձավոր Արևելքում

Առաջին հերթին պետք է նշել այն հանգամանքը, որ Չինաստանում Կոմունիստական կուսակցության իշխանությունը պահպանելու կարևորագույն պայմաններից է տնտեսական առաջընթացի ապահովումը, որի բավարար արդյունքները հնարավորություն են տալիս միասնական պահել 56 ազգություններից բաղկացած պետական կազմավորումը։ Այսինքն` ներկայիս Չինաստանի պահպանման և զարգացման հիմնական շարժիչը տնտեսությունն է, և այդ շարժիչի աշխատանքն ապահովելու համար անհրաժեշտ է վառելիք (նավթ)։ Ինչպես նշում է «Սինխուան», 2017 թվականին Չինաստանը դարձավ աշխարհում ամենաշատ հում նավթ (420 միլիոն տոննա)  ներմուծող երկիրը:

Ուստի Չինաստանի հետաքրքրությունները Մերձավոր Արևելքում առաջին հերթին պայմանավորված են տարածաշրջանի էներգակիրների ահռելի պաշարներով։ Վերջին տարիներին Պեկինն իր ներմուծած նավթի 41-ից 45 տոկոսը ներմուծում էր մերձավորարևելյան երկրներից, որոնց մեջ առաջատարներն են Սաուդյան Արաբիան, Իրաքը, Օմանը, Իրանը, Քուվեյթը, ԱՄԷ-ն։
 
Մերձավոր Արևելքը Չինաստանի համար հետաքրքիր է նաև որպես սեփական արտադրանքի և տեխնոլոգիաների սպառման կարևորագույն շուկա։ Չինաստանը Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Իրանի, Օմանի և տարածաշրջանային այլ երկրների կարևորագույն առևտրային գործընկերն է։ Չինաստանը միլիարդների հասնող ներդրումներ է կատարում տարածաշրջանում, կառուցում է ատոմակայաններ, երկաթգծեր, ճանապարհներ, նավահանգիստներ, արդյունաբերական կենտրոններ։
 
Վերոհիշյալ տնտեսական հանգամանքներն են պատճառ հանդիսանում, որ Չինաստանը հետաքրքրված լինի նաև Մերձավոր Արևելքի անվտանգությամբ։ Այստեղ կարևոր է նաև նշել Պարսից ծոցի հանգամանքը, որով էլ մերձավորարևելյան էներգակիրները «լողում» են դեպի Չինաստան, իսկ վերջինս էլ հակառակ ուղղությամբ դեպի շուրջ 370 միլիոնանոց սպառման շուկա է արտահանում  իր արտադրանքը՝ մանկական խաղալիքներից, հագուստից և կահույքից սկսած մինչև զենք, համակարգիչներ, հեռախոսներ, գնացքներ, միջուկային տեխնոլոգիաներ։ Պեկինում լավ են հասկանում, որ պատերազմը Պարսից ծոցում մեծապես կվտանգի իրենց կապն այս կարևոր տարածաշրջանի հետ, այդ պատճառով փորձում են զարգացնել քաղաքական կապերը տարածաշրջանի երկրների հետ հանուն սեփական տնտեսական շահերի՝ նպաստելով Պարսից ծոցի ավազանում և Մերձավոր Արևելքում կայունության վերականգնմանը։ Սա է պատճառը, որ Պեկինը հատկապես վերջին տասնամյակում փորձում է ակտիվություն դրսևորել մերձավորարևելյան մի շարք հիմնախնդիրների կարգավորման գործում, իհարկե՝ զգուշորեն, որպեսզի տարածաշրջանի հիմնական խաղացողի և իր տնտեսական թիվ մեկ գործընկերոջ՝ ԱՄն-ի հետ տարածաշրջանը նոր հակամարտության գոտի չդարձնի։
 
Չինաստանն ու Իրանի միջուկային հիմնախնդիրը
 
Չինաստանը, լինելով ՄԱԿ ԱԽ մշտական անդամ, կանխարգելեց Իրանի էներգակիրների առք և վաճառքի նկատմամբ ՄԱԿ ԱԽ-ի կողմից պատժամիջոցների բանաձևի ընդունումը, ինչն առաջարկում էր ԱՄՆ-ը։ Պեկինը Ռուսաստանի հետ համագործակցելով՝ դեմ գնաց ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրանական միջուկային հիմնախնդիրը պատերազմով լուծելու առաջարկին, շարունակեց այդ երկրից էներգակիրներ գնել, բայց կողմ քվեարկեց ՄԱԿ ԱԽ բոլոր այն բանաձևերին, որոնց կողմից հարուցված պատժամիջոցներն ստիպեցին Թեհրանին հետ կանգնել միջուկային զենք ստեղծելու գաղափարից։ Պեկինն ակտիվ մասնակցություն ունեցավ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) համաձայնեցման գործում, որը կնքվեց 2015թ. հուլիսի 14-ին մի կողմից Իրանի, իսկ մյուս կողմից` ԱՄՆ-ի, Գերմանիայի,  Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի միջև։ Նույնիսկ երբ 2018 թ. մայիսին ԱՄՆ-ը դուրս եկավ ԳՀՀԾ-ից՝ Պեկինը հայտարարեց, որ շարունակելու է պաշտպանել և իրականացնել պայմանագիրը՝ կապ պահպանելով բոլոր կողմերի հետ։
 
Չինաստան-Սաուդյան Արաբիա-Իրան
 
2019 թ. սեպտեմբերին Սաուդյան Արաբիայի նավթարդյունաբերական կենտրոնը դրոնների միջոցով ռմբակոծվեց Եմենի հութիների կողմից։ Սաուդցիները մեղադրեցին Իրանին այս հարձակումը նախապատրաստելու համար՝ նշելով, որ Իրանն է եմենցիներին տրամադրել դրոնները։ Պատերազմը Պարսից ծոցի երկու հսկաների միջև չափազանց հավանական էր, Պեկինը լծվեց միջնորդական առաքելության, որի շնորհիվ նաև բացառվեցին պատերազմական գործողությունները։ Պետք է նշել, որ Սաուդյան Արաբիայում Չինաստանը միլիարդավոր դոլարների ներդրումներ է կատարում ենթակառուցվածքների զարգացման գործում։ Սաուդյան Արաբիան ոչ միայն  Մերձավոր Արևելքում է Չինաստանին առաջին նավթ մատակարարող, այլև աշխարհում, իհարկե՝ վերջին տարիներին Ռուսաստանը ևս մեծացրել է նավթի մատակարարումը Պեկինին։ Այս պատճառով Ալ-Ռիադն ու Մոսկվան ժամանակ առ ժամանակ զբաղեցնում են առաջին կամ երկրորդ տեղերը։
 
Չինաստանը և Սիրիական ճգնաժամը
 
Մերձավոր Արևելքում Չինաստանի համար մեկ այլ «գլխացավանք» է դարձել Սիրիան։ Հենց այստեղ էին ժամանել հազարավոր ույղուրներ՝ միանալու «Իսլամական պետություն» հորջորջված ահաբեկչական կազմակերպությանը։ Պեկինում լավ են հասկանում, որ վաղ, թե ուշ նրանցից շատերը վերադառնալու են և ահաբեկչական գործողություններ են կազմակերպելու Չինաստանում։ Սա է պատճառը, որ Սիրիայում Չինաստանը պաշտպանում է Ասադի վարչակարգին և նաև կողմ է Ռուսաստանի վարած հակաահաբեկչական ռազմական գործողություններին։ Ժամանակ առ ժամանակ Չինաստանը ֆինանսական օգնություն է տրամադրում Սիրիայի կառավարությանը որպեսզի վերջինս կարողանա այն օգտագործել երկրի սոցիալական խնդիրները լուծելու համար։
 
Չինաստան և Թուրքիա
 
Մերձավոր Արևելքի մեկ այլ կարևոր  դերակատարություն ունեցող երկրում՝   Թուրքիայում, առկա հակաչինական տրամադրությունները փոփոխելու համար  Չինաստանը ներդրումներ է կատարում և խորացնում տնտեսական համագործակցությունն այդ երկրի հետ։ Սա կոնկրետ արդյունքներ է տալիս, քանի որ ի տարբերություն 2-3 տասնամյակ առաջ եղած չին-թուրքական լարված հարաբերությունների` այսօր ունենք ռազմավարական համագործակցություն համարվող գործակցություն։ Ժամանակ առ ժամանակ հարաբերությունների բնականոն ընթացքը մթագնում է Ույղուրական հիմնահարցը, բայց քանի որ սեղանի հակառակ կողմում են չինական միլիարդների հասնող ներդրումները, ապա խնդիրները շատ արագ են կարգավորվում։ Իհարկե, չին-թուրքական մերձեցմանը նաև նպաստում են Անկարայի և Պեկինի տարաձայնությունները Վաշինգտոնի հետ։ Նախագահ Էրդողանն իր հերթին մեծապես կարևորում է Չինաստանի հետ հարաբերությունները։ Այս պատճառով նա մասնակցեց 2017 թ. Պեկինում տեղի ունեցած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ համաժողովին», հաճախ մեկնում է Պեկին՝ հանդիպելու Չինաստանի նախագահ Սի Ծինփինին։ Վերջին տարիներին չին-թուրքական հարաբերությունները համակարգվում են ոչ թե թուրքական Արտաքին գործերի նախարարությունից, այլ Նախագահական պալատից։
 
Չինաստան և Եգիպտոս
 
Չինաստանն ակտիվորեն համագործակցում է նաև Եգիպտոսի հետ, վարկեր է տրամադրում վերջինիս բանկային համակարգին, որպեսզի Կահիրեն կարողանա այս ֆինանսներն օգտագործել երկրի տնտեսության զարգացման համար։ Չինական ընկերությունները մասնակցում են Կարմիր ծովի եգիպտական նավահանգստի արդիականացման և մի շարք արդյունաբերական կենտրոնների ստեղծման և արդիականացման աշխատանքներին։
Չինաստան և Իրաք, Լիբիա
 
Չինաստանը փորձում է նաև նպաստել Իրաքում և Լիբիայում կայունության ամրապնդման գործին, քանի որ այս երկրներից գնում է թե՛ էներգակիրներ, թե՛ հետաքրքրված է պատերազմի պատճառով ավերակների վերածված քաղաքների վերակառուցման համար մատակարարել շինանյութ, տեխնիկա և այլն։
 
Չինաստան-Իսրայել
 
Հետաքրքիր համագործակցություն է ընթանում  նաև Իսրայելի և Չինաստանի միջև։ Թեև ԱՄՆ-ին հաջողվեց Իսրայելին պարտադրել, որ  Պեկինին չվաճառի ռազմական տեխնիկա, բայց կողմերը կարողացան համագործակցությունը տեղափոխել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ։ Չինական կազմակերպությունները նաև մասնակցում են Իսրայելի ենթակառուցվածքների արդիականացմանը, միլիարդների ներդրումներ են կատարում երկրում։
 
«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը և Մերձավոր Արևելքը
 
Մերձավոր Արևելքը Չինաստանին կապելու գործում կարևոր դեր է խաղում նաև ՄԳՄՃ նախաձեռնության Չինաստան-Կենտրոնական Ասիա-Արևմտյան Ասիա տնտեսական միջանցքը (ՉԿԱԱԱՏՄ)։ Այն սկիզբ է առնում չինական Սինծիանից, անցնում է Կենտրոնական Ասիայով, ապա Մերձավոր Արևելքով հասնում է մինչև Պարսից ծոց, Միջերկրական ծով և Արաբակա ն ծով։ Կենտրոնական Ասիայի, Կասպից ծովի հարակից շրջանների ենթակառուցվածքների զարգացումը և դրանց կապակցումը Մերձավոր Արևելքին՝ Չինաստանին հնարավորություն է ընձեռում  այլընտրանքային ցամաքային ճանապարհ ստանալ Մերձավոր Արևելքից ներմուծվող նավթի համար, որը կփոքրացնի նրա կախումը Մալակայով անցնող ծովային ճանապարհներից, որոնք վերահսկվում են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի կողմից։

ՄԳՄՃ շրջանակներում Մերձավոր Արևելքի նավթը դեպի Չինաստան տանելու համար ստեղծվում է նաև Չինաստան-Պակիստան տնտեսական միջանցքը։ Պեկինը կառուցում է Չինաստանի Կաշգարը Պակիստանի Գվադար նավահանգստին կապող, ինչպես նաև այդտեղից դեպի Կարաչի (Արաբական ծով) նավահանգիստ ձգվող երկաթուղիները։  Արդյունքում՝ Չինաստանը կկարողանա կրճատել Մերձավոր Արևելքից ստացվող և այնտեղ առաքվող բեռների փոխադրման ժամանակը և այլընտրանք ստեղծել Մալակայի նեղուցին, որով անցնում են Չինաստանի տնտեսության զարգացման համար առանցքային նշանակություն ունեցող, Մերձավոր Արևելքից ներմուծվող էներգակիրները:
 
Կորոնավիրուս COVID 19-ը և Մերձավոր Արևելքի նավթարդյունաբերությունը
 
COVID 19-ը չխնայեց նաև Մերձավոր Արևելքի նավթարդյունաբերությանը։ Քանի որ Չինաստանի տնտեսությունն անկում է ապրում այս պայմաններում և Պեկինը ստիպված եղավ փոքրացնել էներգակիրների գնման քանակները՝ արժեզրկվեց նաև նավթը։ Իսկ մարտին տեղի ունեցած ՕՊԵԿ+ի նիստում նավթ արտադրող երկրները չկարողացան համաձայնության հասնել նավթի արտադրանքը կրճատելու շուրջ։ Արդյունքում՝ Սաուդյան Արաբիան հայտարարեց, որ ապրիլին նավթի գինն իջեցնելու է ռեկորդային չափով։ Վերոհիշյալ հանգամանքները բերեցին նրան, որ նավթի գինը շարունակեց իջնել, և հիմա դրա տարբեր տեսակների արժեքը  մեկ բարելի համար տատանվում է 28-ից 34 դոլարի սահմաններում։ Կորոնավիրուս COVID 19-ի պատճառով Չինաստանում սկսված տնտեսական ճգնաժամը բացասական ազդեցություն կունենա նաև Մերձավոր Արևելքի այն երկրների (Սաուդյան Արաբիա, Իրաք, Իրան, Լիբիա և այլն) վրա, որոնց բարօրությունը կախված է նավթի գնի տատանումներից։
 
Ամփոփենք արդյունքները
 
Չինաստանն իր համար սպառնալիք է տեսնում Մերձավոր Արևելքում ծայրահեղական իսլամիստների կողմից առաջ քաշվող գաղափարախոսությունների տարածումը, քանի որ դրանք շատ կարճ ժամանակ անց հայտնվում են Սինծիան նահանգում և սպառնում Չինաստանի անվտանգությանը։ Ուստի Չինաստանին ձեռնտու է, որ ՄԳՄՃ շրջանակներում Մերձավոր Արևելքի երկրները կարողանան հասնել սոցիալ- տնտեսական բարօրության, չձախողվեն (failed state) , և այդ երկրներում իշխանության չգան ծայրահեղական ուժերը։
 
Չինաստանը շարունակում է ամրապնդել սեփական դիրքերը Մերձավոր Արևելքում, մեծապես օգտագործելով ՄԳՄՃ նախաձեռնությունը, որին մասնակցում են տարածաշրջանի գրեթե բոլոր երկրները։ Չինաստանի տնտեսական ազդեցությունը տարածաշրջանում մեծացնում է նաև նրա քաղաքական դերն ու կշիռը։ Սա չի կարող չնկատել Վաշինգտոնը, որը փորձում է և կփորձի խոչընդոտել չինական նախաձեռնության իրագործման բնականոն ընթացքին։ Այս հանգամանքն ավելի կմիավորի Չինաստանին և Ռուսաստանին, որոնք կփորձեն համատեղ գործել նաև Մերձավոր Արևելքում՝ ԱՄՆ-ի ճնշմանը դիմակայելու համար։ Իհարկե, պետք է փաստել, որ թեև Թրամփի նախագահության օրոք Վաշինգտոնի դիրքերը որոշակիորեն թուլացել են Մերձավոր Արևելքում, բայց ԱՄՆ-ը դեռևս շարունակում է պահպանել իր հզոր լծակները և հաշվի առնելով այս հանգամանքը՝ Չինաստանը կփորձի խույս տալ տարածաշրջանի համար ԱՄՆ-ի հետ վերջնական բախման գնալուց։ Տարածաշրջանային հիմնախնդիրներում Պեկինը կփորձի հանդես գալ երկրորդ համարով՝ առաջինը թողնելով ռուսներին։ Չինաստանի համար լավագույն տարբերակը կարող է լինել տարածաշրջանում բոլոր ուժերի միջև ստատուս քվոյի պահպանումը, ԱՄՆ-ի հետ բախման փոխարեն համագործակցության եզրեր գտնելը, ինչը, իհարկե,  հետզհետե ավելի դժվար է դառնում աշխարհակարգի փոփոխման պայմաններում։
Share

Comments are closed.