2020 թվական. լույս՝ թունելի վերջում

 

Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լրագրող
Երևան

Հայաստանի նորագույն պատմության ամենածանր՝ 2020 թվականն ավարտին է մոտենում։ Հեռացող տարում մեր երկրի գլխին թափվեցին թագաժահրի համավարակը և պատերազմի կրակը։ Համավարակի և թրքական յաթաղանի զոհ դարձան հազարավոր հայրենակիցներ, հազարավորներն էլ վիրավորվեցին, տասնյակ հազարավոր մարդիկ անօթևան դարձան։ Թվում էր, որ այս բոլոր աղետները պետք է միավորեին մեր ժողովրդին ու հասարակությանը, համախմբեին հայկական աշխարհն իր բոլոր դրսևորումներում։ Եվ, ըստ էության, ռազմական գործողությունների ժամանակ հենց այդպես էլ եղել է։ Մարդիկ հազարներով կամավորագրվում էին, մյուսներն անքուն գիշերներ էին անցկացնում նրանց համար օգնություն հավաքելու համար։ Սփյուռքը հայրենիք դրամական միջոցներ էր ուղարկում, Եվրոպայում մայրուղիներ փակում՝ իշխանություններից արդարություն պահանջելով։ Բայց այս ամենը վերջացավ մեկ օրում՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին…

Ադրբեջանի և Թուրքիայի հետ պատերազմին վերջ դրած եռակողմ հայտարարությունը զուգահեռաբար ներքին պատերազմի սկիզբն է դրել՝ իշխանության համար պատերազմի։ Թեև այն Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու առաջին իսկ օրից չի դադարել։ 2018 թվականից սկսած բոլոր «հանրապետականները», «բարգավաճները» «լուսավորները» և դաշնակցականները համարյա անընդհատ Փաշինյանին մեղադրում էին Արցախը թշնամուն հանձնելու մտադրության մեջ։ Այնքան մոլեգնաբար էին մեղադրում, որ այսօր ակամա, բայց կայուն տպավորություն կա, որ այդ մարդիկ արդեն այն ժամանակ գիտեին այն, ինչ մենք չգիտեինք։ Գիտեին վերահաս փոթորկի մասին, բայց նախընտրում էին լռել՝ բաղձալով հասնել իրենց սեփական քաղաքական վերամարմնավորմանը։ 

«Նախկինների» ճամբարից ամենամերժված անձինք սկսել են ներկաների հասցեին մեղադրանքներ տեղալ՝ անգամ չսպասելով 44-օրյա պատերազմի ավարտին։ Բանակը, գեներալիտետը և անձամբ Փաշինյանը մեղադրվում էին պատերազմել չկամենալու, չկարողանալու և անարհեստավարժության մեջ։ Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվանից էլ՝ արդեն դավաճանության մեջ։ Այդ պահից ի վեր Հայաստանում ծավալվել է իրական և ցայսօր չխաղաղվող տեղեկատվական «խրախճանք»։ Հայաստանյան ԶԼՄ-ները, սոցցանցերի օգտատերերը, «բարգավաճա-հանրապետականամետ» ֆեյքերի բանակը նոյեմբերի 9-ից ակտիվորեն ապատեղեկատվություն է տարածում։ Եվ, տարօրինակ բան, չեն խորշում ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկատվությունը ջանադրաբար տարածելուց։ Սպանված, գերեվարված, ստորացված և տանջված հայ զինվորականների լուսանկարներն ու տեսանյութերը տարածվում են իշխանության հասցեին անեծքների և մեղադրանքների ուղեկցությամբ։ Բաքվից զետեղված ամեն մի լուսանկար կամ տեսանյութ Հայաստանում անմիջապես լայն տարածում է գտնում։

Թե հանուն ինչի է այս ամենն արվում՝ հարցի պատասխանը մակերեսի վրա է։ Հայաստանի անվերապահ պարտությունն Ադրբեջանի, Թուրքիայի և Իսրայելի հետ պատերազմում, Արցախի մեծ մասի և գլխավորը՝ հազարավոր երիտասարդ կյանքերի կորուստը հայ հասարակության շրջանում ծանր բարոյահոգեբանական վիճակ են առաջացրել։ Երկրում կան հազարավոր վիրավորներ, տասնյակ հազարավոր փախստականներ, պատերազմում խնամակալներին կորցրած շատ ընտանիքներ։ Այս բոլոր մարդիկ պետության և բոլորիս աջակցության կարիքն ունեն։ Կամավորները, տարբեր կազմակերպությունները, պարզապես խիղճը չկորցրած մարդիկ ուժասպառվում են՝ պատերազմից տուժած հայրենակիցներին օգնելու համար։ Բայց 16 «քաղաքական կուսակցություններ», այս բոլոր մարդկանց համար ոչինչ արած չունենալով, փորձում են շահագործել մարդկային դժբախտությունը, հասարակության ծանր բարոյահոգեբանական մթնոլորտը և մեր ժողովրդի ընդհանրական ընկճվածությունն իրենց նեղխմբակային նպատակների համար՝ իշխանությանը կրկին տիրանալու նպատակով։

Այս նպատակով ցանցում պարբերաբար ի հայտ են գալիս Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում ամբողջ գյուղերի հանձնման մասին խուճապ տարածող գրառումներ։ Ապատեղեկատվական հոսքերը սովորական բան են դարձել։ «16»-ն անում է ամեն ինչ, որպեսզի հասարակության շրջանում իշխանության ոչ ադեկվատության մասին տպավորություն ձևավորվի։ Հանրությանը համոզում են, որ Փաշինյանը մտադրություն ունի թշնամուն հանձնել ոչ միայն Արցախը, այլև ողջ Հայաստանը։ Այո՛, Ադրբեջանի հետ սահմանազատումն, իրոք, հապճեպ է կազմակերպված, բայց այն երկուստեք փոխշահավետ է։ Հայաստանին էլ անհրաժեշտ է հնարավորինս արագ ստեղծել պաշտպանական ամրությունների և սահմանակալ պահակակետերի համակարգ։ Երկիրը թուլացած է համավարակով, պատերազմով, ուստի՝ որպես հետևանք, բազմաթիվ իրական սոցիալ-տնտեսական խնդիրներով։ Եվ ահա այս ֆոնին «ընդդիմությունն» անում է ամեն հնարավոր բան՝ Հայաստանն էլ ավելի թուլացնելու համար։ Ընդ որում, «16»-ի ամենագլխավոր նպատակը՝ Փաշինյանի անմիջական հրաժարականը և ժամանակավոր կառավարության ստեղծումն է։ Արդեն տեխնիկական վարչապետի թեկնածուն էլ է հայտնվել՝ Վազգեն Մանուկյանը։ «16»-ի մտահղացմամբ հենց նրան է վիճակված կեղծել, ներողություն՝ կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրությունները։

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, իրոք, քիչ բացառություններով, վատ կառավարչական ունակություններ են դրսևորել։ Որոշ բարեփոխումներ անգամ չեն էլ սկսվել, մյուսները սաղմնային փուլում են մնացել։ Որոշ բարեփոխումներ ավարտի չեն հասցվել։ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նշանակած կոռումպացված դատավորներն իրենց տեղերում են մնացել և այսօր հերթով ազատ են արձակում «նախկինների» ճամբարից քրեական գործերով անցնող անձանց։ Հայաստանի դատական համակարգը գործում է Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանության դեմ։ Դատավորները գործում են դատախազների, ՀՔԾ քննիչների, ԱԱԾ-ի և Ոստիկանության դեմ։ Դրա հետևանքով՝ կոռուպցիային, պետական գույքի և միջոցների յուրացմանը վերաբերող ոչ մի քրեական գործ ավարտի չի հասցվել։ Իսկ բոլոր հանցագործները ոչ միայն ազատության մեջ են, այլև ցույցերի ժամանակ իշխանությունը տապալելու բացահայտ կոչեր են անում։

Բանակը, ինչպես հայտնի է, հասարակության և պետության արտացոլանքն է։ Համապատասխանաբար՝ երեք տասնամյակների ընթացքում թալանվող երկրում չթալանված բանակ լինել չէր կարող։ Գեներալներն ու գնդապետները նախագահներից, վարչապետներից և նախարարներից պակաս չէին թալանում։ Որպես հետևանք՝ 44-օրյա պատերազմին մենք հասել ենք գերազանցապես «թղթի վրա» մնացած բանակով և մոբիլիզացիոն ռեզերվով։ Մենք դիմավորել ենք պատերազմը չգործող ՀՕՊ-ով, տեղից չշարժվող տանկերով, չկրակող հաուբիցներով և «գեներալական բիզնեսի» այլ հետանքներով։ Ողբերգություն է, որ այս ամենի համար մենք վճարել ենք մեր երեխաների կյանքով, քանի որ Ջեբրայիլում խրամատների, բլինդաժների և ականային դաշտերի փոխարեն հայ գեներալները Ստեփանակերտում, Երևանում և, որոշ տեղեկություններով, Միջերկրականի ափին իրենց համար դղյակներ էին կառուցում։

Հասկանալի է, որ 2.5 տարիների ընթացքում հնարավոր չէր ուղղել իրավիճակը։ Օրինակ, այս ժամանակահատվածում հնարավոր չէր գնել Արցախի երկինքը ծածկելուն ունակ նորագույն ՀՕՊ համակարգեր։ Բայց զինվորականներին կարգին զրահաբաճկոններով, սաղավարտներով և նոր ինքնաձիգերով ապահովել միանգամայն հնարավոր էր։ Հնարավոր էր նաև կազմակերպել բնականոն հասցեագրված զորակոչ։ Դրա փոխարեն խաղաղ ժամանակ վարչապետը, չգիտես ինչու, նախընտրել է զինվորներին ելակով և բանաններով կերակրել, իսկ պատերազմի ժամանակ հայրենիքի պաշտպանությանը գործուղել ՏԻՄ ղեկավարներին՝ իրենց ջոկատներով հանդերձ… 

Այն, որ մեր ռազմական պարտության մեղավորների մի մասն այսօր հասարակությանը հետևողականորեն կոչ է անում հաշվեհարդար տեսնել պարտության մյուս մեղավորների հետ, դեռ դժբախության կեսն է։ Մեր հիմնական դժբախտությունը, հայ հասարակության գլխավոր խնդիրը գող-հանցագործների և ամբոխահաճ-անհաջողակների միջև ընտրության բացակայությունն է։ Մենք ունենք ընտրություն՝ փորձառու ռեցեդիվիստների և ոչինչ ուսանել չցանկացող ապաշնորհների միջև, այսինքն՝ ընտրություն չունենք։ Արդյունքում՝ հայ հասարակությունը պատանդ է դարձել «նախկինների» և նրանց հետնորդների միջև։

Ընտրության բացակայության պատճառը նույնպես մակերեսի վրա է. տասնամյակներով քաղաքական մտքի անգամ պատահական առկայծումներից և, առավել ևս գաղափարականությունից հետևողականորեն դատարկափայլության աստիճանի «մաքրագործվող» քաղաքական դաշտը։ 10 տարի շարունակ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականությունը փոխարինում էր օլիգարխիայի և քրեականացված գործարարության խառնուրդով։ 10 տարի շարունակ Սերժ Սարգսյանը հետևողական նախանձախնդրությամբ նպատակասլաց կերպով ոչնչացնում էր իր ռեժիմից անկախանալուն ձգտող բոլոր քաղաքական ուժերը։ Որոշների հետ «պայմանավորվում» էին, որոշներին՝ ահաբեկում։ Իսկ նրանց, որոնք մերժում էին վայելել տիրոջ սեղանից նրանց առաջարկվող փշրանքները և չէին ահաբեկվում՝ բանտարկում էին։ Այդ իսկ պատճառով՝ 2018 թվականին Հայաստանում, իր իսկ ձևակերպմամբ՝ դասական քաղաքական գործիչներից ազատության մեջ էր մնացել միայն «լուսավորյալ» Էդմոն Մարուքյանը։ Թեև նրա հետևում նույնպես, ինչպես ասում են, նշմարվում են «Միշիկի» ականջները…

Այսպիսով, հայ հասարակությունը հայտնվել է վատի և վատթարագույնի ընտրության միջև։ Բայց անգամ այստեղ «նախկինների» և «ներկաների» մեղքը գործնականում հավասար է։ Չէ՞ որ այս ամենը դարձել է Հայաստանում քաղաքական միտքը տարիներով ոչնչացրած «նախկինների» բազմամյա ջանքերի հետևանքը։ Տեղի ունեցածի համար հավասարաչափ մեղավոր են նաև «ներկաները», որոնք 2.5 տարիների ընթացքում տառացիորեն ոչինչ չեն արել Հայաստանում իրավիճակը բարեփոխելու, առողջ ներքաղաքական մթնոլորտ և իրական քաղաքական կուսակցությունների ձևավորման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար։ Այսինքն, երկուսն էլ միանգամայն գիտակցաբար քաղաքական դաշտը զտում էին իրենց մրցակիցներից։ Դրա հետևանքով՝ դուրս գալով փողոց մենք կստանանք «նախկինների» վերադարձը, իսկ փողոց դուրս չգալով՝ անուղղակիորեն աջակցություն կհայտնենք գործող իշխանությանը։ Ընդ որում, «նախկիններն» ունեն կողմնակիցների խիստ սահմանափակ քանակ։ Նրանց աջակցելու համար փողոց դուրս է գալիս 10 հազարից ոչ ավել մարդ, մինչդեռ Փաշինյանի նախաձեռնած դեպի «Եռաբլուր» երթին մասնակցել է առնվազն 100 հազար բազմություն։

Սակայն, այս թվացյալ անելանելի վիճակից էլ ելք կա։ Ելքը արտահերթ ընտրություններն են։ Վարչապետն ու իշխող ուժը կորցրել են հասարակության վստահությունը, բայց՝ ոչ լեգիտիմությունը։ Հետևաբար, խնդիրը պետք է լուծում ստանա, բայց՝ ոչ բռնի և ոչ էլ անլեգիտիմ եղանակով։ «Իմ քայլն», անկասկած, լեգիտիմ է։  Ուստի, արտահերթ ընտրությունները պետք է կազմակերպի գործող լեգիտիմ իշխանությունը և ոչ թե անցյալից մնացած ավազակաբարո թափթփուկները։  Հենց այստեղ էլ Փաշինյանը պարտավոր է կատարել իր հերթական չկատարած խոստումները։ Նա պարտավոր է բարեփոխել Ընտրական օրենսգիրքը և ընդունել «Կուսակցությունների մասին» նոր օրենքը։ Սա անհրաժեշտ պայման է առողջ քաղաքական դաշտի ձևավորման նախադրյալներ ստեղծելու համար։ Այսպիսի պայմանների ի հայտ գալը հնարավորություն կընձեռի նոր քաղաքական նախաձեռնությունների առաջացման համար։ Խոսքը հենց քաղաքական կուսակցությունների, ոչ թե մեկ մարդու կամ խմբակի շահերը սպասարկող աճպարարներից ու թալանիչներից բաղկացած ակումբների մասին է։

Միայն հավասար հնարավորությունները և արտահերթ ընտրությունների անցկացման աչալուրջ վերահսկողությունը կապահովեն հայաստանցի ընտրողին այսօր դեռ ոչ շատ հայտնի քաղաքական ուժերին 5 տոկոսանոց նշաձողը հաղթահարելու և գոնե խորհրդարանում հայտնվելու իրական հնարավորությունը։ Սա թույլ կտա խուսափել Ազգային ժողովում հերթական «հանրապետականների» կամ «քայլողների» գահակալումից։ Խորհրդարանում նոր ուժերի հայտնվելը, որոնց ի հայտ գալու միտումներն ու նախադրյալներն առկա են, վերջապես թույլ կտա ունենալ այնպիսի խորհրդարան, որում քաղաքական ուժերը ստիպված կլինեն զբաղվել իրական քաղաքական պայքարով և մրցակցությամբ, և ոչ թե լոկ մեկ մարդու հրամանով կոճակներ սեղմել։ Միայն այդպիսի խորհրդարանի ձևավորումը թույլ կտա խորհրդարանական կառավարմամբ Հայաստանին բռնել իրական քաղաքական դաշտի ձևավորման ուղին։ Հնարավորություն կընձեռվի ընթանալ այլընտրանքային ընտրությունների ճանապարհով և դուրս պրծնել վատի ու վատագույնի միջև ընտրության արատավոր շրջանակից։ 2020 թվականն ազգի համար չափազանց ծանր ու վատն էր։ Բայց թունելի վերջում լույս է նշմարվում։ Պարզապես հարկ է այդ  ուղղությամբ շարժվել…

Share

Comments are closed.