Ընտրությունները ցույց են տվել, որ Վրաստանում փողը պարտվել է

Հարցազրույց՝ տնտեսագիտության դոկտոր, 1994-2000 թթ. Վրաստանի էկոնոմիկայի նախարար, 2004-2008 թթ. Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի փորձագետ Վլադիմիր ՊԱՊԱՎԱՅԻ հետ

 

 

 –  Ինչպե՞ս եք գնահատում բիզնեսի եւ իշխանության փոխհարաբերությունները Վրաստանում Սահակաշվիլու կառավարման տարիներին` մինչեւ հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունները:

– Այս հարաբերությունները դժվար է միանշանակ գնահատել: Մի կողմից` զուտ ձեւական տեսանկյունից վրաց օրենսդրության մեջ կատարվել են շատ կարեւոր փոփոխություններ, որոնց շնորհիվ տնտեսության նկատմամբ կիրառվել են բազում նորազատական մոտեցումներ: Նախ եւ առաջ դա առնչվել է ձեռնարկատիրության գրանցմանն ու տնտեսվարման մեկնարկի պարզեցմանը: Նախքան ՚վարդերի հեղափոխությունըՙ` շատ այլ հետխորհրդային երկրների օրինակով, բիզնեսը սկսելու համար պահանջվում էին շատ արտոնագրեր, ամենատարբեր թույլտվություններ եւ այլն: Հեղափոխությունից անմիջապես հետո օրենսդրությունը պարզեցվել է, եւ թույլատրող բոլոր փաստաթղթերի քանակն էապես նվազել է: Դրա արդյունքում Վրաստանում բիզնես սկսելը դարձել է շատ պարզ գործընթաց:

Միաժամանակ, պարզեցվել է Հարկային օրենսգիրքը: Մասնավորապես, ՚վարդերի հեղափոխությունիցՙ անմիջապես հետո կրճատվել են հարկերի տարբեր տեսակներ` 21-ից մինչեւ 7-ը: Հարկերի դրույքաչափերն էլ են նվազել: Օրինակ` սոցիալական հարկը 36%-ից նվազեցվել է մինչեւ 20%, իսկ հետագայում` առհասարակ վերացվել: Եկամտահարկն աճային էր 20% առավելագույն սանդղակով. այն իջեցվել է մինչեւ 12%-ը` վերածելով համամասնականի  (flat tax): Ավելացված արժեքի հարկը 20%-ից իջեցվել է մինչեւ 18%: Այսինքն, տեղի է ունեցել հարկային բեռի նշանակալից թեթեւացում: Թեեւ ավելի ուշ եկամտահարկը 12%-ից բարձրացվել է մինչեւ 25%, այն մեկ տարի անց կրկին իջեցվել է 20%-ի:

Վրաստանում ներդրվել են էլեկտրոնային կառավարության տարրերը, որոնք զգալի չափով պարզեցրել են ձեռնարկատիրական գործունեությունը, քանի որ շատ դեպքերում կառավարությանը դիմումներ ներկայացնելը հնարավոր էր անել համացանցի միջոցով: Օրինակ, հարկերի մուծումը, հարկային մարմիններին հայտարարագիր ներկայացնելը, ապա նաեւ` հարկեր վճարելը: Դա կարելի է անել հարկային ծառայությանն անմիջապես չդիմելով` դարձյալ համացանցի միջոցով: Այս բոլոր տարրերը դրական ազդեցություն են ունեցել Վրաստանի` որպես հետխորհրդային տարածության առաջատար պետության վարկանիշի վրա:

Հարկ է հիշատակել կատարելապես նոր Աշխատանքային օրենսգիրքը, որի շնորհիվ էապես եւ որակապես ընդլայնվել են գործատուի իրավունքները, իսկ վարձու աշխատողների եւ ծառայողների իրավունքները սկզբունքորեն սահմանափակվել են: Այսինքն, իշխանությունները կարծել են, որ դա շատ հարմար եւ դրական է բիզնեսի զարգացման համար, քանի որ ձեռնարկատերը փաստորեն ձերբազատվում էր անձնակազմին գործի ընդունելու եւ գործից ազատելու խնդրից: Եթե որեւէ աշխատող ինչ-որ պատճառով գործատուին ձեռնտու չէր, ապա նա առանց որեւէ սահմանափակման իրավունք ուներ մարդուն աշխատանքից ազատել, իսկ գործից ազատվածը զրկված էր իր իրավունքներն անգամ դատական կարգով պաշտպանելու հնարավորությունից, որովհետեւ Աշխատանքային օրենսգիրքը դա չէր նախատեսում: Համարվում էր, որ այս բարեփոխումների եւ օրենսդրական փոփոխությունների հիման վրա Վրաստանը բիզնեսի զարգացման առումով դարձել է ազատական կամ նորազատական, անգամ` լիբերտար երկիր (գոյություն ունեն տարբեր գնահատականներ ու տեսակետներ): Որպես այս վերափոխումների արդյունք` Վրաստանը մի շարք վարկանշային գնահատականների, մասնավորապես Համաշխարհային Բանկի եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից կատարվող Doing Business-ի վարկանշային սանդղակի համաձայն կատարել է որակական թռիչք` 120-րդ տեղից հասնելով 33-րդ, ապա նաեւ` 12-րդ տեղը: Այս առումով Վրաստանը ձեռնարկատիրական գործունեության համար շատ գրավիչ երկիր է դարձել:

Բայց այստեղ ես կամենում եմ նշել, որ իմ վերաբերմունքն այդ վարկանիշներին շատ բացասական է. դրանցից եւ ոչ մեկը ես լուրջ չեմ համարում: Դրանք նախատեսված են լրագրողների եւ զվարճանալու համար: Տնտեսությունը 100 մետր վազք չէ, որտեղ ինչ-որ մեկը պետք է առաջինը վերջնագծին հասնի: Այս բոլոր վարկանիշները ես նմանեցնում եմ մանկական վեճի, թե ով է ավելի ուժեղ` առյո՞ւծը, թե՞ վագրը: Խնդիրն այն է, որ առյուծներն ու վագրերը բնության մեջ միեւնույն մեկ տարածությունում չեն ապրում: Դրա համար էլ հարցն ինքնին սխալ է տրված: Միակ վայրը, որտեղ այդ կենդանիները կարող են միասին լինել, կա՛մ կենդանաբանական այգին է` հարեւան վանդակներում, կա՛մ կրկեսի դաշտը` սանձի հետ միասին: Հիշյալ վարկանիշները ես շատ պայմանական եմ համարում: Օրինակ, Համաշխարհային տնտեսական ֆորումի վարկանշային սանդղակում Վրաստանը նշված է որպես բավականին հետամնաց երկիր` զբաղեցնելով վերջին տեղերից մեկը: Ուստի, միանշանակ պատասխան գոյություն չունի:

Բայց եթե վարկանիշները մի կողմ դնենք, ապա բուն իրականությունն այն է, որ արտաքնահարդար նորազատական բարեփոխումներից բացի վրացական կառավարությունը ձեռնարկում էր հարձակողական քայլեր` բիզնեսի վրա անսահմանափակ վերահսկողություն հաստատելու համար: ՚Վարդերի հեղափոխությունիցՙ համարյա անմիջապես հետո սկսվել են մասնավոր ունեցվածքի սեփականազրկումները: Շատերին հրավիրում էին ուժային կառույցներ, դատախազություն, ԱԳՆ եւ մերձավորների մոտ զենք կամ թմրադեղեր հայտնաբերելու սպառնալիքների ներքո հարկադրում էին հրաժարվել սեփականությունից: Շատ շենքեր քանդվել են առանց իշխանությունների` սեփականության իրավունքների փոփոխության հայցով դատարան դիմելու:  Առանց դատարանի թույլտվության իշխանությունների հրամանով տները պարզապես բուլդոզերներով էին քանդվում: Սեփականության իրավունքների ոտնահարումն ակներեւ էր: Եղել են դեպքեր, երբ իշխանությունները ոչ միայն ստիպում էին հաջողակ ձեռնարկատերերին հրաժարվել սեփականությունից, այլեւ հարկադրում էին սեփականության մի մասը փոխանցել իրենց մերձավոր անձանց, հարազատների եւ այլն: Միաժամանակ, այդ նույն ձեռնարկատերերին ստիպում էին կատարել ՚կամավորՙ անդամավճարներ ու նվիրատվություններ` կուսակցական-կառավարական միջոցառումներն անցկացնելու համար: Բիզնեսը դա հանդուրժում էր, բայց հետո այդ անպաշտոն վճարումները հաշվարկվում էր արտադրանքի արժեքի մեջ, որի հետեւանքով ապրանքների եւ սպասարկման ոլորտի գներն աճում էին: Փաստորեն այս ամենի համար վճարում էինք մենք` Վրաստանի սովորական քաղաքացիներս:

2005 թ. կառավարությունը վերացրել է հակամենաշնորհային կարգավորումը: Բիզնեսի նկատմամբ այս վերաբերմունքը` մենաշնորհների վրա որեւէ վերահսկողության բացակայության պայմաններում, հանգեցրել է վրաց տնտեսության ծայրահեղ մենաշնորհայնացմանը: Այս ամենը հանգեցրել է մի իրավիճակի, երբ ձեւական առումով բիզնես սկսելը շատ դյուրին էր, ինչն էլ թույլ էր տալիս խոսել վրաց տնտեսության ազատական կամ նորազատական բնույթի մասին:  Միաժամանակ, սեփականության իրավունքների ոտնահարումը, կուսակցական ու կառավարական ծախսեր վճարելու պարտադրանքն ավելի շատ նմանվում էր բոլշեւիզմին: Այս բոլշեւիզմը կարմիրի փոխարեն ուներ վարդագույն երանգներ: Վրաց տնտեսության արտաքնահարդար ճակատային մասը դարձել է նորազատական, իսկ բովանդակությունը` նեոբոլշեւիկյան: Ահա եւ` նորազատականության եւ նեոբոլշեւիզմի պայթուցիկ խառնուրդը: Տեսականորեն դա անհնարին է, բայց Վրաստանում Սահակաշվիլու վարչակարգին դա հաջողվել է անել:

Անմիջապես ծագում է կոռուպցիայի հարցը: Շեւարդնաձեի օրոք շատ պաշտոնյաներ` ամենացածր մակարդակից մինչեւ պատգամավորներն ու կառավարության անդամները, բացահայտվել եւ բռնվել են կաշառակերության տարբեր դրսեւորումներում: ՚Վարդերի հեղափոխությունիցՙ հետո հաստատվել է կարգուկանոն եւ որպես կանոն, կաշառք այլեւս ոչ ոք չի վերցնում: Պետական հաստատություններում կարելի է ստանալ ամենատարբեր փաստաթղթեր եւ ճանապարհներով երթեւեկել` առանց ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին կաշառելու: Դա դրական կողմն է: Սակայն մենք ստացել ենք կոռուպցիայի ավելի կատարելագործված ձեւը, որը փորձագետների կողմից էլիտար է անվանվում: Ի՞նչ կարիք կա, որ բարձրաստիճան պաշտոնյաները կաշառք վերցնեն: Դա իրենց անհրաժեշտ չէ, քանի որ նրանք արդեն իսկ վերահսկում են բիզնեսը: Առանց նրանց համաձայնության ոչ մի բիզնես շուկա մտնել չի կարող: Նրանք հաղթում են պետական ցանկացած մրցույթում, գտնվում են համարյա ամենուր, վերահսկում են ողջ շուկան եւ հարկեր են վճարում: Էլ կաշառքը նրանց ինչի՞ն է անհրաժեշտ: Մենք ունեցանք կոռուպցիայի էլիտար ձեւ, որը Սահակաշվիլու վարչակարգի պայմաններում ժամանակակից արդիականացված բոլշեւիզմի դրսեւորում է: Այդ վարչակարգը ես կոչում եմ ՚վարդագույնՙ (rosy), որպեսզի մի կողմից ընգծեմ կարմիր բոլշեւիկներին նրանց մերձավորությունը, իսկ մյուս կողմից` ՙվարդերի հեղափոխությանՙ արդյունքը:

– Ի հեճուկս Ձեր թվարկած հանգամանքների, Վրաստանը բիզնեսի տեսանկյունից տնտեսական բարեփոխումների շնորհիվ հարեւանների համար ավելի գրավիչ երկիր է դարձել: Ինչո՞վ եք դա բացատրում:

– Նախ եւ առաջ, Վրաստանի իշխանությունները հարձակողաբար էին գործում զուտ վրացական արմատներ ունեցող բիզնեսի դեմ: Հարվածել, պատժել եւ վերահսկել այդ բիզնեսը շատ դյուրին է, որովհետեւ այն դեպի արտերկիր համարյա ելք չունի: Իսկ արտասահմանյան բիզնեսը միշտ հնարավորություն ունի բարձրաձայնել Վրաստանում կատարվող ապօրինությունների մասին: Ի հեճուկս որոշ սխալների` Վրաստանի իշխանություններն, ընդհանուր առմամբ, հարցին շատ նուրբ էին մոտենում: Արտասահմանցի ձեռնարկատերերի նկատմամբ գործում էր այլ մոդել, քանի որ վրաց իշխանությունները Սահակաշվիլու ղեկավարությամբ միջազգային հանրության աչքերում ցանկանում էին ժողովրդավար եւ բարեփոխիչ երեւալ: Նրանք խուսափում էին  միջազգային հարթության վրա անախորժություններ հրահրելուց: Թեեւ այստեղ էլ կային սխալներ, օրինակ` իսրայելցի գործարարներ Ռոնի Ֆուքսի եւ Զեեւ Ֆրենկելի պարագայում: Եվ հարցն այն չէ, որ այս ձեռներեցները բոլորովին անմեղ էին: Սխալն այն էր, թե ինչպիսի եղանակներով է Վրաստանի կառավարությունը նրանց գայթակղել մեզ մոտ գալ եւ թե ինչպես է նրանց հետ հետո վարվել: Մինչ այդ եղել են սխալներ ՚SONYՙ ընկերության հետ հարաբերություններում: Բայց հիմնականում արտասահմանցիների հետ ավելի նուրբ աշխատանք էր տարվում: Հենց դրանով է բացատրվում հարեւանների համար Վրաստանի գրավիչ լինելը:  Պետք է հաշվի առնել նաեւ այն, թե որքանով է գրավիչ բիզնես միջավայրը Վրաստանի հարեւան երկրներում: Օրինակ, ես հասկանում եմ, թե ինչու են իրանցի ձեռնարկատերերը սկսում Վրաստանում աշխատել: Իհարկե, նրանց համար Վրաստանը ժողովրդավարության օազիս է: Սկզբունքորեն դրանով կարելի է բացատրել նաեւ մյուս հարեւան պետությունների ձեռներեցների հետաքրքրվածությունը:

Ընդհանուր առմամբ, հարեւան երկրների բիզնեսը` Ռուսաստանի եւ Ադրբեջանի բացառությամբ, Վրաստանում ներկայացված էր միջին եւ փոքր ձեռնարկատիրությամբ: Չի կարելի ասել, որ Վրաստանում կա որեւէ խոշոր թուրքական կամ հայկական ձեռնարկություն: Ադրբեջանի պարագայում մենք գործ ունենք խոշոր պետական նախագծերի հետ, որոնք առնչվում են տարանցիկ միջացքների գործունեությանը: Իսկ ռուսաստանյան բիզնեսը հետապնդում է Վրաստանը ռուսական ՚ազատական կայսրությանըՙ ներառելու նպատակ: Վրաստան է ներթափանցում թե՛ պետական, եւ թե՛ մասնավոր խոշոր ռուսաստանյան բիզնեսը, որն, այնուամենայնիվ, ամբողջովին վերահսկելի է Մոսկվայի կողմից:

Ազատական Ռուսական կայսրության գաղափարը հիմնված է հետխորհրդային տարածության տնտեսական ՚զավթմանՙ սկզբունքի վրա, երբ Ռուսաստանն ի վիճակի է լինելու վերահսկել այդ երկրները ոչ թե ռազմական զավթման, այլ նրանց տնտեսությունն ու բիզնեսը վերահսկելու միջոցով: Հայտնի է, որ Հայաստանի շատ ձեռնարկություններ որպես սեփականություն  փոխանցվել են ռուսաստանյան ընկերություններին: Ռուսաստանի համար շատ կարեւոր է, որ ազատական կայսրության տարածության մեջ Հայաստանի վերջնական ներգրավման թակարդում հայտնվի նաեւ Վրաստանը:

Ինձ զարմացնում է, երբ ռուսաստանյան ղեկավարության եւ նախագահ Սահակաշվիլու ոչ դիվանագիտական, հարձակողական եւ փոխադարձաբար վիրավորական հռետորաբանությանը զուգահեռ 2003 թվականից անմիջապես հետո Վրաստանի նոր ՚հեղափոխականՙ կառավարությունը բացել է երկրի դռները ռուսաստանյան կապիտալի առջեւ: Անգամ 2008 թ. պատերազմը, երբ Ռուսաստանը բռնազավթել է Վրաստանի տարածքի 20%-ը, դրան չի խանգարել: Անմիջապես պատերազմից հետո ՚Ինտեր ՌԱՕՙ-ի  եւ Վրաստանի էներգետիկայի նախարարության միջեւ ստորագրվել է Ինգուրի ՀԷԿ-ին վերաբերող գաղտնի պայմանագիր, որի պատճառով ցայսօր ոչ ոք տեղեկություններ չունի Ինգուրի ՀԷԿ-ի ներկայիս կարգավիճակի մասին: 2011 թ. մայիսին վրաց կառավարությունը ՚Ինտեր ՌԱՕՙ-ին վաճառել է երկու ՀԷԿ եւ լիազորել եւս երեքի շինարարությունը:  Ռուսաստանի հավակնությունների մասին շատ լավ է խոսում այն փաստը, որ ՚Ռուսաստանի երկաթուղիներՙ ընկերությունը ձեռք է բերել հայաստանյան երկաթուղին, որն այժմ կոչվում է Հարավ-կովկասյան երկաթուղիներ: Դա վկայում է, որ հետագայում ՚Ռուսաստանի երկաթուղիներՙ ընկերությունը մտադիր է հսկողության տակ առնել Հարավային Կովկասի բոլոր երկաթուղիները. նախ եւ առաջ դա վերաբերում է հենց վրացական երկաթուղիներին:

Ուստի, Սահակաշվիլու ՚վարդագույնՙ կառավարությունը շատ հետեւողական չէր: Մի կողմից` այն ամբողջապես վատթարացրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները, որի հետեւանքով առաջին հերթին տուժել է հենց Վրաստանը, քանի որ Ռուսաստանը ոչ միայն բռնազավթել է վրաց պետական տարածքների 20%-ը, այլեւ իրականացրել դրանց ամբողջական բռնակցումը (անեքսիա): Մյուս կողմից` անգամ պատերազմից հետո իշխանությունները ողջունում են ռուսաստանյան ներդրումները եւ ռուսական կապիտալի ներթափանցումը, անտեսելով այն ակնբախ իրողությունը, որ Վրաստանում ռուսաստանյան կապիտալի ներկայությունը նախ եւ առաջ քաղաքական երեւույթ է: Վրաստանը Ռուսաստանի համար հետաքրքիր է ոչ այնքան տնտեսական, որքան Վրաստանի իշխանություններին վերահսկելու տնտեսական լծակների ձեռքբերման տեսանկյունից:

– Վրաց ձեռնարկատերերի հետ Բիձինա Իվանիշվիլու վերջին հանդիպման ժամանակ ՚Ռեսպուբլիկաՙ բանկի դիտորդական խորհրդի նախագահ Լաշա Պապաշվիլին հայտարարել է, որ Վրաստանում սկսվում է բիզնես վերածննդի եւ ծաղկման դարաշրջանը: Որքանո՞վ են այս սպասելիքները մոտ իրականությանը:

– Եթե ելնենք պարոն Իվանիշվիլու նախընտրական արշավի ժամանակ տված խոստումներից, նրա կոլաիցիայի տնտեսական ծրագիրը, իհարկե, հիմքեր է ընծայում խորհելու, որ պետությունը բիզնեսի գործերին չի միջամտի եւ վերջ կդրվի Սահակաշվիլու օրոք ծաղկած նեոբոլշեւիզմին: Իհարկե, դա իրադարձությունների զարգացման լավատեսական տեսլական է, որի հանդեպ ես լիահույս եմ: Բնակչության եւ Վրաստանի փորձագիտական շրջանակների տրամադրվածությունը լավատեսական է, քանի որ մեզանից ոչ ոք խորհրդարանական ընտրություններում այդպիսի հաղթանակ չէր ակնկալում:

Փաստորեն, այս ընտրությունները մրցակցային էին, բայց` անարդար: Միլիարդատեր Իվանիշվիլուն կառավարությունը համարյա զրոյի է հասցրել` սեփական ֆինանսական կարողություններն օգտագործելու հարցում: Միեւնույն ժամանակ, Սահակաշվիլին առավելագույնս օգտագործում էր պետբյուջեն եւ վարչական պաշարը: Ընտրությունները ցույց են տվել, որ Վրաստանում փողը պարտվել է: Իվանիշվիլին չէր կարող փող ծախսել: Ոչ ոք չէր սպասում, որ ամեն ինչ կհանգուցալուծվի խաղաղ ճանապարհով, քանի որ բոլորը կարծում էին, որ Սահակաշվիլին կօգտագործի բոլոր, այդ թվում եւ ուժային լծակները: Այդպես էլ եղել է. Սահակաշվիլին գործի է դրել բոլոր պաշարները: Պարզապես, նա չի հաշվարկել, որ վերջին տարիների համեմատ ընտրություններին կմասնակցեն էապես ավելի մեծ թվով մարդիկ:

Եվ մեծ երախտագիտություն մեր ռազմավարական գործընկեր ԱՄՆ-ին: Սեպտեմբերի կեսերին պաշտոնավարել սկսած ԱՄՆ նոր դեսպան Ռիչարդ Նորլանդը Վրաստանի կառավարության հետ ոչ մի անցյալ կապերով ծանրաբեռնված չէր եւ այս առումով ՚մաքուրՙ էր: Այդ իսկ պատճառով ամերիկացիներն այս անգամ չեն գործել այն սխալները, որոնք նրանք շատ երկրներում բազմիցս թույլ են տվել` սեփական ժողովուրդների դեմ հանդես եկող իբր ամերիկամետ վարչակարգերը սատարելու համար: Ինձ` որպես արեւմտամետ կողմնորոշում ունեցող Վրաստանի քաղաքացու, համար դա շատ կարեւոր է:

Միխեիլ Սահակաշվիլու կողմից ընտրություններում սեփական պարտությունը ճանաչելուց առաջ ԱՄՆ դեսպանն ու երկու սենատորներ հաղթանակի առթիվ շնորհավորել են պարոն Իվանիշվիլուն, որից հետո է միայն Սահակաշվիլին ճանաչել պարտությունը: Այստեղ պետք է նկատի ունենալ, որ խնդիրը դեռ ամբողջովին հանգուցալուծված չէ: Սահակաշվիլին արդեն հայտարարել է, որ ընդդիմություն է դառնալու. այժմ նա փատացիորեն ռեւանշի է ձգտում: Սահակաշվիլին վերահսկում է տեղական իշխանություններին եւ նշանակում տեղական մակարդակի ղեկավարներին: Նա անմիջապես նրանց աշխատավարձն է բարձրացրել: Նա մեկ տարով երկարաձգել է այն բաձրաստիճան պաշտոնյաների դիվանագիտական անձնագրերի ժամկետը, որոնք արդեն իսկ ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից, որպեսզի նրանք անհրաժեշտության դեպքում կարողանան անարգել լքել երկիրը: Այս ամենը վկայում է, որ Սահակաշվիլին պատրաստ չէ ժողովրդավարաբար հեռանալու եւ նախապատրաստվում է ռեւանշի:

2009 թվականին, ռուս-վրացական պատերազմից մի քանի ամիս անց, Սահակաշվիլին հայտարարել է, որ եթե այդ ժամանակ նա ընդդիմություն լիներ, ապա նրան կբավականացներ երեք ամիս` գործող կառավարությունն իշխանազրկելու համար: Պետք չէ մոռանալ նրա այդ արտահայտությունը… Նա այնքան միամիտ չէ, որպեսզի կարծի, թե այժմ նրան բավական է երեք ամիս: Կարծում եմ, նա ծրագիրը մշակելիս պետք է անի վեց ամսվա հաշվարկ: Վրաստանի Սահմանադրության համաձայն նոր խորհրդարանը կարող է լուծարվել միայն ընտրություններից վեց ամիս անց: Իսկ նախագահն իրավունք ունի լուծարել խորհրդարանն իր նախագահական լիազորությունների ավարտից վեց ամիս առաջ: Վրաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան 2013 թ. հոկտեմբերի վերջերին: Ուրեմն` ապրիլի վերջը եւ մայիսի առաջին 20 օրը հենց այն ժամանակն է, երբ Սահակաշվիլին Սահմանադրության շրջանակներում կարող է լուծարել խորհրդարանը: Կարծում եմ, որ անգամ եթե նա դիմի այդ քայլին, միեւնույն է` կպարտվի, քանի որ հասարակության մեջ նա չափազանց ցածր ժողովրդականություն է վայելում:

Բացի դրանից, մենք պետք է հիշենք ուկրաինական փորձը, երբ նախագահ Յուշչենկոն փաստացիորեն խոչընդոտում էր Տիմոշենկոյի կառավարության աշխատանքը, նշանակում էր տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին եւ հրահանգում նրանց խոչընդոտել կառավարության աշխատանքը: Արդյունքում տուժել է Ուկրաինան: Մենք պետք է հիշենք դա եւ խուսափենք Վրաստանի ուկրաինացումից:

Զրուցել է Իրակլի Չիխլաձեն

Share

Comments are closed.