Հայկական աղետը. 44-օրյա պատերազմ՝ միֆեր և իրականություն

 


Թաթուլ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրագրող

Երևան

Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը, որին ներգրավված էին նաև Թուրքիան ու սիրիացի ջիհադիստները, ավարտվեց հայկական կողմի պարտությամբ՝ մարդկային, տարածքային ու ենթակառուցվածքների հսկայական կորուստներով: 

44 օր տևած այս աղետալի պատերազմում վախճանվեցին նաև հայկական միֆերը, որոնց գոյությունը և պաշտոնական մակարդակով քարոզումը բթացրել էր հայ ժողովրդի զգոնությունը:

Միֆ առաջին. ստատուս քվոն պահել ենք 25 տարի, կպահենք 50 տարի, հավերժ

Ստատուս-քվոն պահպանելու առաջին փորձությունը 2016-ի ապրիլին էր: Թվում է, Ադրբեջանը փորձում էր ստուգել առաջնագծի ամրությունը: Թեև լուրջ հաջողության չհասավ՝ գրավելով մի քանի հարյուր հեկտար միայն ու մոտ երկու տասնյակ հենակետեր, սակայն պարզ դարձավ, որ հայկական պաշտպանական գիծը անանցանելի չէ: 2020-ի սեպտեմբերյան պատերազմի առաջին իսկ օրերին ադրբեջանական կողմը կարողացավ ճեղքել Հորադիսի ուղղությունը: Եթե մինչև Խուդաֆերինի ջրամբար հայկական ուժերը ծանրագույն կորուստներով կարողացան պաշտպանական մարտեր մղել, ապա ջրամբարից մինչև Մեղրիի սահման 50 կմ տարածությունը հակառակորդն անցավ մի քանի ժամերի ընթացքում՝ չհանդիպելով դիմադրության: 

Միֆ երկրորդ. Հայկական բանակն անպարտելի է

Աշխարհում անպարտելի բանակներ չկան ու չեն եղել: Հայկական բանակի անպարտելիության միֆը ծնվել է 1991-1994 թթ. հաղթանակից հետո, մի պատերազմ, որը հաղթել է ոչ թե կանոնավոր բանակը, այլ կամավորական շարժման շնորհիվ ձևավորված բազմաթիվ խմբավորումներից կազմված ռազմական միավորումը: Այդ հաղթանակը հնարավոր է եղել կերտել բազմաթիվ հանգամանքների, այդ թվում՝ հայ ազատամարտիկի ու արցախցի գյուղացու քաջագործության, բայց նաև՝ Ադրբեջանում այդ տարիների ներքաղաքական քաոսի և իշխանակռվի բերումով: 

44-օրյա պատերազմում, եթե անգամ Հայկական բանակը անպարտելի է, անհնար էր հաղթել Ադրբեջանին ու նրան աջակցող Թուրքիային ու ջիհադիստական խմբավորումներին, քանի որ, փաստացի՝ 20-րդ դարի բանակը կռվում էր 21-րդ դարի բանակի դեմ, 3 միլիոնանոց Հայաստանը/Արցախը կռվում էր 10 միլիոնանոց Ադրբեջանի ու նրան աջակցող 80 միլիոնանոց Թուրքիայի դեմ: 

Այս պատերազմում հայկական կողմը պարտվեց, որովհետև ուժերն անհավասար էին։ Ադրբեջանը Թուրքիայի, վարձկան ահաբեկիչների և իսրայելական դրոնների օգնությամբ կարողացավ հարձակման հենց առաջին օրերից հասնել առավելության և այն պահպանեց մինչև այն պահը, երբ Ռուսաստանի միջնորդությամբ ռազմական գործողությունները դադարեցվեցին։ Սա է հիմնական պատճառը՝ զինուժով, մարդուժով, ղեկավարության պատրաստվածությամբ ու պատասխանատվությամբ հայկական կողմը զիջեց Ադրբեջանին: Սա է դառը ճշմարտությունը, թեև արդեն տարբեր շրջանակներ սկսել են քաղցր ստեր տարածել, մեղավորներ ու դավաճաններ փնտրել: Կռվից հետո բռունցքներ չեն թափահարում, այլ լուռ, արժանապատվորեն ընդունում են պարտությունը, վերլուծում և փորձում դասեր քաղել:

Միֆ երրորդ. «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ», կամ՝ դուրս կգանք Քուռ-Արաքսյան միջագետք 

«Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» հոխորտանքը շրջանառության մեջ դրեց Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որը գռեհիկ ոչ մի թիզ հողականների՝ Քուռ-Արաքսյան միջագետք դուրս գալու, Ադրբեջանը մասնատելու ավելի քաղաքակիրթ տարբերակն էր: Խրամատում կռվող հայ զինվորը, աշխարհազորն ու պահեստազորը ծաղրում էին Տոնոյանին՝ համարելով, որ նա, այնուամենայնիվ ճիշտ դուրս եկավ, պարզապես երկրների անունները պետք է տեղափոխել: Նոր պատերազմում Ադրբեջանը նոր տարածքներ գրավեց՝ ավելի քան 8000 քառակուսի կիլոմետր, այդ թվում՝ Հադրութի շրջանն ու Շուշին: 

Միֆ չորրորդ. Ադրբեջանը պատերազմ չի սկսի 

Այս միֆը, թեև 2016-ի Ապրիլյանից հետո որոշ չափով մղվեց երկրորդական պլան, սակայն շարունակում էր շրջանառվել ու բթացնել հարմարավետ կյանքով ապրող հայերին: Իրականում, պատերազմն անխուսափելի էր, և կարևոր էր դա գիտակցել ու համապատասխան քայլեր ձեռնարկել, ինչը չարվեց: Ավելին, այս աղետալի պատերազմից խուսափել հնարավոր էր, եթե 1997-ի աշնանը գնայինք փուլային լուծման, որի դեպքում ունենալու էինք ԼՂԻՄ-ը և Լաչինի ամբողջ շրջանը, այսինքն՝ ավելի քան 6000 քառակուսի կիլոմետր տարածքով Արցախ՝ ձայնի ու վետոյի իրավունքով։ Այսինքն՝ կրկնակին, քան ունենք այսօր: Մենք էինք այն ժամանակ տոն տվողն ու հաղթողը, իսկ այսօր մենք ընդամենը գլխիկոր ստորագրել ենք մեր առջև դրված փաստաթուղթը և ընդունել Ադրբեջանի բոլոր կամ գրեթե բոլոր պայմանները: Հնարավոր էր, եթե 1998-ին Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու Սամվել Բաբայանը չիրականացնեին պալատական հեղաշրջում և Արցախը փրկելու անվան տակ չտիրանային Հայաստանի իշխանությանը: Հնարավոր էր, եթե Նիկոլ Փաշինյանը և ՀՀ դիվանագիտությունը, ռազմա-քաղաքական ղեկավարությունը ճիշտ գնահատեին սեփական ուժերը: 

Միֆ հինգերորդ. Հայաստանը կարող է զարգանալ փակ սահմաններով, կարող է զարգանալ՝ չզիջելով 

Այս միֆը շրջանառում էին ոչ միայն անհատներ, այլ քաղաքական ուժեր՝ դարձնելով նախընտրական քարոզարշավի մաս: Իրականում, սակայն, 3 միլիոնանոց Հայաստանը, որը երկու կողմերից շրջափակված է Թուրքիայով և Ադրբեջանով, չէր կարող դիմանալ ու դիմադրել թուրք-ադրբեջանական ագրեսիային: 

Հայրենական այս պատերազմում եղել են քաջագործության, նվիրումի ու հերոսության բազմաթիվ դեպքեր՝ 18 տարեկան զինվորից մինչև պահեստազոր ու սպայական կազմ, սակայն, որպես վերջնարդյունք, հայկական կողմը պարտվել է: 44 օրերի ընթացքում՝ 2020թ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը, հայկական կողմը տարածքային առումով կորցրել է Ֆիզուլին, Ջեբրայիլը, Զանգելանը, Ղուբաթլուն, Լաչինի մի մասը, ինչպես նաև՝ Հադրութն ու Շուշին նախկին ԼՂԻՄ տարածքում։ Եվս երեք  շրջան՝ Աղդամը, Քարվաճառը և Լաչինը,Ադրբեջանը հետ է ստացել՝ համաձայն Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի ստորագրած փաստաթղթի: Մարդկային կորուստներն անչափելի են: Սա ազգային ողբերգություն է և ազգային աղետ: Ավելին, սա վերջին 100 տարիների մեր երկրորդ ամենամեծ պարտությունն է և ազգային ողբերգությունը Կարսի 1920 թվականի կորստից հետո: Այն ժամանակ ՀՀ-ն, որտեղ իշխանության էր ՀՅԴ-ն, կորցրեց Հայրենիքի տարածքից մոտ 30 հազար քառակուսի կիլոմետր: Կարճ ժամանակ անց ՀՀ-ն նաև խորհրդայնացվեց և կորցրեց անկախությունը: Այսօր Արցախն ու Հայաստանը, որտեղ իշխանության է «Իմ քայլը» վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, կորցրեց շուրջ 8 հազար քառակուսի կիլոմետր հող, որը հայ ժողովուրդը 1991-1994-ին նվաճել էր՝ պատերազմի 1000 օրերի ընթացքում՝ տալով 6000 զոհ:

Միֆ վեցերորդ. Սփյուռքի գործոնի չափազանց արժևորումը

Վերոնշյալ 5 միֆերը շրջանառվում էին ոչ միայն Արցախում և Հայաստանում, այլ առաջին հերթին՝ Սփյուռքում: Անկասկած, Սփյուռքը միշտ կանգնած է եղել Հայաստանի ու Արցախի կողքին՝ կազմելով եռամիասնությունը, սակայն նրանից ֆինանսական, մարդկային և այլ  ակնկալիքները եղել են չափազանցված:

Մենք մեր չափը ճիշտ չճանաչեցինք: Մենք առաջնորդվեցինք ոչ թե մեր հնարավորությունների, այլ ցանկությունների սահմաններով և ստացանք հերթական աղետը: 

Թաթուլ Հակոբյանը Սիվիլնեթի լրագրող է և Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող: Նա հեղինակն է «Արցախյան օրագիր. Կանաչ և սև» և «Հայացք Արարատից. Հայերը և թուրքերը» գրքերի

Share

Comments are closed.