50mg viagra

Հարավային Կովկասը ՆԱՏՕ-ի համար գործընկերության եւ համագործակցության գոտի է

Հարցազրույց` Աշխարհաքաղաքական հետազոտությունների միջազգային կենտրոնի (Թբիլիսի) նախագահ Թենգիզ ՓԽԱԼԱՁԵԻ հետ

 

 

 

 

- Ինչպե՞ս եք գնահատում Հարավային Կովկասի յուրաքանչյուր երկրի հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցության մակարդակը: 

- Հարավային Կովկասի յուրաքանչյուր պետություն համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ: Ի տարբերություն Ադրբեջանի եւ Հայաստանի՝ Վրաստանն ունի բացահայտորեն ընդգծված ուղղվածություն՝ եվրակառույցների եւ ՆԱՏՕ-ի մեջ ինտեգրվելու հարցում: Դա հաստատվում է ոչ միայն երկրի կառավարության ցանկությամբ, այլեւ Վրաստանում անցկացված հանրաքվեների միջոցով, որոնց արդյունքների համաձայն՝ բնակչության մեծ մասը սատարում է երկրի ինտեգրումը ՆԱՏՕ-ի մեջ:

Ադրբեջանը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, բայց այդ երկրի դեպքում գոյություն չունի ինտեգրման ուղղությամբ բացահայտորեն ընդգծված գիծ: Հայաստանը գտնվում է որոշակիորեն այլ իրավիճակում, քանի որ երկիրը հանդիսանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ: Այսինքն, Հայաստանն այլ ռազմաքաղաքական դաշինքի անդամ է, բայց համագործակցում է նաեւ ՆԱՏՕ-ի հետ: Համապատասխանաբար, ելնելով արտաքին-քաղաքական ուղենիշներից, հյուսիսատլանտյան դաշինքի հետ պետությունների համագործակցության մակարդակները տարբերվում են, բայց բոլոր երեք երկրներն էլ ՆԱՏՕ-ի հետ հաստատել են գործընկերային հարաբերություններ:

- Վրաստանը վաղուց  ի վեր հայտարարում է ՆԱՏՕ-ի մեջ մտնելու ցանկության մասին: Սակայն Չիկագոյում կայացած ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովը ցանկալի արդյունքներ չի բերել: Այսօր նախկինի պես պարզ չէ, թե երբ է Վրաստանը դառնալու դաշինքի լիիրավ անդամ: Որո՞նք են, Ձեր կարծիքով, անդամակցության ճանապարհի հիմնական խոչընդոտները:

- Ես չեմ կարծում, որ Չիկագոյի գագաթնաժողովն արդյունք չի տվել: Գագաթնաժողովը մեզ տվել է սպասելի առավելագույնը:

Գոյություն ունի արտաքուստ հռչակվող մի կարծրատիպ այն մասին, թե Վրաստանի քաղաքական ուղղվածությունը նրա ղեկավարության ուղղվածությունն է, մինչդեռ հասարակության մեջ, իբր, գոյություն ունեն այլ տրամադրություններ: ՆԱՏՕ-ի մեջ ինտեգրվելը` երկրի քաղաքական ղեկավարության մոլի գաղափարը չէ, այլ` ժողովրդի եւ հասարակության կամաարտահայտությունը: Ես նկատի ունեմ ոչ միայն հանրաքվեն ու բազմաթիվ սոցիոլոգիական հարցումները: Դաշինքի մեջ ինտեգրվելը Վրաստանի բնական ընտրությունն է, քանի որ երկրի զարգացման մեր ուղին ենթադրում է արեւմտյան տեսակի ժողովրդավարական պետության շինարարություն, որն ընդունում է ՆԱՏՕ-ի պաշտպանած արժեքներն ու չափանիշները:  Մենք գնում ենք ՆԱՏՕ ոչ թե ինչ-որ մեկի դեմ լինելու համար, այլ քանի որ մեզ համարում ենք այդ ընտանիքի անդամ եւ կիսում ենք դաշինքի համար առանցքային բոլոր արժեքները:

Կրկնում եմ, որ Չիկագոյում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, Վրաստանն ստացել է ակնկալվող առավելագույնը: Վրաստանը մասնակցում էր գագաթնաժողովի բոլոր երեք ձեւաչափերում` ISAF առաքելությունը, ՆԱՏՕ + 13 պետություններ, որոնց հետ ակտիվ համագործակցություն է ընթանում, եւ` թեկնածու-երկրների ձեւաչափը: Այն, որ Վրաստանը պատկանում է թեկնածու-երկրների խմբին, արդեն իսկ մեծ առաջընթաց է, քանի որ այս խմբի մնացած երկրներն ունեն MAP` ՆԱՏՕ-ի անդամակցության գործողությունների ծրագիր: Սակայն, գլխավորն այլ է` գնահատվել եւ արձանագրվել է եվրաատլանտյան ինտեգրման ուղղությամբ Վրաստանի ունեցած ներդրումը: Հարկ է նշել, որ Վրաստանը սույն անվտանգության համակարգում ոչ միայն սպառող է, այլ նաեւ լուրջ մատակարար: Մենք ընդունում ենք դաշինքի արժեքները եւ գտնում ենք, որ դրանց պաշտպանությունն, առաջին հերթին, անհրաժեշտ է Վրաստանի անվտանգության համար:  Անգամ Աֆղանստանում գտնվելով` մենք պաշտպանում ենք սեփական անվտանգությունը: Աֆղանստանոււմ մեր զինված ուժերը մերձենում են ՆԱՏՕ-ի չափանիշներին, ստանում են անհրաժեշտ գիտելիքներ, պայքարում են Վրաստանի առջեւ իրապես ծառացած սպառնալիքների, այդ թվում եւ` միջազգային ահաբեկչության դեմ: Ցավոք, այլ երկրների պես Վրաստանը նույնպես պաշտպանված չէ ահաբեկչությունից. ահաբեկչական գործողություններ իրականացնելու փորձերը եղել են նաեւ այս տարի: Այս ամենը շատ կարեւոր է Վրաստանի ազգային անվտանգության համար:

Չիկագոյի գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրի մեջ հստակորեն ասված է, որ այսօր Վրաստանն օժտված է երկու շատ լուրջ գործիքներով: Նախ` ամենամյա գործողությունների ծրագիրը, որն ըստ իր կառուցվածքի եւ բովանդակության MAP-ից համարյա ոչնչով չի զանազանվում: Բացի դրանից, կա ավելի ծանրակշիռ գործիք` Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովը, որն ատլանտյան կառույցների մեջ առավել լայնորեն ներառվելու հնարավորություն է ընձեռում: Հենց եզրափակիչ հռչակագրի մեջ նշվում է, որ դրանք բուխարեստյան համաձայնությունների իրականացման ամենածանրակշիռ գործիքներն են, այնտեղ ասված է, որ Վրաստանն անպայման ՆԱՏՕ-ի անդամ է դառնալու:

Մի քայլ եւս դաշինքին անդամակցելուն ընդառաջ դարձել է Վրաստանի հիշատակությունը թեկնածու-երկրների շարքում: Պայմանականորեն ասած` Վրաստանը դիտվում է այն պետությունների առաջին ստորաբաժանման մեջ, որոնք կարող են հավակնել դաշինքի անդամակցությանը: Այսպիսով, Չիկագոն դարձել է դեպի ՆԱՏՕ առաջանալու շատ կարեւոր քայլ: Ելնելով Չիկագոյի գագաթնաժողովի ձեւաչափից, որը դաշինքի ընդլայնմանը նվիրված գագաթնաժողով չէր, շեշտը դրվել է ոչ թե համագործակցության արտաքին հանգամանքների, այլ՝ ներքին բովանդակության վրա: Այսպիսով, թվարկված երկու գործիքները Վրաստանին ավելի շատ հնարավորություններ են տալիս Դաշինքի բազում ձեւաչափերի մեջ ներառվելու:

- Վրաստան կատարած վերջին այցելության ժամանակ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Իլմազը հայտարարել է, որ իր երկիրն անելու է ամեն հնարավոր բան, որպեսզի Վրաստանը հնարավորինս արագ ՆԱՏՕ-ի անդամ դառնա: Ի՞նչ եք կարծում, ինչքա՞ն ժամանակ կպահանջվի Վրաստանից՝ դաշինքի լիիրավ անդամ դառնալու համար: 

- Դաշինքի մեջ Վրաստանի ընդունման հստակ ժամկետները շատ դժվար է որոշել: Դա կախված է բազում ներքին եւ արտաքին գործոններից: ՆԱՏՕ-ն ռազմաքաղաքական դաշինք է, եւ բավական չէ պարզապես համապատասխանել որոշակի չափանիշների` վերջինիս անդամ դառնալու համար: Անգամ ԾԸՀ-ն ընդունման երաշխիք չի տալիս: Օրինակ, Մակեդոնիան երկար ժամանակ ունի ԾԸՀ, բայց անդամակցություն ստանալ չի կարող: Ամենակարեւորն, ինչ պետք է նշել, դա այն է, թե ի՞նչ է Վրաստանի համար այդ ուղին: Մի բան է, եթե դու կամենում ես մտնել դաշինքի մեջ, բայց անդամությունը, որպես այդպիսին, ինքնանպատակ լինել չի կարող: Անդամությունը մեզ անհրաժեշտ է հաջողված պետություն կերտելու համար:  Եթե դիտարկենք ՆԱՏՕ-ի հետ համագործակցության պատմությունը, ապա կտեսնենք այն, որ մենք արդեն թեւակոխել ենք հաջողված պետություն կերտելու ճանապարհը: Այսինքն, դաշինքի հետ համագործակցությունը մեր երկրի համար լրջորեն արգասաբեր է՝ վրաց պետականության ամրապնդման տեսանկյունից:

- Արդյո՞ք իրատեսական է ՆԱՏՕ-ի մեջ անդամակցությունն առանց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի: 

- Այս հարցը բարձրացնում են շատերը, այդ թվում եւ՝ Վրաստանում: Բնական է, որ խախտված տարածքային ամբողջականությունը Վրաստանի ազգային անվտանգության համար լուրջ խնդիր է: Սակայն ՆԱՏՕ-ի պատմությունը վկայում է, որ տարածքային ամբողջականությունն անհաղթահարելի խոչընդոտ չէ: Օրինակ, Գերմանիան, որը ՆԱՏՕ-ի անդամ էր դարձել այն ժամանակ, երբ իր տարածքային ամբողջականությունը խախտված էր: Գերմանիան վերամիավորվել էր` երկրի մի մասի ՆԱՏՕ-ի անդամ դառնալուց հետո: Մերձբալթյան երկրները Ռուսաստանի հետ հարաբերություններում նույնպես ունեին տարածքային խնդիրներ: Լատվիան դաշինքի անդամ է դարձել 2004թ., իսկ Ռուսաստանի հետ պետական սահմանի մասին պայմանագիրը ստորագրել է միայն 2007թ.:

Վեճերն ու հակամարտություններն, օրինակի համար, Թուրքիայի եւ Հունաստանի համար խոչընդոտ չեն հանդիսանում: Այդ երկրները միմյանց նկատմամբ ունեն լուրջ հավակնություններ, բայց դա նրանց չի խանգարում համագործակցել ՆԱՏՕ-ի շրջանակներում: Ամեն ինչ կախված է քաղաքական ջերմաստիճանից:

Հասկանալի է, որ Ռուսաստանը լուրջ գործոն է, բայց ամեն ինչ պետք է արվի, որպեսզի գործընթացը փոխադրվի կառուցողական հունի մեջ: Կարելի է դառնալ դաշինքի անդամ եւ առաջ ընթանալ վիճելի հարցերի կարգավորման ճանապարհով:

- Ռուսաստանը մեծացնում է իր ռազմական ներկայությունն Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Հայաստանի տարածքում: Արդյո՞ք Հարավային Կովկասում գոյություն ունի Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ ռազմական մրցակցություն: 

- Ես կասեի, որ սպառազինությունների կուտակումը տեղի է ունենում Վրաստանի բռնազավթված տարածքներում եւ ղարաբաղյան հակամարտության գոտում: Գոյություն ունի մոտեցուների մրցակցություն: Ռուսաստանի Դաշնությունը Հարավային Կովկասը դիտում է որպես իր ազդեցության գոտի: Արեւմուտքը, այդ թվում եւ ՆԱՏՕ-ն, Հարավային Կովկասը դիտում են որպես գործընկեր եւ համագործակցության գոտի:

-Ինչո՞ւ Վրաստանը գնում է Արեւմուտքի եւ ոչ թե Ռուսաստանի ուղղությամբ: ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանն ուներ լավագույն մեկնարկային պայմաններ, որոնց մասին կարելի էր պարզապես երազել: Հետխորհրդային պետությունների ողջ տնտեսությունը շաղկապված էր ՌԴ-ի հետ, նոր երկրներում պահպանվում էին ռուսաստանյան ռազմակայաններ, եւ դա ոչ ոք չէր վիճարկում: Ռուսական ռուբլին հետխորհրդային տարածության հիմնական վճարման միավորն էր, եւ բոլոր ճանապարհները տանում էին դեպի Մոսկվա: Բայց Մոսկվան չի կարողացել առաջարկել այս պետություններին զարգացման եւ անվտանգության բնականոն պայմաններ:

-Հետխորհրդային տարածության բոլոր հակամարտություններում Ռուսաստանը ներկա էր այս կամ այն չափով կամ կարգավիճակով: Վրաստանում նա զավթիչ է, Մերձդնեստրում` խաղաղարար, Ղարաբաղում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ: Բայց ոչ մի տեղ Ռուսաստանն այդ հակամարտությունների կարգավորման համար դրական ոչինչ չի արել: Ռուսաստանը շատ է խոսում բազմաբեւեռ աշխարհի մասին, բայց ինքը ձգողականության կենտրոններ չի հիմնում: Դրա փոխարեն նա ստեղծում է ճնշման եւ ծանրության կենտրոն: Սակայն, ճնշման քաղաքականությունը, լույս անջատելու սպառնալիքները եւ այլն Ռուսաստանին ակնկալած արդյունքներ չեն բերել:

Այսօր հակամարտությունները եւ հակամարտային գոտիները մնում են Հարավային Կովկասը վերահսկողության ներքո պահելու միակ գործիքը, ինչն էլ խոչընդոտում է տարածաշրջանի բնականոն զարգացմանը: ՙԲաժանիր, որ տիրես՚ քաղաքականությունը խորթ չէ Կրեմլին ցարական Ռուսաստանի եւ ԽՍՀՄ-ի ժամանակներից: Խնդիրը նաեւ այն է, որ Ռուսաստանը ԽՍՀՄ-ի ոչ միայն իրավաբանական, այլեւ, ցավոք, հոգեւոր իրավահաջորդն է, որն այսօր էլ նույն ուղին է շարունակում:  Ռուսաստանը համապատասխանաբար կուտակում է նորանոր սպառազինություններ, որպեսզի այդ գործիք էլ ավելի զորեղ դառնա: Անչափ ավելի դյուրին է համագործակցել մյուս երկրի հետ եւ այն որպես գործընկեր ունենալ, քան այն քո իսկ հակառակորդը դարձնել ու ձեռք բերել բռնազավթիչի կարգավիճակ:

Եթե խոսենք ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի մոտեցումների մասին, ապա, հավանաբար, նրանց միջեւ առկա է աշխարհայացքային մրցակցություն: Մեր շահերը համընկնում են Արեւմուտքի շահերին: Եթե մենք ստեղծում ենք համագործակցության գոտի, ապա ինձ ավելի ձեռնտու է գործ բռնել ավելի ուժեղ գործընկերոջ հետ: Իսկ եթե գործընկերը թույլ է, ապա դա ստեղծում է գաղութատիրական համակարգ` բացառիկ շահերի եւ ազդեցության գոտի:

- Որքանո՞վ հավանական է ռազմական գործողությունների վերսկսումը Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ եւ Լեռնային Ղարաբաղում: 

- Ամենակարեւորն այն է, որ դա տեղի չունենա: Նման սցենարների մասին խոսում են Ռուսաստանի դրսեւորած վարքագծի պատճառով:  Ի՞նչ արժե միայն Մոսկվայի վերջին հայտարարությունը Չիկագոյում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի եւ Հիլարի Քլինթոնի Վրաստան կատարած վերջին այցելությունից հետո առ այն, թե Վաշինգտոնը ոչ մի դաս չի քաղել 2008 թ. պատերազմից: Պուտինի եւ Մեդվեդեւի այն հայտարարությունները, թե 2008 թ. նրանք կանգնեցրել են ՆԱՏՕ-ի ծավալապաշտությունն, ինքնին վկայում են Մոսկվայի իրական նպատակների մասին: Եթե նրանք այդ նպատակին չեն հասել, ապա վտանգն առավել քան առկա է:

Տվյալ դեպքում պետք է գործարկվի կանխարգելման մեխանիզմը: 2008 թ. Վրաստանը պնդում էր, որ Ռուսաստանը նախապատրասվում էր պատերազմի, բայց մեզ չէին հավատում: 2008 թ. գարնանը Պուտինը հրապարակել է հայտնի կարգադրությունը` Աբխազիայի եւ Հարավային Օսիայի այսպես կոչված պետական կառույցների հետ ուղիղ հարաբերությունների հաստատման վերաբերյալ: Այնուհետեւ սկսվել է Աբխազիայի ռազմական ենթակառուցվածքի վերակառուցումը: Մենք բարձրաձայնում էինք դրա մասին, բայց ոչ ոք չէր հավատում, որ Ռուսաստանը պատերազմ կսկսի: Հույս ունեմ, որ այսօր մեր գործընկերները սթափվել են եւ զգում են վերահաս վտանգի լրջությունը: Հենց դրա համար հնչել են Հիլարի Քլինթոնի եւ  ԵԱՀԿ հայտարարությունները՝ Կովկաս-2012 զորավարժությունների ընթացքին ի մոտո հետեւելու վերաբերյալ:

Այժմ գլխավորը կանխարգելումն է. անհրաժեշտ է չթույլատրել նոր ռազմական ագրեսիայի սկիզբը: Այդ իսկ պատճառով մենք ձգտում ենք ներկայացնել առավել իրական պատկերը, իրական տեղեկատվություն, որպեսզի արձագանքը լինի նախքան այն պահը, երբ իրավիճակը կհանգեցնի վատթարագույն սցենարի: Ցավոք, լուրջ վտանգ, իրոք, գոյություն ունի:

Հարցազրույցը վարել է Իրակլի Չիխլաձեն